ՈՐՈՇՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության որոշմամբ անհետաձգելի համարելու և ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար:
Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են կուսակցությունների տարեկան հաշվետվությունների 2023 թվականի ստուգման ժամկետներին, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացին: Նախագծերի փաթեթով, ի թիվս այլնի, առաջարկվել է հետևյալը՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացնել կուսակցության տարեկան հաշվետվության ներկայացումից հետո՝ մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը, վերացնել յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի նպատակով առավելագույնը երեք աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգավորումը, իսկ աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները սահմանել Հանձնաժողովի որոշմամբ:
Նախագծերի փաթեթի ընդունումը ենթադրում է համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի՝ «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 02-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) մեջ, ուստի, պայմանավորված Նախագծերի փաթեթի ընդունումից հետո կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության բաց մրցույթ անցկացնելու հրատապությամբ՝ մշակվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշման նախագիծ):
2. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները (այսուհետ՝ Կարգ) կարգավորում են կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների (տարեկան հաշվետվություն) պարտադիր աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգի հետ կապված հարաբերությունները, սահմանում են աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև աուդիտի իրականացման շրջանակները։
Որոշման նախագծով մասնավորապես առաջարկվում է հետևյալը՝
1. մրցույթն առանձին չափաբաժիններով անցկացնելու հայեցողությունը թողնել մրցութային հանձնաժողովին,
2. սահմանել, որ պայմանագրի գնի որոշման համար աուդիտորական կազմակերպություններին տրամադրվում են կուսակցությունների տարեկան հաշվետվությունները հրապարակման (տրամադրման) ոչ ենթակա տվյալներով,
3. պայմանագրի գնի որոշման ընթացքում հաշվի չառնել աուդիտորական այն կազմակերպության կողմից ներկայացված գնառաջարկը, որը հաշվետու տարվան նախորդող տարում ներկայացրել է գնային առաջարկ, սակայն չի ներկայացրել մրցութային առաջարկ, հնարավորություն ստեղծելով նվազեցնել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ աուդիտորական կազմակերպությունների կողմից չհիմնավորված բարձր գնային առաջարկներ ներկայացնելով պայմանագրի գնի որոշման վրա ազդելով,
4. հանել մրցութային առաջարկում ներառվող փաստաթղթերում թվերը միաժամանակ թվերով և տառերով ներկայացնելու կարգավորումը, քանի որ նման պահանջը չպահպանելը դիտվում է որպես մրցութային առաջարկը հետ վերադարձնելու հիմք, ինչը այնպիսի էական պայման չէ, որով աուդիտորական կազմակերպությունների ընտրության մրցույթի գործընթացը կարող է երկարաձգվել,
5. աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջների համապատասխանության մասին փաստաթղթերից՝ հավատարմագրված մասնագիտացված կառույցին անդամակցությունը հավաստող փաստաթուղթը հրապարակված լինելու դեպքում ներկայացնել համապատասխան հղումը՝ չծանրաբեռնելով աուդիտորական կազմակերպություններին՝ հավելյալ փաստաթղթեր ներկայացնելով,
6. վերացնել տեխնիկական առաջարկ ներկայացնելու կարգավորումները, նկատի ունենալով, որ առավելագույնը երեք աուդիտորական կազմակերպությունների ընտրության պահանջի վերացման պայմաններում բացակայում է ներկայացված մրցութային առաջարկների գնահատման կարիքը, և անհրաժեշտ է լինելու միայն ստուգել, արդյո՞ք աուդիտորական կազմակերպությունները բավարարարում են սահմանված պահանջներին, թե ոչ,
7. հստակեցնել մրցութային առաջարկներում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում մրցութային հանձնաժողովի գործողությունները, սահմանելով, որ Մրցութային հանձնաժողովը մրցութային առաջարկների բացման և գնահատման նիստերում ստուգում է մրցութային առաջարկների համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Ստուգման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանության մասին Մրցութային հանձնաժողովը կայացնում է որոշում, որի մասին ծանուցում է մասնակցին էլեկտրոնային փոստի միջոցով՝ որոշման մեջ մանրամասն նշելով հայտնաբերված անհամապատասխանությունները, իսկ նիստը (մրցույթը մի քանի չափաբաժիններով անցկացնելու դեպքում՝ միայն տվյալ կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի իրականացման համար մրցութային առաջարկների մասով) հետաձգում է երկու աշխատանքային օրով՝ առաջարկելով մասնակցին մինչև հետաձգման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունները և մրցութային առաջարկը կրկին ներկայացնել։ Եթե մասնակիցը սահմանված ժամկետում չի շտկում անհամապատասխանությունները և կրկին ներկայացնում այն, ապա մրցութային առաջարկը մերժվում է,
8. սահմանել աուդիտորական կազմակերպությունների իրավունքը, մրցութային հանձնաժողովի կողմից նշված անհամապատասխանությունների հետ համաձայն չլինելու դեպքում՝ ներկայացնելու պատճառաբանված դիրքորոշում,
9. վերացնել մրցութային հանձնաժողովի՝ տեխնիկական առաջարկները գնահատելու կարգավորումը, քանի որ վերացվում է նաև տեխնիկական առաջարկ ներկայացնելու պահանջը,
10. գործընթացների թափանցիկությունն ապահովելու նպատակով սահմանել, որ մրցութային առաջարկների գնահատումից հետո՝ առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում, գնահատման արդյունքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում
11. սահմանել, որ մրցույթի հրապարակային վիճակահանության փուլին մասնակցության իրավունք են ստանում այն աուդիտորական կազմակերպությունները, որոոնց մրցութային առաջարկները Մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում համապատասխանել են Որոշման Գլուխ 3-ով սահմանված պահանջներին,
12. մրցույթի հրապարակային վիճակահանության փուլին մասնակցելու իրավունք վերապահել նաև կուսակցություններին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը․
Որոշման ընդունման պարագայում հնարավոր կդառնա օրենսդրական փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված գործառույթների պատշաճ իրականացումը, մասնավորապես՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի կազմակերպումը:
-
Քննարկվել է
27.09.2023 - 12.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Դիտումներ` 2782
Տպել