Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության համակարգերի ամրապնդման նպատակով ներկայումս կարևոր են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց համապարփակ շրջանակի սահմանումը, հայտարարագրման համակարգի շարունակական բարելավումը, հայտարարագրման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի արդյունավետության բարձրացումը:

«Հանրային ծառայության մասին» օրենքի գործող իրավակարգավորումների համաձայն՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) ներկայացնում են բացառապես գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով: Բացի այդ «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարատու որոշ պաշտոնների համար սահմանված չէ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներն առհասարակ չեն կրում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

 «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռոպուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի «հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատման» զեկույցում (այսուհետ՝ Զեկույց) տեղ գտած հանձնարարականից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) 1-ին նպատակի («Կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության համակարգերի ամրապնդում») ներքո արձանագրված խնդիրների լուծման հրամայականից։

Այսպես, Զեկույցում տեղ գտած հանձնարարականի համաձայն՝ թեև հայտարարատու անձանց շրջանակի ընդլայնումը դրական քայլ է, սակայն պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) պետք է ներկայացնեն ոչ թե իրավիճակային հայտարարագրեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով, այլ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի տարեկան հայտարարագրեր: Զեկույցում տեղ գտած հանձարարականը անդրադարձ է կատարել նաև այն հարցին, որ դատական իշխանության մարմինների դատավոր չհանդիսացող անդամները ևս պետք է կրեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականություն։

Ռազմավարությամբ նույնպես արձանագրվել է, որ անհրաժեշտ է ընդլայնել հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, դիտարկել պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարների (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) կողմից տարեկան, ինչպես նաև պաշտոնի ստանձնելու և դադարեցնելու հայտարարագիր ներկայացնելու պարտականության սահմանման, ինչպես նաև բոլոր հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականության սահմանման հնարավորությունը։

 

 2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարների (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները), ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների համար սահմանել գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի տարեկան, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն։ Բացի այդ նախատեսվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատու բոլոր պաշտոնատար անձանց համար սահմանել շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

Միջազգային փորձի վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ մի շարք պետություններում պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս պետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները ներկայացնում են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր:

Մասնավորապես՝

Ղազախստանի Հանրապետության «Կոռուպցիայի հակազդման մասին» [1]օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է ֆինանսական վերահսկողության մեխանիզմները: Սույն հոդվածով սահմանվում է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը, որտեղ նաև հայտարարատու են համարվում պետական և համայնքային կազմակերպության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք:

Մոնղոլիայի Հանրապետության «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին»[2] օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է այն անձանց շրջանակը, ում վրա տարածվում է սույն օրենքի գործողությունը: Տվյալ հոդվածի 4.1.3 կետով օրենքի գործողությունը տարածվում է նաև իրավաբանական անձանց ղեկավարների կամ լիազորված աշխատակիցների վրա, որտեղ պետությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները լրիվ կամ մասնակի մասնակցության մասնաբաժին ունեն: Նույն օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է գույքի և եկամուտի հայտարարագրման ընթացակարգը և մատնանշում, որ հայտարարատու են համարվում վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված անձիք: Ուստի Մոլղոլիայի Հանրապետությունը նույնպես նախատեսում է գույքի և եկամուտի հայտարարագրման պարտականություն՝ պետական և համայնքային կազմակերպության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց համար:

Մոլդովայի Հանրապետության «Գույքի և շահերի հայտարարագրման մասին»[3] օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է հասկացությունների շրջանակ, որի համաձայն հանրային կազմակերպություն է համարվում նաև ինքնակառավարման մարմինը, պետական կամ համայնքային ձեռնարկությունը, գերակշռող պետական կապիտալով ընկերությունը կամ ֆինանսական հաստատությունը: Նույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ հայտարարատու անձինք են համարվում նաև հանրային կազմակերպությունների ղեկավարները և նրանց տեղակալները:

Լեհաստանում պետական և համայնքային կազմակերպության աշխատողները, ովքեր զբաղեցնում են տնօրենի, տնօրենի տեղակալի և գլխավոր հաշվապահի պաշտոններ, ներկայացնում են գույքի և եկամուտի հայտարարագիր[4]։

Մոնտենեգրոյի «Կոռուպցիայի կանխարգելման մասին»[5] օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր համարվում են պետական ծառայողներ: Վերոնշյալ հոդվածի համաձայն՝ պետական ծառայող են համարվում նաև պետական կամ համայնքային ձեռնարկության ղեկավարները: Նույն օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ պետական ծառայողները ներկայացնում են գույքի և եկամուտի հայտարարագիր և ներկայացնում են այն Կոռուպցիայի կանխարգելման գործակալություն (Agency for Prevention of Corruption):

Արգենտինայի «Էթիկան հանրային ծառայության մեջ» օրենքի[6] (25188) 5-րդ հոդվածով սահմանվում է հայտարարատու անձանց շրջանակը, որի համաձայն հայտարարատու են համարվում նաև Ազգային կոնգրեսի արտաքին վերահսկողության ներքո գտնվող կազմակերպությունների տնօրենները և ադմինիստրատորները (երբ դա պահանջում է Հանրային էթիկայի ազգային հանձնաժողովը):

Սույն Օրենքի 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ 5-րդ հոդվածով սահմանված բոլոր անձինք գույքի և եկամուտի հայտարարագիր պետք է ներկայացնեն պաշտոնը ստանձնելու օրվանից երեսուն աշխատանքային օրվա ընթացքում:

Լիտվայի «Պաշտոնատար անձանց գործունեության ընթացքում շահերի բախումները կանխարգելելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն պետական ծառայող է համարվում նաև պետական կամ համայնքային ձեռնարկության ղեկավարները և նույն օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածները սահմանում են որ 4-րդ հոդվածում նշված անձինք պետք է ներկայացնեն գույքի, եկամուտի, շահի հայտարարագիր:

Էստոնիայի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի[7] 13-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ հայտարարատու են համարվում նաև պետության, տեղական ինքնակառավարման մարմինների կամ հասարակական իրավաբանական անձանց կողմից ստեղծված հիմնադրամների կառավարման մարմինների անդամները (եթե նման պարտականություն սահմանված է պետության, տեղական ինքնակառավարման խորհրդի կամ դիտորդ խորհրդի կամ հանրային իրավունքի իրավաբանական անձանց համանման մարմինների իրավունքներն իրականացնող նախարարի կողմից);

Վրաստանի «Կոռուպցիայի դեմ պայքարի»[8] օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «c)» ենթաբաժնի համաձայն՝ հայտարարատու են համարվում նաև այն ձեռնարկությունների ղեկավարները, որոնց բաժնետոմսերի 100%-ը կամ մասնակցության մասնաբաժինը պատկանում է պետությանը կամ քաղաքապետարանին, ինչպես նաև վերոնշյալ ձեռնարկությունների՝ դուստր ձեռնարկությունների ղեկավարները:

Սլովենիայի «Բարեվարքության և կոռուպցիայի դեմ պայքարի» օրենքի[9] 41-րդ հոդվածը սահմանում է հայտարարատու անձանց շրջանակը, որտեղ պետական մասնակցությամբ ձեռնարկություններում և ընկերություններում ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձինք նույնպես համարվում են հայտարարատու:

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշման 2-րդ հավելվածի 1.10 գործողության պահանջից՝ այն է՝ ընդլայնել հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

 

 4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

 

 5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

 6․ Ակնկալվող արդյունքները.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը՝ ընդլայնելով հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, ինչը հնարավորություն կտա ապահովել վերջիններիս գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ինչպես նաև կնպաստի հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանն ու բարեվարքության համակարգի ամրապնդմանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել նաև հայտարարատու պաշտոնատար անձանց գույքային դրության վերաբերյալ համապարփակ տեղեկություններ ստանալու հնարավորությունը, ինչը կհանդիսանա հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք:

 

 

[1] https://online.zakon.kz/Document/?doc_id=33478302&pos=2;-106#pos=2;-106

[2]https://track.unodc.org/uploads/documents/BRI-legal-resources/Mongolia/1_-Anti-Corruption_Law_of_Mongolia.pdf

[3]https://vetting.md/prevetting/wp-content/uploads/2022/10/Law-No.-133-on-declaration-of-assets-and-personal-interests.pdf

[4]https://www.unodc.org/documents/corruption/WG-Prevention/Art_8_Financial_disclosure_declaration_of_assets/Poland.pdf

[5] https://www.rai-see.org/php_sets/uploads/2021/04/RAI-Law-on-Prevention-of-Corruption-Montenegro-EN.pdf

[6]https://sherloc.unodc.org/cld/uploads/res//uncac/LegalLibrary/Argentina/Laws/Argentina%20Law%2025188%20on%20Ethics%20in%20the%20Public%20Service%201999.pdf

[7] https://www.riigiteataja.ee/en/eli/ee/515072020012/consolide/current

[8] https://matsne.gov.ge/en/document/view/33550?publication=88

[9] https://www.kpk-rs.si/storage/uploads/ebff0bca-a7d3-401f-b0a9-28aa1ff9c2bf/ZintPK-ENG.pdf

  • Քննարկվել է

    09.10.2025 - 25.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1242

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

22.10.2025

ԿԱՐԾԻՔ

««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

 ՀՀ արդարադատության նախարարությունը դեռևս 2024 թվականին մշակել և 2025 թվականի հոկտեմբերին շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ օրենքի նախագիծ), ըստ որի պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) իրավիճակային հայտարարագրերի փոխարեն պետք է ԿԿՀ-ին ներկայացնեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի տարեկան հայտարարագրեր: Միաժամանակ, հայտարարագրման պարտականություն է սահմանվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների համար։ Բացի այդ, օրենսդրական նոր կարգավորումներով գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրման պարտականությունը կտարածվի հայտարարագրման պարտականություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու ծառայողների վրա։

1.    Համաձայն նախագծի հիմնավորումների՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատման» զեկույցում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 2023-2024 թթ․ գործողությունների ծրագրի 1․10 գործողության կատարողականի թիրախից։ Այդուհանդերձ, օրենքի նախագծի հոդված 1-ը ամբողջությամբ չի լուծել հայտարարագրման պարտականություն ունեցող հանրային պաշտոնյաներին հայտարարագրման համակարգ ներառելու խնդիրը։ Մասնավորապես, համաձայն նույն ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատման» զեկույցի «Conflict of interest and asset declarations գլխի «Assessment of non-governmental stakeholders» բաժնում նշված է, որ հայտարարագրման պարտականությունից դեռևս դուրս են մնում համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, խոշորացված համայնքների վարչական շրջանների ղեկավարները, 15 հազարից ցածր թվաքանակ ունեցող համայնքի ավագանիները։ Հանրային ծառայողների մասով, հայտարարագրման պարտականություն չունեն, համայնքային ծառայողները ընդհանրապես՝ բացառությամբ Երևան համայնքի գլխավոր քարտուղարի։ Հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկից դուրս են թողնված նաև պետական ու համայնքային գնումների, թույլտվությունների, լիցենզիաների, վերահսկողության ու հսկողության լիազորություններ ունեցող հանրային ծառայողները, որոնք ուղղակիորեն իրականացնում են կոռուպցիոն բարձր ռիսկերով պայմանավորված գործառույթներ։[1]

 

[1] OECD (2025), Armenia Fifth Round of Anti-Corruption Monitoring Follow-Up Report: Assessment of non-governmental stakeholders։The Istanbul Anti-Corruption Action Plan, OECD Publishing, Paris, p. 53, https://doi.org/10.1787/3d273009-en

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

22.10.2025

Առաջարկ

1.1.  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում նախատեսել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բոլոր խմբերի համար գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրման պարտականություն, որի համար, հոդված 1-ի (գործող հոդվածի 34-ի) առաջին մասում «պետական պաշտոն» բառերը փոխարինել «հանրային պաշտոն» բառերով և հանել «համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների» բառերը։

1.2.  Նույն հոդվածի «քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք» նախադասության մեջ «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-ից 5-րդ» բառերով։

 

1.3.  Նույն հոդվածի «դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք» նախադասությունից հետո ավելացնել, «համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ» բառերը։

 

2.    Օրենքի նախագծի հոդված 1-ի 3-րդ մասում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր» ձևակերպմամբ, բովանդակային իմաստով շահերի հայտարարագրման ամբողջական համակարգ չի ներդրվում։ Մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 34-ի 5-րդ մասով՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում ներկայացնում են իրենց գույքի և եկամուտների, իսկ դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում՝ գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալներ»: Մինչդեռ, նույն օրենքի հոդված 42-ում՝ 1-ին, 2-րդ և 6-րդ մասերում, հայտարարագրման պարտականություն ունեցող հանրային պաշտոնյաները շահերի հայտարարագրում ներկայացնում են նաև տվյալներ, համապատասխանաբար ընտանիքի անդամների շահերի մասով, որոնցում ներկայացված են տվյալներ ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում, ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ։ Շահերի հայտարարագրումը բաց է մնում պաշտոնատար անձի ընտանիքի անդամի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու, ոչ առևտրային կազմակերպություններին անդամակցության և դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացվածության, ինչպես նաև կուսակցություններին անդամակցության և դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացվածության վերաբերյալ տվյալները։ Վերջիններիս առկայությունը հնարավորություն կտա հանրությանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պատկերացում կազմելու և բացահայտելու հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց անձնական ու մասնավոր շահերի բախումների իրավիճակները ու անհամատեղելիության պահանջների ու այլ սահմանափակումների խախտումները։ 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

22.10.2025

2.1.  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում նախատեսել համապատասխան լրացումներ հոդված 42-ի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում` «հայտարարատու պաշտոնատար անձ» բառերից հետո ավելացնելով «և (կամ) նրա ընտանիքի անդամներ» բառերը։

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: