«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
12 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
«Պետական տուրքի մասին» օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է քաղաքացիական ու վարչական դատավարություններում ոլորտի բարեփոխման անհրաժեշտությամբ։
Հատկանշական է, որ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար համար պետական տուրքի (այսուհետ՝ Տուրք) դրույքաչափերը փոփոխության են ենթարկվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-177-Ն օրենքով: Սակայն նշված փոփոխությունների իրավակիրառ պրակտիկան, ինչպես նաև նշված օրենքի ընդունումից ի վեր երկրում կայացած դատաիրավական բարեփոխումները անհրաժեշտություն են առաջացրել վերանայելու Տուրքերին վերաբերելի որոշ իրավադրույթներ՝ ապահովելու համար մեկնարկած փոփոխությունների շարունակականությունը և ամբողջականությունը:
1.1. Պայմանագրերի վավերությունը վիճարկելու վերաբերյալ գործերով պետական տուրքը.
Ներկայումս գործող ընդհանուր կանոնի համաձայն՝ Տուրքը չափը հաշվարկվում է հիմք ընդունելով այն հանգամանքը, թե արդյոք դատարան ներկայացվող պահանջը բնույթով դրամական է, թե՝ ոչ դրամական: Նման մոտեցման պարագայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ պայմանագրերի վավերությունը վիճարկելու վերաբերյալ գործերով, երբ առկա չէ դրամական պահանջ, գանձվում է ոչ դրամական պահանջի համար սահմանված բազային տուրքի 20-ապատիկի չափով (առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում ներկայացնելու դեպքում) Տուրք: Այնինչ, նման պարագաներում վիճարկվում են պայմանագրեր, որոնք ունեն դրամային արտահայտությամբ որոշվող պայմանագրի գին: Ընդ որում, պայմանագրի վավերությունը վիճարկելու ելքով պայմանավորված առաջանում են նաև ռեստիտուցիայի՝ պայմանագրով ստացվածը վերադարձնելու հետ կապված պարտավորություններ, որոնք, իրենց հերթին, ևս կարող են հանգել դրամային պահանջների ու պարտավորությունների առաջացման: Արդյունքում, փաստացի վիճարկման հիմքում դրամական ակնկալիքի (կամ դրան համարժեք այլ եղանակով փոխհատուցման) հեռանկարով տարբեր պահանջների դեպքում կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ մի դեպքում գանձելով Տուրք՝ կախված դրամական պահանջի չափից, իսկ մյուս դեպքում ֆիքսված Տուրք՝ անկախ վիճարկվող պայմանագրի գնից: Արդյունքում, օրինակ, 10 միլիոն դրամին համարժեք դրամական պահանջ ներկայացրած անձը վճարում է 300.000 դրամ Տուրք, իսկ նույն 10 միլիոն դրամին համարժեք գին ունեցող պայմանագրի վավերությունը վիճարկող անձը՝ 20.000 դրամ:
Բացի այդ, դատական պրակտիկային խորթ չեն նաև դեպքերը, երբ անձիք հաճախ դիմում են դատարան պայմանագրի անվավերության պահանջներով՝ նպատակ ունենալով կա՛մ երկարաձգել դատավարական պրոցեսները, կա՛մ մյուս կողմի համար առաջացնել անբարենպաստ հետևանքներ, այդ թվում՝ նաև որպես հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություններ ներկայացնելով:
Այս համատեքստում նկատենք, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ որոշ երկրներում պայմանագրերի անվավերության հայցադիմումների գործերով պետական բյուջե գանձվող պետական տուրքի չափը կախված է պայմանագրի գնից: Մասնավորապես, այդ երկրներում ևս Պայմանագրի գնից կախված սահմանվում է որոշակի տոկոսային թիվ, որից և որոշվում է պետական տուրքի չափը: Այն որոշվում է նաև պայմանագրի գնով պայմանավորված որոշակի ֆիքսված գումարով, կամ ֆիքսված գումար և տոկոսային վճար համատեղությամբ:
Այսպես, օրինակ, Էստոնիայի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը[1] սահմանում է թե ինչ է իրենից ներկայացնում հայցագինը յուրաքանչյուր պահանջի դեպքում առանձին-առանձին (Գլուխ 17), որի մեջ 128-րդ հոդվածում նշվում է օգտագործման պայմանագրերից ծագող վեճերի վերաբերյալ հայցագնի չափը: Մասնաորապես, Վարձակալության պայմանագրի, առևտրային վարձակալության պայմանագրի կամ օգտագործման այլ նմանատիպ պայմանագրի վավերականության կամ տևողության հետ կապված վեճում դատական հայցի գինը կազմում է վեճի ընթացքում ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում վճարվող օգտագործողների վճարների հանրագումարը: Եթե վեճը կապված է անշարժ գույքի օբյեկտի, շինարարական աշխատանքների կամ այդպիսի օբյեկտի կամ աշխատանքի մի մասի տիրապետումանը հանձնելուց հրաժարվելու հետ, քանի որ պայմանագրի ժամկետը լրանում է, ապա դատական հայցի գինը հավասար է մեկ տարվա համար վճարման ենթակա օգտագործողի վճարների ընդհանուր գումարին: 18-րդ գլխում սահմանվում է վճարվող պետական տուրքը՝ հղում անելով «Պետական տուրքի մասին» Ակտին[2], որի հավելված 1-ում[3] սահմանվում են հայցագնին համապատասխան պետական տուրքրերի չափերը: Պետական տուրքի առավելագույն չափը կազմում է 5,000 եվրո:
Օրինակ, եթե վարձակալության պայմանագրով մեկ տարվա համար ընդհանուր վճարվելիք գումարի չափը կազմում է 12,000 եվրո, ապա պետական տուրքը ըստ Հավելվածի հավասար կլինի 770 եվրոյի:
Հունգարիայի «Վճարների մասին» օրենքի[4] 6-րդ գլխով սահմանվում են պետական տուրքի չափերը հայցադիմումի առարկայի արժեքի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ (որը կազմում է 6%), իսկ քաղաքացիական դատավարության օրենսգրքը[5] սահմանում է հայցի առարկայի արժեքը: Հայցադիմումի առարկայի արժեքից ելնելով որոշվում է պետական տուրքի չափը: Մասնաորապես, Օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումի առարկայի արժեքը, բացառությամբ 3-րդ կետի, նույնն է, ինչ հայցի կամ այլ իրավունքի արժեքը, որն իրականացվել է գործողությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պահանջի կամ այլ իրավունքի արժեքը որոշվում է՝
ա) պայմանագրի կնքման, կնքված չլինելու, վավերականության, անվավերության, վավերականության կամ անվավեր ճանաչելու պահանջի դեպքում՝ պայմանագրով նախատեսված ծառայության դիմաց վճարվող հատուցման արժեքով.
բ) պայմանագիր կնքելու կամ լուծելու պահանջի դեպքում՝ պայմանագրային ծառայության դիմաց վճարվող փոխհատուցման արժեքով, որը դեռ չի կատարվել.
գ) վիճելի առարկայի կամ իրի մի մասի արժեքով կամ գույքային իրավունքով.
դ) հայցի ապահովման հայցով` ապահովված պահանջի արժեքով, կամ եթե գրավի արժեքը սրանից փոքր է` վերջինիս արժեքով.
ե) գրավի պայմանագրի անվավերության պահանջի դեպքում՝ պահանջի արժեքով, կամ եթե հանված գրավի արժեքը սրանից փոքր է, վերջինիս արժեքով.
Վճարվող պետական տուրքի նվազագույն չափը կազմում է 15,000 հունգարական ֆորինտ, իսկ առավելագույն չափը՝ 1,500,000 հունգարական ֆորինտ:
Ստացվում է օրինակ եթե վարձակալության պայմանագրի արժեքը կազում է 1,000,000 հունգարական ֆորինտ, ապա հայցագնի չափը որոշվում է 1,000,000 * 6 / 100 = 60,000 հունգարական ֆորինտ:
Սլովակիայի «Դատական ծախսերի և քրեական դատավարությունից քաղվածքի վճարի վերաբերյալ» օրենքի[6] 7-րդ հոդվածի համաձայն՝ տոկոսային դրույքաչափով տուրքի հիմք է հանդիսանում վճարի գործարքի առարկայի գինը, իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ Վճարների դրույքաչափը նշվում է վճարների ժամանակացույցում որպես վճարի բազայի տոկոս (այսուհետ` տոկոսային դրույքաչափ) կամ ֆիքսված գումար: Հավելված 1-ի համաձայն՝ վարույթի առարկայի գնից (վճարումից) կամ վեճի առարկայի արժեքից 6 տոկոսի չափով գանձվում է պետական տուրք (6%, առնվազն 16,50 եվրո, առավելագույնը 16,596,50 եվրո բիզնեսի հարցերում առավելագույնը 33,193,50 եվրո): Այսպիսով ստացվում է պայմանագրի գնից գանձվում է համապատասխան չափով պետական տուրք:
Լատվիայի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը[7] պետական տուրքերի համար նախատեսում է գույքային և ոչ գույքային պահանջները, ինչպես նաև այլ պահանջներ: Համաձայն օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ դրամական չափով գնահատվող պահանջների համար գանձվում է պետական տուրք ըստ պահանջի չափի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, իսկ նույն մասի 4-րդ կետի համաձայն՝ պահանջները, որոնց բնույթը գույքային չէ կամ չի պահանջվում գնահատում գանձվում է պետական տուրք 70 եվրոյին չափով: Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ պահանջի չափը կազմում է՝ գործարքը լուծելու կամ անվավեր ճանաչելու պահանջ ներկայացվելու դեպքում - վեճի առարկա պայմանագրի գինը:
Լատվիային քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավական դրույթներից կարել է եզրակացնել, որ եթե պայմանագիրը լուծելու կամ անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացվել, ապա նման դեպքում պահանջի չափը հաշվում է վեճի առարկա պայմանագրի առարկային գնի հիման վրա, որից և որոշվում է պահանջի գույքային բնույթը և փաստորեն պետական տուրք գանձվում է 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կանոններով:
Սահմանվում են հետևյալ չափերը.
1) դրամական գումարով գնահատվող պահանջների համար.
ա) մինչև 2134 եվրո - պահանջվող գումարի 15 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 70 եվրո,
բ) 2135 եվրոյից մինչև 7114 եվրո՝ 320 եվրո գումարած 2134 եվրոն գերազանցող պահանջվող գումարի 4 տոկոսը.
գ) 7115 եվրոյից մինչև 28 457 եվրո՝ 520 եվրո գումարած 7114 եվրոն գերազանցող պահանջվող գումարի 3,2 տոկոսը,
դ) 28 458 եվրոյից մինչև 142 287 եվրո՝ 1200 եվրո գումարած 28 457 եվրոն գերազանցող պահանջվող գումարի 1,6 տոկոսը,
ե) 142 288 եվրոյից մինչև 711 435 եվրո՝ 3025 եվրո գումարած 142 287 եվրոն գերազանցող պահանջվող գումարի 1 տոկոսը,
զ) 711 435 եվրոն գերազանցող - 8715 եվրո գումարած 711 435 եվրոն գերազանցող պահանջվող գումարի 0,6 տոկոսը.
Այսպիսով, Լատիային քաղաքացիական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս պայմանագրի անվավերության պահանջ ներկայացնելու պարագայում պետական տուրքի չափը որոշել վեճի առարկա պայմանագրի գնից:
Լիտվայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի[8] 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տուրքը գանձվում է գույքային վեճերում՝ պահանջի չափից՝ մինչև երեսուն հազար եվրո՝ 3 տոկոս, բայց ոչ պակաս, քան քսան եվրո. երեսուն հազար եվրոյից մինչև հարյուր հազար եվրո գերազանցող գումարից՝ ինը հարյուր եվրո գումարած պահանջի գումարի 2 տոկոսը. հարյուր հազար եվրոն գերազանցող գումարից՝ երկու հազար երեք հարյուր եվրո գումարած հարյուր հազար եվրոն գերազանցող պահանջի գումարի 1 տոկոսը: Գույքային վեճերում տուրքի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տասնհինգ հազար եվրոն: Նույն մասի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխության հետ կապված (փոփոխելու, լուծելու և այլն) վճարվում է 200 եվրո, բացառությամբ պայմանագրերի գույքային բնույթի դրույթների փոփոխման հետ կապված վեճերի: Նույն օրենսգրքի 85-րդ հոդվածը կարգավորում է պահանջի չափը: Մասնավորապես համաձայն նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ պահանջի չափը որոշվում է հետևյալ կերպ. գործարքների անվավերության դեպքում՝ համաձայն այն գումարի չափի, որը պետք է վերադարձվի պատասխանողի կողմից, կամ պատասխանողին վերադարձվելիք գույքի շուկայական արժեքով, եթե ռեստիտուցիան կիրառվում է գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում: Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը վերաբերում է գույքային պահանջներին, որի համաձայն պահանջի չափը որոշվում է պահանջի չափի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ:
Լիտվայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված դրույթներից կարող ենք եզրակացնել, որ պայմանագրի անվավերության պահանջ ներկայացնելու պարագայում պետական տուրքը հավասար է ըստ պատասխանողի կողմից վերադարձվելիք գումարների կամ պատասխանողի կողմից վերադարձվող ակտիվների շուկայական արժեքի և համապատասխան տոկոսային հարաբերակցության թվի արտադրյալին, բաժանած 100%-ի, եթե գործարքը անվավեր ճանաչվելու դեպքում կկիրառվի ռեստիտուցիա:
Այսպիոսով, կարծում ենք Լիտվայի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախադրյաներ է ստեղծել պայմանագրի անվավերությունից բխող վեճերով, որոնք ունեն գույքային բնույթ, պետական տուրքը գանձել գույքային պահանջներին ներկայացվող նորմերով՝ համապատասխան տոկոսային հարաբերակցությամբ:
Սերբիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի[9] 32-րդ հոդվածի համաձայն՝ եթե հայցով պահանջվում է գույքային իրավունքներ կամ գույքի նկատմամբ այլ իրական իրավունքներ հաստատել, անշարժ գույք ունեցող պայմանագրի անվավերության, առոչնչության կամ լուծելու հարց որոշել, դատավարության առարկայի արժեքը որոշվում է շուկայի անշարժ գույքի կամ դրա անբաժանելի մասի շուկայական արժեքից:
Ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումի և հակընդդեմ հայցի համար դատական տուրքը վճարվում է՝ ելնելով վեճի առարկայի արժեքից՝ հետևյալ կերպ[10].
Մինչև 10000 դինար արժեք – 1900 դինար վճար:
Ավելի քան 10000-ից մինչև 100000 դինար արժեք՝ 1900 դինար վճար՝ գումարած վեճի առարկայի արժեքի 4%-ը:
Ավելի քան 100,000-ից մինչև 500,000 դինար արժեք՝ 9800 դինար վճար՝ գումարած վեճի առարկայի արժեքի 2%-ը:
Ավելի քան 500,000-ից մինչև 1,000,000 դինար արժեք՝ 29,300 դինար վճար՝ գումարած վեճի առարկայի արժեքի 1%-ը:
Ավելի քան 1,000,000 դինար արժեք – վճար 48,800 դինար գումարած վեճի արժեքի 0,5%-ը, մինչև առավելագույնը 97,500 դինար:
Սերբիայի օրենսդրության համաձայն՝ այն պայմանագրերի անվավերության պահանջի դեպքում, որոնց առարկան անշարժ գույքն է, հայցի առարկայի արժեքը որոշվում է դրա շուկայական գնով, իսկ պետական տուրքը համապատասխան ֆիքսված վճարով և տոկոսային հարաբերակցությամբ հայցի առարկայի արժեքի նկատմամբ:
Այսպիսով, միջազգային փորձը ևս վկայում է այն մասին, որ պայմանագրերի անվավերության պահանջ ներկայացնելուց տարբեր դեպքերում պետական տուրքը կարող է գանձվել նաև պայմանագրի գնով պայմանավորված որոշվող չափով:
1.2. Ակնհայտ անհիմն հայց ներկայացնելու դեպքում գանձվող լրացուցիչ պետական տուրքը.
Անձիք, իրացնելով Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, հաճախ առանց իրավական կամ փաստական հիմքեր ունենալու արհեստական հայցադիմումներ են ներկայացնում դատարան՝ միևնույն ժամանակ, անհիմն կերպով ծանրաբեռնելով դատական համակարգը: Այս նկատառումից ելնելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքում 2022թ.-ի դեկտեմբերի 23-ին կատարված փոփոխություններով օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով որպես արագացված դատաքննության կիրառման հիմք նախատեսվել են նաև այն դեպքերը, երբ հայցն ակնհայտ անհիմն է: Նման միջոցը ինքնուրույն վերցրած, ըստ էության, լիարժեք չի կարող ապահովել իր առջև դրված նպատակը: Ուստի, նման պարագայում, հարկ է նաև նկատի ունենալ այն հանգամանքը, որ Տուրքի բնութագրիչ գծերից և դրա սահմանելու նպատակներից մեկն էլ ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը նախականխելն է, որպիսի հանգամանքը ամրագրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներով (տե՛ս օրինակ՝ Սահմանադրական դատարանի՝ 10.07.2018թ.-ի թիվ ՍԴՈ-1423 որոշումը):
Հետևաբար, արդեն իսկ ներդրված ինստիտուտի առավել պատշաճ կիրառումն ապահովելու և ակնհայտ անհիմն հայցադիմումների ներկայացումը նվազագույնի հասցնելու տեսանկյունից, նպատակահարմար է թվում նման դեպքերում լրացուցիչ Տուրք գանձելու հնարավորության նախատեսումը ևս:
1.3. Պարզեցված վարույթի կարգով հայցադիմումներ ներկայացնելու դեպքում կիրառվող Տուրքը.
19.04.2021թ.-ի թիվ ՀՕ-177-Ն օրենքով կատարված փոփոխություններով նախատեսվեցին Տուրքի տարբեր դրույքաչափեր մի կողմից հայցադիմումը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու համար, իսկ մյուս կողմից՝ պարզեցված վարույթի կարգով: Արդյունքում, պարզեցված վարույթների համար որպես Տուրքի նվազագույն չափ պահպանվեց նախկինում գործող 1500 դրամին համարժեք գումարը: Նման պարագայում, հաշվի առնելով թե՛ դատարան ներկայացվող հայցադիմումների թվի աճը, թե՛ Հայաստանում սոցիալ տնտեսական ցուցանիշների կարճ ժամանակահատվածում էական փոփոխությունները, սահմանված նվազագույն շեմը, փաստացի չի ապահովում Տուրքի՝ պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը որոշակիորեն փոխհատուցելու նպատակը: Ընդ որում, նույնաչափ Տուրք նախատեսվեց նաև Վճարման կարգադրություն արձակելու դիմումների համար, որպիսի պարագայում հաճախ արձանագրվել են դեպքեր, երբ անձինք վճարման կարգադրություն արձակելու դիմումի փոխարեն ներկայացրել են հայցադիմումներ, ինչի արդյունքում, ըստ էության, չի պահպանվել նաև Տուրքի նախականխող գործառույթը:
Անդրադառնալով Հայաստանում որոշ սոցիալ-տնտեսական ցուցանիշների էական փոփոխություններին, որոնք կարող են դրվել Տուրքի նախատեսվող դրույքաչափի հաշվարկի հիմքում՝ կարող ենք նկատել հետևյալ պատկերը.
- Համաշխարհային բանկի տվյալներով, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը` ազգային արժույթով արտահայտված (այսուհետ` ՀՆԱ) 2020թ.-ին կազմել է 2,036,901 դրամ, իսկ 2022թ.-ին` 2,282,207 դրամ[11], աճելով 1.12 անգամ,
- միջին ամսական աշխատավարձը[12] 2019թ.-ին կազմել է 182,673 դրամ[13], իսկ 2021թ.-ին՝ 204,048 դրամ[14], աճելով 1.11 անգամ,
- նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2020թ.-ի I եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է 61,390.7 դրամ[15], իսկ 2023թ.-ի II եռամսյակի միջին ընթացիկ գներով` 80,045.9 դրամ[16]՝ աճելով 1.3 անգամ,
- նվազագույն աշխատավարձի չափը 2020թ. դրությամբ կազմել է 68,000 դրամ, իսկ 2023թ.-ին` 75,000 դրամ, աճելով 1.1 անգամ,
- աղքատության ընդհանուր գիծը 2018թ.-ին կազել է 42,621 դրամ[17], իսկ 2021թ.-ին միջինում՝ 48,145 դրամ[18]՝ աճելով շուրջ 12 անգամ,
- սպառողական գների ինդեքսը 2023թ.-ի օգոստոս ամսին ի համեմատ 2020թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 15.47%[19]` աճելով շուրջ 15 անգամ։
Արդյունքում, նշված սոցիալ-տնտեսական ցուցանիշները 2020թ.-ից մինչև 2023թ.-ի երրորդ եռամսյակը աճել են միջինում 1.15 անգամ։
Նշվածի համատեքստում հարկ է անդրադառնալ նաև օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթի, մասնավորապես, 26.06.2023թ.-ի թիվ ՀՕ-229-Ն օրենքով «Նոտարիատի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնց համատեքստում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն կարող է արձակվել: Այս առնչությամբ «Պետական տուրքի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 21.1. կետով սահմանվեց, որ նոտարի կողմից՝ նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետևյալ դրույքաչափերով` կատարողական մակագրության թերթ տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով: Ստացվում է, որ նոտարի կատարողական մակգարություն տալու համար Նոտարը գանձում է 3.3 անգամ ավել պետական տուրք, քան դատարանները, իսկ մատուցած ծառայության համար նոտարները գանձում են 5,000 – 10,000 ՀՀ դրամ ծառայության վճար:
Պետական տուրքերի վերանայման տեսանկյունից հարկ է անդրադառնալ նաև Սահմանադրական դատարանի դիրքորոշումներին։ Մասնավորապես, ինչպես արդեն նշել ենք, համաձայն Սահմանադրական դատարանի 10.07.2018թ.-ի թիվ ՍԴՈ-1423 որոշման՝ պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում, նախ՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, իսկ վերջինիս դեպքում նաև՝ մասամբ նախականխել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը՝ նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը, և թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը: Այսինքն, պետական տուրքի գանձումը միաժամանակ ապահովում է մի քանի իրավաչափ նպատակների իրականացում՝ կատարելով և՛ փոխհատուցող, և՛ կանխարգելող գործառույթներ:
Ուստի, դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումը կարող է պայմանավորվել այն հանգամանքով, որ առավել լիարժեք կապահովվի պետական տուրքի կանխարգելող գործառույթը՝ բացառելով անհիմն հայցադիմումներով և դիմումներով դատարանների ծանրաբեռնումը, նոտարների կողմից գումարի բռնականձման պահանջով կարգադրություն արձակելու համար սահմանված պետական տուրքի և ծառայության վճարի ու դատարանների կողմից գործի քննության և լուծման համար սահմանված վճարների ոչ մեծ տարբերակվածությունը, միաժամանակ, բարձրացնելով նաև Տուրքի փոխհատուցող գործառույթի արդյունավետությունը, քանի որ Տուրքի վճարումից ձևավորվող միջոցների հաշվին հնարավոր կլինի բարելավել դատարանների նյութատեխնիկական ապահովվածությունը, ավելացնել դատավորների և նրանց կցված ծառայողների թվաքանակը, բարելավել նրանց սոցիալական մի շարք երաշխիքներ, այդ թվում՝ վարձատրությունը, խթանել նոր կադրերի ներգրավումը դատական համակարգ, որոնք բխում են նաև Կառավարության` 2022թ.-ի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1133-Լ որոշմամբ (այսուհետ` Ռազմավարություն) սահմանված ռազմավարական նպատակներից:
1.4. Դրամական պարտավորություն առաջադրող վարչական ակտերի վիճարկման համար Տուրքը.
19.04.2021թ.-ի թիվ ՀՕ-177-Ն օրենքով կատարված փոփոխություններով վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների համար գանձվող տուրքերի մասով կատարվեցին էական փոփոխություններ՝ նպատակ ունենալով վերացնել Տուրքի նկատմամբ բոլոր դեպքերում սահմանված է միատեսակ մոտեցումը (հատկապես այնպիսի վարչական ակտերի վիճարկման ժամանակ, որոնցով սահմանված է դրամական արտահայտությամբ պատասխանատվության միջոց) և սահմանել տուրքի հաշվարկման բանաձևային եղանակ նման դեպքերի համար: Սակայն, նորմի կիրառման դատտական պրակտիկայում վեր հանված խնդիրները վկայում են, որ փոփոխված դրույթը ոչ միանշանակ է ընկալվում և կիրառվում: Այսպես, օրինակ, դատական պրակտիկայում Պետական եկամուտների կոմիտեի կողմից կայացված դրամական պատասխանատվություն սահմանող վարչական ակտերը չեն դիտարկվում որպես վարչական պատասխանատվության միջոց և հետևաբար չի կիրառվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը: Այսպես, թիվ ՎԴ/5766/05/22 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանի 15.03.2023թ. որոշմամբ Հայցվորի վերաքննիչ բողոքը բավարարվել է և վերացվել է Վարչական դատարանի 15.12.2022թ. «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը: Վերաքննիչի որոշման համաձայն՝ «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումին կից ներկայացված 10.000 դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը սույն գործով հայցադիմում ներկայացնելու համար պետք է դիտվի որպես պետական տուրքը վճարված լինելը հավաստող պատշաճ ապացույց, քանի որ վիճարկվող որոշմամբ հայցվորին առաջադրված տուգանքը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի կարող համարվել վարչական պատասխանատվության միջոց և, ըստ այդմ, հայցվորի դատական պաշտպանության իրավունքը սահմանափակելու հիմք հանդիսանալ»:
Տարաբնույթ մեկնաբանույթուններից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել նախատեսել մեկ ընդհանրական կարգավորում, որը կներառի նաև նշված դեպքերը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է.
- պայմանագրերի անվավերության պահանջ ներկայացնելու դեպքում Տուրքը գանձել պայմանագրի գնի հիման վրա հաշվարկվող դրույքաչափով՝ հիմք ընդունելով դրամական պահանջերի համար սահմանված տոկոսային, առավելագույն և նվազագույն չափերը.
- ակնհայտ անհիմն հայցադիմում ներկայացնելու հիքով արագացված դատաքննություն կիրառելու և հայցը մերժելու դեպքում լրացուցիչ Տուրք գանձել՝ նախապես վճարված Տուրքի կրկնակիի չափով.
- քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել կառուցակարգ, որի համաձայն՝ դատարանը կունենա լիազորությունը ակնհայտ անհիմն հայցադիմում ներկայացնելու դեպքում՝ հայցադիմումը մերժելով անդրառնալ լրացուցիչ Տուրք գանձելու հարցին.
- քաղաքացիական դատավարության պարզեցված վարույթի կարգով քննվող դրամական պահանջի դեպքում Տուրքի նվազագույն շեմը սահմանել 5,000 ՀՀ դրամը.
- վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար սահմանված Տուրքի կանոնը նախատեսել այնպես, որ այն կիրառվի դրամական պատավորություն առաջադրող բոլոր վարչական ակտերի վիճարկման նկատմամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխամ պետական տուրքերի չափ՝ քաղաքացիական դատավարության պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի համար, կանխել ակնհայտ անհիմն հայցադիմումների ներկայացումը առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ, սահմանել պայմանագրերի անվավերության պահանջի դեպքում դատարանի կողմից մատուցված ծառայությանը՝ գործի քննությանը և լուծմանը համապատասխան պետական տուրքի գանձումը պայմանագրի գնի չափով պայմանավորված, ինչպես նաև ապահովել դրամական պարտավորություն առաջացնող վարչական ակտերի վիճարկման դեպքում կիրառվող Տուրքի միատեսակությունը:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, պետական բյուջեի եկամուտներում ակնկալում են ավելացումներ պետական տուրքերի բարձրացման հետ կապված, իսկ ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
[1] https://www.riigiteataja.ee/en/eli/ee/Riigikogu/act/528072023007/consolide
[2] https://www.riigiteataja.ee/en/eli/ee/Riigikogu/act/501062023003/consolide
[3] https://www.riigiteataja.ee/tolkelisa/5010/6202/3003/Annex1.pdf#
[4] https://njt.hu/jogszabaly/1990-93-00-00.192
[5] https://njt.hu/jogszabaly/2016-130-00-00
[6] https://www.slov-lex.sk/pravne-predpisy/SK/ZZ/1992/71/20230725
[7] https://likumi.lv/ta/en/en/id/50500
[8] https://www.infolex.lt/ta/77554
[9] https://arhiva.mpravde.gov.rs/images/Civil%20Procedure%20Law_180411.pdf
[10] https://www.legal500.com/developments/thought-leadership/court-fees-in-civil-procedures-in-the-republic-of-serbia/
[11] https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.KN?locations=AM
[12] Միջին ամսական աշխատավարձը վարձու աշխատողի համախառն վարձատրությունն է` հաշվի առած ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ պահումները + աշխատավարձին հավասարեցված այլ վճարումների հաշվարկված գումարները (դրամական և բնեղեն արտահայտությամբ) հարաբերելով աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին թվաքանակին
[13]https://www.armstat.am/file/article/sv_03_20a_142.pdf, էջ 119
[14] https://www.armstat.am/file/doc/99534408.pdf, էջ 121
[15]https://www.armstat.am/file/article/sv_03_20a_6200.pdf, էջ 345
[16] https://www.armstat.am/file/article/sv_06_23a_6200.pdf, էջ 389
[17] https://www.armstat.am/file/doc/99516748.pdf, էջ 118
[18] https://www.armstat.am/file/doc/99534408.pdfhttps://www.armstat.am/file/doc/99534408.pdf, էջ 147
-
Քննարկվել է
27.11.2023 - 12.12.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2246
Տպել