Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»

ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ոսկյա իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող Հարկային օրենսգրքի համաձայն՝ թանկարժեք մետաղների օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Միա­ժամանակ, այդ նույն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի <<ոսկերչական զար­դերի>> օտարումը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ այդ գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան հաշ­վարկվում է Հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների շրջա­նակ­ներում: Այս պարագայում ստացվում է, որ անկախ այն հանգամանքից, որ ոսկու օտարումն ազատ­­ված է ԱԱՀ-ից, ոսկյա զարդի մեջ առկա ոսկին արժեշղթայի հետագա օղակներում փաս­տացի հարկ­վում է ԱԱՀ-ով: Ընդ որում, հատկանշական է նաև այն, որ ոսկու արժեքը հաճախ կազ­մում է ոսկյա զարդերի արժեքի հիմնա­կան մասը:

Խնդիրը նաև այն է, որ ոսկին՝ որպես առանձնահատուկ ապրանք, յուրաքանչյուր անգամ արժե­­շղթայի օղակներով անցնելիս նորովի չի ստեղծվում որպես արժեք, այլ պարզապես մի ձևից վերափոխվում է մեկ այլ ձևի՝ իր արժեքը փոխանցելով արժեշղթայի հաջորդական օղակներով: Այլ կերպ ասած՝ ոսկու ձուլակտորից ոսկյա զարդ պատրաստելու օղակում ոսկու արժեքը չի համար­­վում նոր ստեղծված արժեք: Հետևաբար, այս պարագայում ոսկու՝ ԱԱՀ-ով հարկումը մի կողմից խնդրահարույց է, մյուս կողմից՝ հանգեցնում է ոսկյա զարդերի գների բարձրացման՝ դրանով իսկ խոչընդոտելով ոսկեգործության ոլորտի զարգացմանը:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոսկուց պատ­րաստ­ված իրերի օտարման գործարքների մասով Հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազան նվազեցվելու է տվյալ իրի արտադ­րու­թյան համար օգտագործված՝ ստանդարտացված ոսկու ձու­լակ­­­տորի կամ դրա մի մասի ձեռք բերման գնի չափով: Ընդ որում, այդ կարգով նվազեցնելուց հետո ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող Հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի 25 տոկոսից պակաս լինել:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ոսկյա իրերի օտար­ման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձևավորել նպաս­տա­վոր հարկային միջավայր:
  5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաս­­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,
  • Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:
  • Քննարկվել է

    30.04.2024 - 15.05.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1715

Տպել

Առաջարկներ`

Tigran Kotanyan

04.05.2024

Ոսկյա զարդի վրա թանկարժեք քարի արկայության դեպքում նույն խնդիրը կառաջանա հարկման բազան որոշելուց .

Տեսնել ավելին