19.01.2026
․ Դասարանում աշակերտների թվի խնդիրը
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2026թ. հունվարի 8-ի N 16-L որոշմամբ հաստատվեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Նշյալ փաստաթղթի 36-րդ կետի 1-ին ենթակետով կրթությունը սահմանվում է որպես «ռազմավարությունների ռազմավարություն»՝ Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի հիմք հանդիսանալով: Մասնավորապես, կրթությունը մեկ ճյուղային քաղաքականություն լինելու փոխարեն դառնում է դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը և պետականության հարատևության օրակարգի հաջողությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ իրականացնել համապատասխան լրացումներ՝ Կառավարության ռազմավարական կառավարման աշխատակարգի և դոկտրինի ներդաշնակեցումը ապահովելու նպատակով:
Միաժամանակ, «Կրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ «Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը»։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Կառավարության աշխատակարգով նախատեսվող 6 ռազմավարությունների մշակման գործընթացի և Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի միջև ներդաշնակեցումն ապահովելու նպատակով առաջարկվում է ռազմավարությունների համար ներկայացվելիք մեթոդական պահանջներում սահմանել առանձին դրույթ, որով ռազմավարությունները կունենան վերաբերելի կրթական բաղադրիչ՝ համահունչ Ազգային ժողովի կողմից ընդունված Կրթության զարգացման պետական ծրագրին։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակել է Վարչապետի աշխատակազմի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող փոփոխությամբ դոկտրինից բխող 6 ռազմավարություններից յուրաքանչյուրը կունենա կրթության, կարողությունների զարգացման բաղադրիչ՝ այդպիսով նպաստելով նաև ոլորտային, ճյուղային ռազմավարությունների ներդաշնակեցմանը Կրթության զարգացման պետական ծրագրի և դոկտրինով սահմանված հանձնառության հետ:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Սույն որոշման ընդունումը Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ստանձնած հանձնառություն է, ինչպես նաև բխում է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինից:
Քննարկվել է
12.01.2026 - 27.01.2026
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Հանրային կառավարում
Գերատեսչություն
Փոխվարչապետի գրասենյակ
Կարգավիճակ
Դիտումներ` 1127
Տպել19.01.2026
․ Դասարանում աշակերտների թվի խնդիրը
14.01.2026
Նախագծով առաջարկվող լրացումները նպատակաուղղված են կառավարության ռազմավարական փաստաթղթերում կրթական բաղադրիչի և Ազգային ժողովի կողմից ընդունված «Կրթության զարգացման պետական ծրագրի» միջև փոխկապակցվածության ամրապնդմանը, ինչը ընդհանուր առմամբ դրական է։
Միաժամանակ առաջարկվում է դիտարկել մի շարք հստակեցումներ և լրացումներ, մասնավորապես՝
Առաջարկվում է նախագծում նախատեսել համապատասխան ընթացակարգային կամ վերահսկողական դրույթներ՝ ապահովելու համար ոչ միայն ձևական համապատասխանություն, այլև կրթական քաղաքականության իրական համադրելիություն և արդյունավետ իրականացում։
13.01.2026
Որպես պատմության ուսուցիչ՝ այս նախագիծն ինձ համար առաջին հերթին պետական հիշողության և ապագայի կապն է։ Եթե կրթությունը դիտարկում ենք որպես «ռազմավարությունների ռազմավարություն», ապա այն չի կարող լինել միայն տեխնիկական հմտությունների ամբողջություն. այն պետք է ունենա հստակ արժեքային հենք։
Ահա մի քանի կոնկրետ և գործնական առաջարկներ, որոնք կօգնեն, որ այս նախագիծը «թղթի վրա» չմնա.
1. Առաջարկում եմ յուրաքանչյուր ռազմավարության մեջ ներառել «Հաջողության և ձախողման պատմական դասեր» բաժինը։
• Գործնական քայլ. Եթե մշակվում է, օրինակ, տնտեսական կամ ռազմական ռազմավարություն, փաստաթղթում պետք է հստակ նշվի, թե մեր պատմության մեջ (օրինակ՝ 1920-ականների վերականգնումը կամ Միջնադարի առևտրային կապերը) ինչն է աշխատել և ինչ սխալներ ենք թույլ տվել։ Դա կրթական բաղադրիչի մի մասը պետք է դառնա։
2. Քանի որ դոկտրինը շեշտում է ինստիտուցիոնալ վերափոխումը, անհրաժեշտ է կրթական բաղադրիչում ավելացնել պետական կառավարման ավանդույթների ուսումնասիրությունը։
• Գործնական քայլ. Ռազմավարություններից բխող վերապատրաստումների մեջ ներառել «Հայ պետականության պատմություն և էթիկա» մոդուլը։ Մասնագետը պետք է հասկանա, որ ինքը ոչ թե պարզապես աշխատող է, այլ 5000-ամյա պատմություն ունեցող շղթայի մի օղակ։
3. Նախագծում պետք է ավելացնել կետ, որ յուրաքանչյուր ընդունված ռազմավարություն պետք է ունենա իր ադապտացված տարբերակը կրթական չափորոշիչների համար։
• Գործնական քայլ. Երբ պետությունը որոշում է նոր տնտեսական պարադիգմ, դրա հիմնական գաղափարները 6 ամսվա ընթացքում պետք է որպես լրացուցիչ նյութ մտնեն «Հայոց պատմություն» կամ «Հասարակագիտություն» առարկաների մեջ։ Աշակերտը պետք է դպրոցից իմանա, թե ուր է գնում իր պետությունը։
Եզրակացությունը. Որպեսզի այս փոփոխությունը արհեստական չհնչի, մենք պետք է դադարենք կրթությանը նայել որպես առանձին «դասի»։ Այն պետք է լինի յուրաքանչյուր ոլորտի ողնաշարը։ Իմ առաջարկն է՝ նախագծի մեջ ավելացնել, որ ռազմավարությունների կատարողականը գնահատելիս հաշվի առնվի նաև դրա արժեքային-կրթական ազդեցությունը հասարակության վրա։