Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«__» _____________ 2025 թվականի N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 9-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածը և 13-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ Կազմակերպություններ) հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն որոշման Հավելվածում նշված Կազմակերպությունների, բացառությամբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության, կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված Կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը։

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 9-ամսյա ժամկետում իրականացնել Կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնված և ամրացված գույքի գույքագրում և հանձնման ընդունման աշխատանքներ։

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո 1-ամսյա ժամկետում հաստատել Կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը։

6. Սահմանել, որ Կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակներն են`

1)  իր մասնագիտացմանը համապատասխան գիտատեխնոլոգիական հետազոտությունների անցկացումը.

2) գիտական կադրերի պատրաստումը:

7. Կազմակերպություններին թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գիտամեթոդական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական խորհրդատվության մատուցում

2) մասնագիտական վերապատրաստում և վերաորակավորում

3) գիտատեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների իրականացում.

4) պետական առաջադրանքի կատարումից ազատ շարժական և անշարժ գույքի վարձակալության հանձնում.

5) սեփական գիտատեխնոլոգիական մշակումների և տեխնոլոգիաների իրացում:

8.     Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1474-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը, դրանց տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 954-Ն որոշումները։

9.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ 

  • Քննարկվել է

    17.11.2025 - 02.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 901

Տպել

Առաջարկներ`

Beatriche Grigoryan

02.12.2025

Առաջարկում եմ որոշման նախագծի 6-րդ կետի 1-ին ենթակետը և 7-րդ կետի 3-րդ ենթակետը «գիտատեխնոլոգիական» բառից հետո լրացնել «և այլ» բառերով, որպեսզի չսահմանափակվի Կազմակերպությունների իրենց մասնագիտացմանը համապատասխան հետազոտությունների իրականացմամբ ինչպես գործունեության նպատակները, այնպես էլ հնարավոր ձեռնարկատիրական գործունեության շրջանակները:

Միաժամանակ, որոշման նախագծի 7-րդ կետն առաջարկում եմ լրացնել հետևյալ բովանադակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) իր մասնագիտացմանը համապատասխան հետազոտությունների բնագավառներում ծառայությունների մատուցում:» բառերով, որը, ի լրումն որոշման նախագծով արդեն իսկ նշված ձեռնարկատիրական գործունեության տեսակների, կնպաստի Կազմակերպությունների մասնագիտացմանը համապատասխան հնարավորությունների շրջանակներում տարբեր ուղղություններով ծառայությունների մատուցմամբ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ֆինանսական մուտքերի ապահովմանը՝ օժանդակելով Կազմակերպությունների ֆինանասական կայունությանն ու կանոնադրական նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Կարեն Գրիգորյան

29.11.2025

Համաձայն ՀՀ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» արդեն իսկ գործող օրենքի 44-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջի, առ այն, որ «9․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն անցնում են կրթության և գիտության ոլորտների պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայության տակ, որոնց վրա չեն տարածվում ...», Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն արդեն իսկ դուրս են եկել Ակադեմիայի ենթակայության տակից, և պակասում է միայն ՀՀ կառավարության որոշումը այդպիսի լիազոր մարմին սահմանելու վերաբերյալ: Ըստ այդմ առաջարկվող նախագիծը անդրադառնում է արդեն իսկ Ակադեմիայի ենթակայության տակից դուրս եկած կազմակերպություններին որպես այնպիսին, որ կարծես թե դրանք դեռ գտնվում են Ակադեմիայի ենթակայության տակ: Համապատասխանաբար անհրաժեշտ է նախագծի վերնագրում և հաջորդիվ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ...» ձևակերպումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ՆԱԽԿԻՆՈՒՄ ներառված ...» ձևակերպմամբ: Հակառակ դեպքում կառաջանա անորոշություն, թե հիշատակված օրենքը ուժի մեջ մտնելու պահից մինչև Կառավարության որոշումը ուժի մեջ մտնելու պահը հիշատակված կազմակերպությունները գտնվել են արդյուք գտնվել են Ակադեմիայի ենթակայության տակ: Եթե՝ ԱՅՈ, ապա դա կհակասի օրենքին, եթե՝ ՈՉ, ապա ինչու՞ են այդ կազմակերպությունները Կառավարության որոշման մեջ հիշատակվում որպես Ակադեմիայի համակարգում ներկայումս գործող կազմակերպություններ:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: