Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծի ընդունման նպատակն է Օրենսգրքում վերանայել՝

1) ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատության ձևավորման չափանիշները.

2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների շրջանակը.

3) Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման դրույթները՝ գործընթացի պարզեցման և ավտոմատացման նպատակով։

 2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս՝

  • Օրենսգրքի 27-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման մասով Հայաստանի Հանրապետության տարածքում չի ձևավորվում մշտական հաստատություն, եթե՝

- աշխատուժը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպության կամ ֆիզիկական անձի անունից և շահերից,

- օտարերկրյա աշխատուժի տրամադրման ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը պատասխանատվություն չի կրում աշխատուժի կատարած աշխատանքի արդյունքի համար:

Նշված կարգավորումների շրջանակներում ոչ ռեզիդենտ կազմակերպությունները աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման պայմանագրերում կարող են սահմանել այնպիսի դրույթներ, որոնք հնարավորություն կտան ոչ ռեզիդենտ կազմակերպություններին խուսափել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատության ձևավորումից․

  • Օրենսգրքի գործող կարգավորումներին համապատասխան՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի պարտավորություն առաջանում է միայն Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտների մասով։

Այն դեպքում, երբ ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղը իր գործունեությունը իրականացնում է մայր կազմակերպության աշխատակիցների ներգրավվմամբ, առանց վերջիններիս հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքման, տվյալ դեպքում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացվող եկամուտները չեն դասվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների թվին և ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկով․

  • կազմակերպությունների և ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքների տրամադրման գործընթացը ավտոմատացված չէ (դիմումները ընդունվում են և տեղեկանքները տրամադրվում են առձեռն)։ Միաժամանակ, օրենսգրքի գործող կարգավորումներին համապատասխան՝ հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև գործող՝ վավերացված միջազգային համաձայնագրերի կիրառումն ապահովելու նպատակով և տեղեկանք ստանալու համար հարկ վճարողը ներկայացնում է տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում։
  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է՝

1) Օրենսգրքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել, որի դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական հաստատություն ձևավորման համար հիմք կընդունվի օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատություն է համարվում այն վայրը, որտեղ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի վարձած աշխատողների և (կամ) այլ անձնակազմի միջոցով կատարվում են աշխատանքներ և (կամ) մատուցվում են ծառայություններ, եթե այդ գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հարկային տարում շարունակվում է 183 և ավելի օրացուցային օր` սկսած ձեռնարկատիրական գործունեության իրականացումը սկսելու օրվանից՝ մեկ ծրագրի կամ մեկից ավելի կապակցված ծրագրերի շրջանակներում.

2) Օրենսգրքով սահմանել, որ ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները համարվում են Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս և (կամ) աշխատողները ներգավված են մշտական հաստատության գործունեության մեջ.

3) պարզեցնել և ավտոմատացնել Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը։ 

4 Կարգավորման առարկան. Նախագծով առաջարկվում է վերանայել՝

  • ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատության ձևավորման չափանիշները՝ մշտական հաստատության ձևավորման համար հիմք ընդունելով Օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները.
  • ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների շրջանակը.
  • Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը՝ ներդնելով տեղեկանքների տրամադրման պարզեցված և ավտոմատացված համակարգ:

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Ն որոշման N1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 1.13-րդ՝ «Ռեզիդենտության սերտիֆիկատի տրամադրման ավտոմատացում» միջոցառումից։

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում՝

  • ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական հաստատություն ձևավորման համար հիմք կնդունվի օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատություն է համարվում այն վայրը, որտեղ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի վարձած աշխատողների և (կամ) այլ անձնակազմի միջոցով կատարվում են աշխատանքներ և (կամ) մատուցվում են ծառայություններ, եթե այդ գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հարկային տարում շարունակվում է 183 և ավելի օրացուցային օր` սկսած ձեռնարկատիրական գործունեության իրականացումը սկսելու օրվանից՝ մեկ ծրագրի կամ մեկից ավելի կապակցված ծրագրերի շրջանակներում.
  • ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները կհամարվեն Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ և ենթակա կլինեն հարկման եկամտային հարկով, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար կհամարվեն ծախս և (կամ) աշխատողները ներգավված կլինեն մշտական հաստատության գործունեության մեջ.
  • կներդրվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման պարզեցված և ավտոմատացված համակարգ։
  • Քննարկվել է

    10.10.2024 - 25.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1577

Տպել