ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՉԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս գործող «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տրամադրում է ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզաներ (E-VISA): Գործնականում էլեկտրոնային մուտքի վիզաների ուսումնասիրությունը և տրամադրումն իրականացվում է Ազգային անվտանգության ծառայության կողմից։
ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծման (անձնագրային և վիզաների վարչության հետ միավորման) շրջանակներում նպատակահարմար է համարվել ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզաների տրամադրման գործառույթը վերապահել վերջինիս՝ հաշվի առնելով, որ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի «Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները» վերտառությամբ հավելվածի 6.1 կետով սահմանվում է, որ ներքին գործերի նախարարությունը, ի թիվս այլ գործառույթների, մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրամադրման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը։
ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 270-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրության 11-րդ կետի համաձայն՝ Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հետևյալ գործառույթները`
«...
39) միգրացիոն գործընթացների ու քաղաքացիության ոլորտի կառավարման բնագավառում համակողմանի վերլուծության իրականացումը, առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանումը և դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը.
40) միգրացիոն գործընթացների կարգավորման կազմակերպումը և համակարգումը.
41) ապաստանի համակարգի գործունեության կազմակերպումը, համակարգումը.
...»:
Միգրացիոն գործընթացների կառավարման, կարգավորման կազմակերպման և համակարգման համար կարևորագույն գործիքակազմերից մեկը վիզային քաղաքականությունն է՝ օտարերկրյա պետությունների հետ վիզային ռեժիմների սահմանումը, վիզաների տրամադրման ընթացակարգերի մշակումն ու իրականացումը՝ հաշվի առնելով առկա ու փոփոխվող միգրացիոն և անվտանգային ռիսկերը։
Հետևաբար, միգրացիայի և քաղաքացիության ծառայության անմիջական ներգրավվածությունը ՀՀ մուտքի վիզաների, այդ թվում՝ էլեկտրոնային վիզաների տրամադրման գործընթացում օբյեկտիվ անհրաժեշտություն է։
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիվանագիտական մուտքի վիզան տրամադրվում և երկարաձգվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ նախագծով առաջարկվում է ավելացնել որոշ դրույթներ՝ նշյալ իրավահարաբերության կարգավորման շրջանակներում, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմինների աշխատակիցների հավատարմագրումը և համապատասխան տեսակի քարտերի (քարտերի հասկացության սահմանումը ևս նախագծով ավելացվել է) տրամադրման գործառույթը թողնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, միաժամանակ, սահմանելով հավատարմագրման և քարտերի տրամադրման համար լիազորող նորմ՝ հետագայում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունեկու նպատակով:
Սահմանվում է նաև այն դրույթը, որ հավատարմագրումը և համապատասխան տեսակի քարտի ստացումն ինքնին հանդիսանում է օտարերկրացու՝ ՀՀ-ում բնակվելու օրինական հիմք, որի առկայության պարագայում կարիք չկա ստանալ երկարաժամկետ մուտքի արտոնագիր։
Նախագծով առաջարկվում է նաև նախատեսել լրացուցիչ պայմաններ, որոնք չբավարարելու դեպքում վիզայի տրամադրումը կմերժվի: Մասնավորապես, դիմումատուն պետք է պատշաճ հիմնավորի այցելության նպատակը, նախատեսված ժամկետում գտնվելու պայմանները, ՀՀ-ում բնակվելու բավարար միջոցների առկայությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ներկայացնի առողջապահական ապահովագրություն և այլն: Նշյալ պայմանները սահմանելիս հաշվի է առնվել նաև միջազգային փորձը:
Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը պետք է սահմանի վիզաների ուսումնասիրման ընթացակարգը նկարագրող մանրամասն մեթոդական ցուցում, որն անհրաժեշտ և օգտակար ուղեցույց կլինի տվյալ գործընթացի հետ առնչվող պաշտոնատար անձանց համար՝ ապահովելով վարչարարության միասնականությունը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված այլ սկզբունքների և կանոնների կիրառումը։
Որպես կարևոր նորմ, Նախագծով առաջարկվում է օտարերկրացու մուտքը արգելելու կամ մուտքի վիզայի տրամադրման մերժման դեպքում վերջինիս տրամադրել գրավոր ծանուցում, որը նույնպես ընդունված միջազգային պրակտիկա է և բխում է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման տրամաբանությունից։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզաներ (E-VISA) տրամադրելու գործառույթը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից փոխանցել ՀՀ ներքին գործերի նախարարությանը։
Բացի այդ, նախագծով առաջարկվում է ավելացնել որոշ դրույթներ ՝ ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմինների աշխատակիցների հավատարմագրման հարաբերությունները կարգավորելու նպատակով:
Միաժամանակ, նախատեսվում է վիզայի տրամադրումը մերժելու լրացուցիչ հիմքերի սահմանում, ինչպես նաև մերժման մասին դիմումատուին ծանուցման միջոցով հայտնելու եղանակ:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունների հետ խորհրդակցությունների արդյունքում։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չկա:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունման պարագայում՝
- ՀՀ մուտքի էլեկտրոնային վիզաներ (E-VISA) տրամադրելու գործառույթը կիրականացվի ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից,
- Կկարգավորվեն ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմինների աշխատակիցների հավատարմագրման հետ կապված հարաբերությունները,
- Կսահմանվեն վիզայի տրամադրումը մերժելու լրացուցիչ հիմքեր, ինչպես նաև մերժման մասին դիմումատուին ծանուցման միջոցով հայտնելու եղանակ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
-
Քննարկվել է
20.05.2024 - 04.06.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Միջազգային հարաբերություններ
-
Նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2031
Տպել