Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

  • Քննարկվել է

    16.03.2026 - 31.03.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 600

Տպել

Առաջարկներ`

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

31.03.2026

Նախագծով նախատեսվում է նվազեցնել ուսումնասիրության փուլում կնքվող հաշտության համաձայնությամբ պետությանը փոխանցվող գույքի արժեքի նվազագույն շեմը՝ 75%-ի փոխարեն որպես նվազագույն շեմ սահմանելով 60%-ը։ Հասկանալի է, որ առաջարկվող փոփոխության նպատակն է խթանել առավել մեծ թվով հաշտության համաձայնությունների կնքումը հենց ուսումնասիրության փուլում, դրանով իսկ նվազեցնելով դատարանների ծանրաբեռնվածությունը և արագացնելով վարույթները։ Սակայն գտնում ենք, որ այստեղ կա սկզբունքային խնդիր, որը, հակառակ Նախագիծը ներկայացնող մարմնի պնդման, չի բխում օրենքի նպատակներից։ Եթե պետությունն իր իսկ իրականացրած ուսումնասիրությամբ հանգում է այն եզրակացության, որ առկա են բավարար հիմքեր հիմնավորելու գույքի ապօրինի ծագումը, ապա մինչդատական փուլում այդ գույքի միայն 60%-ի փոխանցմամբ բավարարվելը ենթադրում է, որ պետությունը պատրաստ է էապես զիջել դատախազության կողմից ապօրինի համարվող ակտիվների զգալի մասը։ Սա կարող է ոչ միայն թուլացնել ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման արդյունավետությունը, այլև հանրային ընկալմամբ ստեղծել «բանակցային» կամ «զեղչային արդարադատության» տպավորություն, ինչը հակասում է հակակոռուպցիոն քաղաքականության կանխարգելիչ և վերականգնողական նպատակներին։

Բացի այդ, նման նվազեցումը կարող էր որոշակիորեն արդարացված լինել միայն այն դեպքում, եթե դրա հիմքում դրվեին համապատասխան վիճակագրական տվյալներ կամ արդեն ավարտված վարույթների համակողմանի վերլուծություն, որոնք ցույց կտային, որ նման մոտեցումը համաչափ է՝ հաշվի առնելով վարույթի ծախսերը, տևողությունը և դատարանների կողմից իրականում բավարարվող պահանջների չափերը։ Մինչդեռ Նախագծի հիմնավորումները նման տվյալների կամ վերլուծության առկայության մասին որևէ հղում չեն պարունակում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ուսումնասիրության փուլում կնքվող հաշտության համաձայնությամբ պետությանը փոխանցվող գույքի արժեքի նվազագույն շեմի իջեցման վերաբերյալ փոփոխություն կատարել միայն ավարտված վարույթների, ինչպես նաև պետության կողմից կրած ծախսերի և ստացված արդյունքների համադրման արդյունքում համապարփակ վերլուծություն իրականացնելուց հետո։ Միայն նման տվյալահեն մոտեցումը կարող է ապահովել, որ սահմանվող շեմը լինի հիմնավորված, համաչափ և համադրելի օրենքի նպատակների հետ։ Նման վերլուծության բացակայության պարագայում գտնում ենք, որ փոփոխությունը հիմնավորված չէ։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

31.03.2026

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ սահմանելով, որ շուկայականից էականորեն ցածր գին է համարվում գործարքի հատուցման արժեքը, որը 80 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման գույքի ձեռքբերման կամ օտարման ժամանակահատվածում այդպիսի գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքների իրական արժեքից։

Այս ձևակերպման մեջ «ձեռքբերման կամ օտարման ժամանակահատված» արտահայտությունը և հատկապես «կամ» շաղկապը կարող են առաջացնել երկիմաստություն։ Անհասկանալի է, թե որ ժամանակահատվածն է կիրառվելու՝ ձեռքբերման, թե օտարման, ինչ ծավալով է հասկացվելու «ժամանակահատվածը», և ինչ սկզբունքով է կատարվելու ընտրությունը։ Սա կարևոր է, քանի որ տվյալ հասկացությունը կարող է անմիջական ազդեցություն ունենալ գույքի գնահատման և հետագա իրավական հետևանքների վրա։ Այսպիսի իրավիճակում հնարավոր է տարբեր գործարքների արժեքների ընտրովի օգտագործում՝ արդյունքում խեղաթյուրելով «շուկայականից էականորեն ցածր գնի» գնահատումը և փաստացի հնարավորություն ստեղծելով խուսափելու օրենքով նախատեսված պատասխանատվությունից։

Իրավական որոշակիության ապահովման և կամայական կիրառումը բացառելու նպատակով առաջարկում ենք հստակեցնել նշված դրույթը՝ բացառելու համար «ձեռքբերման կամ օտարման ժամանակահատված» արտահայտության և «կամ» շաղկապի կիրառմամբ պայմանավորված երկիմաստությունը՝ հստակ սահմանելով, որ համեմատությունը կատարվում է տվյալ գործարքի կնքման կոնկրետ պահին ձևավորված շուկայական արժեքի հետ՝ ելնելով տվյալ գործարքի բնույթից (ձեռքբերում կամ օտարում)։ Օրինակ՝

«…80 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման գույքի իրական արժեքից, որը ձևավորված է եղել համապատասխան գործարքի (ձեռքբերում կամ օտարում) իրականացման պահին։»

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

31.03.2026

Սահմանադրական դատարանը 2025 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1776 որոշմամբ գտել է, որ օրենսդիրը պարտավոր է համաչափ և կանխատեսելի կարգավորումներով սահմանել վաղեմություն Օրենքի ընթացակարգերի կիրառման համար։ Հաշվի առնելով նշվածը, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Օրենքի 5-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով իրավասու մարմինը կարող է ուսումնասիրություն սկսել պաշտոնատար անձի՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված վերջին պաշտոնը դադարեցնելուց հետո 10 տարվա ընթացքում։

Գտնում ենք, որ առաջարկվող 10 տարվա ժամկետը բավարար չափով հիմնավորված չէ։ Նախագծի հիմնավորման մեջ չի ներկայացվում, թե ինչու է ընտրվել հենց այդպիսի տևողություն։ Չի ներկայացվում նաև որևէ տվյալահեն կամ համեմատական հիմնավորում, որը ցույց կտար, որ հենց 10 տարին է անհրաժեշտ և համաչափ ժամկետը՝ հաշվի առնելով օրենքի նպատակները, իրավական որոշակիության պահանջը և անձանց իրավունքների վրա դրա ազդեցությունը։ Հատկանշական է, որ որքան երկար է այդ ժամկետը, այնքան ավելի բարդ է դառնում անձի համար տարիներ անց պահպանել և ներկայացնել իր գույքի օրինական ծագումը հիմնավորող փաստաթղթեր և այլ ապացույցներ, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է վաղեմի գործարքների, ոչ ամբողջությամբ պահպանված տվյալների կամ օբյեկտիվորեն դժվար վերականգնվող հանգամանքների։ Սա հատկապես կարևոր է, հաշվի առնելով, որ Օրենքը գույքի ծագման օրինականությունն ապացուցելու բեռը դնում է անձի վրա։

Բացի այդ, նման կարգավորման հիմնավորման մեջ նպատակահարմար կլիներ ներկայացնել նաև համեմատական իրավական վերլուծություն, քանի որ ապօրինի ծագում ունեցող գույքի առնչությամբ հատուկ մեխանիզմներ ունեցող պետությունների փորձը սահմանափակ է, և միջազգային պրակտիկայում այսպիսի երկար ժամկետն ընդունված լուծում չէ։ Մինչդեռ Նախագծի հիմնավորումները չեն պարզաբանում՝ արդյոք ուսումնասիրվել է այլ երկրների փորձը, ինչ մոդելներ են կիրառվում համադրելի իրավակարգերում։

Հետևաբար, ընդունելով Սահմանադրական դատարանի՝ վաղեմության ժամկետ սահմանելու պահանջը, գտնում ենք, որ հենց 10 տարվա ժամկետի սահմանումը չունի բավարար հիմնավորում և կարող է առաջացնել համաչափության, իրավական որոշակիության և կանխատեսելիության հետ կապված խնդիրներ։ Առնվազն նման ժամկետի նախատեսումը պետք է հիմնվի համապարփակ վերլուծության վրա՝ ներառյալ համեմատական փորձը, ապացույցների հասանելիության իրատեսական գնահատումը և անձանց իրավունքների վրա միջամտության համաչափության առանձին հիմնավորումը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: