Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» համապատասխան որոշման պահանջների կատարմամբ և հաշվի է առնում ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 4 արձանագրային որոշման 7-րդ կետով հավանության արժանացած «2017-2018 թվականների Հայաստանի Հանրապետության էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլը» և ի գիտություն ընդունված 1-ին փուլի հաշվետվությունը, ինչպես նաև  ՀՀ կառավարության 2015 թվականի  սեպտեմբերի 10-ի N 41 արձանագրային որոշման 11-րդ կետով հավանության արժանացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ ներդրումը»:

 

Ըստ արդեն կազմված 2016 թվականի էներգետիկ հաշվեկշռի հանրապետության տրանսպորտի ոլորտում (բացառությամբ` ըստ ընդունված դասակարգչի ավիացիայի և այլ տրանսպորտի) սպառվել է 25749,7 ՏՋ էներգիա, որը կազմում է 2016 թվականին ՀՀ-ում սպառված ամբողջ էներգիայի մոտ 30%: Միայն ճանապարհային տրանսպորտի ոլորտում սպառվել է 25491,8 ՏՋ, որից 9306,5 ՏՋ նավթամթերք և 16185,3 ՏՋ բնական գազ: Սպառված նավթամթերքի կառուցվածքում շարժիչային բենզինը կազմում է 140555,7 տոննա, իսկ դիզելային վառելիքը 73501,1 տոննա: Հաշվի առնելով նաև գյուղատնտեսությունում սպառված դիզելային վառելիքի ծավալները, ապա  դիզելային վառելիքի ցուցանիշը կկազմի 98257,9 տոննա: 2016 թվականին հանրապետությունում արտադրվել է ընդամենը 345,2 տոննա կենսավառելիք, որը սակայն սպառվել է այլ ոլորտներում, իսկ  տրանսպորտի ոլորտի համար արտադրվել է միայն 257,9 ՏՋ էլեկտրական էներգիա, որը կազմում է ՀՀ  տրանսպորտի ոլորտում սպառված ամբողջ էներգիայի միայն 1%-ը:

Հանրապետությունում 2016 թվականին արտադրվել է մոտ 2617 տոննա էթիլային սպիրտ` բնափոխված կամ չբնափոխված, ինչպես նաև էթիլային սպիրտի հիմքով պատրաստված մոտ 40000 տոննա ալկոհոլային խմիչքներ, իսկ ներկրվել է 375 տոննա էթիլային սպիրտ, ինչպես նաև էթիլային սպիրտի հիմքով պատրաստված 21735 տոննա ալկոհոլային խմիչքներ (գումարային մոտ 64727 տոննա): 2016 թվականին ՀՀ-ում արտադրվել է նաև 464 տոննա կենդանական և բուսական ծագման յուղ, իսկ ներկրվել է 40145 տոննա (գումարային մոտ 40609 տոննա):  

Էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել էներգակիրների շուկայահանման ուղիները տրանսպորտի համար: Այլընտրանքային էներգակիրների մրցունակ շուկայահանումը և դրանց կշիռը  տրանսպորտի ոլորտում առավելագույնի հասցնելու համար անհրաժեշտություն է առաջացել ստեղծել օրենսդրական համապատասխան պայմաններ: 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկը (Այսուհետ` Միջոցառումների ցանկ), որի հիմնական նպատակն է սահմանել անհրաժեշտ միջոցառումները, դրանց իրականացման ժամանակացույցը, կատարողներին և համակատարողներին: Վերոհիշյալ միջոցառումների կատարմամբ թիրախավորվում է երկարաժամկետ հեռանկարում` մինչև 2040 թվականը Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքների նվազագույն կիրառման համար, իսկ դրանց այլընտրանք հանդիսացող էներգակիրների (կենսաէթանոլ, կենսադիզել, կենսագազ, ջրածին և էլեկտրական էներգիա) առավելագույն մրցունակ կիրառման համար համապատասխան պայմանների ստեղծումը: Այդ պայմանները իրենցից չեն ենթադրելու պետական բյուջեի միջոցներով ենթակառուցվածքների ստեղծում` դրանք ուղղված են լինելու մասնավոր հատվածի և/կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներդրումներ իրականացնելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Միջոցառումների ցանկի  տրամաբանության շրջանակներում է, որ կարգավորումները ուղղվելու են էներգետիկ անկախության, էներգետիկ համակարգի հուսալիության և անվտանգության աստիճանի բարձրացմանը և էներգիայով ապահովման ծախսերի օպտիմալացմանը` 100 կմ վազքի հաշվարկով բենզին է ծախսվում մոտ 4800 դրամի, բնական գազ` մոտ 2000 դրամի, իսկ համարժեք հզորությամբ էլեկտրական մեքենաները ծախսում են մինչև 1000 դրամի էլեկտրական էներգիա:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը

Միջոցառումների ցանկի ընդունմամբ ակնկալվում է, որ պատասխանատու գերատեսչությունները իրենց գործառույթների շրջանակներում հետագա տարիներին ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնեն համապատասխան իրավական ակտերի նախագծեր, որոնք կյանքի կոչելով կապահովվի այլընտրանքային էներգակիրների շուկայահանման համար մրցունակությունը: Մասնավորապես՝ հնարավորություն կստեղծվի էթիլային սպիրտի և բուսական յուղի զգալի ծավալներով արտադրության և ներկրման (առաջին հերթին ԵՏՄ անդամ երկրներից), դրանց բնափոխման, ինչպես նաև դրանց և էլեկտրական էներգիայի իրացումը տրանսպորտի ոլորտում ապահովելու նպատակով ենթակառուցվածքների զարգացման համար:

Հաշվի առնելով այն, որ էթիլային սպիրտի, էթիլային սպիրտի հիմքով պատրաստված ալկոհոլային խմիչքների և բուսական յուղի արտադրության ու ներկրման ծավալները ուղիղ համեմատական են դրանց պատրաստման համար անհրաժեշտ մշակաբույսերի ծավալների հետ, ինչպես նաև վերլուծելով դրանց արտադրության, ներկրման և ՀՀ-ում հնարավոր սպառման վերոգրյալ ծավալները և ուսումնասիրելով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված «Աջակցություն Հայաստանում կենսաէթանոլի արտադրության զարգացմանը» ծրագրի արդյունքները (որոնք հրապարակված են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում և տալիս են ընդհանուր պատկեր մշակաբույսերի տեսակի, դրանց արտադրողականության, դրանց համար հասանելի հողատարածքների և այլնի մասին) եզրակացնում ենք, որ կրկնապատկելով դրանց արտադրության ու ներկրման ծավալները, ավելի քան իրատեսական է երկարաժամկետ  հեռանկարում արձանագրել  տրանսպորտի ոլորտում կենսաէթանոլի, կենսադիզելի և էլեկտրական էներգիայի 20% սպառման համամասնություն` բենզինի, դիզելային վառելիքի և բնական գազի նկատմամբ: Ընդ որում, փոխարինելով ներկրվող ածխաջրածնային վառելիքները կանխատեսվում է, որ զգալիորեն և համամասնորեն կավելանան էլեկտրական էներգիայի շուկայահանման ծավալները, այդ թվում սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված` դրանով իսկ  ստեղծելով լրացուցիչ հնարավորություններ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրական հզորությունների անխափան և հուսալի աշխատանքը հավասարակշռելու համար: Օրինակ, տարեկան 5000 ՏՋ (2016 թվականին տրանսպորտի ոլորտում սպառված վառելիքի մոտ 20%) ածխաջրածնային վառելիքները համարժեք են մոտ 1,4 մլրդ.կՎտxժ էլեկտրական էներգիայի սեփական արտադրանքին, որը կկազմի ՀՀ-ում սպառված ամբողջ էներգիայի մոտ 6%:

Անհրաժեշտ է նաև նշել, որ տնտեսության վրա սպասվող մուլտիպլիկատիվ Էֆեկտի արդյունքում զգալի թափ կհաղորդվի ոչ միայն գյուղատնտեսական մշակաբույսերի վերամշակման ուղղությանը, այլ նաև  գյուղատնտեսական մշակաբույսերի բուն աճեցման գործընթացին` այդ թվում պարապուրդի մատնված և անջրտի հողատարածքների օգտագործման համար նոր հնարավորությունների ստեղծմամբ:

  • Քննարկվել է

    21.03.2018 - 10.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Տրանսպորտ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8636

Տպել