Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի մարզպետարաններին գույք ամրացնելու և գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն՝

 -կառուցապատողի կողմից ծրագրի շահառուներից ձեռքբերված տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ) ծրագրի շահառուներին (նախկին սեփականատերերին) վերադարձնելու անհրաժեշտությամբ,

- ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման համաձայն ՀՀ Լոռու մարզպետարանին ամրացված թվով 258 բնակելի տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացի (նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների) ապահովման անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ծրագրի շրջանակներում կառուցապատումն իրականացնող Գլենդել Հիլզ փակ բաժնետիրական ընկերությունը՝ պետության և Ծրագրի շահառուների հետ կնքված եռակողմ պայմանագրերի հիման վրա, Ծրագրի շահառուներից ձեռք է բերել տնամերձ հողամասեր՝ այդ հողամասերում ընտանիքներին հասանելիք չափով (սենյակների թվով) բնակելի տների կառուցման նպատակով:

Թվով 232 բնակելի տների (198-ը՝ ՀՀ Լոռու և 34-ը՝ ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում) կառուցումը կամ մնացել է անավարտ, կամ ընդհանրապես չի սկսվել և ընկերության սնանկացման պատճառով այդ տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ) մնացել է ընկերության սեփականության ներքո:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0048/04/15 գործով 2017 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված որոշմամբ թույլատրվել է այդ գույքերն օտարել ծրագրի շահառուներին (նախկին սեփականատերերին):

Որոշման նախագծով նախատեսվում է այդ գույքերը՝ ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարանների և ընկերության սնանկության գործերով կառավարչի միջև կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա (պայմանագրերի կնքումը նախատեսված է 2018 թվականի առաջին եռամսյակում) ամրացնել համապատասխան մարզպետարաններին, որից հետո մարզպետարանները՝ նվիրատվության պայմանագրերի հիման վրա այդ գույքերը կվերադարձնեն նախկին սեփականատերերին:

Ընդ որում, նշված պայմանագրերի կնքման գործընթացն արդյունավետ ապահովելու նպատակով նախատեսվել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները կատարել համապատասխանաբար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի և ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին փոխանցված գումարների հաշվին:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ընկերության կողմից Ծրագրի շրջանակներում աշխատանքները կատարվել են պետական գնման պայմանագրերի շրջանակներում ընկերությանը փոխանցված կանխավճարի հաշվին, անհրաժեշտություն կա նախագծով կարգավորել նաև այդ գույքերի մասով կատարված աշխատանքների արժեքների հաշվանցումը՝ կանխավճարից:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման համաձայն ՀՀ Լոռու մարզպետարանին է ամրացվել ծրագրի շրջանակներում կառուցված թվով 258 բնակելի տուն: Այդ տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացի ապահովման և այդ տների նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման ծախսերը կատարելու նպատակով նախագծով նախատեսվում է ծրագրի իրականացման համար       ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, իսկ այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ֆինանսական ապահովումն իրականացնել ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին               ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին փոխանցված գումարների հաշվին:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Ծրագրի շրջանակներում ծագած խնդիրների կարգավորում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Որոշման նախագծի նպատակը՝

- ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից ծրագրի շահառուներից ձեռքբերված տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ) ծրագրի շահառուներին (նախկին սեփականատերերին) վերադարձնելն է՝ այդ գույքերը Հայաստանի Հանրապետության անունից՝ համապատասխան մարզպետարանների միջոցով, կառուցապատողից ձեռք բերելու և նախկին սեփականատերերին նվիրելու միջոցով,

- այդ գույքերի մասով կառուցապատողի կողմից կատարված աշխատանքների արժեքների հաշվանցումն է՝ պետական գնման պայմանագրերի շրջանակներում ընկերությանը տրված կանխավճարից,

- ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N812-Ա որոշման համաձայն ՀՀ Լոռու մարզպետարանին ամրացված թվով 258 բնակելի տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացի ապահովումը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից և լրամշակվել շահագրգիռ մարմինների կողմից ստացված առաջարկությունների հիման վրա:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից ծրագրի շահառուներից ձեռքբերված թվով 232 տնամերձ հողամասերը (կատարված բարելավումներով հանդերձ), ինչպես նաև կառուցված 258 բնակելի տները ծրագրի շահառուներին (նախկին սեփականատերերին) վերադարձնելու գործընթացի ապահովում:

  • Քննարկվել է

    27.02.2018 - 20.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8651

Տպել

Առաջարկներ`

Արտուր Հարությունյան

28.02.2018

Առաջարկություն ներկայացնողանձ` ՀՀ քաղաքացի Արտուր Հարությունյան. Նախագծի 4-րդ կետով սահմանվում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից հետո կնքվող գործարքները պետք է կատարվի գույքի նախկին սեփականատերերի հաշվին: Գտնում եմ, որ որևէ հիմնավորում և փաստարկ չկա նման իրավական ակտ ընդունելու համար: Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել, որ այդ բոլոր անձիք հանդիսանում են նախկինում Պետության հետ կնքած պայմանագրերի կողմեր, ովքեր կրել են և շարունակում են կրել վնասներ: Ստացվում է, որ հիմա էլ առաջարկում ենք գույքի հետ վերադաձնելու գործարքների արժեքները վճարեն նախկին սեփականատերերը, ովքեր որևէ մեղավորություն չունեն գործարքի (այդ թվում պետական ծրագրի) տապալման համար. Փոխանակ քննարկման առարկա դարձվի այդ անձանց կրած նյութական և ոչ նյութական վնասների վերակնգնման շուրջ քննարկում կազմակերպելու հարցը: Նշված նորմը չի նախատեսում հարցի լուծում այն դեպքում, երբ, օրինակ, գործարքը մինչև 2018 թվականի դեկտմեբերի 20-ը չի կնքվել նախկին սեփականատերերի կամքից անկախ` հարգելի պատճառներով (դրանց պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, մարզպետարանը չի ծանուցել գործարքի կնքման անհրաժեշտության, այդ թվում ժամկետների և գործարքի կնքման օրվա մասին կամ նախկին սեփականատերերից որևէ մեկը մահացել է, որի ժառանգությունը օբյեկտիվ պատճառով դեռևս որևէ մեկը չի ընդունել կամ չի հասցրել ընդունել, գաղտնիք չէ, որ երկու մարզերում էլ ընտանիքին պահելու և աշխատանք գտնելու համար նույն ընտանիքների անդամները մեկնում են արտագնա աշխատանքի և կարող են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը ՀՀ-ում չգտնվել, փաստորեն` հիմա էլ ստիպում ենք այդ ընտանիքիների կատարել լրացուցիչ ծախսեր. այլ երկրում կատարել նոտարական լիազորագրերի վավերացումներ և դրանով պայմանավորված լրացուցիչ ծախսեր և դժվարույթուներ ենք ստեղծում այդ նույն տուժած ընտանիքների համար): Գտնում եմ, որ անհրաժեշտ է վերանայել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20 սահմանված ժամկետը և այդ ժամկետից հետո վճարման պարտականությունը նախկին սեփականատերերի վրա դնելու բեռը: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում գործարքի և պետական գրանցման գումարները պետք է կատարվի պետական միջոցների հաշվին: Առաջարկում եմ. Նախագծի 4-րդ կետից հանել <<իսկ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից հետո՝ ծրագրի շահառուների (նախկին սեփականատերերի) հաշվին>> նախադասությունը: Հաջորդը. Կայքում չի տեղադրվել որոշման մաս կազմող թիվ 1 և թիվ 2 հավելվածները, որոնք նույնպես հանդիսանում են նորմատիվ իրավական ակտեր և դրանք ևս ենթակա են հրապարկաման ու հանրային քննարկման. Առաջարկում եմ սեղմ ժամկետում հրապարակել նախագծի հավելվածները.

Տեսնել ավելին