Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

Կից տեղադրված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ 

  • Քննարկվել է

    31.10.2023 - 15.11.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Վարչական իրավախախտում, Վարչարարություն և վարչական վարույթ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3842

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

15.11.2023

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է կարծիք՝ հանրային քննարկման դրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այուհետ՝ Նախագիծ) ընդունման վերաբերյալ։ Նախագիծը չի ապահովում պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքները և խախտում է վարչական իրավախախտում կատարած անձանց՝ օրենսգրքով սահմանված և միջազգային իրավական ընթացակարգերով երաշխավորված իրավունքները։ Նախագծով նախատեսվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը, վերանայվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափը, բացառվում է վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայցի հարուցումը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համար սահմանելով համապատասխան արձանագրության հիման վրա համապատասխան վարչական ակտի կայացման իրավական հնարավորություն։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում կբարձրանա ՀՀ ոստիկանության իրավասու մարմինների կողմից ընդունած վարչական ակտի, գործողության կամ անգործության վերադասության կարգով բողոքարկման վարույթի նշանակությունը և դերը՝ միաժամանակ ապահովելով վարչական դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրականացման օբյեկտիվ հնարավորությունը՝ անհարկի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցով, ինչպես նաև ակնկալվում է խրախուսել դրանով սահմանված վարչական իրավախախտումների հիմքով վարչական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից վարչական ակտը կամովին կատարելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «1. Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել (բողոքարկվել) սույն օրենսգրքով սահմանված վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «2. Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո»։ Ըստ վերը նշված հոդվածի վերլուծության՝ ներկա կարգավորմամբ նախքան դատարան դիմելը վարչական ակտերի վերադասության կարգով պարտադիր բողոքարկման պահանջը գործում է միայն խիստ սահմանափակ և որոշակի վարչական իրավախախտումների դեպքում, մինչդեռ նախագծով սահմանվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված բոլոր վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը: Տվյալ դեպքում մինչ վերադասության կարգով բողոքարկման կամ վերանայման իրավունքի ընդլայնումը անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք վերանայման ինստիտուտը արդյունավետ գործում է, արդյո՞ք վարչական մարմիններն ապահովում են բողոքների ըստ էության և բովանդակային քննություն։ Կազմակերպությունն իր իրավապաշտպան գործունեության ընթացքում ցուցաբերած իրավական աջակցության և կատարած ուսումնասիրությունների արդյունքում եզրահանգել է, որ վարչական կարգով ներկայացված բողոքների քննությունն ու լուծումը մեծամասամբ կրում է ձևական բնույթ և արդյունավետ չի գործում։ Նախագծում հղում է կատարվում Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությանը, որտեղ մատնանշված է վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը․ այս կապակցությամբ նշենք, որ «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ և վերջինից բխող գործողությունների ծրագրով որպես վարչական դատավարության և վարչական վարույթի բարեփոխումներին ուղղված գործողություն նախատեսված էր հետևյալը․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում կատարել փոփոխություններ՝ նախատեսելով վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ: Նշված ռազմավարության շարունակությունը հանդիսացող «Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությամբ» նշված գործողությունը և առհասարակ «Վարչական արդարադատություն և վարչական վարույթի արդյունավետության բարձրացում» վերտառությամբ նպատակի ներքո նշված մի շարք գործողություններ կրճատվել են, որի վերաբերյալ Կազմակերպությունը իր մտահոգությունը հայտնել էր 29․03․2022թ․ հրապարակված կարծիքում։ Հարկ է նշել, որ գործող ռազմավարությամբ նշված գործողության բացակայությունը պայմանավորված չէ խնդրի լուծված լինելու հանգամանքով։ Ավելին, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով նման մեծ շրջանակի վարչական ակտերի պարտադիր բողոքարկման պահանջ նախատեսելը կարող է արդարացված և ողջամիտ համարվել միայն այն դեպքում, երբ վարչական մարմինն իր պատրաստվածությամբ և կարողություններով ի վիճակի լինի արդյունավետ քննել և լուծել բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթը։ Հակառակ դեպքում, առաջարկվող օրենսդրական փոփոխությունը դառնում է ընդամենը վարչական մարմնի դեմ բողոքի քննության հետաձգման գործիք։ Նման նախագծի ներկայացման ողջամիտ հիմնավորում կարող էր համարվել ուսումնասիրության և վիճակագրության ներկայացումը, որը կհաստատեր, որ վերադասության կարգով քննված վարչական բողոքների արդյունքում կայացված որոշումները միայն փոքր համամասնությամբ են հետագայում բեկանվում դատարանների կողմից, մինչդեռ նման վիճակագրությունը բացակայում է։ Ընդհակառակը, վերադասությամբ վերանայված և դատարան բողոքորկված վարչական ակտերի մեծ մասը բավարարվում են և անվավեր ճանաչվում՝ ծանուցման եղանակների, ընթացակարգերի չպահպանման, ապացույցների բացակայության, ոչ իրավաչափ լինելու և այլ հիմքերով։ Վարչական մարմինների կողմից իրականացվող քննությունը չի ապահովում այն երաշխիքները և արդյունավետությունը, ինչ որ ապահովվում է դատարանը դատական քննության ժամանակ։ Տվյալ դեպքում գտնում ենք, որ անհրաժեշտ է մշակել և Նախագծի հիմնավորումների շարքում ներկայացնել վիճակագրություն վերադաս մարմնի վերանայման արդյունքում կայացրած և անփոփոխ մնացած և արդյունքում դատարան բողոքարկված և բավարարված գործերի վերաբերյալ, միաժամանակ ուսումնասիրել դատական ակտերով արձանագրված հիմքերը և խնդիրները։ Քանի դեռ նման վիճակագրություն առկա չէ, վերհանված չեն դատական ակտերով արձանագրված խնդիրները և վերջիններիս տրված չեն լուծումներ, խոսք անգամ չի կարող լինել վերադասության կարգով վերայման արդյունավետության և ընդլայնման մասին։ Ինչ վերաբերվում է վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայցի հարուցելու բացառմանը, ապա այն հակասում է անձի դատարան դիմելու իրավունքի և դատարանի մատչելիության իրավունքին։ Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-690, 719, 733, 765, 780, 849, 873, 890, 918, 922, 936, 1037, 1052, 1062, 1114, 1115, 1190, 1191, 1192, 1196, 1197, 1220, 1222, 1231, 1249, 1254, 1257, 1263, 1265, 1268, 1275, 1289, 1290, 1293, 1395) անդրադարձել է արդար դատաքննության և դատական բողոքարկման, դատարանի մատչելիության հիմնախնդիրներին, կարևորելով վերջինս որպես կարևոր նախապայման՝ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանության համար: Վերոթվարկյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ելնելով սույն գործով բարձրացված հիմնախնդրի էությունից, հիմնականում հանգել են հետևյալին. - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, - ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, - դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը, - դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, - իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման: 2․Երկրորդ հարցով բարձրացված խնդրի վերաբերյալ նշենք, որ ասվածի վերաբերյալ չկան համապատասխան ապացույցներ և հիմնավորումներ, թե վարչական ակտերը վիճարկվում են՝ նպատակ ունենալով հետաձգել տուգանքի վճարման պարտավորության կատարումը։ Տվյալ դեպքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափը վերանայելը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ընդունած վարչական ակտերի դատական կարգով վիճարկման գրավոր դատաքննության ընթացակարգ սահմանելը վերը նշված կարգավորումների պայմաններում ողջամիտ չէ քննարկել։ Նախագիծը չի ապահովում պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքները և խախտում է վարչական պատասխանատվության ենթարկված անձի՝ օրենսգրքով սահմանված և միջազգային իրավական ընթացակարգերով երաշխավորված իրավունքներն, ուստի վերը թվարկվածի հաշվառմամբ, գտնում ենք, որ նախագիծը պետք է հանել շրջանառությունից։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

15.11.2023

Կարծիք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 31.10.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներառում է նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ): Սույնով ներկայացնում ենք մեր կարծիքը Նախագծի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարել լրացումներ, որոնցով նախատեսվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և դրա մարմինների դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար սահմանել մյուս վարչական մարմինների վարչական ակտերի դեմ ներկայացվող հայցադիմումների համար գանձվող պետական տուրքի համեմատ էապես ավելի բարձր չափի պետական տուրքեր։ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ըստ էության փաստարկվում են դատարանների անհարկի ծանրաբեռնվածությունը թոթափելու և պետության կողմից կատարվող դատական ծախսերի հատուցանելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ։ Հարկ ենք համարում նշել, որ դատարան դիմելու համար պետական տուրքի սահմանումն առհասարակ իսկապես բխում է վերը մեջբերված նպատակից, և հենց այդ նպատակից ելնելով ՀՀ գործող օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են դատարան դիմելու իրավունքի չարաշահումը կանխարգելող բավականին զսպող ազդեցություն ունեցող պետական տուրքեր, որոնց արդյունավետությունը այդ համատեքստում հիմնավորվում է հենց նախագծի հեղինակի կողմից ներկայացվող վիճակագրությամբ։ ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-890 և ՍԴՈ-1655 որոշումների շրջանակներում, անդրադառնալով պետական տուրքեր վճարելու պարտականությանը, նշված սահմանադրական պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը, պետական տուրքի բովանդակությանը, դերին ու նշանակությանը, գտել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը կարող է հետապնդել բացառապես 2 նպատակ, այն է՝ փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը և կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը՝ դատարանների անհարկի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար: Նշված համատեքստում պետք է նկատել, որ առնվազն հեղինակը հիմնավոր փաստարկ չի ներկայացրել առ այն, որ հատկապես ՆԳՆ ոստիկանության դեմ է, որ ներկայացվում են առավել շատ անհիմն հայցադիմումներ, կամ որ այդ տեսակ գործերն ունեն մյուսների համեմատ առավել բարդ բնույթ, ինչը հանգեցնում է պետության համար դրանց քննության ավելի մեծ ծախսատարության և որպես հետևանք ծախսերի հատուցանելիության մակարդակը այլ գործերին հավասար պահելու նպատակով պետական տուրքերի ավելի բարձր դրույքաչափեր կիրառելու անհրաժեշտություն առաջացնում։ Ավելին, քննարկվող նախագծի հետ մեկտեղ քննարկման է ներկայացված նաև «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով, ի թիվս այլնի, նախատեսվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և դրա մարմինների դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունը, անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով, ինչից բխում է, որ հեղինակն ինքն ունի այն համոզմունքը, որ նշված տեսակի գործերը ոչ միայն ավելի բարդ և պետության համար առավել ծախսատար չեն համեմատ մյուս վարչական ակտերի դեմ քննվողների, այլ ճիշտ հակառակը՝ մեծապես չեն հանդիսանում բարդ գործեր, ինչը թույլ է տալիս որպես կանոն դրանք քննել առավել պարզեցված՝ գրավոր կարգով։ Վերը նշվածը հիմք ընդունելով՝ ակնհայտ է, որ առկա չէ տարբերակված մոտեցում ցուցաբերելու իրավաչափ և օբյեկտիվ որևէ հիմք՝ հատուկ մոտեցում ցուցաբերելու համար հատկապես ՆԳՆ ոստիկանության և դրա մարմինների դեմ ներկայացվող հայցադիմումների մասով։ Գտնում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում կխախտվի դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված՝ խտրականության բոլոր ձևերից զերծ մնալու հիմնարար երաշխիքը և առաջարկում ենք հանրային քննարկման ներկայացված փաթեթից հանել ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Տիգրան Ստեփանյան

03.11.2023

Ըստ էության ՀՀ ՆԳՆ-ն իր ոչ իրավաչափ վարչարարության դեմ ներկայացվող հայցադիմումներից ձերբազատվելու նպատակով ներկայացրել է դատարան դիմելու մատչելիությունը նվազեցնելուն ուղղված մի շարք օրենսգրքերում փոփոխությունների նախագիծ, որի արդյունքում ՆԳՆ դեմ դատարան ներկայացվող հայցադիմումների համար գանձվող պետական տուրքը շեշտակի աճում է՝ ընդհուպ մինչև կրկնապատկվում, սահմանվում է պարտադիր վարչական բողոքարկման պահանջ և բացառվում է գործի քննության բանավոր ընթացակարգը։ Այսինքն՝ անհիմն վարչարարությունը նվազեցնելու փոխարեն փորձ է արվում դժվարեցնել խախտված իրավունքի պաշտպանությունը՝ բարդացնելով դատարան դիմելու ընթացակարգն ու մատչելիությունը։ Առաջարկվում է Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի 1-ին հոդվածը բացառել։

Տեսնել ավելին