Հիշել նախագիծը

««ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.     Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության (նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ կրթության), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական և բարձրագույն կրթության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողության կազմակերպման և իրականացման հիմքերը, առանձնահատկությունները, տեսչական վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:

 Հոդված 2.     Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենսդրությունը

 

  1. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, «Տեսչական մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

 

Հոդված 3.     Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
  • կրթության բնագավառ՝ հանրակրթության (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և արտադպրոցական կրթության, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաև՝ բարձրագույն կրթության ոլոտներում.
  • տեսչական մարմին՝կրթության բնագավառում տեսչական վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող` Կրթության տեսչական մարմին.
  • լիազոր մարմին՝ կրթության բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.
  • կրթության բնագավառի տեսչական վերահսկողություն` կրթության բնագավառի օրենսդրության պահանջների պահպանման ապահովման, ինչպես նաև կրթության որակի բարձրացման, պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման ու կրթական ծրագրերի յուրացմանը, կրթության իրավունքի ապահովմանն աջակցելու նպատակով իրականացվող գործընթաց (այդ թվում՝ թվային հարթակների, գործիքների, տեխնոլոգիաների կիրառմամբ).
  • տեսչավորում՝ կրթական գործընթացի գնահատման նպատակով իրականացվող համալիր գործառույթ է, որն ուղղված է կրթության բնագավառում պետական քաղաքականության ապահովմանը, առանձին ուսումնական հաստատությունում կրթության որակի գնահատմանը կամ առկա խնդիրների բացահայտմանը.
  • դիտարկում՝ սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով տեսչական մարմնի՝ ստացված գրավոր տեղեկությունների, դիմումների կամ բողոքների պարզաբանման նպատակով իրականացվող վերահսկողական գործառույթ՝ ուղղված սովորողների կրթական իրավունքների պաշտպանությանը.
  • վերահսկվող սուբյեկտ՝ նախադպրոցական, հանրակրթական, (տարրական, հիմնական, միջնակարգ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ արտադպրոցական ուսումնական հաստատություն (այսուհետև՝ նաև ուսումնական հաստատություն), բարձրագույն ուսումնական հաստատություն, տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական, տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած կամ դրանց ենթակայությամբ գործող՝ կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանում կամ կազմակերպություն, ինչպես նաև ուսումնական հաստատությունների արտաքին գնահատում, մանկավարժական աշխատողների վերապատրաստում, դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորում, դասագրքերի բաշխում կամ շրջանառություն իրականացնող կազմակերպություն:
  1. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված և սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Կրթությանմասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» և այլ օրենքներով սահմանված իմաստներով:

 

Հոդված 4.     Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն ու խնդիրները

 

  1. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն են՝
  • Կրթության բնագավառի սկզբունքների առավելագույն իրացման ապահովումը․
  • Հայաստանի Հանրապետությունում կրթության որակի բարձրացմանն աջակցումը.
  • կրթության բնագավառում առկա խնդիրների բացահայտումը և դրանց հնարավոր լուծումներին ուղղված առաջարկների ներկայացումը.
  • կրթական ծրագրերի յուրացման ապահովմանն աջակցումը.
  • կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման ապահովումը.
  • ուսումնական հաստատություններում սովորողների (սաների, ունկնդիրների) համար հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցումը:
  1. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության խնդիրներն են՝
  • կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանումը և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով կանխարգելիչ գործառույթների իրականացումը.
  • կրթության բնագավառում պետական քաղաքականության իրականացմանը, կրթության զարգացման պետական ծրագրի կատարմանը և պետական կրթական չափորոշիչների կիրառմանն աջակցումը վերահսկողության միջոցով.
  • կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովումը.
  • կրթության բնագավառում ռիսկերի գնահատումը և կառավարումը:

ԳԼՈՒԽ 2
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 5. Տեսչական մարմնի լիազորությունները

  1. Տեսչական մարմինն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է հետևյալլիազորությունները՝

1) կրթության բնագավառի օրենսդրության և կրթական չափորոշիչների պահանջների կատարման, կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, կրթության իրավունքի իրացման ապահովման, կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպման նկատմամբ վերահսկողության իրականացումը հետևյալ ուղղություններով՝

ա. կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպում, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարում, տարեկան ուսումնական ժամանակացույցների, դասացուցակների համապատասխանություն.

բ. սովորողների և շրջանավարտների (անկախ կրթության ձևից) գիտելիքների, հմտությունների ու կարողունակությունների, ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման քննակարգերի, աշխատակարգերի պահպանում.

գ. սովորողների (սաների) ընդունելության, ազատման, հեռացման, փոխադրման, տեղափոխման, փոխատեղման, վերականգնման, ավարտման, ակադեմիական արձակուրդ տալու և այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանում՝ ըստ ուսուցման ձևերի.

դ. պետական ավարտական փաստաթղթերի ստացման, պահպանության և բաշխման, փաստաթղթաշրջանառության կարգերի պահպանում, հաշվետվությունների իսկություն.

ե. պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, տեսաֆիլմերով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով (այդ թվում՝ էլեկտրոնային) և նյութերով ապահովվածություն.

զ. լիազոր մարմնի, տարածքային կառավարման մարմնի կամ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների, հրամանների, հրահանգների, հանձնարարականների կատարման շրջաբերականների կատարում.

է. ղեկավար և մանկավարժական աշխատողների ընտրության, հավաստագրման, նշանակման, վերապատրաստման, ատեստավորման, տարակարգի ներկայացման և շնորհման գործընթացների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանություն.

ը. կրթության որակի ապահովմանն ուղղված ուսումնական հաստատությունների կանոնադրական պահանջների կատարում, ուսումնական հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացում․

թ. ուսումնական հաստատության կամ մանկավարժական աշխատողի կողմից դասապրոցեսի ապահովում.

ժ. hաշմանդամություն ունեցող սովորողների (սաների) կրթության մատչելիությունը խթանող միջոցառումների և խելամիտ հարմարեցումների ապահովում.

ժա. ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի լիազորությունների կատարում.

ժբ. պետական, տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած կամ դրանց ենթակայությամբ գործող՝ կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանման կամ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարտականությունների կատարում.

ժգ. բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման համապատասխան կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների նկատմամբ վերահսկողություն:

2) կրթության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման վերաբերյալ առաջարկությունների, միջնորդագրերի ներկայացումը կամ եզրակացություններ տալը.

3) կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, ուսումնական հաստատություններին իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկումը, իրավական, մասնագիտական, մեթոդական աջակցության ապահովումը և կանխարգելիչ գործունեությունը.

4) կրթական ծրագրի կամ նախադպրոցական կրթական ծառայության իրականացման լիցենզիայի առկայության, լիցենզիայի պայմանների և պահանջների, լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացումը.

5) վերահսկողության արդյունքում բացահայտված խախտումների և դրանց հետևանքների վերացման աշխատանքներում վերահսկվող սուբյեկտներին մեթոդական աջակցության տրամադրումը.

6) կրթության որակի և չափորոշիչների, կրթական գործընթացի արդյունավետության, բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը լիազոր մարմնին.

7) ուսումնական հաստատությունների կրթական ծառայությունների արդյունավետության (այդ թվում՝ սովորողների կողմից հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացում) գնահատումը, գործունեության վերլուծությունը, զարգացմանը նպաստող առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև դրանց իրականացման վերահսկումը.

8) վերահսկողության արդյունքների հիման վրա հաշվետվությունների, միջնորդագրերի, հանձնարարականների, ակտերի, եզրակացությունների, տեղեկանքների, արձանագրությունների, զեկուցագրերի, զեկույցների, վերլուծությունների, ամփոփագրերի և այլ փաստաթղթերի կազմումը.

9) պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի պահանջների խախտման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով հավակնորդի կողմից ներկայացված գրավոր բողոքի ուսումնասիրությունը և դրա արդյունքներով լիազոր մարմնին եզրակացության տրամադրումը.

10) օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 6. Կրթության բնագավառի վերահսկողության ձևերը

  1. 1. Կրթության բնագավառում վերահսկողությունն իրականացվում է ստուգման, տեսչավորման, դիտարկման և օրենքով սահմանված այլ ձևերի միջոցով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողության ձևերի հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:

 

Հոդված 7.     Ստուգման իրականացումը

  1. Ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:

 

  Հոդված 8.   Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ստուգման իրականացումը

  1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ, ինչպես նաև Լիազոր մարմնի կամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկությունների հիման վրա՝

1) լիազոր մարմնի, տարածքային կառավարման մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ուսումնական հաստատություններին տված հանձնարարականների, շրջաբերականների, ցուցումների օրինականությունը պարզելու նպատակով.

2) տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումների գործունեության՝ կրթության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով:

 

Հոդված 9.     Տեսչավորման իրականացումը

  1. Տեսչավորումն իրականացվում է տեսչավորման տարեկան ծրագրին (այսուհետև՝ Ծրագիր) համապատասխան, որը տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագրի մաս է:
  2. Ծրագիրը կազմվում է՝ հիմք ընդունելով տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագրում նախատեսված առաջնահերթությունները և կրթության բնագավառում առկա ռիսկերը:
  3. Ծրագիրը ներառում է տեսչավորման ենթակա ուսումնական հաստատության լրիվ անվանումը, հասցեն և յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում անցկացված վերջին տեսչավորման ավարտի ամսաթիվը:
  4. Ծրագրում փոփոխությունները կատարվում են տեսչական մարմնի կառավարման խորհրդի համաձայնությամբ:
  5. Ծրագիրը և դրանում կատարված փոփոխությունները տեղադրվում են տեսչական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հաստատումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
  6. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը տեսչական մարմնի ինտերնետային կայքում տեղադրվում, ինչպես նաև լիազոր մարմնին և Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին (այսուհետև՝ Գրասենյակ) է տրամադրվում տեսչական մարմնի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված տեսչավորումների վերաբերյալ հաշվետվությունը, որի ձևը հաստատում է Գրասենյակի ղեկավարը:
  7. Տեսչավորման ընթացքում կարող են կիրառվել ձևաթղթեր, որոնք հաստատվում են Տեսչական մարմնի և կրթության բնագավառի լիազոր մարմնի համատեղ հրամանով՝ հաշվի առնելով տվյալ կրթական ծրագրի առանձնահատկությունները:
  8. Ձևաթղթերը պարունակում են ուսումնական հաստատության կրթական գործընթացի գնահատման համար անհրաժեշտ հարցեր:
  9. Տեսչավորումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են տեսչական մարմնի անվանումը, ուսումնական հաստատության լրիվ անվանումը, տեսչավորում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տեսչավորմանը ներգրավված մասնագետների անունը, ազգանունը, տեսչավորման ձևաթղթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեսչավորման ընթացքում, տեսչավորման ժամկետը, իրավական հիմքերը:
  10. Տեսչավորման իրականացմանը Կառավարության սահմանած կարգով կարող են ներգրավվել նաև մասնագետներ: Մասնագետների վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեսչական մարմնի տարեկան բյուջեի միջոցների հաշվին՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափով:
  11. Տեսչավորման իրականացման հրամանը կամ հանձնարարագիրը նախքան տեսչավորում սկսելը ներկայացվում է ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տեսչավորման ենթակա հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ տեսչավորման վայրում չգտնվելու կամ տեսչավորում իրականացնելու վերաբերյալ հրամանը կամ հանձնարարագիրը ստորագրությամբ ստանալու փաստը չհավաստելու դեպքում տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձն այդ մասին նշում է կատարում հրամանում կամ հանձնարարագրում։ Տեսչավորման ենթակա հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ տեսչավորման վայրում չգտնվելը կամ տեսչավորում իրականացնելու վերաբերյալ հրամանը կամ հանձնարարագիրը ստորագրությամբ այն ստանալու փաստը չհավաստելը արգելք չէ տվյալ պահին տեսչավորումը իրականացնելու համար:
  12. Տեսչավորման առավելագույն ժամկետը 15 անընդմեջ աշխատանքային օր է: Տեսչավորումը սկսված է համարվում սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու պահից:
  13. Տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ տեսչավորում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր տված պաշտոնատար անձի որոշմամբ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օրով:
  14. Տեսչավորման ընթացքում կարող են իրականացվել հետևյալ գործողությունները՝
    • գրավոր առաջադրանքների, թեստերի կամ այլ միջոցներով սովորողների գիտելիքների գնահատում,
    • ուսումնական պարապմունքների (դասերի) լսումներ,
    • ուսումնական հաստատությունում բարոյահոգեբանական մթնոլորտի վերլուծության կամ կրթական գործընթացի կազմակերպման առանձին խնդիրների պարզաբանման նպատակով տեսչավորման ընթացքում սովորողների, նրանց ծնողների, կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատության աշխատողների հետ հանդիպումների կամ վերջիններիս շրջանում հարցումների իրականացում,
    • սույն մասի 1-3-րդ կետերով կատարված գործողությունների արդյունքների հիման վրա ուսուցչի (մանկավարժական աշխատողի)՝ տվյալ առարկայի (առարկայական կամ մոդուլային ծրագրերի) դասավանդման բնութագրի կազմում՝ ըստ ձևաթղթերի:
  15. Տեսչավորման ընթացքը կասեցվում է, եթե՝
  • տեսչավորման իրականացումն անհնար է առանց այնպիսի տեղեկության ճշտման կամ ձեռքբերման, որն անհրաժեշտ է տեսչավորման հետագա ընթացքի համար.
  • գործում է անհաղթահարելի ուժ կամ առկա է տեսչավորման իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է տեսչավորման ընթացքին.
  • առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:
  1. Տեսչավորման ընթացքը կասեցվում է տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) հիմնավորված զեկուցագրի հիման վրա տեսչավորում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր տված պաշտոնատար անձի որոշմամբ մինչև այն կասեցնելու հիմք հանդիսացած հանգամանքները վերանալը։ Դրանք վերանալուց հետո տեսչավորում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր տված պաշտոնատար անձի որոշմամբ տեսչավորումը վերսկսվում է:
  2. Տեսչավորման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն, որը ստորագրում են տեսչավորումն իրականացրած տեսչական մարմնի ծառայողները և տեսչավորմանը մասնակցած մասնագետները: Մասնագետի կողմից եզրակացությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում՝ ներկայացնում է հատուկ կարծիք: Եթե մասնագետը ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում տեսչավորման եզրակացության մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է եզրակացությանը, որը հանդիսանում է եզրակացության անբաժանելի մաս:
  3. Տեսչավորման եզրակացությունում նշվում է՝

1) կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը,

2) Տեսչական մարմնի անվանումը,

3) տեսչավորում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարգրի ամսաթիվն ու համարը,

4) տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը,

5) տեսչավորմանը մասնագետների մասնակցության դեպքում՝ նրանց անունը, ազգանունը, (հատուկ կարծիքը՝ առկայության դեպքում )

6) ուսումնական հաստատության անվանումը,

7) ուսումնական հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունը, ազգանունը,

8) տեսչավորման ձևաթղթի անվանումը, հերթական համարը:

  1. Տեսչավորման եզրակացությունը պարունակում է նաև ուսումնական հաստատության ուժեղ և զարգացման ենթակա կողմերի, հայտնաբերված խնդիրների և ռիսկային գործոնների, ուսումնական հաստատությանը ներկայացված առաջարկությունների, ուսումնական հաստատության կրթության որակի ընդհանուր և ըստ բաղադրիչների գնահատականների, ինչպես նաև սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված գործողությունների վերաբերյալ տեղեկություններ:
  2. Տեսչավորման եզրակացությունը կարող է պարունակել նաև այլ տեղեկություններ, որոնք տեսչական մարմնի գնահատմամբ կարող են նշանակություն ունենալ ուսումնական հաստատությունում կրթության որակի բարելավման համար:
  3. Տեսչավորման եզրակացությունը ստորագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին։ Ուսումնական հաստատության ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը եզրակացությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում եզրակացության վերաբերյալ կարող է ներկայացնել առարկություններ կամ դիտարկումներ, որոնք նույնպես կցվում է եզրակացությանը և կազմում դրա անբաժանելի մասը:

 

Հոդված 10. Կրթության բնագավառում դիտարկման իրականացումը

  1. 1. Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են տեսչական մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման նպատակը, ժամկետը, դիտարկման հիմքերը և ուսումնական հաստատության անունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը): Դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը տրվում է տեսչական մարմնի ծառայողի՝ տեսչական մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավորված զեկուցագրի հիման վրա: Զեկուցագիր ներկայացվում է այն դեպքում, երբ տեսչական մարմնի՝ ստացված գրավոր տեղեկությունների, դիմումների կամ բողոքների վերլուծության արդյունքում սովորողների կրթական իրավունքների խախտման վտանգը բարձր է գնահատվում, կամ երբ նույն խնդրի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ գրավոր տեղեկություններ, դիմումներ կամ բողոքներ:
  2. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը նախքան դիտարկում սկսելը ներկայացվում է ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
  3. Յուրաքանչյուր դիտարկվող սուբյեկտում մեկ դիտարկման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան երեք անընդմեջ աշխատանքային օր:
  4. Դիտարկման հրամանում նշված ժամկետն ավարտվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դիտարկում իրականացնող անձը կազմում է տեղեկանք, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկվող ուսումնական հաստատության անունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը), խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ նաև բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել: Տեղեկանքը երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է դիտարկվող ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Դիտարկվող ուսումնական հաստատության ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի ներկայացնելու բացատրություններ և առարկություններ կազմված տեղեկանքի վերաբերյալ:
  5. Դիտարկման արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի կողմից ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կարող են ներկայացվել առաջարկություններ, ինչպես նաև տրվում են հանձնարարականներ (կարգադրագրեր)՝ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ։
  6. Դիտարկման արդյունքները եռօրյա ժամկետում տրամադրվում են Գրասենյակին, ինչպես նաև շահագրգիռ պետական կառավարման, տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:
  7. Դիտարկվող սուբյեկտը տրված հանձնարարականի (կարգադրագրի) կատարման մասին պարտավոր է հանձնարարականի (կարգադրագրի) կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել տեսչական մարմնին:
  8. Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքում պարտադիր տեղադրում է իրականացված դիտարկումների մասին տեղեկատվություն, որը ներառում է դիտարկված ուսումնական հաստատության անունը (անվանումը), հասցեն (գտնվելու վայրը), ինչպես նաև դիտարկման արդյունքները:

 

 Հոդված 11. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ միջնորդագրի ներկայացումը

  1. Տեսչական մարմնի ղեկավարը ուսումնական հաստատության կողմից «Լիցենզավորման մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները կամպայմանները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին` տեսչական մարմնի կողմից իրականացրած վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
  2. Լիազոր մարմինը միջնորդագրին ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 3
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 12.    Տեսչական մարմնի ծառայողների իրավունքները

  1. Տեսչական մարմնի ծառայողն իրավունք ունի՝

1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնել տեսչական վերահսկողություն.

2) ծառայողական պարտականությունների կատարման նպատակով անարգել մուտք գործել վերահսկվող սուբյեկտի՝ լիազոր, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան շենք (տարածք, գրասենյակ, ստորաբաժանումներ և այլ շինություններ).

3) իր իրավասության շրջանակներում ստանալ վերահսկողության նպատակներին առնչվող փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ և այլ տեղեկություններ.

4) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, պատճեններ, քաղվածքներ, իրեր, և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են վերահսկողության նպատակներին և չեն խոչընդոտում վերահսկվող սուբյեկտի բնականոն աշխատանքին:  Փաստաթղթերի կրկնօրինակներ, պատճեններ, քաղվածքներ կամ տեղեկանքներ վերցնելու անհրաժեշտության դեպքում տեսչական մարմնի ծառայողը դրանց կրկնօրինակները և պատճենները ներկայացնում է վերահսկվող սուբյեկտի ղեկավարին կամ փոխարինող պաշտոնատար անձի հաստատմանը:

Իրեր և այլ նյութերի վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է վերահսկվող սուբյեկտի ներկայացուցիչներին: Իրերի և այլ նյութերի վերցնելու դեպքում՝ դրանք վերադարձվում են վերահսկվող սուբյեկտին անհրաժեշտությունը վերանալուց հետո յոթ օրվա ընթացքում.

5) հանձնարարականներ, կարգադրագրեր, կարգադրություններ և ցուցումներ տալու վերհսկվող սուբյեկտներին` տեսչական վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ, դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ.

6) կրթության բնագավառում վերահսկվող սուբյեկտներին տրված լիցենզիաների, պայմանագրերի կամ թույլտվությունների՝ ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ լիազորված մարմիններին ներկայացնելու միջնորդագրեր:

  1. Տեսչական մարմնի ծառայողների համար սույն օրենքով և նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ իրավունքներ:

 

Հոդված 13.   Տեսչական մարմնի ծառայողների պարտականությունները

  1. Տեսչական մարմնի ծառայողն օրենքով սահմանված դեպքում և կարգով իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է՝

1) ապահովել կրթության բնագավառի օրենսդրության պահանջների կատարումը.

2) ապահովել սովորողների կրթական իրավունքների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

3) կրթության բնագավառի օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ.

4) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները` պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու ընթացքում, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

5) ծառայողական պարտականությունները կատարելիս չխոչընդոտել ուսումնական հաստատության բնականոն գործունեությանը:

  1. Տեսչական մարմնի ծառայողի համար սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:
  2. Տեսչական մարմնի ծառայողները պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի, իրերի, փորձանմուշների և այլ անհրաժեշտ նյութերի որակական և քանակական ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար:

 

Հոդված 14.   Վերահսկվող սուբյկետի պաշտոնատար անձանց իրավունքները

  1. Վերահսկվող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

1) ծանոթանալ վերահսկողության իրականացման ընթացքում կազմված ակտերին, տեղեկանքներին, եզրակացություններին և այլ փաստաթղթերին.

2) ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, առարկություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել տեսչական մարմնի ծառայողների գործողությունները.

3) չկատարել տեսչական մարմնի ծառայողների իրավասություններից, ինչպես նաև վերահսկողության նպատակներից չբխող պահանջներ.

4) վերահսկվող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով` վերահսկողության ցանկացած փուլում մասնակից դարձնել մասնագետների կամ փաստաբանների:

 

Հոդված 15.  Վերահսկվող սուբյեկտի պաշտոնատար անձանց պարտականությունները

  1. Վերահսկվող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`

1) պահպանել կրթության բնագավառի օրենսդրության, կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների պահանջները, ապահովել կրթության իրավունքի իրացումը և կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպումը.

2) չխոչընդոտել վերահսկողության իրականացման ընթացքին, կատարել տեսչական մարմնի ծառայողի օրինական պահանջները.

3) տեսչական մարմնի ծառայողի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, բանավոր և գրավոր բացատություններ, տեղեկանքներ, տրամադրել դրանց պատճենները , կրկնօրինակները և այլ տեղեկություններ.

4) անհրաժեշտ պայմաններ ստեղծել տեսչական մարմնի ծառայողների գործունեության համար.

5) սահմանված ժամկետում կատարել տեսչական վերահսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տրված հանձնարարականները (կարգադրագրերը) և ցուցումները` այդ մասին դրանց կատարման համար սահմանված ժամկետում գրավոր տեղեկացնելով Տեսչական մարմնին:

 

Հոդված 16.  Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

  1. Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 17.    Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Կրթության պետական տեսչության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-233-Ն օրենքը:
  3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված` համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին»  1999 թվականի մարտի 4-ի ՀՕ-297 օրենքի 37.1-րդ հոդվածի 2-րդ մասը «վերահսկողությունը» բառից հետո լրացնել «(ստուգման, տեսչավորման և օրենքով սահմանված այլ ձևերով),» բառերով: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    23.02.2024 - 09.03.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1486

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Մանյա Պետրոսյան

26.02.2024

Խրախուսելի նախագիծ է։Վերահսկողությունը կնպաստի կրթության որակի բարձրացմանը

Լուսինե Վրթանեսյան

23.02.2024

Խրախուսելի առաջարկ է։Վերահսկողությունը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։

Մարգարիտ Կարապետյան

23.02.2024

Խրախուսելի նախագիծ է, ամեն դեպքում վերահսկողության առկայությունը կարող է նպաստել կրթության բարելավմանը:

Տեսնել ավելին