Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Վարդիկ Պետրոսյան 14.10.2025 17:02:34 Կոռուպցիայի դեմ պայքարը շատ բարդ է անկախ նրանից որ ոլորտում է դա կիրառվում։Լիահույս եմ որ այո հայտարարագրման ինստիտուտը արդյունք կտա։
2 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.10.2025 20:41:35

ԿԱՐԾԻՔ

««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

 ՀՀ արդարադատության նախարարությունը դեռևս 2024 թվականին մշակել և 2025 թվականի հոկտեմբերին շրջանառության մեջ է դրել «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ օրենքի նախագիծ), ըստ որի պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) իրավիճակային հայտարարագրերի փոխարեն պետք է ԿԿՀ-ին ներկայացնեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի տարեկան հայտարարագրեր: Միաժամանակ, հայտարարագրման պարտականություն է սահմանվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների համար։ Բացի այդ, օրենսդրական նոր կարգավորումներով գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրման պարտականությունը կտարածվի հայտարարագրման պարտականություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու ծառայողների վրա։

1.    Համաձայն նախագծի հիմնավորումների՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատման» զեկույցում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 2023-2024 թթ․ գործողությունների ծրագրի 1․10 գործողության կատարողականի թիրախից։ Այդուհանդերձ, օրենքի նախագծի հոդված 1-ը ամբողջությամբ չի լուծել հայտարարագրման պարտականություն ունեցող հանրային պաշտոնյաներին հայտարարագրման համակարգ ներառելու խնդիրը։ Մասնավորապես, համաձայն նույն ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատման» զեկույցի «Conflict of interest and asset declarations գլխի «Assessment of non-governmental stakeholders» բաժնում նշված է, որ հայտարարագրման պարտականությունից դեռևս դուրս են մնում համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, խոշորացված համայնքների վարչական շրջանների ղեկավարները, 15 հազարից ցածր թվաքանակ ունեցող համայնքի ավագանիները։ Հանրային ծառայողների մասով, հայտարարագրման պարտականություն չունեն, համայնքային ծառայողները ընդհանրապես՝ բացառությամբ Երևան համայնքի գլխավոր քարտուղարի։ Հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկից դուրս են թողնված նաև պետական ու համայնքային գնումների, թույլտվությունների, լիցենզիաների, վերահսկողության ու հսկողության լիազորություններ ունեցող հանրային ծառայողները, որոնք ուղղակիորեն իրականացնում են կոռուպցիոն բարձր ռիսկերով պայմանավորված գործառույթներ։[1]

 

[1] OECD (2025), Armenia Fifth Round of Anti-Corruption Monitoring Follow-Up Report: Assessment of non-governmental stakeholders։The Istanbul Anti-Corruption Action Plan, OECD Publishing, Paris, p. 53, https://doi.org/10.1787/3d273009-en

Դիտել կցված փաստաթուղթը

Չի ընդունվել։

Ներկայացված նախագծով առաջարկվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարների (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները), ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների համար։ Նախագծով առաջարկվող սուբյեկտների շրջանակը բխում է ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունից, ինչպես նաև ՀՀ միջազգային հանձնառություններից։ Հարկ է նշել, որ սուբյեկտների այլ՝ առավել լայն շրջանակի սահմանման նպատակարմարության հարցը ունի լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով առաջարկի ընդունման պարագայում հայտարարատուների գործող շրջանակի քանակական աճը, ներկայացված հայտարարագրերի պատշաճ ուսումնասիրության հնարավորությունը և լիազոր մարմնի ռեսուրսները:

3 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.10.2025 20:41:35

Առաջարկ

1.1.  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում նախատեսել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բոլոր խմբերի համար գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրման պարտականություն, որի համար, հոդված 1-ի (գործող հոդվածի 34-ի) առաջին մասում «պետական պաշտոն» բառերը փոխարինել «հանրային պաշտոն» բառերով և հանել «համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների» բառերը։

1.2.  Նույն հոդվածի «քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք» նախադասության մեջ «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-ից 5-րդ» բառերով։

 

1.3.  Նույն հոդվածի «դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք» նախադասությունից հետո ավելացնել, «համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ» բառերը։

 

2.    Օրենքի նախագծի հոդված 1-ի 3-րդ մասում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր» ձևակերպմամբ, բովանդակային իմաստով շահերի հայտարարագրման ամբողջական համակարգ չի ներդրվում։ Մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 34-ի 5-րդ մասով՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում ներկայացնում են իրենց գույքի և եկամուտների, իսկ դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում՝ գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալներ»: Մինչդեռ, նույն օրենքի հոդված 42-ում՝ 1-ին, 2-րդ և 6-րդ մասերում, հայտարարագրման պարտականություն ունեցող հանրային պաշտոնյաները շահերի հայտարարագրում ներկայացնում են նաև տվյալներ, համապատասխանաբար ընտանիքի անդամների շահերի մասով, որոնցում ներկայացված են տվյալներ ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում, ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ։ Շահերի հայտարարագրումը բաց է մնում պաշտոնատար անձի ընտանիքի անդամի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու, ոչ առևտրային կազմակերպություններին անդամակցության և դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացվածության, ինչպես նաև կուսակցություններին անդամակցության և դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացվածության վերաբերյալ տվյալները։ Վերջիններիս առկայությունը հնարավորություն կտա հանրությանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պատկերացում կազմելու և բացահայտելու հայտարարագրման պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց անձնական ու մասնավոր շահերի բախումների իրավիճակները ու անհամատեղելիության պահանջների ու այլ սահմանափակումների խախտումները։ 

Չի ընդունվել։

Ներկայացված նախագծով առաջարկվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարների (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները), ինչպես նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների համար։ Նախագծով առաջարկվող սուբյեկտների շրջանակը բխում է ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունից, ինչպես նաև ՀՀ միջազգային հանձնառություններից։ Հարկ է նշել, որ սուբյեկտների այլ՝ առավել լայն շրջանակի սահմանման նպատակարմարության հարցը ունի լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով առաջարկի ընդունման պարագայում հայտարարատուների գործող շրջանակի քանակական աճը, ներկայացված հայտարարագրերի պատշաճ ուսումնասիրության հնարավորությունը և լիազոր մարմնի ռեսուրսները:

4 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 22.10.2025 20:41:35

2.1.  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում նախատեսել համապատասխան լրացումներ հոդված 42-ի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում` «հայտարարատու պաշտոնատար անձ» բառերից հետո ավելացնելով «և (կամ) նրա ընտանիքի անդամներ» բառերը։

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Չի ընդունվել։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասում հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներին ներառելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու պարտականություն ունի միայն պաշտոնատար անձը։ մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ (…) Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու կամ պաշտոնավարման ընթացքում ժառանգություն ստանալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են պաշտոնն ստանձնելուց կամ ժառանգությունն ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասում նույնպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամներին ներառելու անհրաժեշտությունը բացակայում է՝ հաշվի առնելով, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքով արդեն իսկ նախատեսված է կուսակցության ղեկավար մարմնի պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման պարտականություն, ուստի պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ որևէ կուսակցության ղեկավար կազմում պաշտոն զբաղեցնելու հանգամանքը արդեն իսկ ենթակա է հայտարարագրման։

Ինչ վերաբերում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասում պաշտոնատար անձի ընտանիքի անդամներին ներառելուն, ապա պետք է նշել, որ այդ մասով առաջարկի բովանդակությունը բացահայտված չէ, և հստակ չէ, թե ինչ նպատակ կարող է հետապնդել հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների կողմից ոչ առևտրային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ տվյալների հայտարարագրումը։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: