ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
7 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և գնման գործընթացի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 1523-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
- վերնագրում «գործընթացի» բառը փոխարինել «ու օտարման գործընթացների» բառերով․
- 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետ՝
«6.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
- «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռքբերված կոնյակի սպիրտի օտարման նպատակով մշակել տեղեկատվական շնորհանդես՝ հնարավոր գնորդներին ներկայացնելու համար․
- էլեկտրոնային տարբերակով ամսական պարբերականությամբ հնարավոր գնորդներին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում գործող կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին իրազեկել կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ՝ առաջարկելով իրազեկումն իրականացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվություն ձեռքբերվող կոնյակի սպիրտի ծավալների և գնառաջարկների վերաբերյալ․
- կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական կայքերում՝ իրազեկման լայն շրջանակ ապահովելու նպատակով․
- տնտեսավարող սուբյեկտներից ստացված կոնյակի սպիրտի գնառաջարկների հիման վրա կնքել խմբաքանակի օտարման պայմանագիր, ըստ հետևյալ առաջնահերթությունների՝
ա․ առաջնահերթությունը տրվում է ամենաբարձր գնային առաջարկ ներկայացնող տնտեսավարող սուբյեկտին,
բ․ եթե տարբեր տնտեսավարող սուբյեկտների կողմից առաջարկվել է նույն գնային առաջարկը, ապա կոնյակի սպիրտն օտարվում է նույն գնային առաջարկը ներկայացրած բոլոր տնտեսավարող սուբյեկտներին՝ առաջնահերթություն տալով ավելի մեծ խմբաքանակի առաջարկ ներկայացրած տնտեսավարող սուբյեկտին․
- այն դեպքում, երբ խմբաքանակի համար ստացված ամենաբարձր գնառաջարկն ավելի ցածր է քան տվյալ պահին կոնյակի սպիրտի ձևավորված ինքնարժեքը, ապա կոնյակի սպիրտը կարող է օտարվել առաջարկված գնով․
- կոնյակի սպիրտի օտարումը կարող է իրականացվել խմբաքանակներով․
- կոնյակի սպիրտի ամբողջական ծավալի օտարման և ամբողջական ծավալի համար փաստացի վճարման կատարման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի օգոստոսի 1-ը․
- ապահովել օտարվող կոնյակի սպիրտի խմբաքանակների արժեքի վճարման կատարումն անկանխիկ եղանակով՝ հաշիվ-ապրանքագիրն օտարման պայմանագրի կողմերի կողմից ստորագրվելուց հետո 2 բանկային օրվա ընթացքում, կամ բանկային երաշխիքի հիման վրա՝ 60 բանկային օրվա ընթացքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
04.06.2024 - 19.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2251
Տպել