Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
  1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության  որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը Ազգային անվտանգության ծառայությունում ներդնելու անհրաժեշտությամբ։
Մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  օրենքի դրույթներն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների զինծառայողների վրա տարածվում են շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով չկարգավորված մասերով: Նույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվել է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու կարգը սահմանվել է Կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշմամբ, որի կարգավորումները վերաբերում են միայն ՀՀ ՊՆ համակարգում պարտադիր ժամկետային ծառայու­թյուն անցնող զինծառայողներին։ Վերոգրյալով պայմանավորված՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների նկատմամբ հնարավոր չէ կիրառել։
Ներկայումս Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում (այսուհետ՝ Սահմանապահ զորքեր) զգալի թվով պարտադիր ժամկետային զինծառայողներ ցանկություն են հայտնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնելու պայմանագրային զինվորական ծառայության։ Գործող կարգավորումների համաձայն՝ նշված ծրագրի շրջանակներում պարտադիր ժամկետային զինծառայողները չեն կարող պայմանագրային զինվորական ծառայության անցնել Ազգային անվտանգության մարմիններում, հետևաբար վերջիններս հաճախ տեղափոխվում են ՀՀ զինված ուժեր՝ հետագա պայմանագրային ծառայությունը շարունակելու նպատակով։ Հարկ է նշել, որ ՀՀ զինված ուժեր են տեղափոխվում Սահմանապահ զորքերում առնվազն 6 ամիս ծառայած զինծառայողները, ովքեր արդեն իսկ անցել են համապատասխան պատրաստություն և տիրապետում են սահմանային ծառայության առանձնահատկություններին, իսկ նրանց փոխարեն ՀՀ զինված ուժերից տեղափոխվող զինծառայողներին սահմանային ծառայության կրմանը պատրաստելու համար պահանջվում է տևական ժամանակ և լրացուցիչ անձնակազմ։
Բացի այդ, Սահմանապահ զորքերը Պաշտպանության նախարարությունից փուլային տարբերակով ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ է լինելու հավելյալ անձնակազմ, որը կարող է լրացվել նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի կիրառմամբ։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է նախատեսել շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին Ազգային անվտանգության ծառայությունում պայմանագրային զինվորական ծառայության ներգրավելու իրավակարգավորումներ։
Նախագծի ընդունումը չի նախատեսում 2024 թվականի պետական բյուջեի ծախսերի ավելացում, հաշվի առնելով, որ պարտադիր ժամկետային զինծառայողները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկության դեպքում նշանակվելու են ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների պայմանագրային զինծառայողների հաստիքներին։ Ծախսերի անհրաժեշտությունը կառաջանա պայմանագրի ժամկետը (5 տարին) լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակվելիս զինծառայողներին  Կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշմամբ սահմանված պատվովճարի վճարման ժամանակ, որի հաշվարկը հնարավոր կլինի կազմել նախագծի ընդունումից հետո՝ պարտադիր զինծառայությունից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնող զինծառայողների քանակական պատկերը պարզելուց հետո։
3․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի շրջանակներում ծառայության պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողները հնարավորություն կստանան մինչև պարտադիր ծառայության ավարտն անցնելու պայմանագրային զինվորական ծառայության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համա­կարգը» կետից: Համաձայն նշված կետի` Սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՀՀ պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, որի համար անհրաժեշտ է Սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ, այդ թվում՝ Սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացման միջոցով։

  • Քննարկվել է

    30.08.2024 - 14.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 881

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.09.2024

Նախագծով առաջարկվում է Որոշման հավելված 2-ի 2-րդ կետում «նախարարության» բառից հետո լրացնել «և ազգային անվտանգության ծառայության» բառերը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ միայն «և» շաղկապով բաժանված պայմանով նորմի կիրառումը ենթադրում է դրանում թվարկված բոլոր պայմանների պարտադիր առկայություն: Այս կանոնից ելնելով՝ ստացվում է, որ պարտադիր զինծառայողներին անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսելու հարցում ՀՀ Պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է բյուջետային հայտ ներկայացնեն համատեղ: Սակայն, ելնելով այն փաստից, որ նշված պետական մարմինները գործում են միմյանցից անկախ, ուստի մեր դիտարկմամբ, անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրին տալ ֆինանսական միջոցներ նախատեսելու մասին առանձին բյուջետային հայտեր ներկայացնելու հնարավորություն: Հետևաբար առաջարկում ենք Որոշման հավելված 2-ի 2-րդ կետում «նախարարության» բառից հետո լրացնել «և (կամ) ազգային անվտանգության ծառայության» բառերը:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.09.2024

Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են նրան, որ Որոշման հավելված 1-ով սահմանված զեկուցագրի ձևում (այսուհետ՝ Ձև) կիրառված արտահայտությունները զինծառայողին հնարավորություն տան իրավասու անձին հասցեական դիմելու, որը Պաշտպանության նախարարության որևէ զորամասի հրամանատարից բացի, կարող է լինել նաև ԱԱԾ ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման պետը: Սակայն, եթե Որոշման N 1 հավելվածի Ձևում ներածական մասից հանվի «ՀՀ ՊՆ», «զորամասի» և «նույն զորամասի» բառերը, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերում» բառերը փոխարինվի «պետական լիազոր մարմնի անվանումը» բառերով, առանց տողատակերում հստակեցնող հուշումների (ինչպես առաջարվում է Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետում), ապա կարող է շփոթություն առաջացնել զինծառայողի մոտ և թերի լրացվել վերջինիս կողմից: Ուստի քննարկվող հարցի կապակցությամբ առաջարկում ենք զեկուցագրի Ձևի ներածական մասում հասցեատիրոջ անվան տողատակում (փոքր տառաչափով) ավելացնել «ՀՀ ՊՆ զորամասի կամ ԱԱԾ ստորաբաժանման անվանումը» բառերը, «նույն զորամասի» բառերից հետո դնել շեղագիծ (/) և ավելացնել «ստորաբաժանման» բառը, իսկ զեկուցագրի տեքստում «ՀՀ զինված ուժերում» բառերը հանելու դեպքում, դրա տեղում դնել դատարկ տող և տողատակում (փոքր տառաչափով) ավելացնել «պետական լիազոր մարմնի անվանումը» բառերը:

Տեսնել ավելին