Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1523-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1523-Լ որոշման շրջանակներում «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի կողմից ձեռքբերված հայկական կոնյակի սպիրտի (այսուհետ՝ Ապրանքի) օտարման գործընթացը սկսելու և ինքնարժեքի բարձրացման հետևանքով Ապրանքի իրացման խնդիրներից խուսափելու անհրաժեշտությամբ։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1523-Լ որոշման համաձայն «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին տրամադրվել է 2․0 մլրդ դրամ բյուջետային վարկ տարեկան 0․01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով՝ Ապրանքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից (կազմակերպություններից) առնվազն 5 տարի հնացված մինչև 1․0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) Ապրանք ձեռք բերելու համար։

Բյուջետային վարկի միջոցներով  «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի և «ՄԱՊ»ի ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա «ՄԱՊ»ի ՓԲԸ-ից ձեռք է բերվել 1,442,807․0538 հազար դրամ արժողությամբ 692․9909 հազար լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) Ապրանք, որն ի պահ է տրվել «ՄԱՊ»ի ՓԲԸ-ին՝ 1 լիտր Ապրանքի պահպանման տարեկան 50 դրամ (առանց ԱԱՀ) միավոր գնով։

2024 թվականի մայիսի 29-ի դրությամբ Ապրանքի 1 լիտրի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) ինքնարժեքը կազմում է շուրջ 1765 դրամ (առանց ԱԱՀ), որը յուրաքանչյուր հաջորդող ամսվա ընթացքում ավելանալու է շուրջ 4.2 դրամով։

Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտահանված 1 լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) Ապրանքի միջին մաքսային արժեքը կազմել է 1854.3 դրամ, իսկ ներմուծվածինը՝ 1638.3 դրամ։

Հետևաբար Ապրանքի օտարման ձգձգումը կհանգեցնի Ապրանքի ինքնարժեքի բարձրացմանը և գնային առումով Ապրանքի իրացումն կդառնա խնդրահարույց։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1523-Լ որոշման մեջ կատարել փոփոխություն և լրացումներ, որոնցով սահմանվում են Ապրանքի օտրաման հետևյալ առանձնահատկությունները՝

1)  «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի կողմից ձեռքբերված Ապրանքի օտարման նպատակով մշակվում է տեղեկատվական շնորհանդես՝ հնարավոր գնորդներին ներկայացնելու համար․

2) էլեկտրոնային տարբերակով ամսական պարբերականությամբ հնարավոր գնորդներին, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին իրազեկվում է Ապրանքի օտարման մասին՝ առաջարկելով իրազեկումն իրականացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվություն ձեռքբերվող Ապրանքի ծավալների և գնառաջարկների վերաբերյալ․

3)   Ապրանքի օտարման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է նաև Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական կայքերում՝ իրազեկման լայն շրջանակ ապահովելու նպատակով․

4) տնտեսավարող սուբյեկտներից ստացված գնառաջարկների հիման վրա կնքվում է խմբաքանակի օտարման պայմանագիր, ըստ հետևյալ առաջնահերթությունների՝

ա․ առաջնահերթությունը տրվում է ամենաբարձր գնային առաջարկ ներկայացնող տնտեսավարողին,

բ․ եթե տարբեր տնտեսավարողների կողմից ստացվում է նույն գնային առաջարկը, ապա Ապրանքն օտարվում է նույն գնային առաջարկը ներկայացրած բոլոր տնտեսավարողներին՝ առաջնահերթություն տալով ավելի մեծ խմբաքանակների գնման առաջարկ ներկայացրածին․

5) այն դեպքում, երբ խմբաքանակի համար ստացված ամենաբարձր գնառաջարկն ավելի ցածր է քան տվյալ պահին կոնյակի սպիրտի ձևավորված ինքնարժեքը, ապա Ապրանքն կարող է օտարվել առաջարկված գնով․

6) Ապրանքի օտարումը կարող է իրականացվել խմբաքանակներով․

7) Ապրանքի ամբողջական ծավալի օտարման և ամբողջական ծավալի համար փաստացի վճարման կատարման վերջնաժամկետ է սահմանվում 2025 թվականի օգոստոսի 1-ը․

8) ապահովվում է օտարվող Ապրանքի խմբաքանակների արժեքի վճարման կատարումն անկանխիկ եղանակով՝ հաշիվ-ապրանքագիրն օտարման պայմանագրի կողմերի կողմից ստորագրվելուց հետո 2 բանկային օրվա ընթացքում, կամ բանկային երաշխիքի հիման վրա՝  60  բանկային օրվա ընթացքում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին սկսելու Ապրանքի օտարման գործընթացը և ապահովելու Ապրանքի ձեռքբերման համար տրամադրված բյուջետային վարկի մարումը։
  3. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf,  226-րդ էջ)։
  5. Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելը - Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

 

  • Քննարկվել է

    04.06.2024 - 19.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2252

Տպել