Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վարչական մարմինների կողմից ընդունված որոշումների վերանայման իրավական հնարավորությունը համարվում է ինչպես ժողովրդավարության, այնպես էլ վարչարարության արդյունավետության կարևոր տարր։

Վարչական մարմնի կողմից վերանայման գործառույթը կարելի է բնորոշել որպես հանրային իրավահարաբերությունների շրջանակներում ծագող վեճերի լուծման վարչական ընթացակարգ, որն էլ հանդիսանում է գործը ՀՀ վարչական դատարանին հանձնելուն այլընտրանքային տարբերակ:

Վարչական ակտ կայացրած պաշտոնատար անձի վերադաս մարմնի կողմից վերանայումը, մասնավորապես՝ համապատասխան ակտի կայացման հիմնավորվածության օբյեկտիվ և անկողմնակալ քննությունը, ակնհայտորեն հանգեցնում է վարչական դատարանի անհարկի ծանրաբեռնվածության նվազեցմանը, իսկ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտի վերադասության կարգով վերանայման ոչ պարտադիր լինելը կամ վերադասության կարգով վերանայման կողմնակալությունը հանգեցնում է վարչական ակտերի հասցեատերերի կողմից անտեղի և չհիմնավորված բողոքարկումներին և դատարանների կողմից արդյունավետ արդարադատության իրականացման օբյեկտիվ հնարավորության բացակայությանը։

Ուստի, կարելի է արձանագրել, որ վարչական ակտերի վերադաս մարմնի կողմից վերանայման դերը մեծացնելը և անհրաժեշտ չափով նշանակություն տալը կհանգեցնի ինչպես գործադիր մարմնի կողմից իր իրավասությունների պատշաճ կատարմանն, այնպես էլ կապահովի արդարադատության համակարգում շոշափելի արդյունքների հասնելն և արդյունավետության միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտներ ունենալը։

Գործող իրավակարգավորումների շրջանակներում օրենսդիրը որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմելու անձի իրավունքի ծագումը պայմանավորել է մինչև դատարան դիմելը որոշակի գործողությունների պարտադիր կատարմամբ, մասնավորապես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է հստակ զանցանքների ցանկ, որոնց վերաբերյալ կայացրած վարչական ակտերը չեն կարող միանգամից վիճարկվել դատարանում, այլ պարտադիր պայման է մինչ հայց ներկայացնելը վարչական ակտը բողոքարկելը վերադասության կարգով:

Նշվածից բխում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշման վերադասության կարգով բողոքարկումը հանդիսանում է պարտադիր վավերապայման վարչական դատարան վիճարկման հայց ներկայացնելու իրավական հնարավորություն ստանալու համար։

Նման պայմաններում օբյեկտիվորեն խոսք չի կարող գնալ անձի դատարան դիմելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ, քանի որ նշված իրավակարգավորումների արդյունքում վարչական ակտի հասցեատերը չի կորցնում դատարան դիմելու իրավունքը և նրա այդ իրավունքը չի սահմանափակվում, քանի որ վերադասության կարգով բողոքարկումը որևէ լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջացնում անձի համար, այլ հակառակը՝ վարչական ակտի հասցեատիրոջ բողոքը/գանգատը բավարարվելու դեպքում, ապագայում համապատասխան ակտը չբողոքարկվելու պայմաններում անձը ազատվում է պետական տուրք վճարելու անհրաժեշտությունից։

Վարչական իրավախախատումները տեսակավորելը և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավախախտումների վերաբերյալ գործերով պարտադիր կարգով վերադասության բողոքարկում սահմանելը պայմանավորված է բացառապես նման իրավախախտումների վերաբերյալ գործերի մեծ քանակով և դատարանները բեռնաթափելու անհրաժեշտությամբ, սակայն նման մոտեցումը չի կարելի միանշանակ հիմնավորված համարել, քանի որ որոշ դեպքերում իրականացվող վարչարարությունը իր բնույթով լինում է շատ տեխնիկական, և բնույթով պայմանավորված վարչական կարգով բողոքարկման պարտադիրության սահմանումը նույնպես անհրաժեշտ և արդյունավետ միջոց կարելի է դիտարկել։

Ներկայումս վերադասության կարգով վարչական ակտի, վարչական մարմնի գործողության կամ անգործության բողոքարկման պարտադիրությունը սահմանված է միայն որոշ իրավախախտումների վերաբերյալ գործերով, որոնց շարքին են դասվում նաև ՀՀ Ոստիկանության իրավասության շրջանակներում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, սակայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացրած ոչ բոլոր վարչական ակտերն են, որ ենթադրում են պարտադիր վերադասության կարգով բողոքարկում նախքան դատարանում վիճարկելը, ինչը որոշ դեպքերում հանգեցնում է համապատասխան վարչական ակտերի հասցեատերերի կողմից անհարկի բողոքարկումներին՝ առանց վերադասության կարգով գանգատ/բողոք ներկայացնելու։

Նշվածի արդյունքում անհարկի ծանրաբեռնվում են դատարանները, ընդ որում՝ ծանրաբեռնվում են ոչ միայն վարույթում քննվող գործերի մեծ քանակով, այլ նաև ֆինանսական առումով, քանի որ որոշ դեպքերում վարչական ակտի վիճարկման համար վճարման ենթակա պետական տուրքը կազմում է բազային տուրքի քառապատիկը, ինչը օբյեկտիվորեն նույնիսկ չի կարող համեմատության մեջ դրվել այն ֆինանսական ռեսուրսների հետ, որոնք ծախսվում են համապատասխան դատաքննության ընթացքում։

Ընդ որում, լինում են դեպքեր, երբ գործի քննությունը չի իրականացվում գրավոր ընթացակարգով, որը լրացուցիչ անգամ ավելացնում է ֆինանսական բեռը և անհարկի մեծացնում վարչական դատարանի արդեն իսկ առկա ծանրաբեռնվածությունը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածով սահմանված իրավախախտումների համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձը իրավասու չէ կայացնել վարչական ակտը, այլ սահմանափակված է միայն վարչական իրավախախտման համար արձանագրություն կազմելով և համապատասխան արձանագրության հիման վրա վարչական դատարան հայց ներկայացնելով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում համեմատաբար նոր է սահմանվել դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի վարույթին առնչվող իրավակարգավորումները, և դրանում սահմանված դրույթները կարելի է ասել, որ նույնանում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված ընդհանուր դրույթներին, ինչի արդյունքում ստացվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելը և հայց ներկայացնելը գրեթե նույնանում է այն վարչարարությանը, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ։ Հետևաբար՝ այս համատեքստում ևս անհարկի ծանրաբեռնվածություն է դրվում վարչական դատարանի վրա, իսկ հետագայում, մասնավորապես՝ գործի քննության ընթացքում, նաև իրավասու վարչական մարմնի վրա։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տուգանքների վճարման պարտավորությունների ճնշող մեծամասնությունը անձանց կողմից կամավոր չի կատարվում: Այս խումբ վարչական ակտերը հաճախ վարչական կամ դատական կարգով վիճարկվում են՝ նպատակ ունենալով հետաձգել տուգանքի վճարման պարտավորության կատարումը։ Այս իրավիճակը հանգեցնում է մի կողմից այս խումբ վարչական տույժերի կատարման գործընթացում սոցիալական լարվածության ավելացմանը, մյուս կողմից՝ հիշատակված վարչական ակտերի առնչությամբ Ոստիկանության և Վարչական դատարանի ծանրաբեռնվածության բարձրացմանը:

Վերոգրյալ վարչական ակտերը կամովին չկատարելու արդյունքում հանրային իրավական դրամական այդ պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, ինչն էականորեն ավելացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ծանրաբեռնվածությունը:

Այսպես, 2023 թվականի հունվարի 11-ի դրությամբ Ծառայության վարույթում խնդրո առարկա իրավախախտումների վերաբերյալ առկա է 600 հազարից ավելի կատարողական վարույթ, իսկ չկատարված պարտավորությունների ընդհանուր չափը գերազանցում է 8 մլրդ ՀՀ դրամը:

Միաժամանակ մեծ թիվ են կազմում նաև վերը հիշատակված իրավախախտումների արդյունքում կայացված վարչական ակտերի հիման վրա Ծառայությունում հարուցված և պարտապանի՝ բռնագանձման ենթակա գույք չունենալու և գույքի անբավարարության հիմքերով ավարտված կատարողական վարույթները:

Վերը նկարագրված իրավիճակը հետևանք է նաև այն հանգամանքի, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված իրավախախտումների հիմքով նշանակված տուգանքի վճարման պարտավորության կամովին կատարումը խրախուսելու գործիքակազմեր: Մասնավորապես, վարչական տույժի ենթարկված քաղաքացու կողմից տուգանքի վճարման պարտավորությունը ժամանակին և պատշաճ կատարելու դեպքում որևէ խրախուսական նորմ կամ պարտավորության կատարումը խթանող օրենսդրական գործիքներ նախատեսված չեն։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթների մի ստվար զանգված ավարտվում է, քանի որ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվում, հաճախ ստեղծվում է իրավիճակ, երբ տուգանք նշանակված լինելու պայմաններում քաղաքացին չունի ո՛չ իրեն պատկանող գույքը կորցնելու իրական մտավախություն, ո՛չ պարտավորության կատարումը խթանող գործիքակազմ, ինչպիսի պայմաններում տուգանքի վճարման պարտավորությունները տարիներ շարունակ մնում են չկատարված։ 

Մինչդեռ տուգանքի վճարման պարտավորությունը կամովին կատարելը խթանելու գործիքակազմի նախատեսման դեպքում հնարավոր կլինի ինչպես էականորեն նվազեցնել այս խումբ վարչական իրավախախտումների առնչությամբ առկա սոցիալական լարվածությունը, այնպես էլ կրճատել Ոստիկանության, Վարչական դատարանի և Ծառայության ծանրաբեռնվածությունը։

Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունում վարչական իրավախախտումների առնչությամբ կիրառված համաներումների հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկայի վերլուծությունից ակնհայտ է, որ կիրառված մասնակի համաներումների արդյունքում քաղաքացիների կողմից զգալի չափով կամովին կատարվել են տուգանքների վճարման պարտավորությունները, ինչի արդյունքում կարճվել են բազմաթիվ կատարողական վարույթներ, որոնք տարիներ շարունակ ավարտված էին՝ պարտապանների  գույք չունենալու կամ գույքի անբավարարության հիմքով:

Վերոգրյալի համատեքստում ակնհայտ է նաև, որ առկա է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքի վճարման պարտավորության կամովին կատարումը խթանող գործիքակազմի ներդրման անհրաժեշտություն։

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

Առաջադրված խնդիրները լուծելուն ուղղված առաջակում ենք հետևյալը.

  • Սահմանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը:

Հիմնավորում.

Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում ի թիվս այլ ռազմավարական նպատակների, նախատեսված է վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ առանձնահատուկ արձանագրվել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրության և քննարկման առարկա դարձնել նաև վարչական դատարանին ենթակա վեճերի այլընտրանքային լուծման եղանակների նախատեսման իրավական հնարավորության և դրա օբյեկտիվ անհրաժեշտության հարցը[1]։

Այլընտրանքային լուծման տարբերակների շարքին կարելի է դասել նաև վերադասության կարգով բողոքարկման ինստիտուտի կատարելագործումը և անհրաժեշտ իրավակարգավորումների ներդրումը, ընդ որում՝ այլընտանքային վեճերի լուծման տարբերակը այլ կերպ կարելի է անվանել միջազգայնորեն ընդունված տերմինով՝ «վարչական արդարադատություն»։

Ամերկայի Միացյալ Նահանգներում դատարանների համար դեռևս տասնամյակներ առաջ անհրաժեշտություն էր առաջացել թոթափելու այդ պահին առկա ծանրաբեռնվածության մակարդակը, ինչը մեծամասամբ պայմանավորված էր վարչական մարմինների որոշումների դեմ բողոքների հետ կապված հսկայական թվով գործերի հետ։

Այնուամենայնիվ, «վարչական արդարադատություն» եզրույթը տարբերվում է ուղղակի վերադասության բողոքարկման վարույթից, իսկ պարտադիր վերադասության կարգով բողոքարկման եզրույթի փոխարեն Ամերիկայի միացյալ նահանգներում օգտագործվում է՝ «exhaustion of administrative remedies» տերմինը, որ թարգմանաբար նշանակում է վարչական միջոցների սպառում։ Նշված եզրույթը մեկնաբանվում է որպես վարչական պաշտպանության միջոցների սպառման դոկտրին, քանի որ անձը, որը վիճարկում է վարչական մարմնի որոշումը, նախ պետք է հետամուտ լինի և սպառի բողոքարկման բոլոր հասանելի միջոցները նախքան դատական վերանայման համար դիմելը[2]:

Վերոգրյալով պայմանավորված՝ սահմանվել են կարգավորումներ առ այն, որ վարչական մարմնի դեմ հայց հարուցելուց առաջ անհրաժեշտ է նախապես սպառել վարչական պաշտպանության բոլոր հնարավոր իրավական գործիքները[3]։ Միաժամանակ օրենքով սահմանված դեպքերում առկա է նշված ընդհանուր կանոնից բացառությունը, որպիսի դեպքերում վարչական պաշտպանության միջոցների սպառումը պարտադիր պայման չէ[4]։

Կանադայում, նախքան վարչական որոշումը վիճարկելու համար դատական հայց հարուցելը, վարչական ակտի հասցեատերը որոշումը պետք բողոքարկի վերադաս մարմնին, սպառելով արտադատական կարգով իրավունքի պաշտպանության միջոցները[5]։ Այս ինստիտուտը Կանադայում կոչվում է «order of superiority»։

Ընդ որում, ոչ բոլոր դեպքերում է, որ վերադաության կարգով բողոքարկումը պարտադիր պահանջ է Կանադայում։ Օրինակ՝ նման դեպքերի շարքին կարելի դասել ներգաղթի դեպքերը։ Մասնավորապես, եթե անհատի դիմումը մերժվում է վիզայի կամ մշտական բնակության համար, նրա կարող է պահանջել ներքին վերանայում ներգաղթի և փախստականների խորհրդի կողմից (IRB)՝ նախքան այլ իրավական միջոցների դիմելը:

Իսպանիայում նախնական վարչական մարմինների որոշումների բողոքարկման իրավունքը սպառելուց հետո է հնարավոր նույն որոշումը բողոքարկել դատական կարգով։ Նշված ճանապարհի սպառումը իրավասության բողոքարկման թույլատրելիության պայման է (բացառությամբ կանոնակարգի դեպքերի): Նման դեպքերից առկա են որոշ բացառություններ, մասնավորապես,  երբ վարչական ակտն ընդունվում է այն մարմնի կողմից, որի դեմ վարչական բողոքարկումը հնարավոր չէ։ Օրենքը երաշխավորում է տվյալ դեպքերում առանց վարչական կարգով բողոքարկման դատարան հայց հարուցելու իրավունքը։[6]

Ֆրանսիայում նույնպես առկա է վարչական պաշտպանության միջոցների սպառման սկզբունքը, որը հայտնի է որպես «recours administratif préalable obligatoire» (պարտադիր նախնական վարչական բողոքարկում) և հանդիսանում է վարչական իրավունքի հիմնարար ասպեկտ։  Նախքան ֆիզիկական անձինք կամ կազմակերպությունները կարող են վեճը դատարան տանել, նրանցից սովորաբար պահանջվում է անցնել սահմանված վարչական գործընթաց:

Ֆրանսիայի Վարչական արդարադատության օրենսգիրքը հիմնական նորմատիվ իրավական ակտն է, որը կարգավորում է վարչական իրավունքը և վարչական որոշումների դատական վերանայումը Ֆրանսիայում, որը ներառում է նաև վարչական պաշտպանության միջոցների սպառման հետ կապված դրույթներ։ Մասնավորապես՝ վերադասության կարգով բողոքարկման պարտադիրությունը բխում է այդ օրենսգրքի R421-1 հոդվածից[7]։

Վերոնշյալից ուղղակիորեն բխում է, որ միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որ դատական ծանրաբեռնվածությունը թեթևացնելը իրականում հնարավոր է, եթե վարչական ակտի վերանայման այլընտրանքային եղանակներ ներդրվեն ազգային օրենսդրություն կամ առնվազն իրավունքի պաշտպանություն հայցող սուբյեկտների համար դատարան դիմելուց առաջ սահմանվի բողոքարկման այլ հարթակների սպառման պարտադիրություն։

Հայաստանի Հանրապետությունում պարտադիր այլընտրանքային վարչական արդարադատություն իրականացնող մարմին գոյություն չունի, սակայն գործող նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում որոշակի փոփոխությունների և համակարգում բարեփոխումների իրականացման միջոցով կարելի է դատական ծանրաբեռնվածությունը որաշակի չափով նվազեցնել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական ակտերը, դրսևորած գործողությունների կամ անգործության վերանայումը ներկայումս իրականացվում է նաև վերադաս մարմնի կողմից։ Սակայն վարչական ակտի հասցեատերը որոշ դեպքերում իրավունք ունի համապատասխան վարչական ակտը միանգամից բողոքարկել դատական կարգով՝ առանց վարչական կարգով գանգատ ներկայացնելու։

Ներկայումս նշված իրավակարգավորումները ակնհայտորեն հանգեցնում են վարչական դատարանների անհարկի ծանրաբեռնմանը, քանի որ վարչական կարգով վերանայումը օբյեկտիվորեն կարող է հանգեցնել դատական կարգով բողոքարկման ենթակա վարչական ակտերի ընդհանուր թվի նվազմանը՝ վերադաս մարմնի կողմից այն վերացվելու դեպքում։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված ակտերի և դրսևորած գործությունների կամ անգործության վերադասության կարգով բողոքարկելիս վերադաս վարչական մարմնի առաջադրանքը պետք է լինի վարչարարության օրինականության ստուգումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ ՆԳՆ ոստիկանության և դրա ենթակայության տակ գտնվող մարմինների մասնակցությամբ դատական վեճերը և այդ գործերի լուծման կարգը բավականաչափ կանոնակարգված է և բացակայում է իրավունքի մասին  վեճը, համապատասխան գործերի մինչդատական օբյեկտիվ վերանայումը չի կարող չհանգեցնել դատարանների ծանրաբեռնվածության նվազմանը։

Նշված նպատակին հասնելու համար, սակայն, անհրաժեշտ է նաև բարձրացնել վարչարարության հասցեատերերի կողմից բողոքը/գանգատը քննող մարմինների պատրաստվածության մակարդակը, միաժամանակ սահմանելով պարտադիր պահանջ նրանց կողմից դատական պրակտիկայի և իրավական նորմերի փոփոխությունների շարունակական ուսումնասիրությունների և վերապատրաստումների պահանջը, քանի որ, եթե միայն սահմանվի պարտադիր վերադասության կարգով բողոքարկման պահանջ, սակայն համապատասխան բողոքը քննող մարմինները չցուցաբերեն հետևողական և օբյեկտիվ վերաբերմունք, ապա անիմաստ կդառնա օրենսդրական նման փոփոխությունների ընդունումը։

Միաժամանակ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հանգամանքը, որ վարչական մարմինների որոշումների, գործողությունների կամ անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պարտադիր պահանջ սահմանելը չի սահմանափակում անձի դատարան դիմելու իրավունքը։ Թերևս ակնհայտ է առնվազն այն հանգամանքը, որ վարչական պաշտպանության միջոցների սպառման պարտադիր կարգի սահմանումը չի բացառում անձի դատական պաշտպանություն հայցելու իրավունքը, քանի որ համապատասխան սուբյեկտը փաստացի ոչ թե զրկվում է այդ իրավունքից, այլ որոշակի ընթացակարգերի ներդրման արդյունքում պարտավորվում է սպառել վարչական կարգով իրավունքների պաշտպանության միջոցները, որից հետո նոր նրա մոտ կարող է ծագել դատական կարգով վերանայման համար դիմելու իրավունքը։

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից մեկով արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ[8]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից մեկի համաձայն՝ պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն[9]:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ազգային օրենսդրությամբ նախատեսված հասանելիության աստիճանը նույնպես պետք է բավարար լինի անհատի «դատարանի իրավունքը» ապահովելու համար՝ հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում օրենքի գերակայության սկզբունքը։ Մասնավորապես՝ անհատը պետք է ունենա հստակ, գործնական հնարավորություն վիճարկելու իր իրավունքներին միջամտող արարքը[10]։

Վերոնշյալ որոշումները վկայում են այն հանգամանքի մասին, որ վերադասության կարգով բողոքարկման պարտադիրությունը չի հակասում ինչպես ՀՀ սահմանադրությանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հայտնած դիրքորոշումներին։ Ուստի՝ նշված կարգավորումները բխում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասից և հանդիսանում արդյունավետ միջոցներ։

Ընդ որում, վերոնշյալ ընթացակարգերի սպառումը իրենից չի ենթադրում որևէ ֆինանսական բեռ, որը նույնպես բացառում է դատական պաշտպանության իրավունքի իրացման սահմանափակման փաստը։

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և դրա ենթակայության տակ գտնվող վարչական մարմինների դերը վարչարարության և դրա արդյունքում կայացվող վարչական ակտերի վերանայման հարցում բարձրացնելու դեպքում հնարավոր կլինի լուծել ՀՀ վարչական դատարաններում առկա գերծանրաբեռնվածության խնդիրը, որն էլ իրագործելու համար ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ և առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և դրա ենթակայության տակ գտնվող վարչական մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի, դրսևորած գործողությունների կամ անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման։

  • Բացառել վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայցի հարուցումը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համար սահմանելով համապատասխան արձանագրության հիման վրա համապատասխան վարչական ակտի կայացման իրավական հնարավորություն.

Հիմնավորում.

Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարական ուղղությունների շարքում է վարչական դատավարության օրենսդրության վերանայումը։ Առանձնահատուկ կարևորություն է տրվել վարչական դատավարության շրջանակներում նախատեսված բազում հատուկ վարույթների նախատեսված լինելու նպատակահարմարության քննարկման անհրաժեշտությանը և դրանց վերանայմանը։ Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հատուկ վարույթների շարքին է դասված դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերի վարույթը, որը, ըստ էության, վարչական մարմնի գործառույթ է, ինչով էլ հիմնավորել է դրա նախատեսված լինելու քննարկման անհրաժեշտությունը[11]:

Ուստի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հատուկ վարույթների իրավական կառուցակարգերը ևս հանդիսանում են Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններից մեկը։

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41.5, 47.14, 172.3, 180.1, 182 և 206.16 հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և համապատասխանաբար դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար հայց ներկայացնելու իրավասությունը վերապահված է ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը։ Ընդ որում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմիններին վերապահված վարչական իրավախախտումները և դրանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները ակնհայտորեն չեն տարբերվում այն զանցանքներից, որոնցով համապատասխան լիազորություն ունեցող վարչական մարմինները իրավասու են վարչական իրավախախտում թույլ տված սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու։ Հետևաբար՝ բացակայում է նշված վարչական իրավախախտումները տարբերակելու անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը։

Եվրոպական երկրների մեծամասնությունում նախատեսված է վարչական պատասխանատվության միայն արտադատական կարգ, սակայն ՀՀ-ն այս հարցում որդեգրել է առավելապես Ռուսաստանի Դաշնության փորձը։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության իրավանորմերը սահմանելիս և առհասարակ վարչական դատավարության ինստիտուտի ներդրման ընթացքում առանձնահատուկ գնահատման և քննարկման առարկա է եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը, սակայն ՀՀ-ում քննարկման առարկա չեն դարձրել այն իրողությունը, որ Գերմանիայում վարչական պատասխանատվության ենթարկելու դատարանի լիազորությունները սահմանափակված են, մասնավորապես՝ դատարանը իրավասու է վարչական պատասխանատվության ենթարկել դատական կարգով միայն վարչական մարմնին[12]։

Համապատասխան իրավադրույթներ սահմանելը տրամաբանական է և անհրաժեշտ, քանի որ համանման կարգավորումների միջոցով առաջանում է իրավական հնարավորություն վարչական մարմնի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվության ենթարկելու, որպիսի գործընթացը կարելի է դասել իշխանությունների բաժանման և հավասարակշռման դրսևորմների շարքին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով համապատասխան վարույթի շրջանակներում ներկայացվող հայցադիմումին առաջադրվել են որոշակի պահանջներ, մասնավորապես՝ հայցադիմումին ներկայացվող պահանջների շարքում որպես հայցի հարուցման հիմք է հանդիսանում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։ Վերաբերելի օրենսդրական կարգավորումների և դատական պրակտիկայի համալիր ուսումնասիրումից բխում է, որ ՀՀ վարչական դատարանները ստանալով հայցադիմումը սկսում են ձեռնարկել ապացույցների ձեռքբերման գործընթացը, քանի որ միայն արձանագրության հիման վրա օբյեկտիվորեն բացակայում է արդարադատության իրականացման հնարավորությունը։

Ուստի, նշված ընթացակարգի վերլուծությունից ակնհայտորեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ վարչական դատարանում համապատասխան հայց հարուցվելուց հետո կատարվում է այն նույն գործընթացը, որը սովորաբար կատարվում է այլ գործերով, երբ իրավասու մարմինը արձանագրությունը կազմելուց և համապատասխան ապացույցները ձեռք բերելուց հետո կայացնում է վարչական ակտը։

Հայրենական իրավաբան գիտնականներից Գ. Դանիելյանը դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի վարույթի վերաբերյալ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը.

«Առավել մտահոգող է այն, որ Օրենսգիրքը որևէ առանձնահատկություն չի նախատեսում հիշյալ հատուկ վարույթի համար, ինչից ուղղակիորեն բխում է, որ դատարանը վարչական դատավարության ընդհանուր կաննոներով պետք է միջոցներ ձեռնարկի ապացույցներ ձեռք բերելու համար։

Ասվածից բխում է նաև, որ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը ոչ միայն անհարկի, այլև անհիմն ծանրաբեռնվածություն է առաջացնում դատարանների և վարչական մարմինների համար։»[13]։

Վերոնշյալից կարող ենք արձանագրել, որ գործող իրավակարգավորումներով անհարկի ծանրաբեռնվածություն է դրվել ՀՀ վարչական դատարանի վրա։ Հայցի հարուցման պահից կատարվում են այնպիսի գործողություններ, որոնք սովորաբար կատարվում են վարչական վարույթի ընթացքում, ընդ որում, եթե այլ հատուկ վարույթների շրջանակներում վարչական իրավախախտման բնույթից ելնելով կարող է հիմնավորված համարվել նման մոտեցումը, այնուամենայնիվ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմիններին վերապահված դեպքերը ակնհայտորեն կարող են քննվել վարչական վարույթի շրջանակներում առանց ՀՀ վարչական դատարանի մասնակցության, իսկ հետագայում՝ անհրաժեշտության դեպքում բողոքարկվել։

Բողոքարկման դեպքում ՀՀ վարչական դատարանի տրամադրության տակ կլինեն վարույթի ընթացքում ձեռք բերված և վարչական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացած ապացույցները, ուստի՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի դրվի ՀՀ վարչական դատարանի վրա՝ ապացույցներ ձեռք բերելուն ուղղված գործողություններ կատարելու համար։ Բացի այդ, դատարանը օբյեկտիվորեն չի կարող իրականացնել այն բոլոր գործառույթները, որը կարող է իրականացնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարող ենք արձանագրել, որ վարչական պատասխանատվությունը հետապնդում է այլ նպատակ, քան անձի խախտված իրավունքի դատական կարգով վերականգնումն է։ Այն առավելապես կրում է հանրային բնույթ, հետևաբար նպատակարմար չէ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան գործը քննելու իրավասություն ունեցող մարմինը չունենա իրավասություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված գործերով վարչական պատասխանատվության ենթարկելու, ինչի պայմաններում իրավախախտման վերաբերյալ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում անձը զրկված չի լինի դատական կարգով այն վիճարկելու հնարավորությունից։

Ուստի, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվել են փոփոխություններ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան իրավասու մարմիններին վերապահելով արձանագրության հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը այն բոլոր վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, որոնցով ներկայումս համապատասխան մարմինները բացառապես կազմում են արձանագրությունը և հայց են հարուցում վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։

  • ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափի վերանայում.

Հիմնավորում.

Տարածված գաղափար է, որ ՀՀ քաղաքացիների համար դատարան դիմելու խոչընդոտ կարող է հանդիսանալ դատարան հայց ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ ինչքան փոքր լինի հայց ներկայացնելու համար նախատեսված վճարման ենթակա պետական տուրքի չափը, այնքան անձանց դատարան դիմելը ավելի հասանելի կլինի։ Սակայն նման պարագայում արդարադատության իրականացման ծախսերի բեռը կրելու են հասարակության այն անդամները, որոնք չեն օգտվում դատարան դիմելու իրենց իրավունքից։ Նման իրողության պատճառն այն է, որ դատարանները ծախսերի գերակշիռ մասը հոգում են պետության կողմից ֆինանսավորմամբ։ Որքան քիչ լինի պետական տուրքի չափը, այնքան շատ կլինի լրացուցիչ ֆինանսների ներգրավման անհրաժեշտությունը, որպիսի բեռը ուղղակիորեն դրվելու է ՀՀ հարկատուների վրա։

Պետական տուրքի դրույքաչափի ցածր լինելը նաև շատ դեպքերում կարող է հանգեցնել դատարան դիմելու իրավունքի չարաշահմանը, քանի որ, հաշվի առնելով դատական ծանրաբեռնվածությունը, անձինք իրենց դրամական պարտավորությունները հետաձգելու նպատակով նույնիսկ կարող են դատական կարգով վարչական ակտը բողոքարկել, որպեսզի հնարավորինս հետաձգվի վարչական ակտի կատարումը։ Նման անբարեխիղճ դրսևորումները բացասաբար են անդրադառնում ընդհանուր արդարադատության իրականացման որակի վրա, քանի որ ՀՀ վարչական դատարանը անհարկի ծանրաբեռնվում է չհիմնավորված հայցերով, որոնց համար նույնպես հատկացվում է ժամանակ՝ որոշում գրելու, նիստեր անցկացնելու և անհրաժեշտ այլ դատավարական գործողություններ կատարելու համար։

Ընդ որում, պետական տուրքի համար ավելի բարձր դրույքաչափ նախատեսելը վարչական ակտի հասցեատիրոջը ավելի բարեխիղճ կդարձնի նաև վարչական վարույթի և դրա բողոքարկման ընթացքում, քանի որ վարչական ակտի հասցեատերը ավելի շահագրգռված կլինի պատշաճ ապացույցներ և հիմնավոր դիրքորոշումներ ներկայացնելու համար։

Ուստի, կարելի է գալ այն եզրահանգման, որ արդյունավետ արդարադատության իրականացման համար օբյեկտիվորեն չի կարելի ֆինանսական մեծ բեռը դնել դատավարության սուբյեկտ չհանդիսացող այլ անձանց վրա, քանի որ առանց այդ էլ արդարադատության իրականացման գործընթացը բարելավելու համար նախատեսվում են ահռելի ֆինանսական միջոցներ, իսկ ներկայիս գործող պետական տուրքի դրույքաչափերը հնարավորություն չեն տալիս բավարար չափով վարձատրել նույնիսկ դատավորներին։

Դատական տեղեկատվական համակարգից ստացված տվյալներով (datalex.com)՝ վարչական դատարանները 2019 և 2022 թվականներին[14] ստացել են հետևյալ թվով, ՀՀ ՆԳՆ  ոստիկանության մասնակցությամբ, գործեր.

 

 

2019թ.

2022թ.

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը որպես պատասխանող

 

6,901

 

1,110

ՀՀ ոստիկանությունը որպես պատասխանող

142

468

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը որպես պատասխանող

 

 

1,202

Վերոնշյալ տվյալների ուսումնասիրումից բխում է, որ 2021 թվականին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարվելուց հետո, մասնավորապես՝ դատարան հայց ներկայացնելու համար սահմանված դրույքաչափերի փոփոխությունից հետո, վարչական դատարան մուտքագրվող հայցերի ընդհանուր թիվը նվազել է նաև այն գործերով, որտեղ պատասխանող կողմում հանդես են գալիս ՀՀ ոստիկանությունը կամ ՀՀ ոստիկանության մարմինները։ Ուստի, նշվածով ևս հիմնավորվում է, որ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափի փոփոխությունը թեթևացնում է վարչական դատարանը անհիմն հայցերից։

Այլ պետությունների շարքում կարելի է առանձնացնել Հոլանդիան, Գերմանիան և Ֆրանսիան, որտեղ նախատեսված են համեմատաբար ավելի բարձր պետական տուրքի դրույքաչափեր դատարան դիմելու համար, ինչը նպատակ է հետապնդում բացառել դատական իրավունքի չարաշահումները և լրացուցիչ ֆինանսական բեռ չդնել դատավարության սուբյեկտ չհանդիսացող անձանց վրա։

Ուստի, առաջարկվում է բարձրացնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափը՝ իհարկե պահպանելով դատարանի մատչելիության սահմանադրաիրավական և կոնվենցիոն իրավունքի անխոչընդոտ իրականացումն ապահովելու պետության պոզիտիվ պարտավորության իրացումը և սեփականության իրավունքին անհարկի միջամտության անթույլատրելիության սկզբունքը։

  • ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ընդունած վարչական ակտերի դատական կարգով վիճարկման գրավոր դատաքննության ընթացակարգի սահմանում՝ միաժամանակ նախատեսելով որոշակի բացառություններ.

Հիմնավորում.

Դատական ​​համակարգի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է դատարանների ծանրաբեռնվածության աստիճանից, քանի որ դատական ​​սխալների և ողջամիտ ժամկետում քննություն չիրականացնելու հիմնական պատճառը դատավորների գերծանրաբեռնվածությունն է։

2022 թվականին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում օրենսդիրը գրավոր ընթացակարգի ներդրմանը ուղղված փոփոխություն կատարեց, իսկ նշված օրենսդրական փոփոխության նախագծում տեղ գտած հիմնավորումների մեջ ի թիվս այլի արձանագրվել էր, որ գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել նախևառաջ այն հանգամանքով, որ վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները:

Միաժամանակ նշվել էր, որ Վարչական դատարանում վիճարկման գործերի զգալի մասը կազմում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել է, որ Վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ, 123.3-րդ, 123.4-րդ հոդվածներով, 123.5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.7-րդ, 129.2-րդ, 131-րդ, 135.2-րդ և 137.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը` անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով:

Միաժամանակ սահմանվել են ընդհանուր կանոնից բացառություններ, մասնավորապես՝ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե՝

1) առկա է դատավարության մասնակիցներին, վկաներին, փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը զննելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց.

3) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց (բացառությամբ երրորդ անձի) ներգրավելու անհրաժեշտություն.

4) անհրաժեշտ է ձեռնարկել սույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:

Գերմանիայի վարչական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կարող է առանց դատական նիստ հրավիրելու անցնել վճռի կայացման, եթե գործը փաստական կամ իրավական որևէ առանձնահատկություն և/կամ դժվարություն չունի և եթե գործի փաստական հանգամանքները պարզված են, իսկ նշված կարգով քննվող դատական ակտերի վրա դատական ակտին առաջադրվող պահանջները կիրառելի են mutatis mutandis սկզբունքով[15]:

Ռուսաստանի Դաշնության վարչական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝ վարչական գործը կարող է քննվել պարզեցված (գրավոր) ընթացակարգով, եթե՝

  • գործին մասնակցող բոլոր անձինք միջնորդել են գործը քննել իրենց բացակայությամբ և նրանց մասնակցությունը տվյալ գործին պարտադիր չէ,
  • հայցվորը խնդրել է կիրառել պարզեցված վարույթ, իսկ պատասխանողը չի առարկել,
  • տվյալ գործով դրամական պարտավորությունը կամ որպես տուգանք նշանակված գումարը չի գերազանցում 20.000 ռուբլին,
  • օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում[16]:

Ռուսաստանի Դաշնային վարչական դատավարության օրենսգրքով սահմանված այլ դեպքերի շարքին կարելի է դասել՝

  • դատական ​​նիստին չեն ներկայացել գործին մասնակցող բոլոր անձինք, որոնք պատշաճ կերպով ծանուցվել են դրա քննարկման ժամանակի և վայրի մասին, որոնց ներկայանալը պարտադիր չէ կամ դատարանի կողմից պարտադիր չի ճանաչվել, կամ այդ անձանց ներկայացուցիչները[17],
  • եթե վիճարկվում է միանման նորմատիվ ակտն ուժը կորցրած ճանաչելուց հետո կրկին ընդունված նորմատիվ ակտը, եթե կրկնվող նորմատիվ իրավական ակտի ընդունման պահին օրենսդրության մեջ փոփոխություններ չեն եղել, որոնց հակասում է անվավեր ճանաչված նորմատիվ ակտը որ վարչական պատասխանողի կողմից ամփոփ ընթացակարգի վերաբերյալ առարկություններ չկան[18]։

Էստոնիայի վարչական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կարող է կիրառել պարզեցված վարույթ, եթե՝

  • Անձի իրավունքի խախտումը, որի համար հարուցվել է հայցը, աննշան է (Էստոնիային վարչական դատավարության օրենսգրքի իմաստով, աննշանի նյութականացված արժեքը 1000 եվրոյից ցածր գումարն է),
  • Դատավարության կողմերը ուղղակիորեն հայտնել են իրենց համաձայնությունը: Դատավարության մասնակիցը կարող է հետ վերցնել իր համաձայնությունը հարցի պարզեցված ընթացակարգով քննարկման համար միայն այն դեպքում, եթե վարույթում իրավիճակն էականորեն փոխվել է[19]։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես նաև՝ բանավորության սկզբունքը, կիրառելի են այն դեպքերում, երբ որոշվում են անհատի քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները կամ նրա նկատմամբ ներկայացված քրեական մեղադրանքը: Այդ երաշխիքների բնույթը տարբերվում է կախված նրանից, թե արդյոք որոշվում են անհատի քաղաքացիական իրավունքները/պարտականությունները (քաղաքացիական, վարչական դատավարության շրջանակներում), թե` նրան ներկայացված քրեական մեղադրանքը (քրեական դատավարության շրջանակներում): Քանի որ արդար դատաքննության իրավունքը բացարձակ չէ, բացառիկ հանգամանքներում թույլատրվում է առհասարակ հրաժարվել բանավորությունից և վարչական գործի քննության համար սահմանել գրավոր ընթացակարգ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշումներից մեկով արձանագրել է, որ առկա են լինում դեպքեր, երբ վեճը չի ունենում հանրային կարևոր նշանակություն՝ պայմանավորված վեճի տեխնիկական բնույթով, և նշված դեպքերում լսումներ անցկացնելու անհրաժեշտությունը բացակայում է։ Հետևաբար՝ համանման դեպքերում համապատասխան վեճի լուծման կարգավորումների արդյունավետությունը և տնտեսապես նպատակահարմարությունը պետք է գնահատման առարկա դարձվեն։ Ընդ որում, նույն որոշմամբ արձանագրվել է, որ լսումների համակարգված անցկացումը կարող է կանխել «ողջամիտ ժամանակի» պահանջի կատարումը։[20]

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով «հրապարակային լսումների» իրավունքը ենթադրում է «բանավոր լսումների» իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ կան բացառիկ հանգամանքներ, որոնք արդարացնում են նման լսումների բացակայությունը։ Նույն որոշմամբ արձանագրվել է, որ բանավոր լսումներից հրաժարվելը կարող են դատարանները պայմանավորել որոշվող հարցերի բնույթով, այլ ոչ թե նման իրավիճակների հաճախականությամբ:[21]

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործը կարող է քննվել գրավոր ընթացակարգով, եթե.

  • գործը չի պարունակում փաստի կամ իրավունքի այնպիսի հարց, որի լուծումը բացառվում է գրավոր ընթացակարգով` դատական գործում առկա նյութերի և կողմերի ներկայացրած գրավոր նյութերի հիման վրա,
  • գործը կրում է այնպիսի տեխնիկական բնույթ, որ լուծումն ավելի շուտ պահանջում է փորձագիտական գիտելիքներ, քան կողմերի բանավոր փաստարկները, օրինակ` սոցիալական/ապահովագրական վճարների հաշվարկները[22]:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք արձանագրել, որ միջազգայնորեն համընդհանուր ընդունված է այն իրողությունը, որ դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու տարբերակներից է հանդիսանում գրավոր ընթացակարգի ներդրումը ազգային օրենսդրության մեջ։

Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականին կատարված փոփոխություններից հետո բավականաչափ նվազել են բանավոր ընթացակարգով քննվող ՀՀ ՆԳՆ ոստիկանության մասնակցությամբ դատական գործերը, սակայն այնուամենայնիվ առկա են լինում որոշ դեպքեր, երբ բանավոր լսումներ են անցկացվում։

Միջազգային փորձի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ սովորաբար այն դեպքերում, երբ գործը չի պարունակում փաստի կամ իրավունքի այնպիսի հարց, որը բացառում է գործի քննության գրավոր ընթացակարգի օբյեկտիվ հնարավորությունը, գործի քննությունը իրականացվում է գրավոր ընթացակարգով։

Ներկայումս ՀՀ ՆԳՆ ոստիկանության մասնակցությամբ տեղի ունեցող վարչական գործերի մեծամասնությունում ակնհայտորեն բացակայում են իրավունքի մասին վեճերը, քանի որ նշված գործերը կրում են առավելապես տեխնիկական բնույթ։ Օրինակ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից ներկայացված ապացույցների հիման վրա Վարչական դատարանը պարզում է վարչական ակտի, գործողության/անգործության հիմնավորվածությունը։ Այսպիսով, նման գործերով նախընտրելի է գրավոր ընթացակարգը, երբ գործի քննության համար որոշիչ են վարչական մարմնի տիրապետության տակ գտնվող նյութերը, լրացուցիչ նյութեր ձեռք բերելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ կողմերի բանավոր փաստարկները անհրաժեշտ չեն:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերջին օրենսդրական բարեփոխումները և միջազգային փորձը, գտնում ենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մասնակցությամբ դատական գործերի բացառապես գրավոր ընթացակարգ նախատեսելու հետ միաժամանակ անհրաժեշտ է սահմանել բացառություն։ Օրինակ՝ եթե վարչական դատարանի գնահատմամբ անհրաժեշտ լինի իրականացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողությունները՝ գրավոր ընթացակարգով իրականացնելու անհնարինության դեպքում, ապա դատարանը գործի քննությունը կիրականացնի բանավոր ընթացակարգով։

Ամբողջ վերոշարադրյալը վկայում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության մասնակցությամբ գործերով բացառապես գրավոր ընթացակարգի ներդրման անհրաժեշտության մասին։ Ընդհանուր կանոնից բացառություն նախատեսվում է սահմանել միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերը։

  •  Նախագծով առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտականությունը համարել պատշաճ կատարված՝ օրենքի գործողությունը, նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը սահմանված ժամկետում վճարված լինելու դեպքում, սահմանված կարգով տարածելով նաև մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա (ընդ որում, օրենքում նախատեսվում է բացառություն այն դեպքերում, երբ տուգանք նշանակելու մասին որոշումը բողոքարկվում է):

 

3 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունն ուղղակիորեն նախատեսված չէ համապատասխան ռազմավարական փաստաթղթերում:

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ՝ ԵԱՀԿ փորձագիտական աջակցության ներգրավմամբ:

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

6 Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում համապատասխան նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու միջոցով կբարձրանա ՀՀ Ոստիկանության իրավասու մարմինների կողմից ընդունած վարչական ակտի, գործողության կամ անգործության վերադասության կարգով բողոքարկման վարույթի նշանակությունը և դերը՝ միաժամանակ ապահովելով վարչական դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրականացման օբյեկտիվ հնարավորությունը՝ անհարկի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցով։

Առաջադրված նպատակներին հասնելուն ուղղված օրենսդրական բարեփոխումների արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ և որակյալ դարձնել վարչական մարմնի կողմից իրականացվող վարչարարությունը, ստեղծել անհրաժեշտ պայմաններ վարչական դատարանների կողմից արդյունավետ արդարադատության իրականացման համար, ինչպես նաև բացառել անհարկի դատական կարգով վարչական ակտերի բողոքարկումները։

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է նաև խրախուսել դրանով սահմանված վարչական իրավախախտումների հիմքով վարչական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից վարչական ակտը կամովին կատարելը, ինչպես նաև պարտապանի գույքի անբավարարության հիմքով ավարտված՝ այդ խումբ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով պարտապանի կողմից պարտավորությունը կատարելը: Փոփոխությունը նաև նպատակ ունի ապահովելու վարչական ակտերի սեղմ ժամկետում իրականացումը և հանգեցնելու վարչական ակտերի հասցեատերերի շրջանում վարքագծային նորմերի փոփոխության։

Արդյունքում ակնկալվում է նաև այս խումբ վարչական ակտերի կատարման համար ծախսվող վարչական ռեսուրսի խնայողություն, Ծառայության, Ոստիկանության, Վարչական դատարանի և Վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածության էական նվազեցում, ինչպես նաև հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման փուլում սոցիալական լարվածության նվազեցում:

Միևնույն ժամանակ, սույն փաթեթի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում չի պահանջում, ավելին՝ պետական բյուջեի եկամուտներում սպասվում են փոփոխություններ, որոնք, սակայն, կարգավորումների բնույթից ելնելով, հստակ կանխատեսել հնարավոր չէ: Այնուամենայնիվ, սույն նախագծի ընդունման դեպքում իրական հնարավորություն կստեղծվի հօգուտ պետական բյուջե գանձելու այն բազմաթիվ տուգանքների գումարները, որոնք նախկինում չէին վճարվել, և որոնց ամբողջությամբ գանձման հեռանկարը քիչ հավանական էր:

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

[1] Տե՛ս Հավելված N 1, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման։ Էջ 50։ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=176970 (էլեկտրոնային հասանելիությունը 02.10.2023 թվականի դրությամբ)

[2]  Տե՛ս https://www.nyulawreview.org/issues/volume-93-number-5/jurisdiction-exhaustion-of-administrative-remedies-and-constitutional-claims/#:~:text=The%20doctrine%20of%20exhaustion%20of,system%20and%20autonomous%20administrative%20state. (էլեկտրոնային հասանելիությունը 17.10.2023 թվականի դրությամբ)

[3] Տե՛ս https://www.justice.gov/jm/civil-resource-manual-34-exhaustion-administrative-remedies (էլեկտրոնային հասանելիությունը 17.10.2023 թվականի դրությամբ)

[4] Տե՛ս https://www.law.cornell.edu/uscode/text/5/704 (էլեկտրոնային հասանելությունը 17.10.2023 թվականի դրությամբ)

[5] Տե՛ս https://www.torys.com/our-latest-thinking/publications/2023/03/federal-court-of-appeal-confirms-administrative-processes-must-be-exhausted-before-judicial-review (էլեկտրոնային հասանելիությունը 01.10.2023 թվականի դրությամբ)

[6]Տե՛ս chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.aca-europe.eu/en/eurtour/i/countries/spain/spain_en.pdf էջ 7 (էլեկտրոնային հասանելիությունը 17.10.2023 թվականի դրությամբ)

[7] Տե՛ս https://www.legifrance.gouv.fr/codes/section_lc/LEGITEXT000006070933/LEGISCTA000006136478/#LEGISCTA000006136478 (էլեկտրոնային հասանելիությունը 17.10.2023 թվականի դրությամբ)

[8] Տե՛ս 26.06.2015թ. ՍԴՈ-1222։

[9] Տե՛ս Case of Khalfaoui v. France, (գանգատ թիվ 34791/97) https://hudoc.echr.coe.int/app/conversion/docx/?library=ECHR&id=001-58374&filename=CASE%20OF%20KHALFAOUI%20v.%20FRANCE.docx&logEvent=False (էլեկտրոնային հասանելիությունը 17.10.2023 թվականի դրությամբ)

[10] Տե՛ս CASE OF BELLET v. FRANCE (գանգատ թիվ 23805/94)  https://hudoc.echr.coe.int/app/conversion/docx/?library=ECHR&id=00157952&filename=CASE%20OF%20BELLET%20v.%20FRANCE.docx&logEvent=False  (էլեկտրոնային հասանելիությունը 17.10.2023 թվականի դրությամբ)

[11] Տե՛ս Հավելված N 1, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման։ Էջ 51։ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=176970  (էլեկտրոնային հասանելիությունը 02.10.2023 թվականի դրությամբ)

[12] Տե՛ս https://academic.oup.com/book/39623/chapter-abstract/339567061?redirectedFrom=fulltext (էլեկտրոնային հասանելիությունը 02.10.2023 թվականի դրությամբ)։

[13] Տե՛ս «Վարչական վարույթ և դատավարություն»։ Ուսումնական ձեռնարկ/ Գ. Դանիելյան,-Եր.: ԵՊՀ հրատ., 2022.-465 էջ։

[14] Սույն ամփոփագրում քննարկման առարկա է դարձվել 2019 թվականը, քանի որ 2019 թվականին դեռևս գործում էին նախկին պետական տուրքի դրույքչափերը և Covid 19-ով պայմանավորված վարչական դատարանը չուներ լրացուցիչ ծանրաբեռնվածություն։

[15] Տե՛ս https://www.gesetze-im-internet.de/englisch_vwgo/englisch_vwgo.html#p0427 (էլեկտրոնային հասանելիությունը 04.10.2023 թվականի դրությամբ)

[16] Տե՛ս КАС РФ Статья 291. Возможность рассмотрения административных дел в порядке упрощенного (письменного) производства \ КонсультантПлюс (consultant.ru) (էլեկտրոնային հասանելիությունը 05.10.2023 թվականի դրությամբ)

[17] Տե՛ս КАС РФ Статья 150. Последствия неявки в судебное заседание лиц, участвующих в деле, их представителей \ КонсультантПлюс (consultant.ru) (էլեկտրոնային հասանելիությունը 05.10.2023 թվականի դրությամբ)

[18] Տե՛ս КАС РФ Статья 216. Последствия признания нормативного правового акта не действующим полностью или в части \ КонсультантПлюс (consultant.ru) (էլեկտրոնային հասանելիությունը 05.10.2023 թվականի դրությամբ)

[19] Տե՛ս Code of Administrative Court Procedure–Riigi Teataja (էլեկտրոնային հասանելիությունը 06.10.2023 թվականի դրությամբ)

[20] Տե՛ս Schuler-Zgraggen v. Switzerland (գանգատ թիվ 14518/89), 24.06.1993թ., պարբ. 58: https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-57840%22]} (էլեկտրոնային հասանելիությունը 06.10.2023 թվականի դրությամբ)

[21] Տե՛ս Miller v. Sweden (գանգատ թիվ 55853/00), 08.02.2005թ., պարբ. 29: https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22001-68178%22]} (էլեկտրոնային հասանելիությունը 06.10.2023 թվականի դրությամբ)

[22] Տե՛ս Schuler-Zgraggen v. Switzerland (գանգատ թիվ 14518/89), 24.06.1993թ., պարբ. 57: https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-57840%22]} (էլեկտրոնային հասանելիությունը 07.10.2023 թվականի դրությամբ)

  • Քննարկվել է

    31.10.2023 - 15.11.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Վարչական իրավախախտում, Վարչարարություն և վարչական վարույթ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3843

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

15.11.2023

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է կարծիք՝ հանրային քննարկման դրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այուհետ՝ Նախագիծ) ընդունման վերաբերյալ։ Նախագիծը չի ապահովում պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքները և խախտում է վարչական իրավախախտում կատարած անձանց՝ օրենսգրքով սահմանված և միջազգային իրավական ընթացակարգերով երաշխավորված իրավունքները։ Նախագծով նախատեսվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը, վերանայվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափը, բացառվում է վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայցի հարուցումը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համար սահմանելով համապատասխան արձանագրության հիման վրա համապատասխան վարչական ակտի կայացման իրավական հնարավորություն։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում կբարձրանա ՀՀ ոստիկանության իրավասու մարմինների կողմից ընդունած վարչական ակտի, գործողության կամ անգործության վերադասության կարգով բողոքարկման վարույթի նշանակությունը և դերը՝ միաժամանակ ապահովելով վարչական դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրականացման օբյեկտիվ հնարավորությունը՝ անհարկի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցով, ինչպես նաև ակնկալվում է խրախուսել դրանով սահմանված վարչական իրավախախտումների հիմքով վարչական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից վարչական ակտը կամովին կատարելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «1. Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել (բողոքարկվել) սույն օրենսգրքով սահմանված վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «2. Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո»։ Ըստ վերը նշված հոդվածի վերլուծության՝ ներկա կարգավորմամբ նախքան դատարան դիմելը վարչական ակտերի վերադասության կարգով պարտադիր բողոքարկման պահանջը գործում է միայն խիստ սահմանափակ և որոշակի վարչական իրավախախտումների դեպքում, մինչդեռ նախագծով սահմանվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված բոլոր վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը: Տվյալ դեպքում մինչ վերադասության կարգով բողոքարկման կամ վերանայման իրավունքի ընդլայնումը անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք վերանայման ինստիտուտը արդյունավետ գործում է, արդյո՞ք վարչական մարմիններն ապահովում են բողոքների ըստ էության և բովանդակային քննություն։ Կազմակերպությունն իր իրավապաշտպան գործունեության ընթացքում ցուցաբերած իրավական աջակցության և կատարած ուսումնասիրությունների արդյունքում եզրահանգել է, որ վարչական կարգով ներկայացված բողոքների քննությունն ու լուծումը մեծամասամբ կրում է ձևական բնույթ և արդյունավետ չի գործում։ Նախագծում հղում է կատարվում Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությանը, որտեղ մատնանշված է վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը․ այս կապակցությամբ նշենք, որ «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ և վերջինից բխող գործողությունների ծրագրով որպես վարչական դատավարության և վարչական վարույթի բարեփոխումներին ուղղված գործողություն նախատեսված էր հետևյալը․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում կատարել փոփոխություններ՝ նախատեսելով վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ: Նշված ռազմավարության շարունակությունը հանդիսացող «Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությամբ» նշված գործողությունը և առհասարակ «Վարչական արդարադատություն և վարչական վարույթի արդյունավետության բարձրացում» վերտառությամբ նպատակի ներքո նշված մի շարք գործողություններ կրճատվել են, որի վերաբերյալ Կազմակերպությունը իր մտահոգությունը հայտնել էր 29․03․2022թ․ հրապարակված կարծիքում։ Հարկ է նշել, որ գործող ռազմավարությամբ նշված գործողության բացակայությունը պայմանավորված չէ խնդրի լուծված լինելու հանգամանքով։ Ավելին, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով նման մեծ շրջանակի վարչական ակտերի պարտադիր բողոքարկման պահանջ նախատեսելը կարող է արդարացված և ողջամիտ համարվել միայն այն դեպքում, երբ վարչական մարմինն իր պատրաստվածությամբ և կարողություններով ի վիճակի լինի արդյունավետ քննել և լուծել բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթը։ Հակառակ դեպքում, առաջարկվող օրենսդրական փոփոխությունը դառնում է ընդամենը վարչական մարմնի դեմ բողոքի քննության հետաձգման գործիք։ Նման նախագծի ներկայացման ողջամիտ հիմնավորում կարող էր համարվել ուսումնասիրության և վիճակագրության ներկայացումը, որը կհաստատեր, որ վերադասության կարգով քննված վարչական բողոքների արդյունքում կայացված որոշումները միայն փոքր համամասնությամբ են հետագայում բեկանվում դատարանների կողմից, մինչդեռ նման վիճակագրությունը բացակայում է։ Ընդհակառակը, վերադասությամբ վերանայված և դատարան բողոքորկված վարչական ակտերի մեծ մասը բավարարվում են և անվավեր ճանաչվում՝ ծանուցման եղանակների, ընթացակարգերի չպահպանման, ապացույցների բացակայության, ոչ իրավաչափ լինելու և այլ հիմքերով։ Վարչական մարմինների կողմից իրականացվող քննությունը չի ապահովում այն երաշխիքները և արդյունավետությունը, ինչ որ ապահովվում է դատարանը դատական քննության ժամանակ։ Տվյալ դեպքում գտնում ենք, որ անհրաժեշտ է մշակել և Նախագծի հիմնավորումների շարքում ներկայացնել վիճակագրություն վերադաս մարմնի վերանայման արդյունքում կայացրած և անփոփոխ մնացած և արդյունքում դատարան բողոքարկված և բավարարված գործերի վերաբերյալ, միաժամանակ ուսումնասիրել դատական ակտերով արձանագրված հիմքերը և խնդիրները։ Քանի դեռ նման վիճակագրություն առկա չէ, վերհանված չեն դատական ակտերով արձանագրված խնդիրները և վերջիններիս տրված չեն լուծումներ, խոսք անգամ չի կարող լինել վերադասության կարգով վերայման արդյունավետության և ընդլայնման մասին։ Ինչ վերաբերվում է վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայցի հարուցելու բացառմանը, ապա այն հակասում է անձի դատարան դիմելու իրավունքի և դատարանի մատչելիության իրավունքին։ Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-690, 719, 733, 765, 780, 849, 873, 890, 918, 922, 936, 1037, 1052, 1062, 1114, 1115, 1190, 1191, 1192, 1196, 1197, 1220, 1222, 1231, 1249, 1254, 1257, 1263, 1265, 1268, 1275, 1289, 1290, 1293, 1395) անդրադարձել է արդար դատաքննության և դատական բողոքարկման, դատարանի մատչելիության հիմնախնդիրներին, կարևորելով վերջինս որպես կարևոր նախապայման՝ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանության համար: Վերոթվարկյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ելնելով սույն գործով բարձրացված հիմնախնդրի էությունից, հիմնականում հանգել են հետևյալին. - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, - դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը, - դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, - իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման: 2․Երկրորդ հարցով բարձրացված խնդրի վերաբերյալ նշենք, որ ասվածի վերաբերյալ չկան համապատասխան ապացույցներ և հիմնավորումներ, թե վարչական ակտերը վիճարկվում են՝ նպատակ ունենալով հետաձգել տուգանքի վճարման պարտավորության կատարումը։ Տվյալ դեպքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափը վերանայելը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ընդունած վարչական ակտերի դատական կարգով վիճարկման գրավոր դատաքննության ընթացակարգ սահմանելը վերը նշված կարգավորումների պայմաններում ողջամիտ չէ քննարկել։ Նախագիծը չի ապահովում պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքները և խախտում է վարչական պատասխանատվության ենթարկված անձի՝ օրենսգրքով սահմանված և միջազգային իրավական ընթացակարգերով երաշխավորված իրավունքներն, ուստի վերը թվարկվածի հաշվառմամբ, գտնում ենք, որ նախագիծը պետք է հանել շրջանառությունից։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

15.11.2023

Կարծիք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 31.10.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներառում է նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ): Սույնով ներկայացնում ենք մեր կարծիքը Նախագծի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարել լրացումներ, որոնցով նախատեսվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և դրա մարմինների դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար սահմանել մյուս վարչական մարմինների վարչական ակտերի դեմ ներկայացվող հայցադիմումների համար գանձվող պետական տուրքի համեմատ էապես ավելի բարձր չափի պետական տուրքեր։ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ըստ էության փաստարկվում են դատարանների անհարկի ծանրաբեռնվածությունը թոթափելու և պետության կողմից կատարվող դատական ծախսերի հատուցանելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ։ Հարկ ենք համարում նշել, որ դատարան դիմելու համար պետական տուրքի սահմանումն առհասարակ իսկապես բխում է վերը մեջբերված նպատակից, և հենց այդ նպատակից ելնելով ՀՀ գործող օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են դատարան դիմելու իրավունքի չարաշահումը կանխարգելող բավականին զսպող ազդեցություն ունեցող պետական տուրքեր, որոնց արդյունավետությունը այդ համատեքստում հիմնավորվում է հենց նախագծի հեղինակի կողմից ներկայացվող վիճակագրությամբ։ ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-890 և ՍԴՈ-1655 որոշումների շրջանակներում, անդրադառնալով պետական տուրքեր վճարելու պարտականությանը, նշված սահմանադրական պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը, պետական տուրքի բովանդակությանը, դերին ու նշանակությանը, գտել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը կարող է հետապնդել բացառապես 2 նպատակ, այն է՝ փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը և կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը՝ դատարանների անհարկի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար: Նշված համատեքստում պետք է նկատել, որ առնվազն հեղինակը հիմնավոր փաստարկ չի ներկայացրել առ այն, որ հատկապես ՆԳՆ ոստիկանության դեմ է, որ ներկայացվում են առավել շատ անհիմն հայցադիմումներ, կամ որ այդ տեսակ գործերն ունեն մյուսների համեմատ առավել բարդ բնույթ, ինչը հանգեցնում է պետության համար դրանց քննության ավելի մեծ ծախսատարության և որպես հետևանք ծախսերի հատուցանելիության մակարդակը այլ գործերին հավասար պահելու նպատակով պետական տուրքերի ավելի բարձր դրույքաչափեր կիրառելու անհրաժեշտություն առաջացնում։ Ավելին, քննարկվող նախագծի հետ մեկտեղ քննարկման է ներկայացված նաև «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով, ի թիվս այլնի, նախատեսվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և դրա մարմինների դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունը, անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով, ինչից բխում է, որ հեղինակն ինքն ունի այն համոզմունքը, որ նշված տեսակի գործերը ոչ միայն ավելի բարդ և պետության համար առավել ծախսատար չեն համեմատ մյուս վարչական ակտերի դեմ քննվողների, այլ ճիշտ հակառակը՝ մեծապես չեն հանդիսանում բարդ գործեր, ինչը թույլ է տալիս որպես կանոն դրանք քննել առավել պարզեցված՝ գրավոր կարգով։ Վերը նշվածը հիմք ընդունելով՝ ակնհայտ է, որ առկա չէ տարբերակված մոտեցում ցուցաբերելու իրավաչափ և օբյեկտիվ որևէ հիմք՝ հատուկ մոտեցում ցուցաբերելու համար հատկապես ՆԳՆ ոստիկանության և դրա մարմինների դեմ ներկայացվող հայցադիմումների մասով։ Գտնում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում կխախտվի դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված՝ խտրականության բոլոր ձևերից զերծ մնալու հիմնարար երաշխիքը և առաջարկում ենք հանրային քննարկման ներկայացված փաթեթից հանել ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Տիգրան Ստեփանյան

03.11.2023

Ըստ էության ՀՀ ՆԳՆ-ն իր ոչ իրավաչափ վարչարարության դեմ ներկայացվող հայցադիմումներից ձերբազատվելու նպատակով ներկայացրել է դատարան դիմելու մատչելիությունը նվազեցնելուն ուղղված մի շարք օրենսգրքերում փոփոխությունների նախագիծ, որի արդյունքում ՆԳՆ դեմ դատարան ներկայացվող հայցադիմումների համար գանձվող պետական տուրքը շեշտակի աճում է՝ ընդհուպ մինչև կրկնապատկվում, սահմանվում է պարտադիր վարչական բողոքարկման պահանջ և բացառվում է գործի քննության բանավոր ընթացակարգը։ Այսինքն՝ անհիմն վարչարարությունը նվազեցնելու փոխարեն փորձ է արվում դժվարեցնել խախտված իրավունքի պաշտպանությունը՝ բարդացնելով դատարան դիմելու ընթացակարգն ու մատչելիությունը։ Առաջարկվում է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի 1-ին հոդվածը բացառել։

Տեսնել ավելին