Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամ ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ,

 «ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամ ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի 75-րդ կետից, մասնավորապես, կրթության զարգացման տեսլականն է՝ յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորին չափ զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը։

Հայաստանի Հանրապետությունում դրսևորված տաղանդի զարգացումը հիմնականում տեղի է ունենում սեփական նախաձեռնությամբ և հնարավորությունների սահմաններում, բացի այդ ներկայումս չկան անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն վաղ տարիքից անհատի հակումներին և տաղանդի բացահայտմանը և դրա դրսևորմանը և առաջխաղացմանը մասնագիտորեն աջակցելուն: Հատկապես, գյուղական համայնքներում կամ սահմանամերձ բնակավայրերում տաղանդների դրսևորումը և զարգացումը կարող է ստորադասվել առօրյա գործունեությանը և վաղ տարիքից ցածր արդյունարարությամբ աշխատանքի անցնելը էապես խոչնդոտում է որոշ դեպքերում, անգամ, բազային կրթություն ստանալուն: Որոշ դեպքերում ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով՝ հնարավոր է անհատի որոշակի առանձնահատուկ ունակությունները անտեսվեն և չստանան համապատասխան իրացում: Տաղանդների անտեսումը հնարավոր է նաև այն պայմաններում, երբ ոչ բոլոր բնակավայրերում են առկա տարբեր նախասիրությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայություններ, ինչպես՝ արվեստի կամ մարզական խմբակներ, որոնք հնարավորություն են տալիս նկատել երեխաների մոտ այս կամ այն տաղանդի դրսևորումը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ, որի աշխատանքները միտված են լինելու ՀՀ ամբողջ տարածքում մարդկային տաղանդի հայտնաբերմանն ու այդ տաղանդի դրսևորմանը աջակցելուն` ընդհուպ մինչև իր տաղանդի առավելագույն դրսևորմամբ հավելյալ արժեք ստեղծող, ինքնուրույն և մրցունակ անհատականությունների ու թիմերի կայացումը: Հիմնադրամը պետք է իրականացնի իրավիճակի վերլուծություն, առանձնացնի թիրախային խմբերը, յուրաքանչյուր թիրախային խմբերի համար մշակի տաղանդի հայտնաբերման գործուն մեխանիզմներ և աջակցության մեթոդաբանություն` թիրախում պահելով ինքնուրույն և մրցունակ անհատի կամ թիմերի ձևավորումը: Աջակցությունը կարող է տրամադրվել անհատույց` կրթաթոշակի, նյութական աջակցության տեսքով, անտոկոս փոխառության տրամադրմամբ կամ կազմակերպություններում ներդրումների միջոցով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում բացառիկ ընդունակություններ ունեցող անձանց բացահայտմանը, նրանց ընդունակությունների զարգացմանն ու տաղանդների խթանմանը, այդ ոլորտներում մատչելիության և հավասար մասնակցության հնարավորության ապահովմանը, կրթական նոր, նորարարական ծրագրերի և տեխնոլոգիաների ներդրմանը և զարգացմանը, ապագային միտված և հեռանկարային զարգացման պահանջներին համապատասխան գիտելիքի և կարողությունների զարգացմանը:

  1. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի 75-րդ կետից:

  • Քննարկվել է

    16.04.2024 - 01.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1809

Տպել

Առաջարկներ`

Ժիրայր Ավետիսյան

26.04.2024

Ողջունելի գաղափար է, հեռանկարային։ Թերևս Հակիրճ Բնութագրում <<Աջակցությունը կարող է տրամադրվել անհատույց՝ կրթաթոշակի, նյութական աջակցության տեսքով, անտոկոս փոխառության տրամադրմամբ կամ կազմակերպություններում ներդրումների միջոցով:>> հատվածը տպավորություն է առաջացնում, որ հիմնադրամի գործունեության գործիքակազմը սահմանափակվում է ֆինանսական օժանդակությամբ։ Արժե ի սկզբանե հաստատել, որ այդպիսի հիմնադրամից շատ ավելի լայն սպեկտրով աշխատանք է ակնկալվելու (հետազոտական, քարոզչական-տեղեկատվական, հիմնադրող, կառավարման և այլն) քան պարզապես ֆինանսական հատկացումները։ Շնորհակալ եմ։

Տեսնել ավելին