ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2․ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից վարձած աշխատողներին Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության համար համարվում են ծախս, անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից, և (կամ) ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից վարձած աշխատողները ներգավված են մշտական հաստատության գործունեության մեջ։»։
Հոդված 3. Օրենսգիրք 314-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
Հոդված 314. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը
1. Հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակը՝ էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկային մարմնի հաստատած ձևին համապատասխան Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանք կամ էլեկտրոնային եղանակով հաստատելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձևը: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքը համարվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանք, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի բովանդակությանը։
2․ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևին համապատասխան Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին դիմում, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց դեպքում՝
ա․ հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը․
բ․ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը․
գ․ երկիրը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը․
դ․ անհրաժեշտության դեպքում օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը։
2) ֆիզիկական անձանց դեպքում (բացառությամբ սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքի)՝
ա. անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն․
բ․ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը․
գ․ երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը․
դ. հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր ֆիզիկական անձի գտնվելու ժամանակահատվածի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին նշում՝ կցելով կենսական շահերի կենտրոնի մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը և հաստատող փաստաթղթերի պատճենները,
ե. անհրաժեշտության դեպքում օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը։
3. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված դեպքերում դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումը մերժելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը։ Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձևը հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով հաստատում է այն, իսկ մերժման դեպքում ներկայացնում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը։
4․ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ներառում է հետևյալ տեղեկատվությունը․
1) հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, ֆիզիկական անձի անուն, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն.
2) Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը.
3) երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.
4) նշում Հայաստանի Հանրապետության և տեղեկանքի ներկայացման երկրի միջև գործող՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կիրառման նպատակով, եթե նման համաձայնագիր առկա է․
5) համակարգի կողմից գեներացվող համապատասխան ծածկագիր և ծածկագիր պարունակող QR կոդ։
5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ հարկային տարիների համար, եթե առկա է նախորդ հարկային տարիների ռեզիդենտությունը հաստատող անհրաժեշտ տեղեկատվությունը։ Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ըստ տարիների և երկրների տրամադրվում է առանձին։»։
Հոդված 4. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:
2․ Սույն նախագծով ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) ռեզիդենտության հաստատման հետ կապված կարգավորումները տարածվում են 2026 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացի վրա։ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման մասով կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքով սահմանված կարգավորումները։
-
Քննարկվել է
10.10.2024 - 25.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1579
Տպել