Հիշել նախագիծը

«ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կենսանվտանգության և կենսապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) սահմանում է Հայաստանի Հանրապետության կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում (այսուհետ՝ Ոլորտ) պետական ​​կարգավորման իրավական դաշտը: Մինչ օրս ոլորտը կարգավորվել է մի քանի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, որոնցում բացակայում են ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Բացի այդ, մինչ օրս որևէ պատասխանատվություն նախատեսված չէր կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված պահանջները խախտելու համար: Սույն օրենքի ընդունմամբ ապահովվում են նաև ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։ Առաջին անգամ համապարփակ և համակարգված ձևով սահմանվել են կենսանվտանգության և կենսապահովության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնական հասկացությունները և սկզբունքները, որոնք որոշիչ դեր ունեն ոլորտում պահանջների իրականացման հարցում, սահմանվել են Հայաստանի Հանրապետության համար կենսաբանական հիմնական վտանգները և սպառնալիքները:

Բացի այդ.

1) Սահմանվել են կենսանվտանգության ու կենսապահովության տեսակետից սահմանափակումները:

2) Սահմանվել են կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անձանց լիազորությունները:

3) Սահմանվել է ոլորտի լիազոր մարմնի գործունեության շրջանակը:

4) Տրվել է Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության կենտրոնացված համակարգի (այսուհետ՝ Համակարգ) նկարագիրը՝ հստակեցնելով Համակարգի գործունեության ուղղությունները, Համակարգում ներառված անձանց, կազմակերպություններին և մարմիններին, Համակարգի գործունեության մեխանիզմները, Համակարգի կառուցվածքը:

5) Նախագծում ամրագրվել են կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում միջազգային համագործակցությանը վերաբերող կարգավորումներ, ինչպես նաև օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվություն սահմանող դրույթներ: Միաժամանակ, նախագծի անցումային դրույթներով սահմանվում են սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները:

Օրենքով նախատեսվում է կարգավորել կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։

Բացի այդ, օրենքի փաթեթով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով՝

«Հոդված 43.3 Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելը»:

Միաժամանակ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքում» լրացում կատարելու մասին նախագծով նախատեսվում է կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի ենթակայությանը վերաբերող կարգավորումներ:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Կենսանվտանգության և կենսապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի «Կենսանվտանգության և կենսաապահովման հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1320-Ա որոշմամբ ստեղծված և Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ գործող աշխատանքային խմբի կողմից՝ համագործակցելով ոլորտում գործունեություն ծավալող գիտահետազոտական, կրթական կառույցների հետ:

Օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում` հասարակությանն իրազեկելու նպատակով:

4. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող Օրենքի ընդունումը կարևորագույն առաջընթաց կլինի Հայաստանի Հանրապետության համար՝ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում իրավական հիմքեր ապահովելու տեսակետից: Կնպաստի Հայաստանի Հանրապետության տարածքում Ոլորտի բոլոր տեսակի հարաբերությունների կանոնակարգմանը, կենսանվտանգության և կենսապահովության միջազգային և տեղական պահանջների կատարմանը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև լրացնել օրենսդրական բացերը և ստանալ իրավակարգավորումների համալիր և համապարփակ շրջանակ։ Բացի այդ,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ վարչական իրավախախտումների համար, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կենսաբանական ռեֆերենս լաբորատորիաների տարածքներ առանց թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կենսանվտանգության և կենսապահովության պահանջները խախտելու, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության համակարգում ներառված, ախտածինների հետ աշխատող անձանց կողմից կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմնին իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը խախտելու, առանց կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստրում հաշվառվելու՝ ախտածինների հետ աշխատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գործածության և կենսանվտանգության ապահովման կարգի խախտմամբ կենսատեխնոլոգիաներ կիրառելու համար:

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Կենսանվտանգության և կենսապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրից («4.10 Շրջակա միջավայրի պահպանություն») «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից» («Հանրային առողջության և կենսանվտանգության բարելավում»)։

  • Քննարկվել է

    12.09.2024 - 27.09.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1315

Տպել