Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Դատափորձագիտական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ԴԱՏԱՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունները

  1. Սույն օրենքով կարգավորվում են դատափորձագիտական հաստատությունների և դատական փորձագետների իրավական կարգավիճակը, դատափորձագիտական գործունեության հետ կապված իրավական և կազմակերպչական հարցերը:
  2. Դատափորձագիտական գործունեության մասնավոր առանձնահատ­կությունները կարգավորվում են համապատասխան ոլորտի դատավարական օրենսդրությամբ:

 

Հոդված 2. Դատափորձագիտական գործունեության մասին օրենսդրությունը

  1. 1. Դատափորձագիտական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, քրեական դատավարության օրենսգիրքը, քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, վարչական դատավարության օրենսգիրքը, սույն օրենքը, դատափորձագիտական գործունեության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերը և միջազգային պայմանագրերը, ինչպես նաև փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ միջազգային պայմանագրերը:

 

Հոդված 3. Դատափորձագիտական գործունեության խնդիրները

  1. 1. Դատափորձագիտական գործունեության խնդիրներն են՝ օժանդակել դատական փորձաքննություն նշանակելու իրավասություն ունեցող մարմնին և անձին, օրենքով սահմանված դեպքերում՝ նաև դատավարության այլ մասնակիցներին կոնկրետ գործով ապացուցման ենթակա հանգամանքների վերհանման գործում, ինչպես նաև կազմակերպել դատական փորձաքննության գիտամեթոդական և կադրային ապահովումը:

 

Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) դատափորձագիտական գործունեություն՝ դատավարության սահմաններում իրականացվող գործունեություն, որը բաղկացած է դատական փորձաքննության, գիտատեխնիկական և դատաբժշկական հետազոտությունների կազմակերպումից, իրականացումից և դրանց գիտամեթոդական ապահովումից.

2) դատական փորձաքննություն (փորձաքննություն)՝ ապացուցողական կամ դատավարական գործողություն, որն ընդգրկում է նյութական օբյեկտների, մարդկային օրգանիզմի, երևույթների և գործընթացների հետազոտություն և փորձագետին առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու կամ դրանց պատասխանելու անհնարինության մասին եզրակացության կազմում՝ փորձաքննություն նշանակած մարմնի կամ անձի կողմից առաջադրված հարցերին պատասխանելու նպատակով.

3) գիտատեխնիկական և դատաբժշկական հետազոտություն՝ փորձագետի կողմից վարութային գործողության շրջանակում կամ ինքնուրույն, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի նախաձեռնությամբ, քննվող գործի վերաբերյալ որոշակի փաստերի կամ հանգամանքների բացահայտման և համադրման նպատակով իրականացվող գործունեություն.

4) դատական փորձագետ (փորձագետ)՝ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի, կամ այլ բնագավառի հատուկ գիտելիքներ ունեցող և լիազոր մարմնի կողմից դատական փորձագետի որակավորում ստացած անձ:

5) դատավարական օրենսդրություն՝ համապատասխանաբար քրեադատավարական, քաղաքացիադատավարական կամ վարչադատավարական օրենսդրություն.

6) փորձաքննություն նշանակող անձ կամ մարմին՝ դատավարական օրենսդրությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությամբ օժտված մարմին կամ պաշտոնատար անձ.

7) լիազոր մարմին՝ սույն օրենքին համապատասխան դատափորձագիտական գործունեության ոլորտը կարգավորելու, վերահսկելու, փորձագետներին հավատարմագրելու և որակավորումը ստուգելու, դատական փորձագետների պետական ռեեստր վարելու լիազորություն ստացած պետական մարմին: Լիազոր մարմինը արդարադատության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմինն է.

8) հավատարմագիր՝ լիազոր մարմնի կողմից ֆիզիկական անձին դատափորձագիտական գործունեությամբ զբաղվելու համար տրվող պաշտոնական փաստաթուղթ, որը հավաստում է նրա մասնագիտական ձեռնհասությունը.

9) որակավորման վկայական՝ լիազոր մարմնի կամ պետական դատափորձագիտական հաստատության կողմից կազմակերպվող մասնագիտական որակավորման ստուգման(ատեստավորման) արդյունքում շնորհվող փաստաթուղթ, որը հաստատում է դատական փորձագետի՝ դատական փորձաքննություն իրականացնելու որակավորումը.

10) հատուկ մասնագիտական գիտելիքներ՝ գիտության, տեխնիկայի, արվեստի ու արհեստների բնագավառների (բացի իրավունքի ոլորտից) գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են փորձաքննությանն առաջադրված հարցին պատասխանելու համար.

11) դատական փորձաքննության գիտամեթոդական ապահովում՝ դատափորձագիտական գործունեության ուղղություններից մեկը, որն ընդգրկում է դատական փորձաքննության իրականացման մեթոդական նյութերի, դատական փորձաքննության մեթոդների և եղանակների, դատական փորձաքննության ոլորտում մասնագիտական կրթության և վերապատրաստման ծրագրերի մշակում.

 12) փորձագետի եզրակացություն՝ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ, իրեն առաջադրված, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ պարզաբանման նպատակով հետազոտության հիման վրա կազմվող գրավոր փաստաթուղթ:

 

Հոդված 5. Դատական փորձաքննության նշանակման և իրականացման հիմքերը

  1. Դատական փորձաքննությունը նշանակվում է, եթե քաղաքացիական գործով, քրեական կամ վարչական գործով կամ վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, բժշկության, արվեստի և արհեստի կամ գործունեության այլ ոլորտների հատուկ գիտելիքներ:

 

Հոդված 6. Դատափորձագիտական գործունեության սկզբունքները

  1. Դատափորձագիտական գործունեությունը հիմնվում է օրինականության, փորձագետի անկախության, հետազոտության գիտական հիմնավորվածության, օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության, անձի իրավունքների և ազատությունների ապահովման և փորձագետի մասնագիտական էթիկայի պահպանման սկզբունքների վրա:

 

Հոդված 7. Օրինականության սկզբունքը

  1. Դատական փորձաքննություն, գիտատեխնիկական և դատաբժշկական հետազոտություն իրականացնելիս համապատասխան պետական մարմինները, պաշտոնատար անձինք, իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև փորձագետը և լիազորված մարմինը պարտավոր են անշեղորեն հետևել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության մաս համարվող միջազգային պայմանագրերի պահանջներին:

 

Հոդված 8. Փորձագետի անկախությունը

  1. Դատական փորձագետը չպետք է գտնվի ուղղակի կամ անուղղակի կախվածության մեջ փորձաքննություն նշանակած մարմնից կամ անձից, կողմերից կամ գործով շահագրգռություն ունեցող այլ անձանցից:
  2. Փորձաքննություն նշանակած մարմնի կամ անձի, այլ պետական մարմինների կամ անձանց կողմից փորձագետի նկատմամբ ազդեցություն գործադրելը դատավարության կողմերից որևէ մեկի կամ երրորդ անձանց օգտին եզրակացություն ստանալու նպատակով, արգելվում է:
  3. Դատական փորձագետն ինքնուրույն է հետազոտության եղանակների, մեթոդների և մեթոդիկաների ընտրության հարցում, բացառությամբ եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
  4. Փորձագետի նկատմամբ ազդեցություն գործադրած անձինք ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

 

Հոդված 9. Հետազոտությունների գիտական հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունը

  1. Դատական փորձագետը հետազոտություններն իրականացնում է նյութական օբյեկտների, մարդկային օրգանիզմի, երևույթների և գործընթացների անաչառ, լրիվ և բազմակողմանի գնահատմամբ՝ օգտագործելով գիտության և տեխնիկայի ձեռքբերումները և հետազոտության երաշխավորվող մեթոդները:
  2. Փորձագետի եզրակացությունը պետք է հիմնվի այնպիսի դրույթների վրա, որոնք հնարավորություն են տալիս ստուգել արված հետևությունների գիտական հիմնավորվածությունը և հավաստիությունը:

 

Հոդված 10. Անձի իրավունքների և ազատությունների ապահովումը դատական փորձաքննության, գիտատեխնիկական և դատաբժշկական հետազոտությունների իրականացման ընթացքում

1.Դատական փորձաքննություն, գիտատեխնիկական և դատաբժշկական հետազոտություն անցկացնելիս երաշխավորվում է անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների ապահովումը:

2.Դատական փորձագետի և դատափորձագիտական հաստատության՝ անձի իրավունքները և ազատությունները սահմանափակող գործողությունները կարող են բողոքարկվել դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 11. Դատական փորձագետի կողմից մասնագիտական էթիկայի պահպանումը

1.Դատական փորձագետը պարտավոր է պահպանել մասնագիտական էթիկան, հետևել մասնագիտական վարքագծի և փորձագետների միջև փոխհարաբերությունների կանոններին՝ իր պարտականությունները բարեխիղճ կատարելու նպատակով:

 

Հոդված 12. Հետազոտման օբյեկտները և դրանց առավելագույն պահպանումը

1.Փորձագետի հետազոտման օբյեկտ կարող են լինել իրեղեն ապացույցներ, դիակներ և դրանց մասեր, կենդանի անձինք, փաստաթղթեր, առարկաներ, նմուշներ և այլ նյութեր այն գործից, որի կապակցությամբ նշանակվել է դատական փորձաքննությունը, գիտատեխնիկական կամ դատաբժշկական հետազոտությունը:

  1. 2. Հետազոտման օբյեկտները կարող են վնասվել կամ սպառվել միայն այն չափով, որն անհրաժեշտ է հետազոտման անցկացման համար՝ փորձաքննությունը նշանակած մարմնի կամ անձի թույլտվությամբ: Փորձաքննությունը նշանակած մարմնի կամ անձի թույլտվությամբ հետազոտման օբյեկտների վնասումը կամ ոչնչացումը դատափորձագիտական հաստատության կամ փորձագետի համար դրանց սեփականատերերին վնասի հատուցման պարտականություն չի առաջացնում:
  2. 3. Հետազոտման օբյեկտի՝ դատափորձագիտական հաստատություն տեղափոխման անհնարինության դեպքում դատական փորձաքննությունը նշանակած մարմինը կամ անձը ապահովում են փորձագետի համար նշված օբյեկտի հասանելիությունը և հետազոտման հնարավորությունը:

 

ԳԼՈՒԽ 2. ՓՈՐՁԱԳԵՏԸ

 

Հոդված 13. Փորձագետին ներկայացվող պահանջները

  1. Դատական փորձագետ կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, ով՝

1) ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

2) ունի բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն դատական փորձաքննության համապատասխան ոլորտում և տիրապետում է եզրակացություն տալու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքների գիտության, տեխնիկայի, բժշկության, արհեստի, արվեստի կամ գործունեության այլ բնագավառներում.

3) անցել է ստաժավորում պետական դատափորձագիտական հաստատությունում՝ վեցամսյա ժամկետով, իսկ համապատասխան ոլորտում գիտական աստիճան ունենալու դեպքում՝ եռամսյա ժամկետով.

4) չունի դատվածություն և որի նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում,

5) տիրապետում է հայերենին.

  1. Դատական փորձագետն իր գործունեությունն իրականացնում է պետական կամ ոչ պետական դատափորձագիտական հաստատությունում կամ որպես մասնավոր փորձագետ, եթե օրենքով սահմանված կարգով ստացել է դատափորձագիտական գործունեությամբ զբաղվելու պետական հավատարմագիր և ընդգրկվել է դատական փորձագետների պետական ռեեստրում: Դատական փորձագետ կարող է լինել նաև պետական հավատարմագիր չունեցող անձը, եթե տիրապետում է հատուկ գիտելիքների և դատական փորձաքննություն նշանակող մարմնին կամ անձին է ներկայացնում դատական փորձաքննությունն իրականացնելու նյութատեխնիկական հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ, իր կրթության, մասնագիտացման, փորձագիտական աշխատանքի փորձը հավաստող փաստաթղթեր և ձեռնհասությունը փաստող այլ անհրաժեշտ նյութեր: Ընդ որում, պետական հավատարմագիր չունեցող անձը չի կարող զբաղվել դատափորձագիտական գործունեությամբ՝ որպես պարբերաբար մատուցվող վճարովի ծառայություն, բացառությամբ վարույթ իրականացնող մարմինների կողմից անձին որպես փորձագետ վարույթին ներգրավվելու դեպքերի:
  2. 3. Դատական փորձագետի հավատարմագիր կամ որակավորման վկայական ստանալու համար ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

 

Հոդված 14. Դատական փորձագետի իրավունքները

  1. Դատական փորձագետն իրավունք ունի՝

1) օրենքով սահմանված շրջանակում ծանոթանալ գործի նյութերին և պահանջել եզրակացություն տալու համար անհրաժեշտ լրացուցիչ նյութերի տրամադրում.

2) եզրակացության մեջ մատնանշել գործի համար կարևոր հանգամանքներ, որոնց առնչությամբ իրեն հարցեր չեն առաջադրվել.

3) փորձաքննություն նշանակած մարմնի կամ անձի թույլտվությամբ մասնակցել ապացուցողական, վարութային կամ դատավարական գործողությունների կատարմանը և հարուցել փորձաքննության օբյեկտին վերաբերող միջնորդություններ.

4) միջնորդել նշանակելու հանձնաժողովային կամ համալիր փորձաքննություն և խորհրդակցել մյուս փորձագետների հետ՝ հանձնաժողովային փորձաքննության պարագայում.

5) մասնակցել դատական նիստերին և դատարանի թույլտվությամբ հարցեր տալ դատավարության մասնակիցներին.

6) օրենքով նախատեսված կարգով ստանալ վարձատրություն ոչ աշխատանքային ժամերին կամ փորձագիտական հաստատությունից դուրս փորձաքննություն կատարելու համար, ինչպես նաև ստանալ փորձաքննության անցկացման առնչությամբ կատարված անձնական ծախսերի հատուցում.

7) միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից ձեռք բերել հետազոտության կատարման մեթոդից բխող հանրամատչելի տեղեկատվություն՝ այդ թվում վիճակագրական, համեմատական տվյալներ, պետական մարմինների կողմից տրամադրված տեղեկատվություններ և հավաստիությունը հաստատված հանրամատչելի այլ աղբյուրներից ստացված տվյալներ,

8) սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով հրաժարվել փորձաքննություն կատարելուց.

9) փորձագետն ունի սույն օրենքով, դատավարական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

  1. Դատական փորձագետը կարող է ներգրավվել որպես մասնագետ վարութային որոշ գործողություններում, ինչպես նաև խորհրդատվություն տալ վարույթի հանրային և մասնավոր մասնակիցներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաղաքացիական գործով, քրեական կամ վարչական գործով կամ վարույթով: Միևնույն գործով անձը կարող է ներգրավվել կա՛մ որպես մասնագետ, կա՛մ որպես դատական փորձագետ:
  2. Վարույթի մասնավոր մասնակցի նախաձեռնությամբ փորձագետը կարող է տրամադրել կարծիք՝ քաղաքացիաի­րավական պայմանագրի հիման վրա:
  3. 4. Դատական փորձագետն իրավունք չունի՝

1) վարույթին ներգրավված անձանց հետ հաստատել անձնական կապեր, որոնք կասկածի տակ են դնում նրա անաչառությունը.

2) փորձաքննության կատարման համար ինքնուրույն նյութեր հավաքել բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

3) հաղորդել փորձաքննության արդյունքները որևէ մեկին, բացառությամբ այն նշանակած մարմնի կամ անձի.

4) ոչնչացնել փորձագիտական հետազոտության օբյեկտները կամ էականորեն փոխել դրանց հատկանիշները առանց փորձաքննություն նշանակած մարմնի կամ անձի գրավոր թույլտվության.

 

Հոդված 15. Դատական փորձագետի պարտականությունները

  1. Դատական փորձագետը պարտավոր է՝

1) անցկացնել ամբողջական փորձաքննություն և տրամադրել հիմնավորված, օբյեկտիվ եզրակացություն.

2) անհրաժեշտության դեպքում, փորձաքննությունը նշանակած մարմնի կամ անձի պահանջով պարզաբանումներ տալ իր տրամադրած եզրակացության վերաբերյալ.

3) դատավարական օրենսդրությամբ նախատեսված՝ գործին իր մասնակցությունը բացառող հիմքերի առկայության դեպքում ինքնաբացարկ հայտնել.

4) չհրապարակել տեղեկությունները, որոնք նրան հայտնի են դարձել փորձաքննության անցկացման կապակցությամբ և կարող են վնաս հասցնել անձի սահմանադրական իրավունքներին և ազատություններին կամ կազմում են օրենքով պաշտպանվող գաղտնիք.

5) ապահովել հետազոտվող օբյեկտների և նյութերի առավելագույն պահպանություն.

6) եթե հետազոտության ընթացքում հայտնաբերվում են այնպիսի փաստեր, որոնք առաջացնում են հետազոտության ծավալի էական ընդլայնման կամ այլ տեսակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն, այդ մասին տեղեկացնել փորձաքննություն նշանակած մարմնին կամ անձին.

7) փորձաքննությունն ավարտել սույն օրենքով սահմանված ժամկետում.

8) մասնավոր փորձագետը պարտավոր է հետևել հետազոտությունների համար օգտագործվող սարքերի և սարքավորումների սարքինությանը և անվտանգությանը.

9) փորձագետը կրում է դատավարական օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 

Հոդված 16. Պետական դատափորձագիտական հաստատությունում աշխատող փորձագետի սոցիալական երաշխիքները

  1. Պետական դատափորձագիտական հաստատությունում աշխատող փորձագետն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք:
  2. Պետական դատափորձագիտական հաստատությունում աշխատող փորձագետն օգտվում է նաև հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:
  3. Պետական դատափորձագիտական հաստատությունում աշխատող փորձագետն օգտվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված այլ սոցիալական երաշխիքներից:

 

ԳԼՈՒԽ 3. ԴԱՏԱՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Դատափորձագիտական հաստատությունը

  1. Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական հաստատություններն են՝

1) դատափորձագիտական պետական հաստատությունը, որը գործում է կա΄մ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, կա΄մ որպես պետական մարմնի ստորաբաժանում, որին որպես կանոնադրական գործառույթ թույլատրվում է կազմակերպել դատական փորձաքննություն:

2) ոչ պետական դատափորձագիտական հաստատությունը, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, իրավունք ունի իրականացնել դատափորձագիտական գործունեություն՝ դատական փորձաքննության իրականացման համար նախատեսված պահանջներին համապատասխան: Ոչ պետական դատափորձագիտական հաստատության աշխատակազմում պետք է լինի դատական փորձաքննության տվյալ ոլորտի առնվազն մեկ հավատարմագրված փորձագետ:

 

Հոդված 18. Դատափորձագիտական հաստատության ղեկավարի իրավունքները

  1. Դատափորձագիտական հաստատության ղեկավարն իրավունք ունի՝

1) առանց կատարելու վերադարձնել դատական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, գործի՝ հետազոտման ենթակա նյութերը և առարկաները, եթե իր կողմից ղեկավարվող հաստատությունում բացակայում են համապատասխան մասնագետները, անհրաժեշտ նյութատեխնիկական բազան կամ հետազոտությունների համար անհրաժեշտ հատուկ պայմանները.

2) միջնորդել փորձաքննությունը նշանակած անձին կամ մարմնին՝ փորձագետների հանձնաժողովում ընդգրկելու անձանց, որոնք չեն աշխատում տվյալ հաստատությունում, բայց որոնց հատուկ գիտելիքներն անհրաժեշտ են եզրակացություն տալու համար.

3) փորձագետին վերադարձնել նրա ներկայացրած եզրակացությունը, եթե այն ոչ լրիվ է կամ դրանում արված հետևությունները հստակ չեն:

  1. Դատափորձագիտական հաստատության ղեկավարն իրավունք չունի փորձագետին տալ ցուցումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ հետազոտությունների ընթացքի կամ փորձաքննության վերաբերյալ հետևությունների բովանդակության վրա:

 

Հոդված 19. Դատափորձագիտական հաստատության ղեկավարի պարտականությունները

  1. Դատափորձագիտական հաստատության ղեկավարը պարտավոր է՝

1) հաստատել ներքին իրավական ակտերը.

2) դատական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը ստանալով՝ դրա անցկացումը հանձնարարել կոնկրետ փորձագետի (հանձնաժողովի), որը տիրապետում է փորձագետին (հանձնաժողովին) առաջադրված հարցերին պատասխանելու համար հատուկ գիտելիքների անհրաժեշտ պաշարի.

3) սահմանել փորձաքննություն կատարելու ժամկետ և հսկողություն իրականացնել փորձաքննությունն այդ ժամկետում ավարտելու նկատմամբ.

4) ապահովել փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ պայմանները.

5) փորձաքննության ավարտից հետո փորձագետի (հանձնաժողովի) եզրակացությունը, հետազոտման առարկաները և գործի նյութերն ուղարկել փորձաքննություն նշանակած մարմնին կամ անձին:

 

ԳԼՈՒԽ 4. ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 20. Դատական փորձաքննության նշանակումը

1.Դատական փորձաքննությունը նշանակվում է դատավարական օրենսդրությամբ փորձաքննություն նշանակելու իրավասություն ունեցող մարմնի կամ անձի կողմից սեփական նախաձեռնությամբ կամ վարույթին ներգրավված անձանց միջնորդությամբ՝ դատավարական օրենսդրությանը և սույն օրենքին համապատասխան:

2.Փորձաքննություն նշանակելու պարտադիր դեպքերը սահմանվում են դատավարական օրենսդրությամբ: Մնացած դեպքերում փորձաքննությունը նշանակվում է, երբ գործի համար նշանակություն ունեցող փաստական տվյալը հնարավոր է պարզել հատուկ մասնագիտական գիտելիքների կիրառմամբ:

 

Հոդված 21. Փորձաքննություն նշանակելու մասին որոշումը

  1. Փորձաքննություն նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի՝

1) փորձաքննություն նշանակելու ամսաթիվը.

2) փորձաքննություն նշանակած անձի անունը, ազգանունը, պաշտոնը կամ փորձաքննություն նշանակած մարմնի անվանումը.

3) այն դատափորձագիտական հաստատության անվանումը կամ այն մասնավոր փորձագետի անունը, ազգանունը, որին հանձնարարվում է փորձաքննության անցկացումը.

4) փորձաքննություն նշանակելու հիմքերը.

5) փորձագետին առաջադրված հարցերը.

6) փորձագետին հետազոտման համար տրամադրվող առարկաների և նյութերի ցանկը.

7) փորձագիտական հետազոտությանը որևէ անձի ներկա գտնվելու իրավունքը.

8) անհրաժեշտության դեպքում նշումներ հետազոտման առարկաների հետ վարվելու հատուկ պայմանների մասին, ինչպես նաև դատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ հանգամանքներ:

  1. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու դեպքում որոշման մեջ պետք է մատնանշվեն նման փորձաքննություն նշանակելու հիմքերը:
  2. Փորձագիտական կարծիք ստանալու նպատակով վարույթի մասնավոր մասնակցի նախաձեռնությամբ գիտատեխնիկական կամ դատաբժշկական հետազոտություն իրականացնելու պայմանագիրը նույնպես պետք է պարունակի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները՝ համապատասխան փոփոխություններով:
  3. Փորձագետին բացի անմիջականորեն հետազոտման ենթակա օբյեկտներից տրամադրվում են նաև իրեղեն ապացույցներից յուրաքանչյուրի զննության արձանագրության պատճեն, նախորդ նույնատեսակ փորձաքննությունների (եթե այդպիսիք անցկացվել են) արդյունքների գնահատումը բովանդակող փաստաթուղթը:

 

Հոդված 22. Փորձաքննությանը, գիտատեխնիկական կամ դատաբժշկական հետազոտությանը նախորդող գործողությունների կազմակերպումը

  1. 1. Դատափորձագիտական հաստատությունը կամ դատափորձագիտական հաստատության աշխատող չհանդիսացող փորձագետը պատասխանատու է դատական փորձաքննության կատարումը պատշաճ կազմակերպելու, դրա գիտամեթոդական անհրաժեշտ մակարդակն ապահովելու և այն սահմանված ժամկետներում կատարելու համար:
  2. Դատափորձագիտական հաստատության ղեկավարը հանձնարարում է փորձաքննության, գիտատեխնիկական կամ դատաբժշկական հետազոտության իրականացումը մեկ կամ մի քանի փորձագետների: Եթե փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ մատնանշված է կոնկրետ փորձագետ, ապա դատափորձագիտական հաստատության ղեկավարն ապահովում է հենց այդ փորձագետի ներգրավումը:
  3. Եթե առաջանում է մեկ այլ դատափորձագիտական հաստատության կամ դատափորձագիտական հաստատության աշխատող չհանդիսացող փորձագետների ներգրավման անհրաժեշտություն, դատափորձագիտական հաստատության ղեկավարը փորձաքննություն նշանակած մարմնից կամ անձից թույտվություն է ստանում այդպիսի փորձագետների ներգրավման և նրանց վարձատրության համար:
  4. Դատափորձագիտական հաստատության ղեկավարը կազմակերպում է սահմանված ժամկետում փորձաքննության կատարումը, սակայն իրավունք չունի փորձագետին տալ հանձնարարություններ, որոնք կանխորոշում են հետազոտությունների ընթացքը և հետևությունների բովանդակությունը:
  5. Դատափորձագիտական հաստատության այն աշխատողները, ովքեր առնչվում են փորձաքննության կատարումը կազմակերպելուն, իրավունք չունեն առանց փորձաքննություն նշանակած մարմնի կամ անձի համաձայնության հրապարակել գործի տվյալների կամ փորձաքննության արդյունքների վերաբերյալ որևէ տեղեկություն: Նման տեղեկությունը տարածելու կամ դրա տարածումը չկանխելու համար այդ աշխատողները ենթակա են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:
  6. Փորձաքննության կատարումը երկու կամ ավելի դատափորձագիտական հաստատության կամ դատափորձագիտական հաստատության աշխատող չհանդիսացող անձանց հանձնարարված լինելու դեպքում նյութերը հետազոտվում և պահվում են փորձաքննության կատարումը համակարգողի մոտ, իսկ դրանց փոխանցման անհրաժեշտության դեպքում համակարգողը վարում է նյութերի փոխանցման հաշվառման թերթիկ, որը պահվում է արխիվային վարույթում: Նյութերի յուրաքանչյուր փոխանցում կոնկրետ ժամանակի նշումով, գրանցվում է այդ թերթիկում և վավերացվում ստացող փորձագետի ստորագրությամբ:
  7. Փորձագետը փորձաքննության կատարումը սկսում է համապատասխան գրավոր հանձնարարության առկայության դեպքում՝ ներկայացված բոլոր նյութերը ստանալուց հետո:
  8. Փորձաքննության կատարման համար ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում օրենսդրության պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում փորձագետը պարտավոր է դադարեցնել փորձաքննության կատարումը և այդ մասին անհապաղ տեղեկացնել վերադասության կարգով:
  9. Եթե փորձաքննություն նշանակած մարմնի կամ անձի ներկայացուցչի և դատափորձագիտական հաստատության միջև կնքված պայմանագրի հիման վրա փորձաքննությունը կատարվում է դատափորձագիտական հաստատությունից դուրս, ապա փորձագետն իրականացնում է նաև փորձաքննության կատարումը կազմակերպելու անհրաժեշտ գործառույթներ և փորձաքննությունն ավարտելուց հետո ստորագրում և փորձաքննություն նշանակած մարմնին կամ անձին է հանձնում կամ առաքում փորձագետի եզրակացությունը, իսկ արխիվային վարույթը հանձնում է դատափորձագիտական հաստատությանը:

 

 

ԳԼՈՒԽ 5. ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ և ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված 23. Դատական փորձաքննությունների դասակարգումը

1.Դատական փորձաքննությունների տեսակներն են՝ միանձնյա, հանձնաժողովային, համալիր, լրացուցիչ և կրկնակի:

 

Հոդված 24. Միանձնյա փորձաքննություն

1.Միանձնյա փորձաքննությունը կոնկրետ գործով մեկ փորձագետի կողմից իրականացվող հետազոտությունն է, որն ավարտվում է փորձագետի հետևությունները բովանդակող եզրակացություն կազմելով:

 

Հոդված 25. Հանձնաժողովային փորձաքննություն

1.Հանձնաժողովային փորձաքննությունը կատարվում է նույն բնագավառում հատուկ գիտելիքներ և հմտություններ ունեցող մի քանի փորձագետի կողմից:

 

Հոդված 26. Համալիր փորձաքննություն

  1. Համալիր փորձաքննությունն իրականացվում է այն դեպքում, երբ փաստերի և հանգամանքների պարզումը հնարավոր է միայն տարբեր բնագավառներում հատուկ գիտելիքների և հմտությունների կամ հետազոտության տարբեր բնագավառների մեթոդիկաների միաժամանակյա կիրառմամբ:
  2. Համալիր փորձաքննության ընթացքում փորձագետներից յուրաքանչյուրը հետազոտություններ է իրականացնում իր մասնագիտացման շրջանակում և մասնակցում է միայն այն հարցերի պատասխանների ձևակերպմանը, որոնք պահանջում են հատուկ գիտելիքներ իր գործունեության ոլորտում:
  3. Եզրակացություն կազմելիս մատնանշվում է թե ինչպիսի հետազոտություններ և ինչ ծավալով է իրականացրել փորձագետներից յուրաքանչյուրը և ով է մասնակցել առաջադրված հարցերի պատասխանների ձևակերպմանը:
  4. Համալիր փորձաքննության կազմակերպումն իրականացնում է գիտահետազոտական հաստատության ղեկավարը կամ փորձագիտական խմբի անդամներից որևէ մեկը:

 

Հոդված 27. Լրացուցիչ և կրկնակի փորձաքննություն

1 Լրացուցիչ փորձաքննություն նշանակվում է համապատասխան դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով, որի կատարումը հանձնարավում է նույն կամ մեկ այլ փորձագետի:

  1. Կրկնակի փորձաքննություն նշանակվում է համապատասխան դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի կամ փորձագետների խմբի:
  2. Նախնական փորձաքննությունը կատարած փորձագետը փորձաքննությունը նշանակած մարմնի կամ անձի համաձայնությամբ կարող է ներկա լինել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության կատարմանը և տալ պարզաբանումներ, սակայն կրկնակի փորձաքննության դեպքում հետազոտական գործողությունների կատարմանը և եզրակացության ձևավորմանը նա չի մասնակցում:
  3. Եթե նախնական և կրկնակի փորձաքննությունների արդյունքները չեն համընկնում, կրկնակի փորձաքննություն կատարած փորձագետն իր եզրակացությունում մատնանշում է նման հակասության պատճառները:
  4. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձագետին կամ հանձնաժողովին տրամադրվում է նախորդ փորձաքննության եզրակացությունը կամ փորձաքննության անհնարինության մասին որոշումը, ինչպես նաև փորձաքննությունը նշանակած մարմնի կամ անձի տրամադրության տակ գտնվող լրացուցիչ նյութերը:

 

Հոդված 28. Փորձաքննության կատարումից հրաժարվելու հիմքերը

1.Դատական փորձագետն իրավասու է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե`

1) չի պահպանվել փորձաքննության կատարման դատավարական ընթացակարգը, այն դեպքում, երբ դա խոչընդոտում է փորձաքննության կատարմանը կամ կատարումը դարձնում է անհնար.

2) հետազոտության օբյեկտները պիտանի չեն հետազոտման համար.

3) չի պահպանվել փորձաքննությանը տրամադրված նյութերի ներկայացման կարգը, այդ մասին հաղորդվել է փորձաքննություն նշանակած անձին կամ մարմնին, և վերջինս 30 օրվա ընթացքում չի վերացրել թերությունները.

4) առաջադրված հարցի պարզաբանման համար հատուկ մասնագիտական գիտելիքներ չեն պահանջվում կամ առաջադրված հարցը դուրս է փորձագետի մասնագիտական գիտելիքների շրջանակից.

5) տվյալ տեսակի փորձաքննությունն այդ հաստատությունում չի կատարվում.

6) համապատասխան փորձագիտական մասնագիտական որակավորում ունեցող բոլոր փորձագետներն օրենսդրությամբ սահմանված հիմքերով չեն կարող կատարել փորձաքննություն.

7) հաստատությունը չունի սարքին վիճակում գտնվող սարքավորումներ կամ անհրաժեշտ նյութեր, որպիսիք անհրաժեշտ են տվյալ փորձաքննությունը կատարելու համար.

8) ծառայությունների համար վճարումը շարունակաբար չի կատարվում:

  1. Փորձաքննության կատարման համար ստացված նյութերը վերադարձվում են փորձաքննություն նշանակած անձին կամ մարմնին՝ համապատասխան հաստատության ղեկավար անձի գրությամբ:

 

Հոդված 29. Փորձաքննությանն առաջադրված հարցի պարզաբանման անհնարինությունը

1.Փորձաքննությանն առաջադրված հարցը պարզաբանելու անհնարինության հիմք կարող է լինել՝

1) հարցի պարզաբանումը դուրս է փորձագետի հատուկ մասնագիտական գիտելիքների շրջանակից.

2) 30 օրվա ընթացքում չի ստացվել եզրակացություն տալու համար անհրաժեշտ լրացուցիչ նյութեր կամ տվյալներ կամ հետազոտման օբյեկտի ոչնչացման կամ դրա վիճակի էական փոփոխման միջոցով հետազոտություն կատարելու մասին փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի հանձնարարությունը ստանալուն ուղղված փորձաքննության միջնորդության պատասխանը.

3) փորձաքննություն նշանակած անձը կամ մարմինն անհամաձայնություն է հայտնել հետազոտման օբյեկտի ոչնչացման կամ դրա ելակետային վիճակի էական փոփոխման միջոցով հետազոտություն կատարելուն, և չկան առաջադրված հարցի կապակցությամբ փորձագիտական հետազոտություն կատարելու այլ հնարավորություններ.

 

Հոդված 30. Փորձաքննության կատարմանը մասնակից ներգրավված անձանց իրավունքներն ու պարտականությունները

1.Փորձաքննության կատարմանը մասնակից ներգրավված անձն իրավունք ունի՝

1) մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը.

 2) բացարկ հայտնել փորձագետին.

3) միջնորդել, որ իր մատնանշած անձը նշանակվի փորձագետ` հիմնավորելով այդ անձի ձեռնահասությունը.

4) փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր.

5) փորձագետի համաձայնությամբ ներկա գտնվել փորձաքննության կատարմանը.

6) բացատրություններ տալ փորձագետին.

7) փորձագետի եզրակացությունը փորձաքննություն նշանակած անձին կամ մարմնին ուղարկելուց հետո 10 օրվա ընթացքում ստանալ դրա պատճենը.

8) միջնորդել, որ կատարվի փորձագետի հարցաքննություն կամ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն.

9) մասնակցել իր միջնորդությամբ կատարվող փորձագետի հարցաքննությանը:

  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքներից օգտվում է նաև այն անձը, ում նկատմամբ պետք է լուծվի բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը, եթե դա թույլ է տալիս նրա հոգեկան վիճակը:

 

Հոդված 31. Դատական փորձաքննությանը ներկա գտնվող անձինք, նրանց իրավունքներն ու պարտականությունները

  1. Դատական փորձաքննությանը կարող են ներկա գտնվել՝

1) փորձաքննություն նշանակած անձը կամ մարմնի ներկայացուցիչը.

2) դատափորձագիտական հաստատության՝ փորձաքննության կատարումը կազմակերպելու լիազորություն ունեցող աշխատողը, եթե փորձաքննության կատարման կազմակերպումը հանձնարարված է այդ հաստատությանը.

3) դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը, ում իրավունք է վերապահված ներկա գտնվելու փորձագիտական հետազոտությանը կամ դրա որոշակի մասին:

  1. 2. Եթե դատավարության մասնակցին, նրա ներկայացուցչին իրավունք է վերապահվել ներկա գտնվելու փորձաքննության կատարմանը, ապա փորձագետը, իսկ հանձնաժողովային փորձաքննության դեպքում՝ փորձաքննության կատարումը համակարգող փորձագետը, փորձաքննության կատարումը ստանձնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, ներկայացնելով փորձագիտական հետազոտության ժամանակացույցը, միջնորդում է փորձաքննություն նշանակած անձին կամ մարմնին՝ ապահովելու նրանց ներկայությունը:
  2. 3. Դատավարության մասնակցի և նրա ներկայացուցչի ներկայությունը փորձագիտական հաստատությունն ապահովում և կազմակերպում է փորձաքննություն նշանակած անձը կամ մարմինը՝ համաձայնեցնելով փորձագետի, իսկ հանձնաժողովային փորձաքննության դեպքում՝ փորձաքննության կատարումը համակարգող փորձագետի հետ:
  3. 4. Դատավարության մասնակցի և նրա ներկայացուցչի չներկայանալը փորձագիտական հետազոտության ժամանակացույցով նախատեսված ժամկետում փորձագիտական հետազոտության կատարումը հետաձգելու հիմք չէ:
  4. 5. Դատավարության մասնակիցը և նրա ներկայացուցիչը փորձագիտական հետազոտությանը ներկա գտնվելու ընթացքում՝

1) պարտավոր են քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորել փորձագիտական գործունեության սուբյեկտների նկատմամբ և պահպանել փորձագիտական հետազոտության կատարման վայրի ներքին կանոնակարգի պահանջները.

2) իրավունք ունեն պարզաբանումներ տալու փորձաքննության առարկայի վերաբերյալ և փորձագետից պարզաբանումներ ստանալու կատարվող հետազոտության ընթացքի վերաբերյալ:

  1. 6. Դատավարության մասնակցի և նրա ներկայացուցչի՝ փորձագիտական հետազոտությանը ներկա գտնվելու ընթացքի վերաբերյալ արձանագրություն կազմվում է, եթե դա անհրաժեշտ է համարում փորձագետը, փորձաքննություն նշանակած անձը կամ մարմնի ներկայացուցիչը, դատավարության մասնակիցը կամ դրա ներկայացուցիչը: Արձանագրությունը պահվում է արխիվային վարույթում:

 

Հոդված 32. Փորձաքննության անցկացման տեղն ու պայմանները

1.Դատական փորձաքննությունն անցկացվում է դատափորձագիտական հաստատությունում կամ դրանից դուրս:

2.Կենդանի անձանց դատական փորձաքննությունը կարող է անցկացվել ինչպես բժշկական հաստատությունում, այնպես էլ այդ հաստատությունից դուրս:

 

 Հոդված 33. Փորձագետի միջնորդությունը

  1. Փորձաքննության կատարման համար ստացված նյութերի ուսումնասիրությունից հետո, ինչպես նաև փորձագիտական հետազոտության ընթացքում անհրաժեշտություն առաջանալու դեպքում փորձագետը համապաստասխան դատավարական օրենսդրությամբ սահմնված կարգով ներկայացնում է գրավոր դիմում կամ միջնորդություն՝

1) եզրակացություն տալու համար անհրաժեշտ լրացուցիչ նյութեր կամ տվյալներ տրամադրելու մասին.

2) հետազոտության օբյեկտների ոչնչացման կամ դրանց վիճակի էական փոփոխման միջոցով հետազոտություն կատարելու համար փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի համաձայնությունը ստանալու մասին.

3) փորձաքննության կատարումը կազմակերպելուն ուղղված գործողություններ կատարելու մասին.

4) փորձաքննության կատարման ժամկետը երկարաձգելու մասին, եթե փորձաքննություն նշանակելու որոշմամբ սահմանված է դատավարական հստակ ժամկետ.

  1. Միջնորդության մեջ պետք է նշվի՝

1) միջնորդությունը հարուցելու օրը, ամիսը, տարեթիվը.

2) փորձաքննության հերթական համարը.

3) փորձագետի անունը, ազգանունը, պաշտոնը.

4) գործի համարը.

5) փորձաքննություն կատարելու առաջադրանքը, երբ և ում կողմից է կազմվել, երբ է ստացվել.

6) միջնորդություն հարուցելու հիմքը, միջնորդության բովանդակությունը.

7) փորձագետի ստորագրությունը:

 

Հոդված 34. Փորձաքննության կատարումն ավարտելը

  1. Փորձաքննության կատարումն ավարտվում է, երբ`

1) կազմվում է փորձագետի եզրակացությունը, ավարտվում, ստորագրվում և ձևակերպվում են դրա հավելվածները.

2) փորձաքննության արդյունքները զեկուցվում են վերադասության կարգով, այն դեպքում, երբ փորձաքննության կատարումը կազմակերպում է դատափորձագիտական հաստատությունում.

3) փորձագետի եզրակացությունը` կից հավելվածներով հանդերձ վերադարձման ենթակա նյութերը փաթեթավորվում և կնքվում են.

4) փորձագետի եզրակացությունը` կից հավելվածներով հանդերձ վերադարձման ենթակա նյութերը փորձաքննություն նշանակած անձին կամ նրա ներկայացուցչին են հանձնվում կամ առաքվում:

  1. Եթե փորձաքննության կատարումը կազմակերպում է դատափորձագիտական հաստատությունը, ապա փորձաքննությունն ավարտելու օրը նյութերը հանձնվում են հաստատության առաքման համար պատասխանատու անձին:

 

Հոդված 35. Նյութերի հանձնումը

  1. Փորձաքննության կատարման համար, ինչպես նաև փորձաքննության ավարտից հետո համապատասխան նյութերը հանձնվում են առձեռն կամ պատշաճ ձևով առաքվում:
  2. Առաքումը համարվում է պատշաճ, եթե իրականացվում է լիազոր ներկայացուցչի միջոցով կամ փոստով: Եթե փորձաքննության կատարումը կազմակերպում է դատափորձագիտական հաստատությունը, ապա փորձաքննությունն ավարտելուց հետո փորձագետի կողմից նյութերի հանձնումն այդ հաստատության առաքման համար պատասխանատու անձը պատշաճ առաքում է` փորձագետի պարտականության կատարման առումով:
  3. Դատափորձագիտական հաստատության առաքման համար պատասխանատու անձը նյութերը ստանալու կամ դրան հաջորդող օրը դրանք հանձնում կամ առաքում է փորձաքննության նշանակած անձին կամ մարմնին, եթե այլ բան սահմանված չէ պայմանագրով: Սույն դրույթով ղեկավարվում է նաև դատափորձագիտական հաստատության աշխատող չհանդիսացող փորձագետը փորձաքննության կատարումն ավարտելուց հետո:
  4. Եթե օբյեկտներից թեկուզև մեկի առանձնահատկություններից ելնելով, փոստով նյութերի առաքումը հնարավոր չէ, ապա այդ մասին իրազեկվում է փորձաքննության նշանակած անձը կամ մարմինը: Վերջինիս կողմից մեկ ամսվա ընթացքում նյութերը չստանալու դեպքում, նյութերի այն մասը, որը հնարավոր է առաքել փոստով, առաքվում են փորձաքննություն նշանակած անձին կամ մարմնին, իսկ մնացած մասը ոչնչացվում:
  5. Առձեռն հանձնման դեպքում`

1) ֆիզիկական անձին հասցեագրված առաքման փաթեթը հանձնվում է անմիջապես նրան կամ նրա կողմից լիազորված անձին.

2) օրենքով սահմանված կարգով սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձին հասցեագրված առաքման փաթեթը հանձնվում է նրա օրինական ներկայացուցչին կամ օրինական ներկայացուցչի կողմից լիազորված անձին.

3) իրավաբանական անձին, դրա ստորաբաժանմանը կամ հիմնարկին հասցեագրված առաքման փաթեթը հանձնվում է դրանց ղեկավարին կամ գրագրությունն ընդունելու իրավասություն ունեցող անձին կամ այն պաշտոնատար անձին, որի անունը որպես հասցեատեր նշված է առաքման փաթեթի վրա:

  1. Առաքումը փոստով տեղի է ունենում փոստային կապի ազգային օպերատորի միջոցով, բացառությամբ գաղտնիության աստիճան ունեցող փաստաթղթերի, վերջինիս գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված կանոններին համապատասխան: Փոստային կապի ազգային օպերատորից զատ այլ օպերատորի միջոցով առաքումը կատարելու դեպքում փաթեթը հասցեատեր հանդիսացող անձին չհանձնելու, հասցեատեր հանդիսացող անձին ուշ հանձնելու, փաթեթի վնասվելու հետևանքների պատասխանատվությունը կրում է առաքողը:
  2. Փոստային կապի ազգային օպերատորը փաթեթն առաքման համար ընդունելուց հետո պատասխանատվություն է կրում փաթեթը հասցեատեր չհանդիսացող անձին հանձնելու, հասցեատեր անձին ուշ հանձնելու կամ իր գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված կանոնների այլ խախտմամբ ուղարկողին, հասցեատիրոջը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար:

 

ԳԼՈՒԽ 6. ԴԱՏԱՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 36. Արխիվային վարույթ

1.Դատափորձագիտական հաստատությունը և այդպիսի հաստատության աշխատող չհանդիասացող փորձագետը յուրաքանչյուր փորձաքննության կապակցությամբ կազմում են արխիվային վարույթ, որում պահվում են՝

1) փորձագետի եզրակացության օրինակը, ներառյալ դրա բոլոր հավելվածները.

2) փորձաքննություն կատարելու առաջադրանքը.

3) փորձագետի միջնորդություններն՝ ուղղված փորձաքննություն նշանակած անձին և դրանց պատասխանները.

4) փորձաքննության կատարմանը և կատարումը կազմակերպելուն առնչվող այլ փաստաթղթեր.

5) փորձագիտական հետազոտության ընթացքը բնութագրող նյութեր, որոնք չեն կցվել փորձագետի եզրակացությանը.

6) այլ փաստաթղթեր, նյութեր, նմուշներ որոնք առնչվում են տվյալ փորձաքննությանը:

  1. Արխիվային վարույթը դատափորձագիտական հաստատությունում, ինչպես նաև դատափորձագիտական հաստատության աշխատող չհանդիսացող փորձագետի մոտ պահելու նվազագույն ժամկետը 5 տարի է՝ այդ փաստաթուղթը կազմելու պահից:
  2. Թղթային կրիչից զատ այլ կրիչների վրա արխիվային վարույթը պահելու, ինչպես նաև դատափորձագիտական հաստատությունում և դատափորձագիտական հաստատության աշխատող չհանդիսացող փորձագետի մոտ արխիվային վարույթը պահելու անհրաժեշտությունը վերանալուց հետո այն պահպանելու կամ ոչնչացնելու հարցերը կարգավորվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

Հոդված 37. Արխիվային վարույթի շրջանառության սահմանափակումը

  1. Արխիվային վարույթն այլ անձանց չի տրամադրվում, բացառությամբ՝

1) դատարանին՝ դատարանի պահանջով՝ քննվող դատական գործի կապակցությամբ.

2) քրեական հետապնդման մարմնին՝ այդ մարմնի քրեական վարույթի քննության կապակցությամբ օրենքով սահմանված կարգով ներկայացված պահանջի հիման վրա:

  1. Քննությունն ավարտելուց հետո արխիվային վարույթը վերադարձվում է փորձագիտական հաստատությանը:
  2. 3. Գիտահետազոտական աշխատանքի կատարման կամ ծառայողական նպատակով արխիվային վարույթի տրամադրումը դատափորձագիտական հաստատության աշխատողին, այդ թվում՝ փորձաքննությունը կատարած փորձագետին կանոնակարգվում է հաստատության ներքին իրավական ակտով:
  3. 4. Արխիվային վարույթի կամ դրանում ներառված փաստաթղթի պատճենը կարող է տրամադրվել տվյալ փորձաքննությունը կատարող հանձնաժողովի կազմում ներկայություն ունեցող դատափորձագիտական հաստատությանը կամ դատափորձագիտական հաստատության աշխատող չհանդիսացող այդ փորձաքննության համակատարող փորձագետին՝ նրանց միջնորդությամբ:

 

Հոդված 38. Հանձնաժողովային փորձաքննության արխիվային վարույթը

 

  1. Հանձնաժողովային փորձաքննության արխիվային վարույթը կազմում է փորձաքննության կատարումը համակարգող փորձագետը և այն պահվում է այդ փորձագետի մոտ: Եթե նա փորձաքննությունը կատարել է՝ չհանդիսանալով դատափորձագիտական հաստատության աշխատող, ապա ի պահ է հանձնվում այն դատափորձագիտական հաստատությանը, որի ներկայացուցիչ է հանդիսացել այդ փորձագետը:
  2. Եթե հանձնաժողովային փորձաքննության կատարմանը մասնակցում են դատափորձագիտական տարբեր հաստատությունների աշխատողներ և դատափորձագիտական հաստատության աշխատող չհանդիսացող անձինք, ապա արխիվային վարույթը պահվում է փորձաքննության կատարումը համակարգող հաստատությունում կամ դատափորձագիտական հաստատության աշխատող չհանդիսացող անձի մոտ, եթե վերջինս հանդիսացել է փորձաքննության կատարումը համակարգողը: Համակատարող մյուս հաստատություններում և դատափորձագիտական հաստատության աշխատող չհանդիսացող անձանց մոտ պահվում է ածանցյալ արխիվային վարույթը, որը պարտադիր ներառում է փորձաքննություն կատարելու առաջադրանքը և փորձագետի եզրակացությունը:

 

 

ԳԼՈՒԽ 7. ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 39. Փորձագետի եզրակացություն

  1. Փորձագետը կամ փորձագետների հանձնաժողովը փորձաքննության արդյունքներով կազմում են փորձագետի եզրակացություն, որին կցվում են հետազոտության ընթացքն ու արդյունքները լուսաբանող հավելվածներ, լուսանկարներ, գծագրեր, սխեմաներ, գրաֆիկներ, աղյուսակներ, դիագրամաներ:
  2. Փորձագետի եզրակացության և հավելվածների բոլոր էջերի վերջում դրվում են փորձաքննություն կատարած բոլոր փորձագետների ստորագրությունները, բացի եզրակացության վերջին էջից, որն ավարտվում է հետևություններից վերջինի տակ դրված ստորագրություններով:
  3. 3. Եթե փորձաքննությունը կատարվում է դատափորձագիտական հաստատությունում, ապա փորձագետների ստորագրությունները վավերացվում են այդ հաստատության դրոշմով:

 

Հոդված 40. Փորձագետի եզրակացության օրինակները

  1. Փորձագետի եզրակացությունը և դրա հավելվածները կազմվում են երկու հիմնական օրինակներից, որոնցից առաջինը փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի համար է, իսկ երկրորդը պահվում է արխիվային վարույթում:
  2. Կրկնակի փորձաքննության դեպքում հիմնական օրինակներից մեկը համարվում է փորձագետի եզրակացության ածանցյալ օրինակ, որն ուղարկվում է լիազորված անձին:
  3. Հանձնաժողովային փորձաքննության դեպքում հանձնաժողովի ներկայացուցիչ ունեցող դատափորձագիտական յուրաքանչյուր հաստատությանը, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված և դատափորձագիտական հաստատության աշխատող չհանդիասացող յուրաքանչյուր փորձագետի, ովքեր փորձաքննության կատարման համակարգող չեն, տրվում է փորձագետի եզրակացության ածանցյալ օրինակ:
  4. Փորձագետի եզրակացության ածանցյալ օրինակն, ի տարբերություն հիմնական օրինակի, չի ստորագրվում փորձագետի, իսկ հանձնաժողովային փորձաքննության դեպքում` փորձագետների կողմից, այլ վավերացվում է համակարգողի կնիքի դրոշմով, իսկ եթե համակարգողը դատափորձագիտական հաստատության աշխատող չէ և չունի կնիք, ապա` վերջինիս ստորագրությամբ:

 

Հոդված 41. Փորձագետի եզրակացությանը ներկայացվող պարտադիր պահանջները

  1. Փորձաքննության արդյունքները ձևակերպվում են գրավոր փաստաթղթի՝ փորձագետի եզրակացության տեսքով:
  2. Փորձագետի եզրակացության պարտադիր հատվածներն են՝

1) ներածական մաս.

2) նկարագրական մաս.

3) պատճառաբանական մաս.

4) եզրափակիչ մաս.

  1. Առանձին փաստաթղթերի տեսքով փորձագետի եզրակացությանը կարող են կցվել հավելվածներ` լուսանկարներ, գծագրեր, սխեմաներ, գրաֆիկներ, աղյուսակներ, դիագրամաներ և այլն, եթե այդպիսիք պատրաստվել են հետազոտության ընթացքում կամ դրանք անհրաժեշտ են հետազոտության ընթացքը և ստացված արդյունքները հիմնավորելու, լուսաբանելու համար: Հավելվածները (կցվելու դեպքում) փորձագետի եզրակացության անբաժան մասն են:
  2. Եթե փորձագետը տվյալ փորձաքննությունը ստանձնելիս փորձաքննությունը նշանակած անձին կամ մարմնին չի հանձնել փաստաթուղթ, որում ստորագրել է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կամ կատարման համար ստանձնած փորձաքննության կապակցությամբ եզրակացություն տալուց անհիմն հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաև առանց փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի համաձայնության գործի տվյալների և փորձաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու կամ այլ անձանց հաղորդելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու մասին, ապա փորձագետի եզրակացությանը կցվում է այդ ստորագրությունը:
  3. Եթե փորձագիտական հետազոտությամբ բացահայտվել են այնպիսի պայմաններ և պատճառներ, որոնք նպաստել են կամ կարող են նպաստել իրավախախտումների առաջացմանը, ապա փորձագետի եզրակացությունն ավարտվում է համապատասխան բովանդակություն ունեցող «Կանխարգելիչ առաջարկություն» կամ «Կանխարգելիչ առաջարկություններ» մասով:
  4. Եթե փորձագետին առաջադրված հարցերը դուրս են իր հատուկ գիտելիքների և հմտությունների շրջանակներից կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար, ապա փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորումը:
  5. Հանձնաժողովային փորձաքննություն կատարելիս միասնական հետևության հանգելու դեպքում եզրակացությունը ստորագրում են փորձաքննությունը կատարած բոլոր փորձագետները: Տարաձայնության դեպքում յուրաքանչյուր փորձագետ կազմում է առանձին եզրակացություն` դրանում ընդգրկելով բոլոր կամ տարաձայնություններ առաջացրած հարցերը:
  6. Համալիր փորձաքննության կատարման ընթացքում պարզված հանգամանքների համակցության հիման վրա փորձագետներից յուրաքանչյուրն իր հատուկ գիտելիքների և հմտությունների սահմաններում մասնակցում է ընդհանուր եզրակացության ձևավորմանը: Յուրաքանչյուր փորձագետ ստորագրում է համալիր փորձաքննության եզրակացության այն մասը, որն իր գիտական իրավասության սահմաններում է:

 

Հոդված 42. Փորձագետի եզրակացության ներածական մասը

  1. Փորձագետի եզրակացության ներածական մասը պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները`

1) փորձագետի եզրակացության հերթական համարը.

2) փորձաքննության հերթական համարը (եթե այն տարբերվում է փորձագետի եզրակացության հերթական համարից).

3) փորձագետի եզրակացության ստորագրման ամսաթիվը.

4) գործի համարը, անվանումը.

5) փորձաքննության տեսակը.

6) փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի առաջադրանքի ստացման ամսաթիվը.

7) փորձաքննությունը սկսելու և ավարտելու, ինչպես նաև փորձաքննության կատարման ժամկետի կասեցումների սկզբի և ավարտի ամսաթիվը.

8) տեղեկություններ փորձագետի (փորձագետների) մասին` անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, գիտական աստիճան և կոչում, մասնագիտական կրթություն, ընդհանուր մասնագիտական և այդ թվում փորձագիտական գործունեության ստաժ, փորձագիտական որակավորում կամ լիցենզիայի տրման ամսաթիվ, համար, դրանում նշված փորձաքննությունների տեսակները.

9) փորձաքննության կատարման վայրը (եթե այն կամ դրա որևէ հատված կատարվել է փորձագետի նստավայրից դուրս).

10) տվյալներ այլ անձանց` փորձագիտական հետազոտության որևէ հատվածի ներկա գտնվելու մասին` մատնանշելով այդ հատվածը և նրանց ներկա գտնվելու հիմքն ու ժամանակահատվածը (եթե այլ անձինք ներկա են գտնվել փորձագիտական հետազոտության որևէ հատվածին).

11) փորձաքննությանն առաջադրված հարցերն այնպիսի հաջորդականությամբ և խմբագրությամբ (բացի ուղղագրությունից), ինչպես նշված են փորձաքննություն կատարելու առաջադրանքի մեջ, որից հետո անհրաժեշտության դեպքում, տրվում է հարցերի փորձագիտական մեկնաբանությունը.

12) փորձաքննությանը տրամադրված նյութերի թվարկումը, դրանց տրամադրման տեղը, փաթեթավորման տեսակի ու վիճակի նկարագրությունը, համառոտ բնութագրական տվյալները.

13) փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի կողմից փորձաքննությանը տրամադրված նյութերի ձևակերպման մեջ տեղ գտած թերությունների մասին նշանակած անձին կամ մարմնի ներկայացուցչին ծանուցելու և նրա պատասխանը ստանալու ամսաթվերը.

14) տեղեկություններ փորձագետի միջնորդությունների վերաբերյալ` մատնանշելով դրանց հարուցման և պատասխանները ստանալու ամսաթվերը և մեջբերելով դրանց հիմնական բովանդակությունը.

15) փորձաքննության կատարման ժամկետի կասեցման պատճառների ու դրանց վերացման հիմքերի նկարագրությունը.

16) այլ բնութագրական տեղեկություններ փորձաքննության ընթացքի վերաբերյալ.

17) փորձագետի եզրակացությանը կից փորձաքննություն նշանակած անձին կամ մարմնին վերադարձվող նյութական օբյեկտների թվարկումը, դրանց անհատականացնող հատկանիշների, փաթեթավորման, կատարված գրառումների, նշումների նկարագրությունը.

18) գործի հանգամանքների համառոտ նկարագրությունը.

19) եթե փորձաքննությունը լրացուցիչ է կամ կրկնակի, ապա մեջբերվում են տեղեկություններ նախկինում կատարված փորձաքննությունների մասին` մատնանշելով դրանց կատարման հիմքը, եզրակացության համարը, օրը, ամիսը, տարեթիվը, հաստատությունը, փորձագետի կամ փորձագետների պաշտոնները, անուն, ազգանունները, լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության նշանակման հիմքերն ըստ փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի որոշման և այդ փորձաքննությունների հիմնական արդյունքները.

20) փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի նախանշած փորձաքննության տեսակի փոփոխման հիմնավորումը (եթե փոփոխություն կատարվել է).

21) եզրակացություն տալու համար էական նշանակություն ունեցող և փորձագետի կողմից որպես ելակետ ընդունված փաստական տվյալները:

 

 Հոդված 43. Փորձագետի եզրակացության նկարագրական մասը

  1. Փորձագետի եզրակացության նկարագրական մասում նկարագրվում է հետազոտության ընթացքն ու արդյունքերը` հետազոտության ընթացքի տրամաբանության համապատասխան, այդ թվում`

1) տեղեկություններ հետազոտությունը կամ դրա մի մասը փորձագիտական հաստատությունից կամ փորձագետի նստավայրից դուրս կատարելու և այդ հետազոտության կատարման ժամանակահատվածի մասին.

2) հետազոտության օբյեկտների վիճակը, դրանց զննության արդյունքները.

3) հետազոտության մեթոդիկան, կիրառված մեթոդները, տեխնիկական միջոցները կամ սարքավորումները.

4) ինչ նյութեր են հետազոտվել և ինչ ելակետային տվյալների հիման վրա.

5) եթե հետազոտության ընթացքում օգտագործվում են այլ փորձաքննության արդյունքներ, ապա նշվում է այդ հանգամանքը.

6) փորձագիտական փորձարարության կատարման ու նմուշների ստացման նպատակները, պայմաններն ու արդյունքները (եթե փորձարարությունը կատարվել է).

7) որտեղ և ինչ հետազոտություններ են կատարվել, ինչ հատկանիշներ հայտնաբերվել, դրանց վերլուծությունն ու համեմատությունը.

8) նորմատիվ իրավական ակտերի, ընդհանուր մասնագիտական սկզբնաղբյուրների տեղեկատուների, դրանց վերլուծությունն ու համեմատությունը.

9) նկարագրվում է եզրակացությանը կցվող հավելվածների ստացումը, նշվում է դրանց նշանակությունը ստացված արդյունքների հիմնավորման ու լուսաբանման համար (եթե այդպիսիք կազմվել են).

10) կատարվում են հետազոտության միջանկյալ փուլերի ու վերջնական արդյունքների ամփոփումներ՝ ուղղված պարզաբանվող հարցի կապակցությամբ միջանկյալ եզրահանգումների և հետևության ձևակերպմանը.

11) նշվում է փորձաքննության ընթացքում հետազոտության օբյեկտների ոչնչացման, վնասման, ելակետային վիճակի փոփոխման մասին (եթե դա տեղի է ունեցել).

2.Փորձագետի եզրակացության նկարագրական մասը կարող է բովանդակել հետազոտության ընթացքն ու արդյունքները բնութագրող այլ տեղեկություններ:

  1. Հարցի պարզաբանումը փորձագետի մասնագիտական իրավասությունից դուրս լինելու կամ էլ ներկայացված նյութերի անբավարարության, անորակության պատճառով հարցի պարզաբանումն անհնարին լինելու դեպքում նկարագրական մասում հիմնավորվում է այդ անհնարինությունը:
  2. Եթե փորձաքննությանը նախորդել է նույն տեսակի այլ փորձաքննության, և կատարվող փորձաքննության որոշակի արդյունքներ նույնական են նախորդին, ապա թույլատրվում է կազմող փորձագետի եզրակացության նկարագրական մասում հղում կատարել նախորդ փորձագետի եզրակացության նկարագրական մասի համապատասխան հատվածին` կոնկրետ ծավալի հստակ մատնանշումով:

 

Հոդված 44. Փորձագետի եզրակացության պատճառաբանական մասը

  1. Փորձագետի եզրակացության պատճառաբանական մասում շարադրվում է փորձաքննությանն առաջադրված հարցի կապակցությամբ ստացված հետևությունը, որն այդ հարցի ամփոփ պատասխանն է` ըստ էության, կամ էլ դրա պարզաբանումն անհնարին լինելու մասին եզրահանգումն է` համապատասխան հիմնավորման համառոտ մատնանշումով:
  2. Հետևությունը շարադրվում է հստակ, պարզ և հասկանալի լեզվով, այն հաշվով, որ հետազոտության արդյունքների հիման վրա հարցը ստանա լիարժեք պարզաբանում` առանց որևէ տարակարծությունների տեղիք տալու: Այն դեպքում, երբ հետևությունը չի կարող ձևակերպվել առանց մանրամասն նկարագրության, ինչը հանգեցնելու է պատճառաբանական մասի համապատասխան հատվածի կրկնությանը և ծանրաբեռնելու է տեքստը, թույլատրվում է հղում կատարել այդ հատվածին:
  3. Այն հանգամանքները, որոնց վերաբերյալ հարցեր ձևակերպված չեն եղել, սակայն բացահայտվել են փորձագիտական հետազոտության ընթացքում և փորձագետի գնահատմամբ կարող են նշանակություն ունենալ գործի համար, շարադրվում են պատճառաբանական մասի վերջում:
  4. Պատճառաբանական մասից հետո դրվում է փորձաքննությունը կատարած և հետևությունը ձևակերպած փորձագետի կամ փորձագետների ստորագրությունը:
  5. Փորձագետը ստորագրում է միայն այն հետևության տակ, որի ձևակերպումներին անմիջականորեն մասնակից է եղել և որը չէր կարող ձևակերպվել առանց հանձնարարված փորձագիտական հետազոտության արդյունքների գնահատման:

 

Հոդված 45. Փորձագետի եզրակացության եզրափակիչ մասը

  1. Փորձագետի եզրակացության պատճառաբանական մասին պետք է հաջորդի եզրափակիչ մասը` հետևյալ բովանդակությամբ՝«Փորձագիտական սույն եզրակացությունում նկարագրված արդյունքները հիմնված են փորձաքննությանը տրամադրված օբյեկտնեի հետազոտության վրա՝ առանց այդ օբյեկտների հավաստիությունն ու թույլատրելիությունը երաշխավորելու, քանզի նման գնահատումը բացառապես դատավարական օրենսդրությամբ սահմանված մարմինների լիազորությունների մեջ է»:
  2. Փորձագետի եզրակացության եզրափակիչ մասը ստորագրում է փորձագետը, իսկ հանձնաժողովային փորձաքննություն կատարելիս միասնական հետևության հանգելու դեպքում եզրակացությունն ստորագրում են փորձաքննությունը կատարած բոլոր փորձագետները: Տարաձայնության դեպքում յուրաքանչյուր փորձագետ կազմում է առանձին եզրակացություն` դրանում ընդգրկելով բոլոր կամ տարաձայնություններ առաջացրած հարցերը:

 

Հոդված 46. Փորձագիտական կարծիք

  1. Փորձագետի կարծիքը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ (բացառությամբ՝ իրավունքի ոլորտի) քրեական դատավարության շրջանակներում վարույթի մասնավոր մասնակցի (մեղադրյալ, պաշտպան, տուժող, գույքային պատասխանող) առաջադրած, ինչպես նաև իր իրավասության մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ գրավոր հիմնավորված հետևություններն են, որոնց փորձագետը հանգել է՝ վարույթի մասնավոր մասնակցի տրամադրած նյութերը հետազոտելով կամ առանց դրա:
  2. Անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո փորձագետը կազմում է իր ստորագրությամբ հաստատված գրավոր կարծիք:
  3. Փորձագիտական կարծիքի մեջ նշվում է՝

1) փորձաքննության կատարման ժամանակը և վայրը.

2) փորձագետի անունը և ազգանունը, նրա մասնագիտական ձեռնահասությունը հավաստող տվյալները.

3) փորձաքննության կատարման հիմքը.

4) փորձաքննության տեսակը.

5) փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ.

6) փորձաքննության կատարմանը մասնակցած անձինք.

7) կատարված հետազոտությունների և կիրառված մեթոդների նկարագրությունը.

8) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները.

9) հետազոտության ընթացքում ի հայտ եկած այն հանգամանքները, որոնք փորձագետի կարծիքով կարող են նշանակություն ունենալ վարույթի համար:

 

ԳԼՈՒԽ 8. ԿԵՆԴԱՆԻ ԱՆՁԱՆՑ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 47. Դատական փորձաքննության ենթակա անձանց շրջանակը

Այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարելի է իրականացնել դատական փորձաքննություն կամ դատաբժշկական հետազոտություն, սահմանվում է դատավարական օրենսդրությամբ:

 

Հոդված 48. Կենդանի անձանց դատական փորձաքննության կատարման վայրը

  1. Կենդանի անձանց դատական փորձաքննությունը կատարվում է բժշկական հաստատությունում կամ այլ վայրում, որտեղ առկա են դատափորձագիտական հետազոտություններ իրականացնելու և այդ անձանց իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու պայմաններ:
  2. Դատական փորձաքննության ընթացքում անձի ստացիոնար հետազոտության անհրաժեշտության դեպքում նա կարող է տեղավորվել բժշկական հաստատությունում սույն օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով:
  3. Դատական փորձաքննության ենթակա անձանց փոխադրումը դատական փորձաքննության վայր (վայրից) ապահովում է փորձաքննությունը նշանակած մարմինը կամ անձը:

 

Հոդված 49. Կենդանի անձանց դատական փորձաքննության և դատաբժշկական հետազոտության կամավորությունը և հարկադրանքը

  1. Կենդանի անձինք կարող են ենթարկվել դատական փորձաքննության և դատաբժշկական հետազոտության միայն կամավոր կարգով, բացառությամբ դատավարական օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Փորձագիտական կարծիք ստանալու նպատակով վարույթի մասնավոր մասնակցի նախաձեռնությամբ դատաբժշկական հետազոտություն կարող է կատարվել միայն կամավոր կարգով:
  2. Եթե փորձաքննությունն անց է կացվում կամավոր կարգով, ապա դատափորձագիտական հաստատություն պետք է ներկայացվի անձի՝ դատափորձագիտական հետազոտությունների ենթարկվելու գրավոր համաձայնությունը: 18 տարեկանից ցածր, ինչպես նաև դատական կարգով անգործունակ ճանաչված անձանց փոխարեն նման համաձայնություն տալիս են նրանց օրինական ներկայացուցիչները կամ խնամակալության և հոգաբարձության մարմինը:
  3. Կասկածյալը, մեղադրյալը, դատապարտյալը, անձը, որի նկատմամբ կիրառվում է բժշկական հարկադրանքի վարույթ, կարող են ենթարկվել փորձաքննության անկախ իրենց կամքից՝ փորձաքննությունը նշանակած մարմնի կամ անձի որոշման հիման վրա: Նշված անձինք դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու նպատակով կարող են տեղավորվել բժշկական հաստատությունում միայն դատարանի որոշման հիման վրա, անգամ եթե դա արվում է կամավոր կարգով:

 

Հոդված 50. Անձին դատական փորձաքննություն իրականացնելու նպատակով բժշկական հաստատությունում տեղավորելու հիմքերը և կարգը

  1. Անձը, բացառությամբ սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց, կարող է դատական փորձաքննություն կատարելու համար տեղավորվել բժշկական (հոգեբուժական) հաստատությունում, միայն փորձաքննություն նշանակած մարմնի կամ անձի, իսկ բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելու դեպքում՝ միայն դատարանի որոշման հիման վրա, սույն օրենքով և դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով:
  2. Անձին բժշկական հաստատությունում տեղավորելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, փորձաքննություն նշանակած մարմինը կամ անձը նրա գտնվելու վայրի մասին տեղյակ է պահում այդ անձի մերձավոր ազգականներին, իսկ նրանց բացակայության դեպքում՝ այդ անձի բնակության վայրի ոստիկանության բաժնին:

 

Հոդված 51. Դատական փորձաքննության համար անձի՝ բժշկական հաստատությունում գտնվելու ժամկետները

  1. Անձը, որը տեղավորվում է բժշկական հաստատությունում դատական փորձաքննության համար, կարող է այդ նպատակով այդտեղ պահվել ոչ ավելի քան 30 օր:
  2. 2. Բժշկական հաստատությունում գտնվելու ժամկետի խախտումը կարող է բողոքարկվել անմիջականորեն բժշկական հաստատությունում տեղավորված անձի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 52. Դատական փորձաքննության ենթակա անձանց իրավունքների և օրինական շահերի ապահովումը

  1. 1. Կենդանի անձանց դատական փորձաքննության ընթացքում արգելվում է՝

1) նրանց իրավունքների ցանկացած սահմանափակում, բացի այնպիսի սահմանափակումից, որի հիմքերը նախատեսված են դատավարական օրենսդրությամբ.

2) նրանց նկատմամբ բռնության, սպառնալիքի, խաբեության կիրառում նրանցից տեղեկություններ ստանալու նպատակով.

3) նրանց օգտագործել որպես բժշկական տեխնոլոգիաների, դեղամիջոցների կլինիկական հետազոտությունների և փորձարկումների օբյեկտ.

4) վիրաբուժական միջամտություն ենթադրող հետազոտության մեթոդների կիրառումը:

  1. Փորձագետը փորձաքննության կատարումից առաջ տեղեկացնում է անձին, որի նկատմամբ կիրառվում է դատական փորձաքննությունը, ինչպես նաև նրա օրինական ներկայացուցչին կիրառվող դատափորձագիտական հետազոտությունների մեթոդների, հնարավոր ցավային զգացողությունների և կողմնակի ազդեցությունների վերաբերյալ:
  2. Բժշկական հաստատությունում տեղավորված անձն իրավունք ունի ներկայացնել բողոքներ և միջնորդություններ: Բողոքները և միջնորդությունները ենթակա չեն ստուգման և ուղարկվում են հասցեատիրոջը 24 ժամվա ընթացքում:
  3. Բժշկական հաստատությունում տեղավորված անձն իրավունք ունի կոնֆիդենցիալ տեսակցություններ ունենալու իր պաշտպանի և օրինական ներկայացուցչի հետ:
  4. Կալանքի տակ չգտնվող դատական փորձաքննություն անցնող անձն իրավունք ունի ստանալ դատական փորձաքննություն անցնելու հետ կապված ծախսերի հատուցում:
  5. Կամավոր դատական փորձաքննություն անցնող անձի նկատմամբ փորձաքննությունը դադարեցվում է ցանկացած պահի՝ այդ անձի նախաձեռնությամբ:

 

Հոդված 53. Հոգեբուժական ստացիոնարում դատական փորձաքննության պայմանները

  1. Դատահոգեբուժական փորձաքննությունը կատարվում է բացառապես դատահոգեբուժական պետական հաստատությունում: Այն անձը, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, դատահոգեբուժական փորձաքննություն անցնելու համար տեղավորվում է հատուկ կալանքի տակ գտնվող անձանց պահելու համար նախատեսված բաժիններում: Կալանքի տակ չգտնվող անձանց տեղավորումը նման բաժիններում արգելվում է:
  2. Հոգեբուժական ստացիոնարում տեղավորված անձինք օգտվում են նման հաստատությունների հիվանդների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից՝ դատավարական օրենսդրությամբ նախատեսված վերաբերելի բացառություններով:

 

 Հոդված 54. Կենդանի անձանց փորձաքննության ժամանակ կիրառվող հետազոտությունների մեթոդները

  1. Կենդանի անձանց դատական փորձաքննության ժամանակ արգելվում է կիրառել ուժեղ ցավային զգացողություններով, առողջության վրա բացասական ազդեցություն թողնող, ինչպես նաև բժշկական պրակտիկայում արգելված հետազոտական մեթոդներ:
  2. Եթե փորձաքննություն անցնող անձին անհրաժեշտ է բժշկական օգնություն, այն ցույց է տրվում «Բնակչության բժշկական օգնության և բժշկական սպասարկման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
  3. Կենդանի անձանց դատական փորձաքննության ընթացքում կարող են վերցվել հետազոտությունների համար անհրաժեշտ նմուշներ: Նմուշները վերցնում է բժիշկը՝ այդ հաստատության երկու աշխատակիցների ներկայությամբ և այդ մասին նշում է կատարում փորձագետի եզրակացության մեջ:
  4. Կամավոր դատական փորձաքննություն անցնող անձանցից հարկադրաբար նմուշներ վերցնելն արգելվում է:

 

Հոդված 55. Կենդանի անձանց դատական փորձաքնությանը վարույթի մասնակիցների ներկայությունը

  1. Կենդանի անձանց դատական փորձաքննությանը կարող են ներկա գտնվել միայն այն անձինք, ում այդ իրավունքը վերապահված է դատավարական օրենսդրությամբ: Այլ անձանց ներկայությունը հնարավոր է միայն փորձաքննություն անցնող անձի համաձայնությամբ և փորձաքննությունը նշանակած մարմնի կամ անձի գրավոր թույլտվությամբ:
  2. 18 տարին չլրացած և դատական կարգով անգործունակ ճանաչված անձանց դատական փորձաքնությանը կարող են ներկա գտնվել նրանց օրինական ներկայացուցիչները, իսկ վերջիններիս համաձայնությամբ՝ նաև նրանց պաշտպանները: Մնացած դեպքերում դատական փորձաքննություն անցնող անձանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել փորձաքննությանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում:
  3. Եթե դատական փորձաքննություն անցնող անձի օրինական ներկայացուցիչը կամ պաշտպանը խոչընդոտում են փորձաքննությանը, փորձաքննություն նշանակած մարմինը կամ անձը փորձագետի միջնորդության հիման վրա արգելում է նշված անձանց ներկայությունը փորձաքննությանը:
  4. Դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններն անց են կացվում կոնֆիդենցիալության պայմաններում:
  5. Անձի մերկացմամբ զուգորդվող հետազոտություններ կատարելիս կարող են ներկա գտնվել միայն միևնույն սեռի անձինք: Նշված սահմանափակումը չի տարածվում այդ հետազոտությունները կատարող բժիշկների և բուժանձնակազմի վրա:
  6. Դատական փորձաքննությանը վարույթի մասնակիցների ներկայությունն արգելվում է՝

1)  փորձագետի եզրակացություն կազմելիս.

2) հանձնաժողովային փորձաքննության և համալիր փորձաքննության մասնակիցների խորհրդակցությանը.

3) եթե երրորդ անձանց ներկայությունը խոչընդոտում է հետազոտությունների ընթացքին:

 

Հոդված 56. Փորձագետի եզրակացությանը ծանոթացումը

  1. Դատական փորձաքննության ավարտից հետոփորձագետի եզրակացությունը ծանոթացման է տրամադրվում համապատասխան ոլորտի դատավարական օրենսդրությամբ։

 

ԳԼՈՒԽ 9. ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 57. Փորձաքննության կատարման ժամկետը

  1. Փորձաքննության կատարման առավելագույն ժամկետները սահմանվում են Լիազոր մարմնի կողմից:

 

Հոդված 58. Փորձաքննության կատարման ժամկետի երկարաձգումը

  1. Փորձաքննության ժամկետի կատարման երկարաձգման հիմք կարող է լինել`

1) հետազոտության օբյեկտի նախապես չնախատեսված այնպիսի հատկանիշների կամ առանձնահատկությունների ի հայտ գալը, որոնք էապես կդժվարացնեն հետազոտությունների հետագա կատարումը, կավելացնեն նախատեսված հետազոտության ծավալը.

2) փորձագետի սարքավորումների, սարքերի անսարքության ի հայտ գալը.

3) փորձագետի կողմից դրա ժամանակին կատարումը խոչընդոտող պատճառները` հիվանդություն, անհետաձգելի գործուղում, այլ առաջադրանքի կատարում, ինչպես նաև փորձաքննության կապակցությամբ մասնակցություն դատական նիստի, ինչպես նաև այլ օբյեկտիվ պատճառներ.

4) փորձաքննության կատարումը սկսած փորձագետի կողմից դրա ժամանակին կատարմանը խոչընդոտող պատճառի ի հայտ գալու կապակցությամբ, ինչպես նաև փորձագիտական հաստատության ներքին իրավական ակտով սահմանված հիմքով կատարումը վերահանձնարարելը, եթե փորձաքննության կատարումը հանձնարարվել է այլ դատափորձագիտական հաստատությանը:

 

Հոդված 59. Փորձաքննության կատարման ժամկետի կասեցումը

  1. Փորձաքննության կատարման ժամկետի կասեցման հիմք կարող է լինել`

1) փորձաքննությանը տրամադրված նյութերի ներկայացման կարգի պահպանված չլինելը, որն անհնարին է դարձնում փորձաքննության կատարումը.

2) փորձաքննություն նշանակած անձն անհրաժեշտ է համարել, որ փորձաքննության կատարմանը մասնակցի դատափորձագիտական հաստատությունում աշխատող որևէ անձը, ով այլևս չի աշխատում կամ մեկ այլ օբյեկտիվ հիմքով չի կարող կատարել փորձաքննությունը և անհրաժեշտ է ստանալ փորձաքննություն նշանակած անձի համաձայնությունը առանց այդ անձի մասնակցության փորձաքննության կատարումը կազմակերպելու համար.

3) եզրակացություն տալու համար անհրաժեշտ է լրացուցիչ նյութեր կամ տվյալներ տրամադրելու վերաբերյալ փորձագետի միջնորդության հարուցումը.

4) հետազոտության օբյեկտի ոչնչացման կամ դրա վիճակի էական փոփոխման միջոցով հետազոտություն կատարելու մասին փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի համաձայնությունը ստանալուն ուղղված փորձագետի միջնորդության հարուցումը:

  1. Փորձաքննության կատարման ժամկետի կասեցման մասին անհապաղ պետք է տեղյակ պահվի փորձաքննության նշանակած անձը:

 

ԳԼՈՒԽ 10. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԴԱՏԱՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 60. Պետության հիմնական գործառույթները

  1. Պետությունը`

1) կարգավորում է դատափորձագիտական գործունեության ոլորտը, հսկողություն է իրականացնում այդ ոլորտում օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

2) հիմնադրում և լուծարում է պետական դատափորձագիտական հաստատությունները,

3) իրականացնում է պետական դատափորձագիտական հաստատությունների ընդհանուր կառավարումը:

  1. Պետությունը ֆինանսավորում է`

1) դատափորձագիտական ոլորտի գիտահետազոտական աշխատանքները.

2) քրեական դատավարության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև այլ պետական մարմինների կողմից նշանակված դատական փորձաքննությունների կատարումը.

3) քաղաքացիական և վարչական գործերով դատարանի կողմից նշանակված դատական փորձաքննությունների կատարումը:

  1. 3. Դատարանների կողմից նշանակված փորձաքննությունների կատարման համար վճարումը կատարվում է նախապես` Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կողմից, հետագայում դրանք ներառելով դատական ծախսերում:

 

Հոդված 61. Լիազոր մարմինը

  1. Դատափորձագիտական գործունեության ոլորտը կարգավորում է և ոլորտի նկատմամբ հսկողությունը իրականցնում է լիազոր մարմինը.
  2. Լիազոր մարմինը`

1) հաստատում է դատափորձագիտության ոլորտը համակարգող խորհրդի (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ) կազմը և աշխատակարգը.

2) հաստատում է «Դատական փորձագետների հավատարմագրման և ատեստավորման կարգը» և միասնական հարցաշարերը.

3) հաստատում է պետական դատափորձագիտական հաստատություններում ատեստավորող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը.

4) հաստատում է փորձաքննությունների իրականացման կարգը.

5) հաստատում է հավատարմագրի և որակավորման վկայականի ձևը.

6) համակարգող խորհրդի և պետական դատափորձագիտական հաստատությունների տրամադրած արդյունքների հիման վրա դատական փորձագետներին շնորհում է հավատարմագրեր և որակավորման վկայականներ.

7) համակարգող խորհրդի կամ պետական դատափորձագիտական հաստատությունների ներկայացմամբ ընդունում է որոշումներ` դատական փորձագետի հավատարմագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ.

8) համակարգող խորհրդի միջոցով իրականացնում է հսկողություն դատափորձագիտական գործունեություն իրականացնող անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

9) վարում է դատական փորձագետների պետական ռեեստրը.

10) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

Հոդված 62. Համակարգող խորհուրդը

  1. Համակարգող խորհրդի կազմում ընդգրկվում են ՀՀ կառավարության, լիազոր մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտության ոլորտի, պետական և ոչ պետական դատափորձագիտական հաստատությունների, մասնավոր փորձագետների ներկայացուցիչներ: Խորհուրդն իր առաջին նիստի ընթացքում իր կազմից ընտրում է նախագահ: Խորհրդի նիստերի համար անհրաժեշտ պայմաններն ապահովում է լիազոր մարմինը:
  2. Համակարգող խորհուրդը՝

1) կոորդինացնում է դատափորձագիտության ոլորտում ընդգրկված մարմինների և անձանց գործունեությունը.

2) հաստատում է դատական փորձաքննությունների և գիտատեխնիկական և դատաբժշկական հետազոտությունների մեթոդների և մեթոդիկաների թույլատրելիությունը.

3) կազմակերպում և անցկացնում է դատական փորձագետների հավատարմագրումը և պետական դատափորձագիտական հաստատություններում չաշխատող փորձագետների ատեստավորումը.

4) մշակում է հավատարմագրման և ատեստավորման գրավոր և բանավոր քննությունների հարցաշարերը.

5) սահմանում է դատական փորձաքննության մասնագիտացումների ցանկը.

6) սահմանում է դատական փորձագետների վերապատրաստմանը վերաբերող պահանջները.

7) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:

 

Հոդված 63.Դատական փորձագետների պետական ռեեստր

  1. Սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագիր և որակավորման վկայական ստացած անձանց մասին տեղեկությունները մուտքագրվում են դատական փորձագետների պետական ռեեստր, որը վարում և որի ձևավորման և գործողության կարգը սահմանում է լիազոր մարմինը: Դատական փորձագետների պետական ռեեստրում ընդգրկված անձանց ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:
  2. Դատական փորձագետների պետական ռեեստրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) դատական փորձագետի անունը, ազգանունը և հայրանունը.

2) դատական փորձաքննության այն ոլորտը, որում դատական փորձագետն իրավունք է ստացել կատարելու փորձաքննություններ.

3) դատական փորձագետի աշխատանքի վայրը.

4) դատական փորձագետի հավատարմագրի կամ որակավորման վկայականի հերթական համարը և ամսաթիվը.

5) դատական փորձագետի հավատարմագրի կամ որակավորման վկայականի վավերականության ժամկետը:

  1. Դատական փորձագետը հավատարմագիր կամ որակավորման վկայական ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմին է ուղարկում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալները, իսկ այդ տվյալների հետագա փոփոխությունների դեպքում նույն ժամկետում այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին:

 

Հոդված 64. ԴՆԹ տվյալների և մատնահետքերի պետական շտեմարան

  1. 1. ԴՆԹ տվյալների և մատնահետքերի պետական շտեմարանի հիմնադրման և գործունեության կարգը, ինչպես նաև դատափորձագիտական հաստատությունների՝ դրանից օգտվելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 11. ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄՆ ՈՒ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 65. Դատական փորձագետի հավատարմագիրը և որակավորման վկայականը

  1. Հավատարմագիր շնորհվում է լիազոր մարմնի կողմից գիտության, տեխնիկայի, բժշկության, արվեստի, արհեստի կամ գործունեության այլ բնագավառների հատուկ գիտելիքների տիրապետող ֆիզիկական անձին դատափորձագիտական գործունեությամբ զբաղվելու համար նրա մասնագիտական ձեռնհասությունը հաստատելու նպատակով:
  2. Որակավորման վկայական շնորհվում է Համակարգող խորհրդի կամ պետական դատափորձագիտական հաստատության կողմից կազմակերպված մասնագիտական որակավորման ստուգման (ատեստավորման) արդյունքում, որը հաստատում է դատական փորձագետի՝ դատական փորձաքննություն իրականացնելու որակավորումը:
  3. Դատական փորձագետների ատեստավորումն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ:

 

Հոդված 66. Դատական փորձագետի հավատարմագրումը և ատեստավորումը

  1. Պետական դատափորձագիտական հաստատություններում դատական փորձագետի ատեստավորման հանձնաժողովը կազմավորվում է համապատասխան դատափորձագիտական հաստատության ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
  2. Դատական փորձագետների հավատարմագրումը և պետական դատափորձագիտական հաստատություններում չաշխատող փորձագետների ատեստավորումն իրականացվում է Համակարգող խորհրդի կողմից՝ լիազոր մարմնի կողմից հաստատված կարգին համապատասխան:
  3. Ատեստավորման հարցաշարերը միասնական են պետական դատափորձագիտական հաստատությունների աշխատակիցների և այդպիսիք չհանդիսացող փորձագետների համար, մշակվում են Համակարգող խորհրդի և հաստատվում լիազոր մարմնի կողմից:
  4. Ատեստավորման հանձնաժողովի և համակարգող խորհրդի որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 67. Դատական փորձագետի հավատարմագրի գործողության կասեցումը

  1. Հավատարմագրի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով դատական փորձագետի գործունեությունը ամբողջությամբ կամ մասնակի իրականացնելու իրավունքից ժամանակավոր սահմանափակումն է:
  2. Հավատարմագրի գործողության կասեցման ընթացքում դատական փորձագետն իրավունք չունի իրականացնել կասեցման որոշմամբ սահմանված գործունեություն, բացառությամբ, եթե դա ուղղված է հավատարմագրի գործողության կասեցման պատճառները վերացնելուն:
  3. Հավատարմագրի գործողությունը կարող է կասեցվել, եթե՝

1) դատական փորձագետը դատական փորձաքննության իրականացման ժամանակ խախտել է հավատարմագրի, ինչպես նաև փորձագիտական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջներն ու պայմանները.

2) դատական փորձագետի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, կամ կասեցվել է վերջինիս պաշտոնավարումը.

3) դատական փորձագետը տևական ժամանակահատվածում (երկարաժամկետ գործուղում, հիվանդություն և այլն) հնարավորություն չի ունենալու իրականացնել դատափորձագիտական գործունեություն.

4) դատական փորձագետի դիմումի համաձայն.

5) ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

Հոդված 68. Դատական փորձագետի հավատարմագրի գործողության դադարեցումը

  1. Հավատարմագրի գործողության դադարեցումը դատական փորձագետի որոշակի գործունեությունը ամբողջությամբ կամ մասնակի իրականացնելու իրավունքից զրկումն է:
  2. Դատական փորձագետի հավատարմագիրը կարող է դադարեցվել, եթե՝

1) դատական փորձագետը հավատարմագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.

2) դատական փորձագետը դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական փորձագետը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար.

4) դատական փորձագետը հավատարմագրի գործողության կասեցման ժամկետում խախտել է կասեցման պահանջները.

5) դատական փորձագետի դիմումի համաձայն.

6) դատական փորձագետը թույլ է տվել էական խախտում.

7) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 12. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 69. Դատական փորձաքննության կատարումը օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցման հիման վրա

  1. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի հարցման հիման վրա դատական փորձաքննություն կատարելիս կիրառվում են ՀՀ օրենսդրության պահանջները` համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով:
  2. Դատական փորձաքննության կատարման ծառայության դիմաց վարձատրությունն իրականացվում է փորձաքննությունը նշանակող և կատարող կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան:

 

Հոդված 70. Դատական փորձաքննությունները համատեղ կատարելու նպատակով օտարերկրյա պետություններից մասնագետներ հրավիրելը

  1. Պետական և ոչ պետական դատափորձագիտական հաստատությունների ղեկավարներն անհրաժեշտության դեպքում իրավասու են դատական փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի համաձայնությամբ փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկել օտարերկրյա այլ պետությունների համապատասխան ոլորտի մասնագետներ, որոնց ձեռնհասությունը որոշվում է իրենց մշտական բնակության երկրում դատական փորձաքննություն իրականացնելու սահմանված պահանջներին համապատասխան: Նմանատիպ համատեղ փորձագիտական հանձնաժողովի կողմից դատական փորձաքննության կատարումն իրականացվում է ՀՀ օրենսդրության համապատասխան:
  2. Դատական փորձաքննության արտասահմանյան մասնագետների մասնակցության դիմաց վարձատրությունը և այդ մասնակցության հետ կապված մյուս ծախսերի փոխհատուցումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ:

 

Հոդված 71. Միջազգային գիտական համագործակցություն

  1. Պետական և ոչ պետական դատափորձագիտական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր փորձագետներն իրավասու են կապեր հաստատել օտարերկրյա պետությունների համապատասխան հաստատությունների հետ միջազգային պայմանագրերով, համաձայնագրերով և կոնվենցիաներով սահմանված պահանջների պահպանմամբ:

 

ԳԼՈՒԽ 13. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 72. Անցումային և եզրափակիչ դրույթներ

  1. Պետական դատափորձագիտական հաստատության կողմից շնորհված որակավորման վկայականները վավեր են մինչև դրանցում նշված ժամկետի ավարտը: Հավատարմագիր կամ որակավորման վկայական չունեցող և որպես դատական փորձագետ աշխատող մասնագետները պարտավոր են ատեստավորվել ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
  2. Լիազոր մարմինը «Դատական փորձագետների հավատարմագրման և ատեստավորման կարգ»-ը, Համակարգող խորհրդի կազմը և աշխատակարգը, ինչպես նաև պետական դատափորձագիտական հաստատություններում ատեստավորման հանձնաժողովների կազմը և աշխատակարգը հաստատում է ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: Իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում լիազոր մարմինը ձևավորում է դատական փորձագետների պետական ռեեստրը:
  3. Համակարգող խորհուրդը հավատարմագրման և ատեստավորման հարցաշարերը մշակում է ոչ ուշ, քան իր կազմավորումից հետո՝ երկամսյա ժամկետում:
  4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.12.2023 - 21.12.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3329

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

A s

15.12.2023

Նախագծում առկա են բազմաթիվ միմյանց հակասող դրույթներ գործող օրենսդրության՝ մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ դրույթների հետ: Հակասություններ առկա են նաև Նախագծի տարբեր հոդվածներում նշված որոշ դրույթներում: Նախագիծը կարիք ունի հիմնովին վերանայման և պատշաճ լրամշակման:

Վահրամ Սաֆարյան

13.12.2023

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հասկացությունը՝ «4) դատական փորձագետ (փորձագետ)՝ գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի, կամ այլ բնագավառի հատուկ գիտելիքներ ունեցող և լիազոր մարմնի կողմից դատական փորձագետի որակավորում ստացած անձ», որի կապակցությամբ հասկացությունների միանմանությունը պահպանելու նպատակով առաջարկվում է «տեխնիկայի» բառից հետո ավելացնել «բժշկության» բառը Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված հասկացությունը՝ «6) փորձաքննություն նշանակող անձ կամ մարմին՝ դատավարական օրենսդրությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությամբ օժտված մարմին կամ պաշտոնատար անձ.» ունի պարզաբանման կարիք: Այսպես, եթե դատավարության կողմերից մեկի նախաձեռնությամբ կամ մինչդատական գործողություններ իրականացնելը Օրենքի իմաստով ֆիզիկական անձը կարող է ինքնուրույն նշանակել փորձաքննություն նույնպես, ապա նման պայմաններում ստացվում է որ վերջինս չի հանդիսանում պաշտոնատար անձ: Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում նշված հասկացությունը՝ «10) հատուկ մասնագիտական գիտելիքներ՝ գիտության, տեխնիկայի, արվեստի ու արհեստների բնագավառների (բացի իրավունքի ոլորտից) գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են փորձաքննությանն առաջադրված հարցին պատասխանելու համար» նույնպես ունի պարզաբանման կարիք, քանի որ որոշ բնագավառներ գործնականում պահանջում են իրավունքի ոլորտից նվազագույն իմացություններ: Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Դատական փորձագետը հետազոտություններն իրականացնում է նյութական օբյեկտների, մարդկային օրգանիզմի, երևույթների և գործընթացների անաչառ, լրիվ և բազմակողմանի գնահատմամբ՝ օգտագործելով գիտության և տեխնիկայի ձեռքբերումները և հետազոտության երաշխավորվող մեթոդները» շարադրյալից ելնելով առաջարկվում է «երաշխավորվող մեթոդները» բառակապակցությունը փոխարինել «կիրառելի և արդի մեթոդները» բառակապակցությամբ: Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ «2.Դատական փորձագետի և դատափորձագիտական հաստատության՝ անձի իրավունքները և ազատությունները սահմանափակող գործողությունները կարող են բողոքարկվել դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով» առաջարկվում է «դատափորձագիտական հաստատության» բառակապակցությունից հետո ավելացնել «կողմից» բառը: Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ «Դատական փորձագետի հավատարմագիր կամ որակավորման վկայական ստանալու համար ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը» դրույթում առաջարկվում է «կամ» բառը փոխարինել «և» բառով: Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ «Վարույթի մասնավոր մասնակցի նախաձեռնությամբ փորձագետը կարող է տրամադրել կարծիք՝ քաղաքացիաի¬րավական պայմանագրի հիման վրա» դրույթում «մասնավոր մասնակից» բառակապցությունն ունի պարզաբանման կարիք: Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ « վարույթին ներգրավված անձանց հետ հաստատել անձնական կապեր, որոնք կասկածի տակ են դնում նրա անաչառությունը» դրույթում, «անձնական կապեր» բառակապցությունն ունի պարզաբանման կարիք: Կարծում եմ, որ նշված բառակապակցությունը կարող է պարզաբանվել և կարգավորվել դատական փորձագետի էթիկայի և վարքագծի կանոններով: Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ կետով սահմանված՝ « ապահովել հետազոտվող օբյեկտների և նյութերի առավելագույն պահպանություն» դրույթը վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «հետազոտվող օբյեկտների ստացման օրվանից սկսած ապահովել հետազոտվող օբյեկտների և նյութերի առավելագույն պահպանություն»: Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ «3) փորձագետին վերադարձնել նրա ներկայացրած եզրակացությունը, եթե այն ոչ լրիվ է կամ դրանում արված հետևությունները հստակ չեն» դրույթը առաջարկվում է հանել, քանի որ տվյալ գործողությունը դիտվում է որպես միջամտություն և հակասում է սույն հոդվածում 2-րդ կետում սահմանված դրույթին: Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝ դատափորձագիտական հաստատության ղեկավարի պարտականություններում ընդգրկել վարույթի պահպանման գործառույթը: Նույն հոդվածի 4-րդ կետում՝ «ապահովել փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ պայմանները>» դրույթը վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «իր լիազորությունների շրջանակում ապահովել փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ պայմանները» Միաբովանդակության պահպանման նպատակով կարծում ենք, որ նախագծի 21-րդ հոդվածում՝ «Փորձաքննություն նշանակելու մասին որոշումը» վերնագրի ներքո գտնվող պահանջները պետք է համապատասխանեցնել դատավարության համապատասխան օրենսգրքի՝ (քաղացիական, վարչական և քրեական) հետ: Նախագծի 22-րդ հոդվածի մի շարք դրույթներ, բացի փորձաքննությանը, գիտատեխնիկական կամ դատաբժշկական հետազոտությանը նախորդող գործողությունների կազմակերպումը սահմանում է դատափորձագիտական հաստատության ղեկավարի և փորձագետի իրավունքները և պարտականությունները, որոնք առաջարկվում է ներառել համապատասխան բաժնում: Նախագծի 39-րդ հոդվածում ավելացնել 4-րդ կետը հետևյալ ձևակերպմամբ՝ համալիր փորձաքննության իրականացման դեպքում փորձագետը ստորագրում է միայն իր կողմից կազմված եզրակացության և հավելվածների բոլոր էջերի վերջում: Նախագծի 41-րդ հոդվածի 4-ին մասում՝ «Եթե փորձագետը տվյալ փորձաքննությունը ստանձնելիս փորձաքննությունը նշանակած անձին կամ մարմնին չի հանձնել փաստաթուղթ, որում ստորագրել է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կամ կատարման համար ստանձնած փորձաքննության կապակցությամբ եզրակացություն տալուց անհիմն հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաև առանց փորձաքննություն նշանակած անձի կամ մարմնի համաձայնության գործի տվյալների և փորձաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու կամ այլ անձանց հաղորդելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու մասին, ապա փորձագետի եզրակացությանը կցվում է այդ ստորագրությունը» առաջարկվում է «ակնհայտ» բառը հանել: Նախագծի 42-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝ «փորձագետի եզրակացության ստորագրման ամսաթիվը» դրույթը առաջարկվում է վերաձևակերպել հետևյալ կերպ՝ «փորձագետի եզրակացության կազման ամսաթիվը»: Նույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում՝ «փորձաքննության կատարման վայրը (եթե այն կամ դրա որևէ հատված կատարվել է փորձագետի նստավայրից դուրս)» առաջարկվում է հանել, որովհետև նշված պահանջի կատարումը ընդգրկված է նկարագրական մասում /տես հոդված 43 1 կետ, 1-ին ենթակետ: Նախագծի 46-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում՝ «փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ.» դրույթը առաջարկվում է «քրեական վարույթ» բառակապակցությունը հանել: Նախագծի 57-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է՝ «Փորձաքննության կատարման առավելագույն ժամկետները սահմանվում են Լիազոր մարմնի կողմից.», որն ունի պարզաբանման կարիք, քանի որ Օրենքի մեկ այլ հոդվածով ժամկետ կարող է սահմանել դատափորձագիտական հաստատության ղեկավարը:

Աննա Հարությունյան

10.12.2023

Առաջարկում եմ նախագծում ավելացնել նաև փորձագետի՝ փորձագիտական հաստատությունից դուրս հետազոտությունների կատարման ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից (և՛ քրեական, և՛ քաղաքացիական վարույթների շրջանակներում) անվտանգության ապահովման երաշխիքների վերաբերյալ դրույթներ:

Տեսնել ավելին