Հիշել նախագիծը

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

 «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1 Կարգավորման ենթակա խնդիրը

 «Բուսասանիտարիայի  մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ 1) մշակվել է՝ հաշվի առնելով ներկայումս բուսասանիտարիայի ոլորտում առաջացած խնդիրներին արագ հանգուցալուծում և իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունը։

Սույն նախագծի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները, մասնավորապես կհստակեցվեն Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արտադրված և փորձարկված պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար անհրաժեշտ արտադրող ֆիրմայի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը։

Իրավական կարգավորում կտրվի օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման ժամանակ հայտատուի կողմից գրանցման երկրի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջի հետ կապված խնդիրների լուծմանը, հստակեցնելով տվյալ ապրանքների պետական գրանցման գործընթացում Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով պահանջվող տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը։ Սահմանվել է դրույթ, որի համաձայն ավելի պարզեցված ընթացակարգով կկատարվի պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը, վերագրանցումը, ինչպես նաև սահմանված նոր իրավակարգավորման համաձայն՝ ագրոքիմիկատների գրանցման ժամկետը երկարաձգվել է՝ սահմանելով 10 տարի։

Բացի այդ, օրենքում ներկայումս սահմանված չեն դրույթներ՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում գրանցման հանձնաժողովի կողմից գրանցումը մերժելու համար բացասական եզրակացություն տալու իրավական հիմքերը, ինչի բացակայությունը նույնպես դրանց գրանցման գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու համար կարող էր առաջացնել խնդիրներ։

«Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ 2) մշակվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ պեստիցիդներ կամ ագրոքիմիկատներ արտադրող ընկերությունները, մասնավորապես եվրոպական, ամերիկյան, ճապոնական և այլ առաջավոր պետություններում արտադրված կամ գրանցված արտադրանքը ստուգվում և գրանցվում է հեղինակավոր և մասնագիտացված միջազգային ինստիտուտների կողմից, որոնց դեպքում Հայաստանի Հանրապետությունում ներպետական գործող բարդ ընթացակարգերով պեստիցիդների կամ ագրոքիմիկատների «կրկնակի փորձաքննության» արդյունքով դրանց ներմուծումը նպատակահարմար և արդյունավետ վարչական գործիք չէ։ Ուստի, նախագիծ 2-ով նախատեսվել են իրավական մեխանիզմներ, ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ցանկում ներառված երկրներում արտադրված կամ գրանցված պեստիցիդներն ու ագրոքիմիկատները Հայաստանի Հանրապետություն ներմուծվեն առանց փորձաքննության։

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետու-թյան օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ նախագիծ 3) մշակվել է՝ հաշվի առնելով առաջիկա տարիներին գլոբալ մակարդակով կանխատեսվող բույսերի պաշտպանության միջոցների շուկայական հարաբերությունների աճը և տվյալ ոլորտում կանոնակարգման ժամանակակից համակարգերի, մասնավորապես հետագծելիությանն ուղղված մեխանիզմներին առնչվող թերությունների չվերացման պարագայում պեստիցիդների և ագրոքիմիկատների բացասական ազդեցությունը մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի վրա։ Միաժամանակ այն լրացուցիչ հնարավորություններ կապահովի պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, սպառողների իրավունքների պաշտպանության, սահմանված պահանջներին համապատասխան պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության համար, ինչպես նաև կնպաստի բուսասանիտարական իրավիճակի բարելավմանը և մարդկանց առողջության պահպանմանը։

 

  1. 2. Ընթացիկ իրավիճակը

Նախագիծ 1-ի անհրաժեշտությունը բխում է օրենքով չնախատեսված որոշ դրույթների բացակայությամբ և առկա դրույթներում տարընկալումների հստակեցմամբ, ինչպես նաև մասնագիտական բնույթի շտկումներով։ Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման և վերագրանցման գործընթացների համար սահմանված են միևնույն պահանջները, որի անհրաժեշտությունը առկա չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցման ժամանակ արդեն իսկ անցել են օրենքով սահմանված ընթացակարգերը և տարիներ շարունակ օգտագործվել են բուսաբուծության ոլորտում, հետևաբար անհրաժեշտ է վերագրանցման համար սահմանվող պահանջները պարզեցնել։

Միաժամանակ հաշվի առնելով, որ գործող կարգավորումները նպաստավոր պայմաններ չեն ապահովում նույն առևտրային անվանմամբ և նույն բաղադրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանել նոր պահանջներ։

Ներկայումս գործող կարգավորումները, մասնավորապես, Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արտադրված և փորձարկված պեստիցիդների և ագրոքիմիկատների համար պահանջվում է ներկայացնել պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրող ֆիրմայի վերաբերյալ տեղեկատվություն, որն էլ տնտեսավարողների շրջանում տեղիք էր տալիս հակասական կարծիքների, թե արտադրող կազմակերպության ո՞ր հասցեն է իրականում համապատասխանում պահանջվող տեղեկատվությանը, իրավաբանական հասցե՞ն, թե՞ այն արտադրական տարածքի, որտեղ իրականացվել է արտադրանքի տեխնիկական արտադրությունը։ Նման պարագայում պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ՀՀ-ում գրանցման փուլում խնդիրներ են առաջանում՝ գրանցման գործընթացը պատշաճ և առանց խոչընդոտների իրականացնելու հարցում։ Այս համատեքստում սույն իրավական ակտով սահմանվել են «արտադրող» և «արտադրական տարածք» հասկացությունների մեկնաբանությունները, ինչպես նաև հստակեցվել են դրանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացման մանրամասները։

Միաժամանակ, Օրենքի 6-րդ հոդվածի  5-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ գրանցող երկրի և համարի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը՝ որոշ դեպքերում տնտեսավարողների շրջանում առաջացնում է խնդիրներ՝ կապված եվրոպական և ռուսական արտադրության մի շարք թունաքիմիկատները ՀՀ-ում գրանցելու հետ, և եթե դրանք ենթակա չեն եղել գրանցման արտադրող երկրում, հետևաբար, նման դեպքերում հնարավորություն չի լինում ապահովել տվյալ դրույթի կատարումը, գրանցման գործընթացի պատշաճ կազմակերպումը, քանի որ եվրոպական երկրներում արտադրված և փորձարկված ագրոքիմիկատները, ֆերոմոնային թակարդները, բույսերի աճի խթանիչները արտադրվում և շրջանառվում են եվրոպական միության կանոնակարգերին և  դրանցով սահմանված ստանդարտներին համապատասխան, իսկ կենսապեստիցիդներին տրվում է ազատ շրջանառության սերտիֆիկատ։ Նշված նյութերի պետական գրանցումն ըստ անհրաժեշտության իրականացնում է ներմուծող երկիրը՝ իր ազգային օրենսդրությանը  համապատասխան։ Պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող  ագրոքիմիկատների և ֆերոմոնային թակարդների մեծ մասը ներմուծվում է եվրոպական երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից, ուստի գրանցման հետ կապված վերոնշյալ պահանջի վերանայման անտեսումը խնդրահարույց կլինի հանրապետության գյուղատնտեսության ոլորտի համար։ Այս համատեքստում հարկ է նշել նաև, որ իտալական ընկերությունների կողմից ՀՀ-ում իրականացվող և լայն տարածում գտած «ինտենսիվ այգեգործությունը» նույնպես կբախվի լուրջ խնդիրների, քանի որ վերահսկողությունը իրականացնող ընկերությունները երաշխավորում են բերքատվությունը միայն այն պարագայում, երբ այգիների մշակումը իրականացվում է իրենց կողմից մշակված ծրագրերի խիստ պահպանմամբ, մասնավորապես, ծրագրի շրջանակներում իրենց կողմից նշանակված պեստիցիդների և ագրոքիմիկատների կիրառմամբ, որոնց 80 և ավելի տոկոսը կազմում է եվրոպական շուկայում վստահություն ձեռք բերած ընկերությունների արտադրանքը, ուստի դրանք չեն կարող փոխարինվել այլ արտադրանքով։ Սույն նախագծով սահմանվել է դրույթ, որով օտարերկրյա պետություններում արտադրված և փորձարկված պեստիցիդների և ագրոքիմիկատների համար առկա՝ գրանցող երկրի, համարի վերաբերյալ պահանջին զուգահեռ՝ եթե տվյալ երկրի օրենսդրությամբ գրանցման պահանջ սահմանված չէ, ապա ներկայացվելու է համապատասխան տեղեկատվություն։

Հաշվի առնելով գործնականում պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման կապակցությամբ առաջացած խնդիրներն առ այն, որ ներկայումս հանրապետությունում առկա չեն համապատասխան փորձարկումներ իրականացնելու հնարավորություն ունեցող լաբորատորիաներ, որի արդյունքում հնարավոր չի լինում ապահովել Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան թունաբանահիգիենիկ գնահատումը, հետևաբար, հնարավոր չի լինում գրանցել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել օտարերկրյա պետություններում արտադրված, այդ թվում միջազգային շուկայում հանրահայտ կազմակերպությունների կողմից արտադրվող պեստիցիդներ և ագրոքիմիկատներ, ինչն էլ իր հերթին կարող է հանդիսանալ խոչընդոտ և° միջազգային առողջ դիվանագիտական հարաբերություններ ծավալելու, և° գյուղատնտեսության ոլորտում վնասատուների և հիվանդությունների դեմ տարվող համակարգված և արդյունավետ պայքարի աշխատանքներ իրականացնելու համար, ուստի նախագծով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն՝ Օրենքի 8-րդ հոդվածում սահմանելով դրույթ առ այն, որ պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան՝ անցկացված հետազոտությունների արդյունքների կամ տեղեկատվության գիտական վերլուծությամբ փաստաթղթային փորձաքննության արդյունքների հիման վրա։ Միաժամանակ, ագրոքիմիկատների գրանցման ժամկետը նպատակահարմար է երկարաձգել՝ սահմանելով 10 տարի նախկին 5 տարվա փոխարեն, հաշվի առնելով, որ օրենքում սահմանված են դրույթներ առ այն, որ ագրոքիմիկատի բաղադրության, առևտրային անվանման, արտադրող կազմակերպությունների հասցեների փոփոխության դեպքերում իրականացվում է վերագրանցում՝ համապատասխան տեղեկության ներկայացմամբ, և բացի այդ, Օրենքով սահմանված են գրանցումից հանելու դեպքերը, հատկապես՝ ագրոքիմիկատի սննդատարրերից որևէ մեկը ներառվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում։ Հետևաբար, սահմանելով գրանցման ավելի երկար ժամանակահատված՝ նվազեցվում և պարզեցվում են դրանց գրանցման ուղղությամբ տարվող սահմանված ընթացակարգային աշխատանքները՝ չծանրաբեռնելով գործընթացին առնչվող տարբեր ոլորտների լիազոր մարմինների աշխատանքային գործունեությունը։

Չնայած այն հանգամանքին, որ բույսերի պաշտպանության միջոցների կիրառման և դրանց ազդեցության հարցերով կան զգալի ծավալով գիտելիքներ, այնուամենայնիվ  այդ բնագավառում դեռևս կան նշանակալի խնդիրներ։ Դրանց լուծմանն ուղղված միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ է իրականացնել գլոբալ ուսումնասիրություններ և տարաբնույթ տվյալների հավաքագրում, ինչպես օրինակ․

  • Տարբեր պայմաններում տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր մշակելիս բույսերի պաշտպանության միջոցների կիրառման վիճակագրական տվյալներ,
  • Շրջակա միջավայրի վրա բույսերի պաշտպանության միջոցների փաստացի ազդեցության որոշում՝ ընդհանուր ցուցանիշների օգտագործմամբ,
  • Բույսերի պաշտպանության միջոցների կիրառման և դրանց ազդեցության հետ կապված ծախսերի ու եկամուտների գնահատական,
  • Տարբեր պայմաններում մարդու կյանքի և առողջության վրա ռիսկերի գնահատում,
  • Էկոհամակարգերի վրա պեստիցիդների կիրառման հետևանքները և այլն։

Վերոնշյալ խնդիրների լուծմանն ու կանխարգելմանը ուղղված պետական վերահսկողության քայլերից առաջնայինը՝ դա այն իրավաբանական ու ֆիզիկական անձանց հաշվառումն է, ովքեր զբաղվում են պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությամբ և/կամ վաճառքով։ Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությունը և/կամ վաճառքը ծանուցման ենթակա գործունեության տեսակի սահմանումը թույլ կտա պետական գրանցման համարներով հաշվառել պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությամբ և/կամ վաճառքով զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ հիմք հանդիսանալով պետական վերահսկողական շղթայի բնականոն ընթացքի, ինչպես նաև բուսական ու կենդանական ծագման սննդամթերքի և շրջակա միջավայրի անվտանգության հետագծելիության գործընթացի համար։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտերի նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. 4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

 Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից  https://www.gov.am/files/docs/4586.pdf  ։

 

 

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

  Նախագիծ 1-ի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում կսահմանվեն իրավակարգավորումներ, որոնք կբացառեն օրենսդրական դրույթների կիրարկման տարընկալումները, մասնավորապես հնարավորություն տալով պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներկրող տնտեսավարողներին ճշգրիտ կողմնորոշվելու պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում պահանջվող փաստաթղթերի ներկայացման հարցում, ինչն էլ հնարավորություն կտա առանց արհեստական խոչընդոտների ապահովել պեստիցիդների և ագրոքիմիկատների սահմանված կարգով գրանցումը և դրանց հետագա ներմուծումը։ Մասնավորապես, կհստակեցվի պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացում արտադրողի տվյալների ներկայացումը, ինչպես նաև որոշ պեստիցիդների և ագրոքիմիկատների այլ երկրներում գրանցված լինելու և գրանցման համարի մասին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, սահմանելով իրավական հիմք, որով Կառավարությունը կհաստատի այն պեստիցիդների և ագրոքիմիկատների ցանկը, որոնց գրանցումը ՀՀ-ում կկատարվի առանց նշված տեղեկատվության ներկայացման, ինչն էլ հնարավորություն կտա գյուղացիական տնտեսություններում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության խթանումը՝ զարգացնելով տնտեսավարող սուբյեկների ձեռնարկատիրական գործունեությունը։

 Նախագիծ 1-ի ընդունմամբ կկարգավորվեն ներկայումս պեստիցիդների գրանցման հետ առաջացած խնդիրները՝ պայմանավորված հանրապետությունում թունաբանահիգիենիկ գնահատում իրականացնող կառույցների բացակայությամբ և գրանցումը կիրականացվի ՀՀ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան տրված թունաբանահիգիենիկ գնահատման փաստաթղթի հիման վրա, որը կտրվի կամ հետազոտությունների արդյունքում կամ գիտական վերլուծությամբ փաստաթղթային փորձաքննության արդունքում, իսկ վերագրանցումը պեստիցիդների և ագրոքիմիկատների բաղադրության անփոփոխ լինելու դեպքում կիրականացվի պարզեցված ընթացակարգով՝ ներկայացնելով գրանցված արտադրատեսակի համար որոշակի տեղեկություններ։ Ինչպես նաև նախագծով հնարավորություն է տրված մինչև պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման ժամկետի լրանալը արտադրողի կողմից դրանց առևտրային անվանման, արտադրողի կամ արտադրական տարածքի հասցեի փոփոխության դեպքում արտադրողի կողմից տրամադրված՝ փոփոխությունների կատարման մասին տեղեկանքի հիման վրա գրանցման անվանացանկում կատարել տվյալների փոփոխություն։

Նախագիծ 1-ի ընդունումը հնարավորություն է տալիս նաև պարզեցնել պեստիցիդների և ագրոքիմիկատների տեղական արտադրության համար սահմանված պահանջները, սահմանելով այնպիսի դրույթ, որ եթե ՀՀ-ում արտադրվող տվյալ պեստիցիդը/ագրոքիմիկատը նույն առևտրային անվանումով և բաղադրությամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետությունում, ապա հանրապետությունում արտադրված այդ արտադրատեսակը կգրանցվի՝ ներկայացնելով տեղեկություններ առևտրային անվանման, բաղադրության և հասցեի վերաբերյալ։

Նախագիծ 2-ով «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» օրենքում կատարվող փոփոխության արդյունքում հնարավորություն կտրվի պարզեցնել աշխարհի զարգացած պետություններում արտադրված կամ գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, խուսափելով կրկնակի փորձաքննության ընթացակարգից՝ ապահովելով գյուղացիական տնտեսություններին պեստիցիդների և ագրոքիմիկատների ժամանակին մատակարարումը և կայուն բուսասանիտարական իրավիճակի ստեղծումը։

Նախագիծ 3-ով «Գործունեության իրականացման ծանուցման մասին»  Օրենքում կատարվող լրացման արդյունքում՝ պեստիցիդների և ագրոքիմկիկատների արտադրությունը և /կամ վաճառքը, որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ սահմանելով՝ հնարավոր կլինի ապահովել տվյալ արտադրատեսակների օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ արտադրությունն ու վաճառքը։ Այն հնարավորություն կտա նաև հնարավորինս կառավարել տվյալ բնագավառում ստվերային տնտեսությունը, իսկ պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող քայլերը պետք է միաժամանակ ուղղված լինեն տնտեսական գործունեության թափանցիկության ապահովմանը, ինչն էլ հնարավոր է տվյալ իրավակարգավորումը սահմանելու պարագայում։

 

  • Քննարկվել է

    03.07.2024 - 23.07.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2354

Տպել

Առաջարկներ`

"Ագրո Մաստեր" ՍՊԸ

23.07.2024

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի համաձայն արտադրող է համարվում «իրացման համար ապրանքներ արտադրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր»: Ինչու չի օգտագործվում այս պարզ հասկացությունը: Ինչ է հասկացվում "գրանցող երկիր" տերմինի տակ, պետք է հստակ բացել սահմանումը: Ինչպե՞ս է հիմնավորվում գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը և հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Արդյո՞ք լիազոր մարմինը պարտավոր չէ նշել մերժման հիմքերը և պատճառաբանությունը մանրամասն: Ինչպե՞ս է ապացուցվում տվյալների "ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված" լինելը: Հստակ հիմքերի բացակայությունը վտանգ է ներկայացնում և կարող է բերել չարաշահումների լիազոր մարմնի և հանձնաժողովի կողմից: Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման հանձնաժողովի եզրակացության և ներկայացվող փաստաթղթերի հայերեն լեզվով սեղմագրի ձևերը հաստատում է քաղաքականություն մշակող լիազոր մարմինը: - Ո՞ր փաստաթղթով կամ իրավական ակտով: Ինչ է լինելու, եթե այդդպիսի ձև չընդունվի լիազոր մարմնի կողմից:

"Ագրո Մաստեր" ՍՊԸ

23.07.2024

Նախագիծը ուսումնասիրելու ընթացքում առաջացել են հետևյալ հարցերն ու մեկնաբանությունները: Նախագծի Հոդված 1՝ «Բուսասանիտարիայի մասին» 2014 թ. հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 34 կետի վերաբերյալ. Անհասկանալի է «Արտադրության իրավատեր» բառակապակցությունը: ՀՀ Քաղ. Օր. համաձայն «իրավատեր» է համարվում՝ 1) Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) պայմանագրի կողմը և 2) հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը: Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա: Արտադրությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ: Արտադրությունը՝ որպես գյուտ կամ չբացահայտված տեղեկատվություն` ներառյալ արտադրության գաղտնիքներ (նոու-հաու), մտավոր գործունեության արդյունք է, որի դեպքում խոսքը գնում է հեղինակության իրավունքի մասին, իսկ անձը մտավոր գործունեության արդյունքի նկատմամբ համարվում է գույքային իրավունքների տիրապետող: Նախագծի Հոդված 4՝ Օրենքի 6-րդ հոդվածի վերաբերյալ. Սահմանված չէ, թե որ իրավական ակտով, կամ ինչ կարգով, սկզբունքներով ու կանոններով է որոշվում հանձնաժողովի որոշում կայացնելու գործընթացը: Ինչպե՞ս է ստուգվում և վերահսկվում հանձնաժողովի անաչառությունը և մերժման հիմնավորվածությունը: Ու՞մ է հանձնաժողովը ենթակա, ո՞վ է ստուգում հանձնաժողովի որոշումների հիմնավորվածությունը և այլն: Նախագծի Հոդված 4՝ Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի10-րդ կետի վերաբերյալ. Գրանցումը տևում է 2 տարուց ավելի, հարց է, թե նախկինում գրանցված և տարիներ շարունակ օգտագործված պեստիցիդների և պարարտանյութերի համար արդյոք ևս անցկացվելու է 2 տարվա փորձարկումը: Ով և ինչպես է սահմանում ՀՀ-ում երկու տարվա անընդմեջ դաշտային և լաբորատոր փորձարկման կարգը: Ո՞վ է այն իրականացնում, Օրենքում նշված կազմակերպությունների բացակայության դեպքում: Նախագծի Հոդված 5՝ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի19-րդ կետի վերաբերյալ. Լեզվամտածողության սխալ է: «Լրացել է պետական գրանցման ժամկետը» բառերից հետո պետք է դրվի վերջակետ, քանի որ միտքը ավարտվել է: Առանձին ենթակետով, կարելի է սահմանել, որ պետական գրանցումից հանված պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտը: Այլապես, ստացվում է, որ պետական գրանցումից հանելու հիմք է պետական գրանցման ժամկետը լրանալը, բայց միայն այն պեստիցիդների և ագրոքիմիկատների համար, որոնց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտը: Նախագծի Հոդված 6՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ. Ո՞վ է իրականացնում թունաբանահիգիենիկ գնահատումը, Օրենքում նշված կազմակերպությունների բացակայության դեպքում: Հարգանքով՝

Տեսնել ավելին