Հիշել նախագիծը

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 8-րդ կետից հանել «և կենդանիների» բառերը.

2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«25) պեստիցիդ` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է բույսերի հիվանդությունների, որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, չվերամշակված գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացները խոչընդոտող վնասատուների) և բույսերի անցանկալի տեսակների տարածման ու զարգացման կանխարգելման կամ ոչնչացման համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), տզասպանները (ակարիցիդներ), կրծողասպանները (ռոտենդիցիդներ), սնկասպանները (ֆունգիցիդներ), մանրէասպանները (բակտերիոցիդներ), նեմատոդասպանները (նեմատոցիդներ), մոլախոտասպանները (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, բույսերի պատվաստանյութերը, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները, ֆումիգանտները և այլն.»․

  3) 28-րդ կետի «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով.

 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ և 37-րդ կետերը․

«29) ազդող նյութ` պեստիցիդի պատրաստուկային ձևի մեջ առկա կենսաբանորեն ակտիվ բաղադրիչ, որն ապահովում է պեստիցիդի նպատակային օգտագործման արդյունավետությունը.

30) ֆերոմոն՝ կենդանի օրգանիզմների ներզատիչ և արտազատիչ գեղձերի գործունեության արգասիք հանդիսացող բուրավետ նյութերի անալոգ սինթետիկ քիմիական պատրաստուկ, որը հանդիսանում է պեստիցիդ և կիրառվում է վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, դրանց տարածումը, զարգացումը կանխարգելելու, նվազեցնելու, ինչպես նաև վնասակար օրգանիզմների զարգացմանը, թռիչքի շարժին հետևելու և դրանց դեմ միջատասպանների կիրառման ժամկետները որոշելու համար։ Ֆերոմոնները վնասակար օրգանիզմների կենսաքիմիական պրոցեսների վրա ազդելու փոխարեն խաթարում են վերջիններիս զուգավորման բնական ցիկլը․

31) դեֆոլիանտ՝ պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որը բույսերի մոտ առաջացնում է արհեստական տերևաթափ։ Որոշակի չափաքանակով կիրառման դեպքում բույսերի կենսունակությունը դրանից չի նվազում և գյուղատնտեսության մեջ օգտագործվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով․

32) դեսիկանտ՝ պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որն արագացնում է մշակաբույսերի հասունացումը, չորացումը, կիրառվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով․

33) ֆումիգանտ՝ պեստիցիդ հանդիսացող գազային վիճակով քիմիական նյութ, որը կիրառվում է վնասակար օրգանիզմների (միջատների) դեմ պայքար իրականացնելու համար, որը վերջիններիս օրգանիզմ է թափանցում է շնչուղիների միջոցով․

34) արտադրող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն և համարվում է տվյալ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի արտադրության իրավատերը.

35) արտադրական տարածք՝ արտադրամաս, որտեղ անմիջապես արտադրողի կողմից կամ արտադրողի պատվերով և վերջինիս կողմից սահմանված համապատասխան բաղադրությամբ իրականացվում է պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն․

36) առևտրային անվանում` պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանում, որի ներքո պեստիցիդը կամ ագրոքիմիկատը մակնշվում է, գրանցվում, գովազդվում և օգտագործվում է տվյալ արտադրանքը նույնատիպ ազդող նյութ(եր) կամ սննդատարր(եր) պարունակող այլ պեստիցիդներից կամ ագրոքիմիկատներից տարբերվող դարձնելու նպատակով․

37) քաղաքականություն մշակող լիազոր մարմին՝ բուսասանիտարիայի ոլորտում քաղաքականություն մշակող պետական մարմին։»։

 

Հոդված 2  Օրենքի՝

  • 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 13-րդ հոդվածի 3-րդ մասում, 14-րդ հոդվածի 1-ին մասում, 16-րդ հոդվածի 6-րդ մասում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ պարբերություններում, 6-րդ գլխի վերնագրում, 18-րդ հոդվածի վերնագրում և 2-րդ, 3-րդ մասերում՝ «կարգավորվող այլ առարկաների» բառերը փոխարինել «այլ կարգավորվող առարկաների» բառերով․
  • 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 9-րդ կետերում, 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերում և 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «կարգավորվող առարկաների» բառերը փոխարինել «այլ կարգավորվող առարկաների» բառերով․
  • 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում՝ «, կարգավորվող առարկաներն» և 23-րդ կետում՝ «, կարգավորվող առարկա» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «և այլ կարգավորվող առարկաներն» և «և այլ կարգավորվող առարկա» բառերով․
  • 12-րդ հոդվածի 3-րդ մասում «լիազոր մարմինն» բառերը փոխարինել «քաղաքականություն մշակող լիազոր մարմինն» բառերով․
  • 13-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «, կարգավորվող առարկաներ» բառերը փոխարինել «և այլ կարգավորվող առարկաներ» բառերով,
  • 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «կարգավորվող այլ առարկաներն» բառերը փոխարինել «և այլ կարգավորվող առարկաներն» բառերով․
  • 18-րդ հոդվածի 1-ին մասում «կարգավորվող այլ առարկաները» բառերը փոխարինել «այլ կարգավորվող առարկաները» բառերով։

 

 

Հոդված 3 Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․2-րդ և 8․3-րդ  կետերով՝

«8.2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրի և ժամանակացույցի հաստատումը․

8․3) բուսաբուծության ոլորտում աշխատանքի անվտանգության կանոնների հաստատումը․»։

 

Հոդված 4 Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

 

«Հոդված 6.

Պեստիցիդների պետական գրանցումը և վերագրանցումը

 

  1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և շրջանառվող պեստիցիդները պարտադիր ենթակա են պետական գրանցման (այսուհետ՝ գրանցում), բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների:
  2. Պեստիցիդների գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
  3. Եթե Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդները միևնույն արտադրողի անվանումով, միևնույն առևտրային անվանումով և միևնույն բաղադրությամբ գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, ապա Հայաստանի Հանրապետությունը սույն օրենքի իմաստով համարվում է արտադրողի արտադրական տարածքը գտնվելու երկիր և արտադրական տարածքի հասցեի վերաբերյալ տեղեկությունները ներառվում են տվյալ պեստիցիդի գրանցման փաթեթում։ Գրանցված պեստիցիդի գրանցման փաթեթում Հայաստանի Հանրապետությունը որպես տվյալ արտադրողի արտադրական տարածքի ներառումը կատարվում է հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա։ Դրական եզրակացությունը տրամադրելու համար պահանջվում են՝ պեստիցիդի առևտրային անվանումը, ազդող նյութը կամ նյութերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և թույլատրելի շեղումները, համագործիչ և օժանդակ նյութերը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում,  պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկիրը(ները), ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցեն և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկիրը(ները)):
  4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, փորձարկված և միևնույն արտադրողի անվանումով, միևնույն առևտրային անվանումով ու միևնույն բաղադրությամբ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (Հայաստանի Հանրապետությունը չի համարվում տվյալ արտադրողի արտադրական տարածքը գտնվելու երկրիր) պեստիցիդների գրանցումն իրականացվում է, եթե առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը: Եզրակացություն տալու համար պահանջվում են հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը՝

1)  պեստիցիդի առևտրային անվանումը, ազդող նյութը կամ նյութերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և թույլատրելի շեղումները, համագործիչ և օժանդակ նյութերը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում,  պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկիրը(ները), ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցեն և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկիրը(ները))․

2) պեստիցիդի ծախսի նորման, օգտագործման ժամկետը, եղանակը և առանձնահատկությունները, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը, մշակումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները․

3) պեստիցիդի հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում)․

4) պեստիցիդի քիմիական փորձաքննության, ազդող նյութի(երի) մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, պեստիցիդների՝ ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը), եթե տվյալ նյութի փորձաքննության մեթոդիկաներով բյուրեղային տիպօրինակն անհրաժեշտ է․

5) թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի միկրոօրգանիզմներ և այլն)․

6) ազդեցությունը վերարտադրողականության վրա․

7) մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ, տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները․

8) պեստիցիդի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը․

9) սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ պեստիցիդի պիտակի նկարագիրը.

10) տեղեկանք` Հայաստանի Հանրապետությունում դրանց երկու տարվա անընդմեջ դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին, որը տրամադրվում է քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից հաստատված ցանկում նշված գիտական և կրթական կազմակերպությունների կողմից՝ քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից հաստատված ձևին համապատասխան։

5․ Օտարերկրյա պետություններում արտադրված, փորձարկված և գործածության մեջ գտնվող պեստիցիդների գրանցման համար պահանջվում են՝

1) սույն հոդվածի 4-րդ մասի 1-9-րդ կետերով  սահմանված փաստաթղթերը․

2) գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը և համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում կամ տեղեկատվություն առ այն, որ արտադրող երկրի օրենսդրությամբ տվյալ տեսակի արտադրանքի պետական գրանցման պահանջ սահմանված չէ․

3) գրանցման ներկայացված փաստաթղթերի հիման վրա քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից սահմանված ձևով կազմված հայերեն սեղմագիրը։

  1. Լիազոր մարմինը հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է տվյալ պեստիցիդը գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում և թղթային կամ էլեկտրոնային տարբերակներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում պատշաճ կերպով տեղեկացվում է հայտատուին:

7․ Լիազոր մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ գրանցված պեստիցիդի գրանցման փաթեթում Հայաստանի Հանրապետությունը որպես տվյալ արտադրողի արտադրական տարածքի ներառումը մերժելու հիմք է հանդիսանում հանձնաժողովի բացասական եզրակացությունը։ Հանձնաժողովը բացասական եզրաացություն է տալիս, եթե սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջին համապատասխան ներկայացված տեղեկատվության մեջ պեստիցիդի արտադրողի անվանումը, առևտրային անվանումը, ազդող նյութը կամ նյութերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում, համագործիչ և օժանդակ նյութերը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և պատրաստուկային ձևը նույնական չեն  Հայաստանի Հանրապետությունում գրանցված տվյալ պեստիցիդի համապատասխան տեղեկություների հետ։

8․ Լիազոր մարմնի կողմից պեստիցիդների գրանցումը մերժելու հիմք է հանդիսանում հանձնաժողովի բացասական եզրակացությունը։ Հանձնաժողովը պեստիցիդների գրանցման մասին բացասական եզրակացություն է տալիս, եթե`

1) պեստիցիդի ազդող նյութը կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում․

2) ներկայացված են թերի կամ ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ կամ փաստաթղթեր և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում չեն համալրվում, շտկվում կամ փոփոխվում։

9․ Պեստիցիդի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։

  1. Պեստիցիդները ենթակա են վերագրանցման, եթե՝

1) մինչև գրանցման ժամկետի լրանալն առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել և պեստիցիդի ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունը չի փոփոխվել․

2) մինչև գրանցման ժամկետի լրանալը տեղի է ունեցել պեստիցիդների ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունների  փոփոխություն։

  1. Սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում վերագրանցումն իրականացվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումի համաձայն, որին կից ներկայացվում է՝

1) տեղեկատվություն` պեստիցիդների առևտրային անվանման, ազդող նյութի կամ նյութերի, միավոր ծավալում դրանց տոկոսային հարաբերության կամ պարունակության և թույլատրելի շեղումների, համագործիչ և օժանդակ նյութերի, միավոր ծավալում դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերության կամ պարունակության, պատրաստուկային ձևի, արտադրողի անվանման, հասցեի (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեի և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկրի(ների), ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցեի և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկրի(ների)) վերաբերյալ.

2) արտադրողի կողմից տրված պաշտոնական գրություն կամ տեղեկանք՝ պեստիցիդի բաղադրության անփոփոխ լինելու վերաբերյալ։

12․ Սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում վերագրանցումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված գրանցման դրույթներին համապատասխան։»։

 

Հոդված 5 Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6․2-րդ հոդվածներով.

 


«Հոդված 61.

Ագրոքիմիկատների պետական գրանցումը և վերագրանցումը

 

  1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և շրջանառվող ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման (այսուհետ՝ գրանցում), բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված ագրոքիմիկատների:
  2. Ագրոքիմիկատների գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
  3. Եթե Հայաստանի Հանրապետությունում արտադրված ագրոքիմիկատները միևնույն արտադրողի անվանումով, միևնույն առևտրային անվանումով և միևնույն բաղադրությամբ գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, ապա Հայաստանի Հանրապետությունը սույն օրենքի իմաստով համարվում է արտադրողի արտադրական տարածքը գտնվելու երկիր և արտադրական տարածքի հասցեի վերաբերյալ տեղեկությունները ներառվում են տվյալ պեստիցիդի գրանցման փաթեթում։ Գրանցված ագրոքիմիկատի գրանցման փաթեթում Հայաստանի Հանրապետությունը որպես տվյալ արտադրողի արտադրական տարածքի ներառումը կատարվում է հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա։ Դրական եզրակացությունը տրամադրելու համար պահանջվում են՝ ագրոքիմիկատների առևտրային անվանումը, սննդատարրերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և թույլատրելի շեղումները, պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկիրը(ները), ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցեն և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկիրը(ները)):
  4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, փորձարկված և Հայաստանի Հանրապետությունում միևնույն արտադրողի անվանումով, միևնույն առևտրային անվանումով ու միևնույն բաղադրությամբ չգրանցված (Հայաստանի Հանրապետությունը չի համարվում տվյալ արտադրողի արտադրական տարածքը գտնվելու երկրիր) ագրոքիմիկատների գրանցումն իրականացվում է, եթե առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը: Եզրակացություն տալու համար պահանջվում են հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը.

1) ագրոքիմիկատի՝ առևտրային անվանումը, սննդատարրերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և թույլատրելի շեղումները, պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկիրը(ները), ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցեն և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկիրը(ները))․

2) ագրոքիմիկատի կիրառման եղանակները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները․

3) աշխատանքային գոտում ագրոքիմիկատի օդում թույլատրելի սահմանային քանակը․

4) ագրոքիմիկատի սննդատարրերի քիմիական փորձաքննության մեթոդիկան․

5) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի․

6) սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ագրոքիմիկատի պիտակի նկարագիրը։

5․ Օտարերկրյա պետություններում արտադրված, փորձարկված և գործածության մեջ գտնվող ագրոքիմիկատների գրանցման համար պահանջվում են՝

1) սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը․

2) գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը և համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում կամ տեղեկատվություն առ այն, որ արտադրող երկրի օրենսդրությամբ տվյալ տեսակի արտադրանքի պետական գրանցման պահանջ սահմանված չէ․

3) գրանցման ներկայացված փաստաթղթերի հիման վրա քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից սահմանված ձևով կազմված հայերեն սեղմագիրը։

  1. Լիազոր մարմինը հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է տվյալ ագրոքիմիկատը գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում և թղթային կամ էլեկտրոնային տարբերակներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում պատշաճ կերպով տեղեկացվում է հայտատուին:

7․ Լիազոր մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ գրանցված ագրոքիմիկատի գրանցման փաթեթում Հայաստանի Հանրապետությունը որպես տվյալ արտադրողի արտադրական տարածքի ներառումը մերժելու հիմք է հանդիսանում հանձնաժողովի բացասական եզրակացությունը։ Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս, եթե սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջին համապատասխան ներկայացված տեղեկատվության մեջ ագրոքիմիկատի արտադրողի անվանումը, առևտրային անվանումը, սննդատարրերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և պատրաստուկային ձևը նույնական չեն  Հայաստանի Հանրապետությունում գրանցված տվյալ ագրոքիմիկատի համապատասխան տեղեկություների հետ։

8․ Լիազոր մարմնի կողմից ագրոքիմիկատների գրանցումը մերժելու հիմք է հանդիսանում հանձնաժողովի բացասական եզրակացությունը։ Հանձնաժողովը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման մասին բացասական եզրակացություն է տալիս, եթե`

1) ագրոքիմիկատի սննդատարրերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում․

2) ներկայացված են թերի կամ ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ կամ փաստաթղթեր և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում չեն համալրվում, շտկվում կամ փոփոխվում։

9․ Ագրոքիմիկատի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

  1. Ագրոքիմիկատները ենթակա են վերագրանցման, եթե՝

1) մինչև գրանցման ժամկետի լրանալն առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել և ագրոքիմիկատի բաղադրությունը՝ սննդատարրերի կազմը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը չի փոփոխվել․

2) մինչև գրանցման ժամկետի լրանալը տեղի է ունեցել ագրոքիմիկատների սննդատարրերի կազմի կամ դրանց տոկոսային հարաբերությունների փոփոխություն։

  1. Սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում վերագրանցումն իրականացվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումի համաձայն, որին կից ներկայացվում է՝

1) տեղեկատվություն` ագրոքիմիկատների առևտրային անվանման, սննդատարրերի, դրանց տոկոսային հարաբերության կամ միավոր ծավալում պարունակության և թույլատրելի շեղումների, պատրաստուկային ձևի, արտադրողի անվանման, հասցեի (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեի և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկրի(ների), ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցեի և արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը(ները) գտնվելու երկրի(ների)) վերաբերյալ.

2) արտադրողի կողմից տրված պաշտոնական գրություն կամ տեղեկանք՝ ագրոքիմիկատի բաղադրության անփոփոխ լինելու վերաբերյալ։

12․ Սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում ագրոքիմիկատի վերագրանցումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված գրանցման դրույթներին համապատասխան։

 

Հոդված 62 Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը, պետական գրանցման ժամկետը և պետական գրանցումից հանելը

 

  1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով և 6․1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով պահանջվող փաստաթղթերը պետք է տրամադրված լինեն արտադրողի կամ նրա պաշտոնական ներկայացուցչի կամ դիստրիբյուտորի կողմից:
  2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման հանձնաժողովի եզրակացության և ներկայացվող փաստաթղթերի հայերեն լեզվով սեղմագրի ձևերը հաստատում է քաղաքականություն մշակող լիազոր մարմինը:
  3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձարկումն իրականացվում է դրանք պետական գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
  4. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են հինգ տարի ժամկետով, իսկ ագրոքիմիկատները գրանցվում են տասը տարի ժամկետով, և գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրվում է գրանցման վկայական:

5․ Մինչև պեստիցիդի կամ ագրոքիմիկատի պետական գրանցման ժամկետի լրանալը դրանց առևտրային անվանման, արտադրողի կամ արտադրական տարածքի հասցեի փոփոխության դեպքում՝ արտադրողի կողմից տրամադրված փոփոխությունների մասին տեղեկանքի հիման վրա գրանցման անվանացանկում կատարվում է տվյալների փոփոխություն։

  1. Պեստիցիդները և ագրոքիմիկատները պետական գրանցումից հանվում են, եթե՝

1) լրացել է պետական գրանցման ժամկետը, սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը մինչև պիտանելիության ժամկետի ավարտը.

2) պետական գրանցման վկայական ստացած անձը ներկայացրել է գրանցումից հանելու հայտ․

3) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ազդող կամ համագործիչ, կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում․

4) առկա են պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցումը անվավեր ճանաչելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված այլ հիմքեր։»։

 

Հոդված 6․ Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

 

« Հոդված 8.

Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը

 

  1. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման ներկայացված պեստիցիդները և ագրոքիմիկատները ենթակա են պարտադիր թունաբանահիգիենիկ գնահատման, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի։

2․ Պեստիցիդների և (կամ) ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումն իրականացնում են անհրաժեշտ գիտական ու նյութական ապահովվածություն և համապատասխան որակավորված մասնագետներ ունեցող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նման լիազորություններ ունեցող կազմակերպությունները:

3․ Գոմաղբի, բուսահողի, թռչնաղբի, կենսահումուսի, կենսահեղուկի, տորֆի, կոմպոստների և օրգանական ծագման այլ ագրոքիմիկատների գրանցումը կարող է կատարվել առանց թունաբանահիգիենիկ գնահատման։

4․ Պեստիցիդների և (կամ) ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը կատարվում է անցկացված հետազոտությունների արդյունքների կամ տեղեկատվության գիտական վերլուծությամբ փաստաթղթային փորձաքննության արդյունքների հիման վրա։

  1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:
  2. Պեստիցիդի և (կամ) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատման արդյունքում կազմվում է պեստիցիդի և (կամ) ագրոքիմիկատի անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:»։

 

 

Հոդված 7․ Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին մասով․

«1․1․ Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությունը և (կամ) վաճառքը օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության տեսակներ են։»։

 

 Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։

2․ Սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող 6․2-րդ հոդվածի 4-րդ մասը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։

3․ Սույն օրենքի 4-րդ հոդվածով շարադրվող 6-րդ հոդվածի 9-11-րդ և 5-րդ հոդվածով լրացվող 6․1-ին հոդվածի 9-11-րդ մասերը տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա։

4․ Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում:

 

 

 

 

Հանրապետության նախագահ                                           Վ․ Խաչատուրյան

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի  18-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

 

«Հոդված 18.

Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն տալու կարգը

 

  1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումն իրականացվում է հայտատուի դիմումում նշված պեստիցիդների և ագրոքիմիկատների յուրաքանչյուր տեսակի համար՝ լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա։ Եզրակացությունը տրամադրվում է պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի։
  2. Կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված երկրներում արտադրված և(կամ) գրանցված պեստիցիդներն ու ագրոքիմիկատները ներմուծվում են առանց փորձաքննության՝ լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա։
  3. Պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննությունն իրականացվում է ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
  4. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է միայն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկված պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:
  5. «Բուսասանիտարիայի մասին» օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է, երբ առկա են տեղեկություններ պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև նրանց կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում՝ առևտրային անվանման, ազդող նյութի, ազդող նյութի պարունակության, պատրաստուկային ձևի վերաբերյալ՝ պահպանելով սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգը:
  6. Եզրակացություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (առկայության դեպքում նշելով նաև պետական գրանցման կամ հաշվառման համարը).

2) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը.

3) ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկարագրությունը (անվանումը, արտադրող և (կամ) գրանցող երկիրը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռք բերելու վայրը).

4) բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը.

5) օրենսդրությամբ սահմանված դեպքերում` ներմուծվող կամ արտահանվող խմբաքանակի համար՝ փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթուղթը և այն պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող խմբաքանակին նույնականացնող փաստաթուղթը։

7․ Լիազոր մարմինը պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների, որոնց համար եզրակացությունը տրամադրվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։

  1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազոր մարմնում, իսկ երկրորդ օրինակը տրվում է հայտատուին:
  2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն ստանալու համար դիմողն իր ներկայացրած սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
  3. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:
  4. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժման հիմք են սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության բացասական արդյունքները:»։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 5 ամիս հետո։

2․ Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում:

 

 

Հանրապետության նախագահ՝                                            Վ․ Խաչատուրյան

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» 

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1.  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ «2․1․ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնով.

 «

 

2․1․ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

 

 

1․

Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն և (կամ) վաճառք

ԿՄ

-

-

                                                                                                                           

   »:

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:

 

 

 

Հանրապետության նախագահ                                            Վ․ Խաչատուրյան

 

  • Քննարկվել է

    03.07.2024 - 23.07.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2355

Տպել

Առաջարկներ`

"Ագրո Մաստեր" ՍՊԸ

23.07.2024

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի համաձայն արտադրող է համարվում «իրացման համար ապրանքներ արտադրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր»: Ինչու չի օգտագործվում այս պարզ հասկացությունը: Ինչ է հասկացվում "գրանցող երկիր" տերմինի տակ, պետք է հստակ բացել սահմանումը: Ինչպե՞ս է հիմնավորվում գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը և հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Արդյո՞ք լիազոր մարմինը պարտավոր չէ նշել մերժման հիմքերը և պատճառաբանությունը մանրամասն: Ինչպե՞ս է ապացուցվում տվյալների "ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված" լինելը: Հստակ հիմքերի բացակայությունը վտանգ է ներկայացնում և կարող է բերել չարաշահումների լիազոր մարմնի և հանձնաժողովի կողմից: Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման հանձնաժողովի եզրակացության և ներկայացվող փաստաթղթերի հայերեն լեզվով սեղմագրի ձևերը հաստատում է քաղաքականություն մշակող լիազոր մարմինը: - Ո՞ր փաստաթղթով կամ իրավական ակտով: Ինչ է լինելու, եթե այդդպիսի ձև չընդունվի լիազոր մարմնի կողմից:

"Ագրո Մաստեր" ՍՊԸ

23.07.2024

Նախագիծը ուսումնասիրելու ընթացքում առաջացել են հետևյալ հարցերն ու մեկնաբանությունները: Նախագծի Հոդված 1՝ «Բուսասանիտարիայի մասին» 2014 թ. հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 34 կետի վերաբերյալ. Անհասկանալի է «Արտադրության իրավատեր» բառակապակցությունը: ՀՀ Քաղ. Օր. համաձայն «իրավատեր» է համարվում՝ 1) Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի) պայմանագրի կողմը և 2) հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը: Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա: Արտադրությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ: Արտադրությունը՝ որպես գյուտ կամ չբացահայտված տեղեկատվություն` ներառյալ արտադրության գաղտնիքներ (նոու-հաու), մտավոր գործունեության արդյունք է, որի դեպքում խոսքը գնում է հեղինակության իրավունքի մասին, իսկ անձը մտավոր գործունեության արդյունքի նկատմամբ համարվում է գույքային իրավունքների տիրապետող: Նախագծի Հոդված 4՝ Օրենքի 6-րդ հոդվածի վերաբերյալ. Սահմանված չէ, թե որ իրավական ակտով, կամ ինչ կարգով, սկզբունքներով ու կանոններով է որոշվում հանձնաժողովի որոշում կայացնելու գործընթացը: Ինչպե՞ս է ստուգվում և վերահսկվում հանձնաժողովի անաչառությունը և մերժման հիմնավորվածությունը: Ու՞մ է հանձնաժողովը ենթակա, ո՞վ է ստուգում հանձնաժողովի որոշումների հիմնավորվածությունը և այլն: Նախագծի Հոդված 4՝ Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի10-րդ կետի վերաբերյալ. Գրանցումը տևում է 2 տարուց ավելի, հարց է, թե նախկինում գրանցված և տարիներ շարունակ օգտագործված պեստիցիդների և պարարտանյութերի համար արդյոք ևս անցկացվելու է 2 տարվա փորձարկումը: Ով և ինչպես է սահմանում ՀՀ-ում երկու տարվա անընդմեջ դաշտային և լաբորատոր փորձարկման կարգը: Ո՞վ է այն իրականացնում, Օրենքում նշված կազմակերպությունների բացակայության դեպքում: Նախագծի Հոդված 5՝ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի19-րդ կետի վերաբերյալ. Լեզվամտածողության սխալ է: «Լրացել է պետական գրանցման ժամկետը» բառերից հետո պետք է դրվի վերջակետ, քանի որ միտքը ավարտվել է: Առանձին ենթակետով, կարելի է սահմանել, որ պետական գրանցումից հանված պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտը: Այլապես, ստացվում է, որ պետական գրանցումից հանելու հիմք է պետական գրանցման ժամկետը լրանալը, բայց միայն այն պեստիցիդների և ագրոքիմիկատների համար, որոնց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը թույլատրվում է մինչև պիտանելիության ժամկետի ավարտը: Նախագծի Հոդված 6՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ. Ո՞վ է իրականացնում թունաբանահիգիենիկ գնահատումը, Օրենքում նշված կազմակերպությունների բացակայության դեպքում: Հարգանքով՝

Տեսնել ավելին