Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագիծ

Տեղեկանք-Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

ՀՀ-ում բժշկասոցիալական փորձաքննության հետ կապված հարաբերությունները հիմնականում կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքներով։

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը:

Վերջին շրջանում վերահսկողության կարգով իրականացված բժշկասոցիալական վերափորձաքննությունների արդյունքում արձանագրվում են դեպքեր, երբ հաշմանդամության խմբերը սահմանվել են առանց համապատասխան փաստաթղթերի։

Հարկ է նաև նկատի ունենալ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորությունները (այդ թվում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում) հստակ սահմանված է օրենսդրությամբ և նախարարությունը, որպես վարչական մարմին, իրավասու չէ գնահատել (որոշել) որևէ մեկի մեղքը խնդրո առարկա իրավիճակում։

Առանձին դեպքերում կայացված որոշումների իրավաչափությունը հնարավոր չէ գնահատել՝ պայմանավորված անցած ժամանակով։

Միաժամանակ, ակնհայտ է բժշկասոցիալական փորձաքննության համակարգի արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը։ Ընդ որում, խնդրո առարկա բարեփոխումների արդյունավետությունը էապես կնվազի, եթե այդ բարեփոխումների շրջանակներում հաշվի առնվի նախորդիվ կայացված որոշումների իրավաչափության խնդիրը, քանի որ այս դեպքում կառաջանա կայացված բոլոր որոշումներին անդրադառնալու անհրաժեշտություն։

Հարկ է նաև նկատի ունենալ, որ վերահսկողության կարգով իրականացվող վերափորձաքննությունը, որպես վարչական գործընթաց, խիստ ռեսուրսատար է, և ավելի նպատակահարմար է առկա ռեսուրսներն ուղղել ընթացիկ իրավիճակի բարելավմանը։

Մյուս կողմից, ժամանակին կայացված (թեկուզ՝ ոչ իրավաչափ) անժամկետ որոշումների արդյունքում տվյալ անձի համար ձևավորվել է սոցիալական վիճակի որոշակի «ստատուս քվո», որի խախտումը կարող է առաջացնել բացասական հետևանքներ։ Խնդիրը էլ ավելի է սրվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առավելապես վերաբերում է Արցախյան պատերազմի ազատամարտիկներին։

  1.   Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում՝ օրենքի ուժով ընդունելու ԲՍՓ արդյունքում նախորդիվ ցմահ կայացրած բոլոր որոշումների իրավաչափությունը։

Այլ կերպ ասած՝ առաջարկվում է հայտարարել նախկինում կայացված ոչ իրավաչափ որոշումների «համաներում»։ 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում.

  • անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի հսկողական վերափորձաքննություն չի կատարվի՝ եթե է հաշմանդամությունը սահմանվել է մինչև 2018 թվականի մայիսի 12-ը։
  • 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ընկած վերադաս վարչական մարմնի կողմից վերահսկողության կարգով իրականացված վերափորձաքննության արդյունքում ընդունված վարչական ակտերը օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից կճանաչվեն ուժը կորցրած՝ ուժի մեջ թողնելով նախկին որոշումները։ Ըստ այդմ, ուժը կորցրած ճանաչված վարչական ակտի կատարման (կիրառման) արդյունքում կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և այլ դրամական վճարների չվճարված գումարները կվճարվեն քաղաքացիներին։

Սահմանվում է նաև, որ վերը նշված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կատարվել է կեղծիք կամ խախտվել է հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգը։

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի միջոցով իրականացվող ծրագրերի գծով ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում (անժամկետ հաշմանդամ ճանաչված անձի հսկողական վերափորձաքննթյան արդյունքները ՀՀ պետական բյուջեի հաշվարկներում չի արտացոլվում)։

Իսկ ուժը կորցրած ճանաչված վարչական ակտի կատարման (կիրառման) արդյունքում կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և այլ դրամական վճարների չվճարված գումարների վճարվումը կֆինանսավորվի հատկացված չափաքանակների շրջանակներում։ 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  • Քննարկվել է

    31.05.2018 - 18.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8512

Տպել