ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
——————— 2024 թվականի N ——— Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի, N 7 հավելվածի X բաժնի, «Սնդիկի մասին» օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
- Սահմանել Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք) 7-րդ հոդվածին համապատասխան ապահովել վերահսկողություն սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգերով նախատեսված արգելքների և սահմանափակումների պահպանման նկատմամբ։
- Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգերով նախատեսված արգելքները և սահմանափակումները տարածվում են Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2805 40 100 0 և 2805 40 900 0 ծածկագրերին դասվող սնդիկի վրա։
- Սույն որոշմամբ սահմանված նորմերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ սնդիկի արտահանման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման վրա։
- Սույն որոշման շրջանակներում կիրառվող հասկացությունները կիրառվում են ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ կամ մաքսային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստներով:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման ընդունման մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 18-ից և գործում է վեց ամիս ժամկետով։
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
———- N —Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման կարգի հետ կապված հարաբերությունները։
- «Սնդիկի մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:
- Հայաստանի Հանրապետության տարածքից սնդիկի արտահանումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից տրամադրված սնդիկի արտահանման համաձայնության առկայության դեպքում։
- Սույն կարգի 3-րդ կետով սահմանված համաձայնությունն ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ հայտատու) լիազոր մարմին են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով ձևավորված էլեկտրոնային հայտը և «PDF» ձևաչափով թվայնացված հետևյալ փաստաթղթերը՝
- սնդիկի արտահանման նպատակը ներկայացնող տեղեկանք.
- ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված՝ առևտրային փաստաթղթեր.
- բեռնափոխադրման պայմանագիր.
- ապրանքի ծագման սերտիֆիկատ.
- «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի կողմ (այսուհետ՝ կողմ) հանդիսացող երկիր սնդիկի արտահանման դեպքում ներմուծող կողմի լիազոր մարմնի գրավոր համաձայնությունն առ այն, որ սնդիկն օգտագործվելու է «Սնդիկի վերաբերյալ» կոնվենցիայով ներմուծող կողմին թույլատրված եղանակով կամ էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով.
- «Սնդիկի վերաբերյալ» կոնվենցիայի կողմ չհանդիսացող երկիր արտահանման դեպքում ներմուծող երկրի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև հավաստագիր առ այն, որ ձեռնարկվել են միջոցներ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման համար և ներմուծվող սնդիկն օգտագործվելու է միայն այն եղանակով, որը «Սնդիկի վերաբերյալ» կոնվենցիայով թույլատրված է կողմ հանդիսացող երկրներին կամ ներմուծվելու է էկոլոգիապես անվտանգ ժամանակավոր պահպանման նպատակով.
- ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվությունը.
- երկաթուղային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում բեռնառաքիչ (բեռնափոխադրող) կազմակերպության ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 892-Ն որոշմամբ սահմանված կարգով ստորագրված և հաստատված վտանգավոր բեռի բնութագիրը.
- օդային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշմամբ սահմանված` դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս վտանգավոր բեռների օդային փոխադրումների համապատասխան թույլտվությունը։
- Լիազոր մարմինը սնդիկի արտահանման վերաբերյալ համաձայնությունը կամ մերժումը կամ փաստաթղթերի փաթեթի լրակազմման, հայտի ու փաստաթղթերի տվյալների ճշգրտման առաջարկը տրամադրում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հայտը և փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի միջոցով։
- Սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը կամ տվյալները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը, նշելով հայտում և հայտին կից ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները, հայտատուին առաջարկում է 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ տվյալները։
- Սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքում հայտը կրկին ներկայացնելիս սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տվյալները թերի կամ դրանցում առկա տեղեկությունները ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված լինելու դեպքում՝ փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կամ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում՝ սահմանված ժամկետին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը կայացնում է հայտը մերժելու մասին որոշում՝ սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տվյալները թերի կամ դրանցում առկա տեղեկությունները ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված ներկայացված լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերը կամ ճշգրտված տվյալները սահմանված ժամկետում ներկայացված չլինելու հիմքով։
- Ֆիզիկական անձանց (բացառությամբ «Սնդիկի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված անհատ ձեռնարկատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից սնդիկի արտահանումը, որպես անձնական օգտագործման ապրանք, արգելվում է։
- Ֆիզիկական անձանց կողմից սնդիկի արտահանման համար ներկայացված հայտը լիազոր մարմնի որոշմամբ մերժվում է հայտը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված հիմքով։
- Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված համաձայնությունը հայտատուին տրամադրելուց կամ հայտը մերժելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
———- N —Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգի հետ կապված հարաբերությունները։
- «Սնդիկի մասին» օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:
- Հայաստանի Հանրապետության տարածք սնդիկի ներմուծումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից տրամադրված սնդիկի ներմուծման միանգամյա (մեկանգամյա) լիցենզիայի առկայության դեպքում։
- Միանգամյա լիցենզիա ստանալու համար սնդիկ ներմուծող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմին են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով ձևավորված էլեկտրոնային հայտ:
- Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիայի ձևակերպման համար, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածի 12-րդ կետով և 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերից և տեղեկություններից, հայտատուն «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով ձևավորված հայտին կից լիազոր մարմին է ներկայացնում «PDF» ձևաչափով թվայնացված հետևյալ փաստաթղթերը՝
- «Սնդիկի վերաբերյալ» կոնվենցիայի կողմ չհանդիսացող երկրի հավաստող գրությունն առ այն, որ այդ երկրից արտահանվող սնդիկը չի հանդիսանում «Սնդիկի վերաբերյալ» կոնվենցիայով անթույլատրելի ճանաչված աղբյուրներից՝ սնդիկի հիմնական արդյունահանումից կամ քլոր-ալկալիական արտադրության կայանքների ապամոնտաժումից առաջացած սնդիկ.
- ավտոմոբիլային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված վտանգավոր բեռներ փոխադրելու թույլտվությունը.
- երկաթուղային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում բեռնառաքիչ (բեռնափոխադրող) կազմակերպության ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 892-Ն որոշմամբ սահմանված կարգով ստորագրված և հաստատված վտանգավոր բեռի բնութագիրը,
- օդային տրանսպորտով սնդիկի փոխադրման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1372-Ն որոշմամբ սահմանված` դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս վտանգավոր բեռների օդային փոխադրումների համապատասխան թույլտվությունը։
- Սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթուղթը կամ փաստաթղթերն ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը գրավոր դիմում են արտահանող երկրի արդյունաբերության (հանքարդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն) և թափոնների կառավարման ոլորտներում լիազորված մարմիններին մինչև տվյալ երկրից սնդիկի արտահանման գործընթաց սկսելը։
- Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված դրույթներին համապատասխան։
- Սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիան ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման N 9 հավելվածի Ձև N9 և Ձև N10 ձևանմուշներին համապատասխան։
- Ֆիզիկական անձանց (բացառությամբ «Սնդիկի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված անհատ ձեռնարկատերերի) կողմից Հայաստանի Հանրապետության տարածք սնդիկի ներմուծումը, որպես անձնական օգտագործման ապրանք, արգելվում է։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածի 14-րդ կամ սույն կարգի 9-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հայտը մերժելու մասին որոշում՝ նշելով մերժման հիմքերը։
- «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով սնդիկի ձևակերպումն իրականացվում է մաքսային մարմին սույն կարգի 3-րդ կետով սահմանված միանգամյա լիցենզիան ներկայացնելու դեպքում։
- Սնդիկի նկատմամբ չեն կիրառվում «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «Մաքսային պահեստ», «Անմաքս առևտուր», «Ոչնչացում», «Մաքսային տարածքում վերամշակում», «Ներքին սպառման համար վերամշակում», «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ», «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգերը։
- Լիազոր մարմինը սնդիկի ներմուծման միանգամյա լիցենզիա տրամադրելուց կամ հայտը մերժելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։
-
Քննարկվել է
24.11.2023 - 10.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2175
Տպել