«ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի (ԿԶԿ) 4-րդ հոդվածի, ինչպես նաև ԿԶԿ Չորրորդ Վերանայման կոնֆերանսի Եզրափակիչ հռչակագրի դրույթները՝ Հայաստանի Հանրապետությունը ընդունում է սույն օրենքը:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կարգավորում է կենսաբանական սպառնալիքների (վտանգների), ռիսկերի հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։
Հոդված 2. Հիմնական հասկացություններ
1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) կենսանվտանգություն՝ վտանգավոր կենսաբանական նյութերի ոչ դիտավորյալ տարածման կամ արտահոսքի ռիսկը նվազեցնելու մեթոդների և հսկողական միջոցների համալիր.
2) կենսապահովություն՝ վտանգավոր կենսաբանական նյութերի կորստի, հափշտակության, սխալ օգտագործման, արտահոսքի կամ կանխամտածված չթույլատրված արտահոսքի կանխման մեթոդների և հսկողական միջոցների համալիր.
3) կենսանվտանգության և կենսապահովության ոլորտ՝ ոլորտ, որը կարգավորում է հիվանդություն առաջացնող ախտածինների մուտքի կամ արտահոսքի կանխարգելումը այնտեղ, որտեղ նրանք կարող են վտանգ ներկայացնել մարդու կյանքի, առողջության, կենդանիների, բույսերի կամ շրջակա միջավայրի անվտանգության համար.
4) ախտածին կենսաբանական ազդակ (այսուհետ՝ ախտածին)՝ մանրէներ, վիրուսներ, ռիկեցիաներ, սնկեր, նախակենդանիներ, միկոպլազմաներ, մակաբույծներ, տոքսիններ կամ այլ կենսաբանական օրգանիզմներ (ներառյալ՝ ստեղծված գենետիկական միջամտությունների, կենսատեխնոլոգիաների կամ այլ նպատակաուղղված գործունեության արդյունքում), որոնք կարող են մարդկանց, կենդանիների, բույսերի օրգանիզմում հարուցել ախտաբանական գործընթաց և կիրառվել կենսաբանական զենքի մշակման, արտադրման, դիզայնի կամ դրա առաքման համակարգերի ստեղծման նպատակով, ինչպես նաև վտանգավոր կենսաբանական նյութեր, որոնք կարող են պարունակել այդ ախտածինները միասին կամ դրանցից որևէ մեկը.
5) ախտածինների հետ աշխատող անձ՝ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստրում հաշվառված և կենսանվտանգության և կենսապահովության կենտրոնացված համակարգում ընդգրկված ախտածինների հետ աշխատող ֆիզիկական կամ իրավաբանական անձ (անկախ կազմակերպական-իրավական ձևից).
6) վտանգավոր կենսաբանական նյութ` բնական կամ արհեստական ծագում ունեցող ախտածինների և (կամ) դրանց կենսագործունեության արդյունքում առաջացած նյութեր (ներառյալ տոքսիններ և ալերգեններ) պարունակող զանգված, որոնց հետ շփվելը կարող է անբարենպաստ ազդեցություն թողնել մարդկանց, կենդանիների և բույսերի վրա, ինչպես նաև վնաս պատճառել շրջակա միջավայրին.
7) կենսաբանական թունավոր նյութ (այսուհետ` տոքսին)՝ կենդանիների, բույսերի, սնկերի կամ միկրոօրգանիզմների կողմից արտադրվող նյութեր, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց, կենդանիների և բույսերի համար.
8) վտանգավոր կենսաբանական գործոն՝ մարդու կյանքի, առողջության, կենդանիների, բույսերի, կենդանական կամ բուսական ծագման արտադրանքի, շրջակա միջավայրի համար վտանգավոր ախտածինների և դրանք պարունակող օբյեկտների հնարավոր ազդեցություն ունեցող իրադարձություն, պայման, հատկություն, համաճարակ, անասնահամաճարակային (էպիզոոտիկ), բուսահամաճարակային (էպիֆիտոտիկ) պրոցեսներ կամ դրանց համակցություն.
9) վտանգավոր կենսաբանական օբյեկտ (այսուհետ՝ օբյեկտ)՝ օբյեկտ, որտեղ առկա է կենսաբանական սպառնալիքի (վտանգի) աղբյուր և (կամ) իրականացվում են ախտածինների հետ առնչվող գործունեություն, որի վթարը կամ վնասումը/ավերվածությունը կարող է վտանգ ներկայացնել մարդկանց կյանքին կամ առողջությանը, բույսերին, կենդանիներին և վնաս հասցնել շրջակա միջավայրին.
10) կենսաբանական սպառնալիք (վտանգ)՝ վտանգավոր կենսաբանական օբյեկտների, արտաքին (Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող) և ներքին (Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող) վտանգավոր կենսաբանական գործոնների առկայություն, որոնք կարող են պատճառ հանդիսանալ հիվանդությունների առաջացման և տարածման՝ բռնկումների, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բուսահամաճարակի (էպիֆիտոտիա) զարգացմամբ, զանգվածային թունավորումների, կենսաբանական ռիսկի ընդունելի մակարդակի գերազանցման.
11) Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության համակարգ (այսուհետ՝ Համակարգ)՝ ախտածինների հետ աշխատող և կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստրում հաշվառված անձանց (անկախ կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից) համախմբություն, որի գործունեության կարգը սահմանվում է սույն օրենքով.
12) կենսատեխնոլոգիա՝ օգտագործվում է կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի կենսաբանական անվտանգության մասին Կարթագենյան արձանագրությամբ սահմանված հասկացության իմաստով և վերաբերում է մարդու, կենդանիների համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների, կենսաբանական թունավոր նյութերի և ինչպես նաև գիտական նպատակով որևէ կենդանի օրգանիզմի օգտագործմամբ գիտնականի (հետազոտողի) կողմից համապատասխան գիտական մեթոդաբանությամբ (փորձերով, մշտադիտարկումներով, գրանցումներով, տվյալների հավաքմամբ ու դրանց վիճակագրական վերլուծությամբ) հետազոտությունների իրականացմանը, բացահայտումներին, նորարարությունների ստացմանը.
13) կենսաէթիկա՝ բժշկական և կենսաբանական հետազոտություններ իրականացնելիս սոցիալական, էթիկական և վարքագծային նորմերի ամբողջություն՝ ուղղված մարդու կամ կազմակերպության բարոյական գործելակերպի ապահովմանը.
14) ախտածին միկրոօրգանիզմ՝ մարդու, կենդանիների և բույսերի օրգանիզմում ախտաբանական գործընթաց առաջացնող միկրոօրգանիզմներ.
15) պայմանական-ախտածին միկրոօրգանիզմներ՝ միկրոօրգանիզմներ, որոնք կարող են բնականոն առկա լինել մարդու կամ կենդանիների կամ բույսերի օրգանիզմներում և լրացուցիչ հատկություններ ձեռք բերելու կամ օրգանիզմի դիմադրողականությունը ընկնելու դեպքում առաջացնել ախտաբանական գործընթաց.
16) շտամ՝ որոշակի կենսաբանական առանձնահատկություններով օժտված միանման ախտածին կենսաբանական ազդակի կուլտուրա, որը ունի բնական ծագում կամ ստացվել է փորձարարական եղանակով՝ գենետիկական ձևափոխմամբ.
17) ախտածին միկրոօրգանիզմներ և վիրուսների հավաքածու (այսուհետ՝ պահոց)՝ ախտածին միկրոօրգանիզմների և (կամ) վիրուսների շտամների պահոց, որը ձևավորվում է հաշվի առնելով ծագումնաբանական, տեսակային ազգակցական առանձնահատկությունները, մարդու, բույսերի, կենդանիների վրա ազդեցության մեխանիզմը և պահպանվում է կենսունակ վիճակում.
18) կենսաբանական ռիսկ՝ վտանգավոր կենսաբանական գործոնների ազդեցության արդյունքում մարդկանց, կենդանիների, բույսերի առողջության և շրջակա միջավայրին վնաս հասցնելու հավանականությունը՝ հաշվի առնելով ծանրության աստիճանը.
19) կենսաբանական ռիսկի ընդունելի մակարդակ՝ կենսաբանական ռիսկի մակարդակ, որի դեպքում ապահովվում են բոլոր անհրաժեշտ պայմանները մարդու կյանքը, առողջությունը, բույսերը, կենդանիները, շրջակա միջավայրը վտանգավոր կենսաբանական գործոնների ազդեցությունից պաշտպանելու համար.
20) կենսաբանական ռիսկի կառավարման համակարգ՝ կենսանվտանգության և կենսապահովության պահանջ, որն ապահովում է կենսաբանական ռիսկի և դրանց կառավարման հարցերով քաղաքականության մշակումը և կիրառումը, սահմանում է կենսաբանական ռիսկի կառավարման սկզբունքները, կենսաբանական ռիսկի կառավարման համակարգի հիմնական բաղադրիչները, նկարագրում է կենսաբանական ռիսկի կառավարման համապարփակ գործընթացը.
21) կենսաբանական սպառնալիքի (վտանգի) աղբյուր՝ երկրի տարածքում գոյություն ունեցող ախտածիններ պարունակող բնական կամ արհեստական օբյեկտ, որը ստեղծվել կամ առաջացել է որոշակի տեսակի գործունեության իրականացման կամ գենետիկական նյութերի և սինթետիկ կենսաբանական տեխնոլոգիաների անվերահսկելի օգտագործման արդյունքում կամ ներբերվել է երկրի տարածք.
22) Մեկ առողջություն՝ տարբեր ոլորտների համագործակցության միասնական ինտեգրացված մոտեցում՝ մարդկանց, կենդանիների, բույսերի առողջության և շրջակա միջավայրի պահպանմանն առավել բարենպաստ մակարդակի ապահովմանը՝ հաշվի առնելով դրանց փոխկապակցվածությունը.
23) արտակարգ իրավիճակի արձագանքում՝ կառավարման մարմինների և ուժերի միջոցների և գործողությունների փոխկապակցված ամբողջություն՝ ուղղված տարերային աղետների, տեխնածին վթարների, այլ արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների հակազդմանը.
24) միկրոֆլորա (միկրոբիոտա)՝ բնական միջավայրերում՝ հողում, օդում, ջրում, սննդանյութերում, մարդու և կենդանիների, բույսերի օրգանիզմում գտնվող միկրոօրգանիզմների ամբողջություն.
25) կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի պահանջներ՝ ախտածին կենսաբանական ազդակների մուտքի կամ արտահոսքի կանխարգելմանը և կենսաբանական ռիսկի ընդունելի մակարդակ ապահովելուն ուղղված կանոնների և ընթացակարգերի ամբողջություն, որը ներառում է ռիսկի գնահատում, աշխատանքային գործընթացների գործելակարգեր, կառուցվածքի, շահագործման, պաշտապանիչ սարքավորումների և անհատական պաշտպանության միջոցների, վնասազերծման, անձնակազմին ներկայացվող պահանջներ.
26) կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում մշտադիտարկում՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ապահովման շարունակական բարելավմանն ուղղված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում լիազոր մարմնի կողմից պարբերաբար իրականացվող աջակցողական գործընթաց, որն իրականացվում է ախտածինների հետ աշխատող անձանց մոտ այցերի, հարցաշարի և վարչական վիճակագրական հաշվետվական ձևերի կիրառմամբ՝ առաջացած խնդիրների հայտնաբերման և դրանց շտկման նպատակով։ Մշտադիտարկման արդյունքներն օգտագործվում են հայտնաբերված խնդիրների վերացման, միջոցառումների մշակման և իրականացման, վերլուծական և պլանավորման նպատակներով։
Հոդված 3. Կենսանվտանգության և կենսապահովության մասին օրենսդրությունը
1. Կենսանվտանգության և կենսապահովության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Օրենքի հիմնական նպատակները
1. Սույն օրենքի հիմնական նպատակներն են՝
1) «Մեկ առողջություն» մոտեցման ներդնումը.
2) մարդու, կենդանիների, բույսերի և շրջակա միջավայրի պաշտպանությունը վտանգավոր կենսաբանական գործոններից.
3) կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում անձի, հանրության, պետության, կազմակերպությունների շահերի և պարտականությունների ներդաշնակեցումը.
4) կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում իրականացվող միջոցառումների համարժեքությունը գոյություն ունեցող կենսաբանական ռիսկերին, կենսաբանական սպառնալիքներին (վտանգներին).
5) կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում բնակչության ներգրավվածությունը.
6) կենսաբանական ռիսկերի, կենսաբանականսպառնալիքների (վտանգների) հակազդմանը պատշաճ պատրաստվածությունը, արագ արձագանքումը և համակարգային մոտեցումը,
7) հնարավոր կենսաբանական սպառնալիքների (վտանգների) առաջացմանը պատշաճ արձագանքումը՝ համապատասխան կարողությունների ստեղծմամբ:
Հոդված 5. Կենսաբանական սպառնալիքները (վտանգները)
1. Կենսաբանական հիմնական սպառնալիքներն (վտանգներն) են`
1) ախտածինների հատկությունների և ձևերի, կամ դրանք փոխանցող օրգանիզմների հատկությունների կամ կենսապայմանների կամ բնակության տարածքի փոփոխությունը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում նախկինում չարձանագրված, անսպասելի, անսովոր վարակիչ հիվանդությունների ներթափանցումը և տարածումը, ինչպես նաև բնական օջախային, վերադարձող և նոր առաջացող վարակների առաջացումն ու տարածումը.
3) կենսատեխնոլոգիաների կիրառումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գործածության և կենսանվտանգության ապահովման կարգի խախտմամբ.
4) առողջապահության, կենսաբանության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում գիտական գործունեություն իրականացնելիս վարակի վտանգի առաջացումը և տարածումը.
5) ահաբեկչական գործողությունների իրականացումը, տեխնածին վթարները կամ արտադրական պատահարներն այն օբյեկտներում, որտեղ առկա են ախտածիններ կամ իրականացվում են աշխատանքներ դրանց հետ.
6) կենսաբանական սպառնալիք (վտանգ) ներկայացնող երկակի նշանակության ապրանքների և տեղեկատվության կիրառումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ.
7) հակամանրէային կայունությունը.
8) Հայաստանի Հանրապետության տարածքում ախտածինների հետ աշխատող անձանց կողմից սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կենսանվտանգության և կենսապահովության պահանջների չկատարումը:
Հոդված 6. Սահմանափակումները կենսանվտանգության ու կենսապահովության տեսակետից
1. Կենսանվտանգության և կենսապահովության տեսակետից արգելվում է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կենսաբանական ռեֆերենս լաբորատորիաների տարածքներ՝ առանց թույլտվության, որի տրամադրման դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) ախտածինների, այդ թվում՝ շտամների, ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք և արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սահմանված հատուկ դեպքերի.
3) կենսատեխնոլոգիաների կիրառումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված գործածության և կենսանվտանգության ապահովման կարգի խախտմամբ.
4) սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կենսանվտանգության և կենսապահովության պահանջների խախտումը.
5)առանց կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստրում հաշվառվելու՝ ախտածինների հետ աշխատելը.
2. Կենսաբանական վնասակարության 3-4-րդ խմբի՝ ըստ միջազգային դասակարգման (1-2-րդ խմբի՝ ըստ ԱՊՀ դասակարգման) ախտածինների պահպանման համար պատասխանատու, ինչպես նաև դրանց հետ աշխատանքներ իրականացնող կազմակերպություններում աշխատելու իրավունք չունի այն անձը, ով`
1) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել իր գործառույթների իրականացմանը.
2) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները:
ԳԼՈՒԽ 2
ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 7. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
1) սահմանում է կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմին.
2) հաստատում է կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի ծրագրեր, այդ թվում՝ «Մեկ առողջություն» մոտեցման ներդնման ծրագիրը.
3) սահմանում է կենսանվտանգության և կենսապահովության պահանջները և հաստատում է դրանց պահպանման նկատմամբ մշտադիտարկման կարգը.
4) սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կենսաբանական ռեֆերենս լաբորատորիաների տարածքներ մուտք գործելու դեպքերը և կարգը.
5) սահմանում է Համակարգի գործունեության կարգը.
6) սահմանում է Համակարգում ներառված, ախտածինների հետ աշխատող անձանց կողմից կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմնին իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության ցանկը և տրամադրման կարգը.
7) սահմանում է ախտածին կենսաբանական ազդակների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից շտամների արտահանման, ինչպես նաև դրանք Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման դեպքերը և կարգը.
8) սահմանում է ախտածինների հետ աշխատող անձանց ռեեստրի ստեղծման և վարման կարգը.
9) սահմանում է կենսատեխնոլոգիաների կիրառման՝ գործածության և կենսանվտանգության ապահովման կարգը.
10) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ:
Հոդված 8. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմինը
1. Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության գործընթացի համակարգումն իրականացնում է կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմինը։
2. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմինը՝
1) համակարգում է կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում քաղաքականության մշակման գործընթացը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում «Մեկ առողջություն» մոտեցման ներդնման ծրագրերի մշակման գործընթացը.
2) իր իրավասության շրջանակներում հաստատում և իրականացնում է ծրագրեր կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում, համակարգում է Համակարգի գործունեությունը և դրանում ներառված անձանց համագործակցությունը.
3) համակարգում է կենսաբանական ռիսկի կառավարման համակարգի ներդնման գործընթացը.
4) իրականացնում է կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում մշտադիտարկումներ․
5) համակարգում է պահոցների ստեղծման, համալրման, պահպանման և օգտագործման գործընթացները.
6) համակարգում է կենսաէթիկայի հանձնաժողով(ներ)ի գործունեությունը.
7) ստեղծում և վարում է ախտածինների հետ աշխատող անձանց ռեեստրը, որի ստեղծման և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
8) համակարգում է կենսանվտանգության և կենսապահովության պահանջների մշակման գործընթացը, իրականացնում է կենսաբանական ռիսկերի մշտադիտարկման և կենսաբանական ռիսկի ընդունելի մակարդակի պահպանմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատումը:
Հոդված 9. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները
1. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում.
1) համակարգում են իրենց ենթակայության կամ իրենց ոլորտում ախտածինների հետ աշխատող անձանց կողմից կենսանվտանգության և կենսապահովության պահանջների կատարման գործընթացը, անհրաժեշտության դեպքում իրականացնելով համապատասխան միջոցառումներ.
2) կենսանվտանգության և կենսապահովության ապահովման նպատակով մշակում և կենսանվտանգության և կենսապահովության լիազոր մարմնին են ներկայացնում առաջարկություններ.
3) համագործակցում են կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմնի հետ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում իրականացվող մշտադիտարկման գործընթացում:
Հոդված 10. Կենսանվտանգության և կենսապահովության հարցերով մշտական խորհուրդ
1. Կենսանվտանգության և կենսապահովության հարցերով մշտական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) խորհրդակցական մարմին է, որի նպատակը կենսանվտանգության և կենսաապահովման ոլորտում անվտանգության ապահովման կատարելագործման, առկա ռիսկերի գնահատման, դրա հիման վրա հետագա գործողությունների նախանշման, պլանավորման, քաղաքականության և օրենսդրության մշակման, միջազգային համագործակցության, բնակչության իրազեկման ուղղությամբ խորհրդատվության տրամադրումն է:
2. Պետական մարմինները կենսանվտանգության և կենսապահովման ոլորտում իրենց գործունեության ընթացքում հաշվի են առնում Խորհրդի կողմից տրամադրված խորհրդատվությունը:
3. Խորհուրդը ստեղծվում է, դրա կազմը և գործունեության կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հոդված 11. Ախտածինների հետ աշխատող անձինք
1. Հայաստանի Հանրապետության տարածքում անձինք ախտածինների հետ կարող են աշխատել բացառապես կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստրում հաշվառվելուց հետո։ Ռեեստրում հաշվառման պահից ախածինների հետ աշխատող անձինք համարվում են Համակարգում ընդգրկված:
2. Ախտածինների հետ աշխատող անձինք իրավունք ունեն պետական մարմիններին ներկայացնել կենսանվտանգության և կենսապահովության միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև մասնակցել կենսանվտանգությանն ու կենսապահովությանն ուղղված միջոցառումների մշակմանը։
3. Ախտածինների հետ աշխատող անձինք պարտավոր են.
1) ապահովել սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կենսանվտանգության և կենսապահովության պահանջների կատարումը.
2) կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմնին ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով և կարգով հայտնել իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն.
3) մասնակցել կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմնի կողմից մշակված միջոցառումների իրականացմանը.
4) ապահովել կենսաբանական լաբորատորիաների տեղակայման, շենքային հատուկ պայմանների ստեղծման վերաբերյալ քաղաքաշինության ոլորտում գործող նախագծային լուծումների և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները.
5) պահպանել սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները։
Հոդված 12. Կենսաէթիկայի հանձնաժողով(ներ)
1. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում բժշկական և կենսաբանական գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ իրականացնելիս կենսաէթիկայի պահանջների պահպանումը գնահատում են կենսաէթիկայի հանձնաժողով(ներ)ը, որոնք ստեղծվում են սույն մասով սահմանված հետազոտություններ կամ փորձարկումներ իրականացնող անձի ղեկավարի հրամանով:
2. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կենսաէթիկայի հանձնաժողով(ներ)ի գործունեության նպատակներն են`
1) բոլոր շահագրգիռ անձանց իրավունքների և կենդանիների բարեկեցության ապահովումը.
2) բժշկական և կենսաբանական գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և փորձարկումների ընթացքում դրանցում ներգրավված մարդկանց և կենդանիների, այլ մարդկանց, կենդանիների բարեկեցության և շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովումը.
3) սույն օրենքի շրջանակում ընդգրկված հարցերի վերաբերյալ ուղեցույցների մշակմանն աջակցությունը, կրթության և հանրային իրազեկման խթանումը.
4) բժշկական և կենսաբանական գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ ու փորձարկումներ իրականացնելիս մարդու կամ կազմակերպության բարոյական գործելակերպի ձևավորմանն ուղղված սոցիալական, էթիկական և վարքագծային նորմերի ապահովումը:
3. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կենսաէթիկայի հանձնաժողով(ներ)ն իրականացնում են.
1) բժշկական և կենսաբանական գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և փորձարկումների անցկացման գնահատում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կենսանվտանգության և կենսապահովության պահանջների և դրա արդյունքում դրական կամ բացասական եզրակացությունների տրամադրում.
2) բժշկական և կենսաբանական գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և փորձարկումների ծրագրի և այլ փաստաթղթերի փոփոխությունների ու լրացումների գնահատում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կենսանվտանգության և կենսապահովության պահանջների և դրա արդյունքում դրական կամ բացասական եզրակացությունների տրամադրում.
3) Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում կենսաէթիկական հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, գիտատեխնիկական առաջընթացի գնահատում, առաջարկությունների ներկայացում:
4. Սույն հոդվածում նշված հետազոտությունները կամ փորձարկումները կարելի է իրականացնել միայն կենսաէթիկայի հանձնաժողովի դրական եզրակացության առկայության պարագայում:
5. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կենսաէթիկայի հանձնաժողով(ներ)ի օրինակելի կազմը և գործունեության օրինակելի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
ԳԼՈՒԽ 3
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 13. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում միջազգային համագործակցությունը
1. Սույն օրենքի կարգավորման շրջանակում գործունեություն ծավալող պետական կառավարման համակարգի մարմիններն ապահովում են կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:
2. Միջազգային համագործակցությունը կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում իրականացվում է գործող միջազգային կառույցների և ծրագրերի շրջանակներում։
3. Կենսաբանական սպառնալիքները (վտանգները) կանխելու, նվազեցնելու, չեզոքացնելու և հետևանքները վերացնելու համար լիազորված մարմինները, կազմակերպությունները և ախտածինների հետ աշխատող անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրենց իրավասությունների շրջանակներում, իրականացնում են միջազգային համագործակցություն հետևյալ ուղղություններով՝
1) «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի պահանջների ապահովում՝ կենսաբանական զենքի ամբողջական արգելքը, ինչպես նաև՝ կենսաբանական և թունավորող նյութեր պարունակող զենքերի ենթադրյալ կիրառման դեպքերի հետաքննությունն ապահովելու նպատակով.
2) ուսուցման, մասնագիտական զարգացման և վերապատրաստման ոլորտներում միջպետական համագործակցության զարգացում․
3) ախտածինների, վտանգավոր կենսաբանական գործոնների կիրառմամբ ահաբեկչական գործողությունների կանխարգելում, ինչպես նաև դրանց իրագործման դեպքում հետևանքների վերացում.
4) ախտածինների անվտանգ և խաղաղ նպատակներով կիրառում.
5) կենսանվտանգության և կենսապահովության, վարակիչ հիվանդությունների հարցերով զբաղվող միջազգային մասնագիտական միավորումների, ցանցերի անդամակցում.
6) կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում միջազգային գիտական համագործակցություն․
7) կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության շահերի և մոտեցումների ներկայացում միջազգային հարթակում․
8) կենսաբանական ռիսկերի կառավարում.
9) ախտածինների, այդ թվում՝ կենսատեխնոլոգիաների գործունեության արդյունքում ստեղծված, միջսահմանային տեղաշարժի կանոնակարգում և վերահսկում.
10) ախտածինների ձեռքբերում.
11) անհրաժեշտության դեպքում միջազգային ռեֆերենս լաբորատորիաներ ախտածինների ուղարկում.
12) մասնակցություն կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում միջազգային բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և հետևանքների վերացմանը։
ԳԼՈՒԽ 4
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 14. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտը կարգավորող պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը
1. Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են՝
1) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառներում.
2) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, կենդանաբանության և բուսասանիտարիայի բնագավառներում:
ԳԼՈՒԽ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 15. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտումների համար
1. Հայաստանի Հանրապետությանկենսանվտանգության և կենսապահովության ոլորտի՝ սույն օրենքով նախատեսված պահանջների խախտումների համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպությունները, ինչպես նաև պաշտոնատար անձինք և քաղաքացիները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 16. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հարյուր ութսուներորդ օրը:
Հոդված 17. Անցումային դրույթ
1. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկուկես տարվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2024 թ. ——— ——
Երևան
ՀՕ-———-Ն
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 43.3-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 43.3 Կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կենսաբանական ռեֆերենս լաբորատորիաների տարածքներ՝ առանց թույլտվության՝ առաջացնում է տուգանքի նշանակում ռեֆերենս լաբորատորիայի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կենսանվտանգության և կենսապահովության պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության համակարգում ներառված, ախտածինների հետ աշխատող անձանց կողմից կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմնին իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
4. Առանց կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստրում հաշվառվելու՝ ախտածինների հետ աշխատելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
5. Կենսատեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գործածության և կենսանվտանգության ապահովման կարգի խախտմամբ․
1) բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառներում առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով,
2) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, կենդանաբանության և բուսասանիտարիայի բնագավառներում առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։
6. Ախտածին կենսաբանական ազդակի հետ աշխատանքը՝ կենսանվտանգության և կենսապահովության պահանջների խախտմամբ.
1) բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառներում առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով,
2) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, կենդանաբանության և բուսասանիտարիայի բնագավառներում առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածի 1-6-րդ մասերով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով։»:
Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում « Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է սույն օրենսգրքի 41.7-41.8-րդ, 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին), 10-12-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «43.3-րդ հոդվածի 1-ին, 7-րդ մասով,» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասում «Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.2-րդ, 41.6-րդ, 41.9-րդ, 42-րդ և 43-րդ,» բառերից հետո լրացնել «43.3-րդ հոդվածի 2-4-րդ մասերով (բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված իրավախախտումների մասով), 5-րդ մասի 1-ին կետով, 6-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով,» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասը «Սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի և անասնաբուժության ոլորտներում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «43.3-րդ հոդվածի 2-4-րդ մասերով (սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, կենդանաբանության և բուսասանիտարիայի ապահովման հետ կապված իրավախախտումների մասով), 5-րդ մասի 2-րդ կետով, 6-րդ մասի 2-րդ կետով, 7-րդ մասով,» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հարյուր ութսուներորդ օրը։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2024 թ. ——— ——
Երևան
ՀՕ-———-Ն
-
Քննարկվել է
12.09.2024 - 27.09.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 1314
Տպել