Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին»

«ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.      Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության մեխանիզմների կարգավորման, ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, ֆիլմարտադրության զարգացման և կինոնախագծերի ֆինանսավորման բարենպաստ պայմանների ապահովման,  կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի և մասնավոր ֆիլմարտադրողների իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:

2.      Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում գործում է ազգային ֆիլմերի ստեղծման աջակցության մեխանիզմ, սակայն տվյալ մեխանիզմը բարեփոխման ենթակա է: Բավարար չափով հստակեցված չեն պետական ֆինանսական աջակցության պայմաններն ու ձևաչափերը, ոլորտի առաջնահերթություններն ու կինոնախագծերի ընտրության չափորոշիչները, ինչը չի բխում ոլորտի շահառուների շահերից, ինչպես նաև արդի ֆիլմարտադրության պահանջներից: Համակարգը բարեփոխման կարիք ունի, ինչը կնպաստի ստեղծագործողների համար ավելի արդյունավետ պայմանների ստեղծմանը:

3.      Կարգավորման նպատակը և բնույթը.

Ազգային ֆիլմերի նախագծերին պետական ֆինանսավորում տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի գործարկումը առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև Հայաստանում ֆիլմերի ֆինանսավորման մեխանիզմի կարգավորման անհրաժեշտությունից:

 

Ազգային ֆիլմերի ստեղծման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար պետք է կանոնակարգվեն աջակցության ձևերը և պայմանները, ինչպես նաև միջազգային շուկայի ուսումնասիրությամբ՝ ֆինանսական աջակցության չափաբաժինները: Կարևոր են նաև ֆիլմերի անվանակարգերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) առանձնահատկություններով պայմանավորված հստակ սահմանումները, ինչը կնպաստի յուրաքանչյուր ուղղության արտադրության համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մրցութային ձևաչափը միտում ունի նաև ձևավորելու՝ հայկական արտադրության ֆիլմերի և փորձառու մասնագետների մրցակցային դաշտ, որը կնպաստի հայկական կինոարտադրանքի մրցունակության ապահովմանը միջազգային շուկայում:

4.      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի և կինոգործիչների աշխատանքային խմբի կողմից:

5.      Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

«Ազգային ֆիլմերի նախագծերին պետական ֆինանսավորում տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

6.      Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

«Ազգային ֆիլմերի նախագծերին պետական ֆինանսավորում տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն ազգային ֆիլմերի ստեղծման և ֆինանսավորման բարենպաստ ու հավասար պայմաններ, ինչը հնարավորություն կտա կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետներին իրականացնելու ստեղծագործական նախագծերը և ընդլայնելու գործնական կապերը, կհստակեցվեն կինոնախագծերի պետական ֆինանսավորման մեխանիզմները, կհամակարգվեն պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը:

7.      Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

 

1.     Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշ­տու­թյունը.

Չի առաջացնում:

2.    Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

 

Համապատասխանում է:

8.      «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Ազգային ֆիլմերի նախագծերին պետական ֆինանսավորում տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ինքնազբաղ (անկախ) ստեղծագործողների (արվեստագետների) գործունեության ինստիտուտի ձևավորումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը:

 

9.      Այլ տեղեկություններ.

 

Չկան:

 

  • Քննարկվել է

    06.03.2026 - 21.03.2026

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 821

Տպել

Առաջարկներ`

Inna Sahakyan

20.03.2026

Կետ 25։ Առաջարկում եմ առավել մանրամասն ֆինանսական պլանի համալրման փաստաթղթերի ցանկ՝ ըստ փուլերի։

 

Համաձայնագրի փուլ 

  1. 1․ Առկայության դեպքում համարտադրողների հետ կնքված համաձայնագիր, որտեղ նշված է արտադրության նախատեսված նախնական գումարը, ֆինանսական պլանի նախնական ակընկալվող տոկոսային բաշխումը և ակընկալվող տարածքային բաշխումը։
  2. Հնարավորթության դեպքում համաձայնագրի հավելվածները՝ նախնական բյուջեի աղյուսակը և ֆինանսական պլանի աղյուսակը ըստ համարտադրող կողմերի ներդրումների (ընկերության ներդրումները, որ ֆոնդերին են դիմելու, դրամահավաքի իրականացում և այլն)։ Համաձայնագիրը պետք է ունենա ժամկետների մասին նշում, ըստ որի համաձայնագիրը կամ փոխարինվելու է համատեղ արտադրության պայմանագրով, կամ կհամարվի անվավեր։
  3. Համարտադրողների միջև կնքված համաձայնագրի բացակայության դեպքում Համարտադրության մտադրության մասին վկայող ստորագրված նամակ՝ որտեղ նշվում է համարտադրության նախագծի անունը, ակընկալվող ներդրումների գումարը։
  4. Միջազգային դիստրիբյուցիայի հետաքրության առկայության դեպքում՝ դիստրիբյուցիոն ընկարության կողմից մտադրության մասին վկայող ստորագրված նամակ։
  5. Հաստատված ֆինանսավոման աղբյուրների կողմից տրամադրված մտադրության մասին վկայող նամակները կամ պայմանագրերը կամ համաձայագրերը, որտեղ նշված է աջակցության գումարը և աջակցության հիմնական պայմանները։

 

 

 

 

Պայմանագրի փուլ 

  1. Արտադրող ընկերության բանկային հաշվի վրա բավարար գումարի առկայությունը` վավերացված բանկային և/կամ ֆինանսավարկային կազմակերպության կողմից տրամադրված քաղվածքով (Նախագծի արտադրության մեջ ներդրվող գումարի չափով ներդրման վերաբերյալ Հայտատուի հիմնադրի որոշման ուղեկցմամբ)
  2. Առկայության դեպքում համարտադրողների հետ կնքված պայմանագիր, որտեղ նշված է արտադրության նախատեսված գումարը, ֆինանսական պլանի տոկոսային բաշխումը, ստեղծագործական բաղադրիչների բախշումը և տարածքային բաշխումը։ Պայմանագիրը կից պետք է ունենա հավելվածներ՝ նախնական բյուջեի աղյուսակ և ֆինանսական պլանի աղյուսակ ըստ համարտադրող կողմերի ներդրումների (ընկերության ներդրումները, հաստատված ֆոնդերը, դրամահավաքի արդյունքները և այլն)։ 
  3. Պայմանագրի բացակայության դեպքում բացառիկ դեպքերում, կետ 1-ի պահանջերին բավարարող մանրամասն գրված համաձայնագիրը նույնպես կարող է ընդունելի լինել։
  4. Հաստատված ֆինանսավոման աղբյուրների կողմից տրամադրված մտադրության մասին վկայող նամակները կամ պայմանագրերը կամ համաձայագրերը, որտեղ նշված է աջակցության գումարը և աջակցության հիմնական պայմանները։
  5. Միջազգային դիստրիբյուցիայի հետաքրության առկայության դեպքում՝ դիստրիբյուցիոն ընկարության կողմից մտադրության մասին վկայող ստորագրված նամակ։
  6. գույքի կամ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով կնքված ցանկացած տեսակի պայմանագիր կամ համաձայնագիր, որոնցում առկա են ներդրումների, ժամկետների և եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ։

 

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԻ վերաբերյան։

 

Կետ 19։ Վավերագրական ֆիլմերը չեն ունենում ավանդական սցենար անգամ հետարտադրության փուլում, ուստի առաջարկում եմ այդ փուլում "Վերջնական սցենարի" փոխարեն պահանջել "հետարտադրության սեղմնագիր, նվազագույնը 12 էջ"։

 

2-րդ բաժին, կետ 7։ Հայտերի փուլում անհիմն եմ համարում տրամադրել գնումների մասնագետի և հաշվապահի հետ կնքված պայմանագրերը։ Այս մասնագետների ծառայությունների կարիքը կա հայտերի հաստատումից հետո, Ազգային մարմնի հետ պայմանագիր կնքելու պահից սկսած։

 

ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ

 

Բյուջեի կառուցվածքի և միջազգային համապատասխանության վերաբերյալ

Կարևոր եմ համարում միջազգային համատեղ արտադրություններում ընդունված պարտադիր բյուջետային տողերի՝ Overhead (կառավարչական ծախսեր) և Producer’s fee (պրոդյուսերական հոնորար) ներառումը մեր պետական կարգավորումներում և բյուջետային ստանդարտներում։

Եվրոպական երկրներում այս ծախսերը հստակ կարգավորվում են պետական կանոնակարգերով և ներառվում են ընդհանուր բյուջեի հանրագումարից ստորև՝ հստակ տոկոսաչափերով. Օրինակ՝ Նիդերլանդներում դրանց հանրագումարը չի կարող գերազանցել 15%-ը, իսկ միջազգային ընդհանուր ստանդարտը տատանվում է 7-15%-ի սահմաններում՝ կախված երկրից։ Մեզ մոտ այս հստակ կարգավորումների բացակայությունը հայկական բյուջեները դարձնում է անկիրառելի միջազգային ստանդարտների տեսանկյունից և խոցելի է դարձնում հայ պրոդյուսերների դիրքերը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում։

Անհրաժեշտ է օրենքով, կամ գոնե կանոնակարգով սահմանել այս ծախսատեսակների հստակ շեմերը և թույլատրելի դարձնել դրանց ներառումը բյուջեի հանրագումարից ստորև տողերում։ Սա էապես կհեշտացնի համատեղ արտադրության գործընթացը և կստեղծի ամուր իրավական հիմքեր միջազգային համաարտադրողների հետ աշխատելիս։

Inna Sahakyan

20.03.2026

Ընդհանուր առմամբ կանոնակարգը ունի դրական միտում։ Ստորև ներկայացնում եմ իմ կողմից դիտարկումները։

 

13-րդ կետի վերաբերյալ - «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում նշված ստեղծագործական կազմը, որը պետք է համապատասխանի համատեղ արտադրողների ներդրումներին, շատ ավելի լայն է և ներառում է նաև հետարտադրության փուլի ստեղծագործական կազմին (գունաշտկում, ձայնային ձևավորում, երաժշտական ձևավորում և այլն)։ Նաև ստեղծագործական միավոր է համարվում արտադրական աշխատանքների երկիրը՝ օրինակ, եթե նկարահանումները տեղի են ունեցել ՀՀ-ում, դա համարվում է ստեղծագործական միավոր։ Առաջարկում եմ ընդլայնել այս ցանկը, ինչպես նաև ներառել ռեժիսորին, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ նախագիծը նվազագույն մասնակցությոն ունեցող է, բայց ռեժիսորը հանդիսանում է ՀՀ քաղաքացի։

 

14 կետի վերաբերյալ - առաջարկում եմ վերջին նախադասությունում ավելացնել ՛Նույն կերպ համաձայնագրի կնքման փուլում, հայտով ներկայացված առավելագույն կամ նվազագույն մանակցության կարգավիճակը պարտադիր պետք է համընկնի համատեղ արտադրության նպատակների վերաբերյալ համարտադրողների միջև կնքված համաձայնագրում․․․"

 

36-րդ կետը, որը թույլատրում է հայտի հետ կապված տեղեկատվության համար դիմել երրորդ անձանց, մարդու իրավունքների ոտնահարում է և անընդունելի։

 

Կետ 56․ Համաձայնագրերի կնքումը շատ կարևոր է և հանդիսանում է համատեղ արտադրության և միջազգային առաջխաղացման հիմքն է։ Սակայն քանի որ Ազգային մարմնին պետության կողմից ֆիլմարտադրության համար հատկացվող գումարը շատ սահմանափակ է, ժամանակի ընթացքում հանգեցնելու է մրցութային ֆոնդի պակասորդի։ Այս պատճառով առանցքային եմ համարում, որ ֆիլմարտադրությանը հատկացվի հավելյալ ֆինանսավորում։

 

Կետ 59 ողջունելի է, շատ կարևոր է միջազգային նախագծերի համար և ընդունված պրակտիկա է։

 

Կետ 76։ Ձևակերպումը թերի է, ենթադրում եմ, որ հանձնաժողովի երկու անդամի ընդհանուր գնահատականների դրական արդյունքի մասին է խոսքը, բայց կարող է հասկացվել՝ յուրաքանչյուր անդամի երկու դրական գնահատական։

 

Կետ 80․ Վավերագրական ֆիլմերի առանձնահատկություններից ելնելով գեղագիտական-գեղարվեստական գնահատման այս բաղադրիչները չեն կարող գործել։ Առաջարկում եմ վավերագրական ֆիլմերի համար կիրառել ստորև ներկայացված բաղադրիչները։

1. մտահղացում, սյուժե,ինքնատիպություն;

2․դրամատուրգիական կառուցվածք և հուզական խորություն

3․կերպարների կամ թեմայի հասանելիություն և բացահայտման հնարավորություն

4․ոճական առանձնահատկություններ, պատկերա-ձայնային լուծումներ (կամ հեղինակային ձեռագիրը)։

 

Կետ 89․ Քանի որ կարող է լինել անարդարացի իրավիճակ, երբ մրցութային ֆոնդը չհերիքի դրական գնահատական ստացած նախագծերի համար, առաջարկում եմ, որ մրցային շեմը հատած այն նախագծերին, որոնք պատրաստ են պայմանագրի ստորագրման, բայց մրցութային ֆոնդի գումարը չի բավարարում պայմանագիր կնքելու համար, ունենան հնարավորություն համաձայնագիր կնքել՝ մրցութային հաջորդ ֆոնդից համալրման և պայմանագիր կնքելու պայմանով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: