«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին»
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«——» «——————» 2023 թվականի N----Ն
ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թափոնների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել արտոնագրված աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
- Սահմանել չարտոնագրված, ժամանակավորապես գործող աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության կառավարության
2023 թվականի ______________ի
N______ որոշման
ԿԱՐԳ
ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերում և դրանց ազդեցությանը ենթարկվող հարակից տարածքի՝ սանիտարական պահպանման գոտու սահմաններում շրջակա միջավայրի վիճակի և դրա աղտոտվածության մոնիթորինգի (այսուհետ՝ աղբավայրի մոնիթորինգ) ծրագրի մշակման, իրականացման և շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) մոնիթորինգի արդյունքների ներկայացման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են այն իմաստներով, որոնք սահմանված են «Թափոնների մասին» օրենքով:
- Սույն կարգի դրույթները տարածվում են.
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված աղբավայրերի կազմակերպումը որպես նախատեսվող գործունեություն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնող և փորձաքննության ներկայացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վրա,
- «Վտանգավոր թափոնների գործածության գործունեության» լիցենզիաների հիման վրա աղբավայրերը շահագործող (այսուհետ՝ աղբավայրը շահագործող) ու տնօրինող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի վրա, որոնք իրավասու և պատասխանատու են աղբավայրում թափոնները տեղադրելու, այդ թվում՝ թաղելու համար:
- Աղբավայրերի մոնիթորինգը նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում ներառված մոնիթորինգի (մշտադիտարկման) ծրագրով նախատեսված և պարբերաբար իրականացվող գործողություններիհամախումբ է, ինչը ներառում է աղբավայրերում և դրանց հարակից տարածքներում ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով հողի, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների պարբերական հավաքագրումը և դրանց արդյունքում ստացված տվյալների մշակումը։ Աղբավայրում թափոնների բաց այրման օջախներ և հետքեր արձանագրվելու դեպքում աղբավայրերի մոնիթորինգը ներառում է նաև այրման արդյունքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների քանակական և որակական ցուցանիշների որոշումը։
- Աղբավայրը շահագործողներն ու տնօրինողները աղբավայրի մոնիթորինգն իրականացնում են փորձարկման լաբորատորիաների կամ շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման իրավասություն ունեցող մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
- Աղբավայրերի տարածքում մոնիթորինգի իրականացման նպատակն է մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասական ներգործության և դրա հետևանքների բացահայտումը, կանխարգելումը կամ նվազեցումը։
- Աղբավայրի տարածքում իրականացվող մոնիթորինգի խնդիրներն են պարզել ու արձանագրել հետևյալը.
1) աղբավայրի տարածքում իրականացվող գործողությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին,
2) շրջակա միջավայրի աղտոտումը կանխող համակարգերի օգտագործման արդյունավետությունը,
3) կառուցվող աղբավայրի համար «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված պահանջների կատարումը և նախագծային փաստաթղթերին համապատասխանությունը,
4) աղբավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումը:
- Կառուցվող աղբավայրի մոնիթորինգի ենթակա տարածքի սահմանները նկարագրվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում և նախագծային փաստաթղթերում՝ հաշվի առնելով նաև աղբավայրի կառուցմանը և շահագործմանն առնչվող քաղաքաշինական, սանիտարական, հակահամաճարակային, հակահրդեհային և բնապահպանական կանոններն ու նորմերը։ Աղբավայրի մոնիթորինգի ենթակա տարածքի սահմանները կարող են ճշգրտվել հիմնվելով աղբավայրի տարածքում շրջակա միջավայրի վիճակի և աղտոտման նկատմամբ իրականացվող ինքնահսկման և մոնիթորինգի, ինչպես նաև աղբավայրի շահագործման և պահպանության ընթացքում սանիտարական, հակահամաճարակային, բնապահպանական, հակահրդեհային, քաղաքաշինական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում արձանագրված տվյալների վրա:
- Աղբավայրը շահագործողների կողմից մշակվում է աղբավայրի մոնիթորինգի ծրագիր՝ ուղղված աղբավայրի վիճակի փոփոխությունների ուսումնասիրմանը և գնահատմանը: Եթե աղբավայրի շահագործողները մեկից ավելի են, ապա մշակվում է աղբավայրի մոնիթորինգի համատեղ ծրագիր։
- Աղբավայրի մոնիթորինգը ներառում է միջոցառումներ հետևյալ ժամանակահատվածների համար.
1) աղբավայրի կառուցմանը նախորդող ժամանակահատվածում՝ աղբավայրի կառուցման համար նախատեսված և դրա հնարավոր ազդեցությանը ենթակա տարածքների մթնոլորտային օդի, հողի և ջրերի վերաբերյալ տվյալների (ֆոնային տվյալներ) հավաքագրում,
2) աղբավայրի շահագործման ընթացքում՝
ա. շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգի իրականացում՝ պարզելու համար աղբավայրի շահագործման ընթացքում վնասակար նյութերի արտանետումների և արտահոսքերի որակական ու քանակական բնութագրիչների համապատասխանությունը մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութի սահմանային թույլատրելի արտանետման նորմատիվներին, կեղտաջրերով ջրային ռեսուրսներ թափվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաներին, հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկն ու հողերի աղտոտվածության աստիճանի գնահատումը սահմանող կարգին, ինչպես նաև հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները հաստատող սանիտարական կանոններին և նորմերին,
բ. աղբավայրում տեղադրվող թափոնների քանակական և որակական բնութագրիչների ուսումնասիրում և արձանագրում,
գ. աղտոտող նյութերի արտանետման կամ արտազատման դեպքերի արձանագրում համապատասխան միջոցներ ձեռնակելու նպատակով,
դ. թափոնների ոչ կանխամտածված այրման (ինքնայրում) դեպքերի կանխարգելման և արձանագրման նպատակով մշտադիտարկման իրականացում,
3) աղբավայրի շահագործման ավարտից հետո՝ առնվազն հինգ տարվա ընթացքում աղբավայրի մոնիթորինգի իրականացում՝ պարզելու համար, որ աղբավայրի փակումը և տարածքի վերականգնմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են տվյալ աղբավայրի փակման ծրագրին համապատասխան, և այն այլևս վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի և հարակից տարածքների բնակչության առողջության համար:
- Աղբավայրը շահագործողներն իրենց կողմից շահագործվող աղբավայրի տարածքում իրականացված մոնիթորինգի արդյունքները ներառում են «Թափոնների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 16-րդ հոդվածի 2-րդ մասերով սահմանված շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին ներկայացվող «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծի» և «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի» համապատասխան բաժիններում:
- Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագիծը շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2291-Ն, իսկ թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1180-Ն որոշումներով սահմանված կարգերով:
- ԱՂԲԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԾՐԱԳԻՐԸ
- Աղբավայրերի մոնիթորինգի ծրագրի մշակման նպատակը աղբավայրերի հսկողության, կանխարգելիչ և պաշտպանական միջոցառումների սահմանումն է՝ ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում շրջակա միջավայրի բաղադրիչներին և մարդու առողջությանը սպառնացող վտանգների կանխարգելմանը կամ վերացմանը։ Մոնիթորինգի ծրագիրը մշակվում է աղբավայրի տարածքում շրջակա միջավայրի վիճակի և աղտոտվածության վերաբերյալ առկա տվյալների, ինչպես նաև հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումների հիման վրա:
- Մոնիթորինգի ծրագրի կազմման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում թափոնների կառավարման, աղբահանության և սանիտարական մաքրման, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտները կանոնակարգող օրենսդրությունը, ինչպես նաև հետևյալ տվյալները, տեղեկությունները և տվյալ աղբավայրի կառուցման տեխնիկական լուծումները (առանձնահատկությունները).
1) աղբավայրի կառուցման և շահագործման համար մշակված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների և նախագծային փաստաթղթերի տվյալները,
2) տեղեկատվական պահոցներում առկա ֆոնդային տվյալները՝ աղբավայրի տարածքում շրջակա միջավայրի վիճակի և աղտոտվածության վերաբերյալ,
3) աղբավայրի կառուցման վայրում շրջակա միջավայրի ֆոնային վիճակի մասին տվյալները՝ հավաքագրված մինչև աղբավայրի կառուցումը,
4) աղբավայրը շահագործողների մոտ առկա տվյալները՝ աղբավայրի տարածքում շրջակա միջավայրի վիճակի և աղտոտվածության վերաբերյալ,
5) տեղեկություններ՝ աղբավայրի սանիտարական պահպանման գոտու սահմաններում առկա և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող այլ աղբյուրների և օբյեկտների վերաբերյալ,
6) աղբավայրի դասը (տեսակը),
7) աղբավայր տեղափոխվող և տեղադրվող թափոնների վտանգավորության դասը, տարեկան քանակը,
8) աղբավայրի գտնվելու վայրի ֆիզիկաաշխարհագրական բնութագրերը,
9) աղբավայրի տարածքի երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմանները,
10) թափոնների տեսակավորում իրականացնելու հնարավորությունը,
11) թափոնների մշակում, վերամշակում կամ օգտահանում իրականացնելու հնարավորությունները, ներառյալ կոմպոստացումը, կենսագազի արտադրությունը,
12) աղբավայրում թափոնների թաղման եղանակը,
13) թափոններից անջատվող հեղուկի (զտահեղուկի) հավաքման դրենաժային համակարգի կառուցման հնարավորությունը,
14) զտահեղուկից նստվածքի առանձնացման և թաղման հնարավորությունը,
15) զտահեղուկի պարզվածքը հակահրդեհային նպատակով թափոնների խոնավեցման համար օգտագործելու հնարավորությունը,
16) աղբավայրում առաջացող մեթան գազի հավաքման և հեռացման համակարգի ստեղծման հնարավորությունը,
17) աղբավայրի տարածք ստորերկրյա և մակերևութային ջրերի ներհոսքի հավանականությունը և դրա կանխարգելման հնարավոր եղանակները,
18) քամիների գերակշռող ուղղությամբ բնակավայրի, արտադրական, սպասարկման կամ հասարակական օբյեկտների առկայությունը,
19) աղբավայրի տեղադիրքի հետ կապված, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող այլ գործոններ։
- Կառուցվող աղբավայրի մոնիթորինգի ծրագիրը համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի՝ ներառվում է նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում և ներկայացվում լիազոր մարմին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո նախատեսվող գործունեությունը նախաձեռնողի կողմից աղբավայրի մոնիթորինգի ծրագրի օրինակը փոխանցվում է աղբավայրը տնօրինողին և շահագործողին, եթե վերջիններս տարբեր իրավաբանական կամ ֆիզիկական անձինք են։
- Աղբավայրերի շահագործման ընթացքում, ինչպես նաև դրանց ժամանակավոր դադարեցման կամ փակման դեպքում շրջակա միջավայրի համար վնասակար ազդեցության ռիսկերը կապված են հիմնականում հետևյալ գործոնների հետ՝
1) վնասակար նյութերի, այդ թվում՝ ֆուրանի, դիօքսինների, ջերմոցային գազերի (օրինակ՝ մեթան, ածխածնի օքսիդ, ածխածնի երկօքսիդ) արտանետումը մթնոլորտային օդ և դրանց արագ տարածումը շրջակա միջավայրում,
2) թափոններից արտազատվող հեղուկի կամ դրանց հետ շփման արդյունքում աղտոտված ջրերի ներթափանցումը հողի մեջ,
3) աղբավայրի տարածքում մթնոլորտային տեղումներից գոյացող, ինչպես նաև տեղադրված թափոններից արտազատվող հեղուկի ներհոսքը ստորերկրյա և մակերևութային ջրեր,
4) աղբավայր տեղափոխված թափոնների, դրանցից անջատվող արտանետումների և արտազատումների վնասակար ներգործությունը աղբավայրի շահագործման աշխատանքներում ներգրավված և հարակից տարածքներում գտնվող մարդկանց առողջության և կենսագործունեության վրա,
5) աղբավայր տեղափոխված թափոնների, դրանցից անջատվող արտանետումների և արտազատումների վնասակար ներգործությունը աղբավայրի տարածքում գտնվող բուսական ու կենդանական աշխարհի վրա։
- Աղբավայրի մոնիթորինգի ծրագրով սահմանված ժամկետի ավարտից և սահմանված կարգով աղբավայրի փակումից հետո առնվազն հինգ տարվա ընթացքում մոնիթորինգի իրականացման, շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասակար ազդեցության կանխարգելման և ստեղծված իրավիճակում համապատասխան միջոցների ձեռնարկման համար պատասխանատու հանդիսանում է աղբավայրը տնօրինողը։
- ԱՂԲԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Մոնիթորինգի ծրագրում ներառվում են հետևյալ տվյալներն ու տեղեկությունները, ըստ բաժինների.
1) «Ընդհանուր տեղեկություններ թափոնների տեղադրման օբյեկտի մասին» բաժնում ներկայացվում են տվյալներ՝ աղբավայրը շահագործող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ, աղբավայրի գտնվելու վայրի, հողամասի տնօրինման իրավունքի, աղբավայրի մակերեսի, աղբավայրի սանիտարական պահպանման գոտու չափերի և աղբավայրի շահագործման նախատեսվող ժամանակահատվածի վերաբերյալ,
2) «Մոնիթորինգի ենթակա շրջակա միջավայրի բաղադրիչների ընտրության հիմնավորումը» բաժնում ներկայացվում են.
ա. աղբավայրի տարածքում մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, հողի վիճակի և աղտոտվածության վերաբերյալ ֆոնային տվյալները,
բ. աղբավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, հողի վրա հնարավոր վնասակար ազդեցությունը,
գ. աղբավայրի տարածքում շրջակա միջավայրի կոնկրետ բաղադրիչների նկատմամբ մշտադիտարկումներ անցկացնելու անհրաժեշտության գնահատման եզրակացությունները՝ սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տվյալների հիման վրա։
3) «Աղբավայրի մոնիթորինգի ենթակա ցուցանիշները» բաժնում ներկայացվում է աղբավայրի տարածքում շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակը և աղտոտվածությունը բնութագրող, դիտարկման ենթակա ցուցանիշների (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական, այլ) ընտրության հիմնավորումը, որոնց փոփոխությունը հնարավոր է տվյալ օբյեկտում թափոնների տեղադրման արդյունքում։ Շրջակա միջավայրի բաղադրիչների դիտարկվող ցուցանիշների ընտրությունը կատարվում է հաշվի առնելով աղբավայրի շահագործմամբ պայմանավորված կանխատեսվող վնասակար ազդեցությունը:
4) «Փորձանմուշների ընտրության վայրերը, գործիքային չափումների անցկացման կետերը» բաժնում ներկայացվում են տվյալներ մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, հողի մոնիթորինգի համար փորձանմուշներ վերցնելու, գործիքային չափումներ անցկացնելու վայրերի կամ կետերի ընտրության հիմնավորվածության վերաբերյալ, ըստ մոնիթորինգի ենթակա շրջակա միջավայրի բաղադրիչների:
5) Մթնոլորտային oդի գործիքային չափումների անցկացման կետերի, փորձանմուշներ վերցնելու վայրերի և դրանց քանակի մասին որոշումն ընդունվում է հաշվի առնելով աղբավայրում տեղադրվող թափոնների քանակը և վտանգավորության դասը, տարածքում գերակշռող քամիների ուղղությունները, աղբավայրի տարածքում բնակելի, հասարակական կամ արտադրական շենքերի, շինությունների առկայությունը, աղբավայրին հարակից տարածքներում հողամաuերի oգտագործման տեսակները: Մթնոլորտային օդի մոնիթորինգի համար մոնիթորինգի ծրագրով նախատեսվում են օդի նմուշառման կետեր առնվազն աղբավայրի աշխատանքային ու տնտեսական գոտիներում և աղբավայրի սանիտարական պահպանման գոտու սահմաններում։
6) Ստորերկրյա ջրերի գործիքային չափումների անցկացման և փորձանմուշների վերցման կետերի տեղադիրքի մասին որոշումն ընդունվում է հաշվի առնելով աղբավայրի տարածքում ստորերկրյա ջրատար հորիզոնների տեղակայվածությունը և աղբավայրի հիմքը կազմող լեռնային ապարների ջրանթափանցության աստիճանը, աղբավայրի տարածքում ստորերկրյա ջրատար հորիզոնների խորություններն ու սնուցման վայրերը և դրանց բեռնաթափման տարածքների սահմանները.
7) Աղբավայրի տարածքում առկա մակերևութային ջրերի մոնիթորինգի համար ընտրվում են ոչ պակաս քան երկու կետ, մեկը մինչև աղբավայրը՝ աղբավայրին հարակից բարձրադիր տարածքում գտնվող մակերևութային ջրերից, մյուսը` աղբավայրին հարակից ցածրադիր հատվածի ջրահոսքերից.
8) Հողի նմուշառման վայրերն ընտրվում են սանիտարական պահպանման գոտու տարածքում՝ նմուշառման կետերի մեծ մասն ընտրելով տարածքում գերակշռող քամիների ուղղության և աղբավայրին հարակից ցածրադիր հատվածների վրա:
9) «Մոնիթորինգի իրականացման եղանակներն ու պարբերականությանը» բաժնում ներկայացվում է աղբավայրի տարածքում դիտարկումների եղանակների (ակնադիտարկում, ուսումնասիրություն, գործիքային չափում, լաբորատոր փորձարկում, այլ) ընտրության և դրանց անցկացման պարբերականության հիմնավորումները։ Աղբավայրի մոնիթորինգի անցկացման համար առաջարկվող նվազագույն պարբերականությունը և ցուցանիշները ներկայացվում են սույն կարգի աղյուսակ N1-ում։
Աղյուսակ N1
Աղբավայրի մոնիթորինգի անցկացման նվազագույն պարբերականությունը և մոնիթորինգի ենթակա ցուցանիշները
Աղբավայրում մոնիթորինգի ենթակա ցուցանիշներ |
Դիտարկումների պարբերականությունը աղբավայրի շահագործման փուլում |
Դիտարկումների պարբերականությունը աղբավայրի շահագործումը դադարեցնելու և տարածքի վերականգնման փուլում |
1.Թափոններից արտազատված հեղուկի ծավալ |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
2.Թափոններից արտազատված հեղուկի բաղադրություն |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
3.Մակերևութային ջրերի բաղադրություն |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
4.Հնարավոր գազային արտանետումներ՝ CH4, СО2, H2S, բաց այրման արդյունքում մթնոլորտային օդն աղտոտող նյութեր (այրման կանխարգելիչ միջոցառումների բացակայության դեպքում) |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
5. Ստորերկրյա ջրերի մակարդակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
6. Ստորերկրյա ջրերի բաղադրություն |
յուրաքանչյուր կիսամյակ (hաճախականությունը կարող է փոփոխվել՝ կախված տեղանքի պայմաններից) |
յուրաքանչյուր կիսամյակ (hաճախականությունը կարող է փոփոխվել՝ կախված տեղանքի պայմաններից) |
7 Հողի բաղադրություն |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
10) «Աղբավայրի մոնիթորինգի արդյունքները» բաժնում ներկայացվում է աղբավայրի մոնիթորինգի արդյունքների մասին տվյալները, որոնք ենթակա են ներկայացման լիազոր մարմնին։ Աղբավայրի վերաբերյալ տվյալները և դիտարկումների պարբերականությունը ներկայացվում են սույն կարգի աղյուսակ N2-ում։ Սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերով ներկայացման ենթակա են սույն կարգի աղյուսակ N1-ով և աղյուսակ N2-ով նախատեսված տվյալները։
Աղյուսակ N2
Աղբավայրի վերաբերյալ տվյալները և դիտարկումների պարբերականությունը
Աղբավայրի մոնիթորինգի արդյունքում արձանագրված տվյալներ |
Դիտարկումների պարբերականությունը աղբավայրի շահագործման փուլում |
Դիտարկումների պարբերականությունը աղբավայրի տարածքի վերականգնման փուլում |
1. Աղբավայրերի կառուցվածքը և կազմը՝ տեղադրված թափոնների զբաղեցրած մակերեսը, թափոնների քանակն ու բաղադրությունը, թափոնների տեղադրման մեթոդները, աղբավայրի՝ դեռ չզբաղեցված տարողունակության հաշվարկը |
տարեկան |
|
2. Աղբավայրի լցվածության մակարդակի փոփոխությունները, աղբավայրում թափոնների բաց այրման արձանագրված դեպքերը, այրված տարածքի մոտավոր մակերեսը, այրված թափոնների և դրա արդյունքում արտանետված վնասակար նյութերի՝ ազոտի օքսիդների, դիօքսինների և ֆուրանների մոտավոր քանակը |
տարեկան |
տարեկան |
11) «Տեղեկատվության աղբյուրներ» բաժնում նշվում են մոնիթորինգի ծրագրի մշակման ժամանակ օգտագործված տեղեկատվության աղբյուրները՝ օգտագործված նորմատիվ իրավական ակտերի, նորմատիվ և կանոնակարգային փաստաթղթերի, գիտական հրապարակումների, այլ փաստաթղթերի ցանկը՝ նշելով դրանց անվանումները, հեղինակներին, հրատարակչությունները, հրապարակման տարեթվերը և այլ տվյալներ:
12) «Հավելվածներ» բաժնում ընդգրկվում են՝
ա) աղբավայրի և դրան հարակից տարածքի սխեման (գլխավոր հատակագիծ, իրավիճակային սխեմա),
բ) նմուշառման վայրերի, դիտարկումների և գործիքային չափումների անցկացման կետերի տեղաբաշխման սխեմաները,
գ) աղբավայրը շահագործողի հայեցողությամբ այլ նյութեր:
- ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Աղբավայրի մոնիթորինգի ծրագրով նախատեսված չափումներն իրականացվում են «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի պահանջների պահպանմամբ։
- Աղբավայրի մոնիթորինգի համար անհրաժեշտ նմուշառումները և հետազոտությունները կարող են իրականացվել շրջակա միջավայրի տվյալ բաղադրիչի՝ մթնոլորտային օդի, հողի, մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիթորինգի իրականացման համար ընդունված կարգերին, նորմերին և հսկման մեթոդներին համապատասխան։ Հետազոտությունները կարող են կատարվել լաբորատոր պայմաններում, իսկ համապատասխան սարքավորումների առկայության դեպքում՝ անմիջապես աղբավայրի և դրա ազդեցությանը ենթարկվող հարակից տարածքներում։
- Աղբավայրում տեղադրված թափոններում գոյացող գազային արտանետումների նկատմամբ մոնիթորինգն իրականացվում է աղբավայրի մոնիթորինգի ծրագրով նախատեսված յուրաքանչյուր տեղամասում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղբավայրում տեղադրված օրգանական ծագման թափոնների կենսաքայքայման հիմնական պրոցեսն ընթանում է դրական ջերմաստիճանների պայմաններում, ուստի ճշգրիտ արդյունքներ ստանալու համար աղբավայրում գոյացող կենսագազի (CH4, СО2 և այլ գազային խառնուրդ) չափումներն իրականացվում են չոր և տաք (օդի միջին ամսական ջերմաստիճանը առնվազն 8°C ) եղանակային պայմաններում։
- Թափոններից արտազատված հեղուկի ծավալի և բաղադրության որոշման նպատակով իրականացվող նմուշառումն ու չափումներն իրականացվում են աղբավայրի յուրաքանչյուր տեղամասում, որտեղ դրանք հայտնաբերվել են:
- Աղբավայրի տարածքում ստորերկրյա ջրերի վիճակի և աղտոտվածության դիտարկումներն անցկացվում են երկրի մակերևույթին մոտ առաջին ջրատար հորիզոնում: Մակերևութամերձ ջրատար հորիզոնում աղտոտվածություն հայտնաբերելու կամ աղտոտվածության տարածման բարձր հավանականության դեպքում ուսումնասիրություններ անցկացվում են նաև ստորին ջրատար հորիզոնում: Չափումներն իրականացվում են ստորերկրյա ջրերի ներհոսքի ուղղությամբ առնվազն մեկ հսկիչ հորի կամ հորատանցքի միջոցով, իսկ արտահոսքի ուղղության վրա՝ երկու կետում (50-ից 100 մետր հեռավորության վրա): Այս թվերը կարող են աճել հիդրոերկրաբանական հատուկ հետազոտությունների և թափոններից արտազատվող հեղուկի՝ դեպի ստորերկրյա ջրեր անկանխատեսելի ներթափանցումն անհապաղ կանխելու անհրաժեշտության դեպքում:
- Աղբավայրի տարածքում հողի վիճակի դիտարկումն ու նմուշառումներն իրականացվում են աղբավայրի առնվազն սանիտարական պահպանման գոտու տարածքում՝ մոնիթորինգի ծրագրին համապատասխան:
- Աղբավայրի տարածքում շրջակա միջավայրի վիճակի և աղտոտման նկատմամբ մոնիթորինգն իրականացվում է աղբավայրը շահագործողների, իսկ աղբավայրի շահագործումը դադարեցնելուց հետո աղբավայրը տնօրինողի միջոցներով՝ աղբավայրի մոնիթորինգի ծրագրին համապատասխան:
- Աղբավայրը շահագործողները և տնօրինողները շրջակա միջավայրի վրա ցանկացած բացասական ազդեցության մասին, որը բացահայտվել է իրականացվող ինքնահսկման և մոնիթորինգի արդյունքում, անմիջապես տեղեկացնում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության և շրջակա միջավայրի նախարարություններին:
- Աղբավայրը շահագործողներն իրենց միջոցներով ապահովում են բացասական հետևանքների կանխմանն ու վերացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, այդ թվում հետևելով սույն կարգի 26-րդ կետում նշված պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված հրահանգներին։
- Աղբավայրի տարածքում իրականացվող մոնիթորինգը դադարեցվում է մոնիթորինգի ծրագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո։ Եթե աղբավայրի մոնիթորինգի արդյունքներով պարզվում է, որ աղբավայրից վնասակար նյութերի արտանետումը և արտահոսքը շարունակվում է, ապա մոնիթորինգի իրականացման ժամկետը երկարաձգվում է մինչև աղբավայրից վնասակար նյութերի արտանետման և արտահոսքի բացակայումը:
- Աղբավայրի շահագործման նախատեսված ժամկետի ավարտից և սահմանված կարգով աղբավայրի փակումից հետո կամ այլ պատճառով աղբավայրի շահագործումը դադարեցնելու դեպքում աղբավայրը տնօրինողները աղբավայրում հրդեհի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին վտանգ սպառնացող այլ իրավիճակների մասին անմիջապես տեղեկացնում են սույն կարգի 26-րդ կետում նշված պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:
- Աղբավայրի տնօրինողը ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հետ համատեղ ապահովում են վթարային իրավիճակի բացասական հետևանքների կանխմանն ու վերացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, այդ թվում հետևելով սույն կարգի 26-րդ կետում նշված պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տվյալ իրավիճակին համապատասխան տրված հրահանգներին։
- Աղբավայրի շահագործման դադարեցումից հետո աղբավայրը տնօրինողների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները ներառվում են «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի» համապատասխան բաժնում և սահմանված կարգով ներկայացվում շրջակա միջավայրի նախարարություն։
32.Աղբավայրը շահագործողների և տնօրինողների (աղբավայրի տարածքի սեփականատիրոջ) կողմից սույն կարգով սահմանված պահանջները չկատարելը նախատեսում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության կառավարության
2023 թվականի ______________ի
N______ որոշման
ԿԱՐԳ
ՉԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են համայքներում գոյացող կոշտ կենցաղային թափոնների տեղադրման (թաղման) համար ժանակավորապես օգտագործվող վայրերում (այսուհետ՝ աղբավայր) և դրանց ազդեցությանը ենթարկվող հարակից տարածքի՝ սանիտարական պահպանման գոտու սահմաններում շրջակա միջավայրի վիճակի մոնիթորինգի (այսուհետ՝ աղբավայրի մոնիթորինգ) իրականացման և շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) մոնիթորինգի արդյունքների ներկայացման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են այն իմաստներով, որոնք սահմանված են «Թափոնների մասին» օրենքով:
- Սույն կարգի դրույթները տարածվում են գոյություն ունեցող և օգտագործվող աղբավայրերի վրա, որոնք համայնքի աղբահանության ապահովման խիստ անհրաժեշտությունից ելնելով ժամանակավորապես շահագործվում են մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված փորձաքննության դրական եզրակացություն և «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված լիցենզիա ստանալը կամ նոր արտոնագրված աղբավայրի կառուցումը և գործող տվյալ աղբավայրի փակումը:
- Աղբավայրերի մոնիթորինգը սույն կարգով նախատեսված և պարբերաբար իրականացվող գործողություններիհամախումբ է, ինչը ներառում է աղբավայրը շահագործողների և տնօրինողների (աղբավայրի տարածքի սեփականատիրոջ, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմնի) կողմից աղբավայրերում ու դրանց հարակից տարածքներում ակնադիտարկումների, իսկ հնարավորության դեպքում գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով աղբավայրի և դրա հարակից տարածքի վերաբերյալ տվյալների պարբերական հավաքագրումը և դրանց արդյունքում ստացված տվյալների մշակումը։ Աղբավայրում թափոնների բաց այրման օջախներ և հետքեր արձանագրվելու դեպքում աղբավայրերի մոնիթորինգը ներառում է նաև այրման արդյունքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների քանակական և որակական ցուցանիշների որոշումը (օգտվելով նաև միջազգային պրակտիկայում օգտագործվող հաշվարկային եղանակից)։
- Աղբավայրերի տարածքում մոնիթորինգի իրականացման նպատակն է մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասական ներգործության և դրա հետևանքների բացահայտումը, կանխարգելումը կամ նվազեցումը։
- Աղբավայրի մոնիթորինգի ենթակա տարածքի սահմանները կարող են ճշգրտվել հիմնվելով աղբավայրի տարածքում շրջակա միջավայրի վիճակի և աղտոտման նկատմամբ իրականացվող ինքնահսկման և մոնիթորինգի, ինչպես նաև աղբավայրի շահագործման և պահպանության ընթացքում սանիտարական, հակահամաճարակային, բնապահպանական, հակահրդեհային, քաղաքաշինական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքում արձանագրված տվյալների վրա:
- Աղբավայրերի շահագործման ընթացքում, ինչպես նաև դրանց ժամանակավոր դադարեցման կամ փակման դեպքում շրջակա միջավայրի համար վնասակար ազդեցության ռիսկերը կապված են հիմնականում հետևյալ գործոնների հետ՝
1) վնասակար նյութերի, այդ թվում՝ ծծմբաջրածնի, ֆուրանի, դիօքսինների, ջերմոցային գազերի (օրինակ՝ մեթան, ածխածնի օքսիդ, ածխածնի երկօքսիդ) արտանետումը մթնոլորտային օդ և դրանց արագ տարածումը շրջակա միջավայրում,
2) թափոններից արտազատվող հեղուկի կամ դրանց հետ շփման արդյունքում աղտոտված ջրերի ներթափանցումը հողի մեջ,
3) աղբավայրի տարածքում մթնոլորտային տեղումներից գոյացող, ինչպես նաև տեղադրված թափոններից արտազատվող հեղուկի ներհոսքը ստորերկրյա և մակերևութային ջրեր,
4) աղբավայր տեղափոխված թափոնների, դրանցից անջատվող արտանետումների և արտազատումների վնասակար ներգործությունը աղբավայրի շահագործման աշխատանքներում ներգրավված և հարակից տարածքներում գտնվող մարդկանց առողջության և կենսագործունեության վրա,
5) աղբավայր տեղափոխված թափոնների, դրանցից անջատվող արտանետումների և արտազատումների վնասակար ներգործությունը աղբավայրի հարակից տարածքում գտնվող բուսական ու կենդանական աշխարհի վրա։
- ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Աղբավայրի մոնիթորինգի իրականացումը ներառում է հետևյալ միջոցառումները.
1) աղբավայրի շահագործման ընթացքում՝
ա. աղբավայրում տեղադրվող թափոնների քանակական և որակական բնութագրիչների ուսումնասիրում և արձանագրում,
բ. քամու հետևանքով կամ այլ պատճառով թափոնների տարածման, աղտոտող նյութերի արտանետման կամ արտազատման դեպքերի արձանագրում՝ համապատասխան միջոցներ ձեռնակելու նպատակով,
գ. թափոնների ոչ կանխամտածված այրման (ինքնայրման) դեպքերի կանխարգելման և արձանագրման նպատակով մշտադիտարկման իրականացում,
2) աղբավայրի շահագործման ավարտից հետո՝ առնվազն հինգ տարվա ընթացքում աղբավայրի մոնիթորինգի իրականացում՝ պարզելու համար, որ աղբավայրի փակումը և տարածքի վերականգնմանն ուղղված աշխատանքներն իրականացվել են տվյալ աղբավայրի փակման ծրագրին համապատասխան, և այն այլևս վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի և հարակից տարածքների բնակչության առողջության համար:
- Աղբավայրը շահագործողներն իրենց կողմից շահագործվող աղբավայրի տարածքում իրականացված մոնիթորինգի արդյունքները ներառում են «Թափոնների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 16-րդ հոդվածի 2-րդ մասերով սահմանված շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին ներկայացվող «Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծի» և «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի» համապատասխան բաժիններում:
- Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագիծը շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2291-Ն, իսկ թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1180-Ն որոշումներով սահմանված կարգերով:
- Աղբավայրի շահագործման ժամկետի ավարտից կամ սահմանված կարգով աղբավայրի փակումից հետո առնվազն հինգ տարվա ընթացքում մոնիթորինգի իրականացման, շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասակար ազդեցության կանխարգելման և ստեղծված իրավիճակում համապատասխան միջոցների ձեռնարկման համար պատասխանատու հանդիսանում է աղբավայրը տնօրինողը։
- Մոնիթորինգի վերաբերյալ տվյալներն ու տեղեկությունները ներառում են հետևյալը.
1) տվյալներ՝ աղբավայրը շահագործող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ, աղբավայրի գտնվելու վայրի, հողամասի տնօրինման իրավունքի, աղբավայրի մակերեսի, աղբավայրի սանիտարական պահպանման գոտու չափերի և աղբավայրի շահագործման նախատեսվող ժամանակահատվածի վերաբերյալ,
2) աղբավայրի մոնիթորինգի անցկացման համար առաջարկվող նվազագույն պարբերականությունը և ցուցանիշները, որոնք ներկայացվում են սույն կարգի աղյուսակ N1-ում,
3) աղբավայրի վերաբերյալ տվյալները և դիտարկումների պարբերականությունը, որոնք ներկայացվում են սույն կարգի աղյուսակ N2-ում,
Աղյուսակ N1
Աղբավայրի մոնիթորինգի անցկացման նվազագույն պարբերականությունը և մոնիթորինգի ենթակա ցուցանիշները
Աղբավայրում մոնիթորինգի ենթակա ցուցանիշներ |
Դիտարկումների պարբերականությունը աղբավայրի շահագործման փուլում |
Դիտարկումների պարբերականությունը աղբավայրի շահագործումը դադարեցնելու և տարածքի վերականգնման փուլում |
1.Թափոններից հեղուկի արտազատումը |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
2.Աղբավայրի տարածքից դուրս հողերի աղտոտումը թափոններից արտազատված հեղուկով |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
3. Աղբավայրի տարածքից դուրս հողերի աղբոտումը կոշտ թափոններով |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
4.Մակերևութային ջրերի աղտոտումը թափոններից արտազատված հեղուկով |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
5.Մակերևութային ջրերի աղբոտումը թափոններով |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
6. Մթնոլորտային օդ աղբավայրից հնարավոր գազային արտանետումներ |
յուրաքանչյուր կիսամյակ |
յուրաքանչյուր կիսամյակ |
Աղյուսակ N2
Աղբավայրի վերաբերյալ տվյալները և դիտարկումների պարբերականությունը
Աղբավայրի մոնիթորինգի արդյունքում արձանագրված տվյալներ |
Դիտարկումների պարբերականությունը աղբավայրի շահագործման փուլում |
Դիտարկումների պարբերականությունը աղբավայրի տարածքի վերականգնման փուլում |
1. Աղբավայրերի կառուցվածքը և կազմը՝ տեղադրված թափոնների զբաղեցրած մակերեսը, թափոնների քանակն ու բաղադրությունը, թափոնների տեղադրման մեթոդները, աղբավայրի՝ դեռ չզբաղեցված տարողունակության հաշվարկը |
տարեկան |
|
2. Աղբավայրի լցվածության մակարդակի փոփոխությունները, աղբավայրում թափոնների բաց այրման արձանագրված դեպքերը, այրված տարածքի մոտավոր մակերեսը, այրված թափոնների և դրա արդյունքում արտանետված վնասակար նյութերի՝ ազոտի օքսիդների, դիօքսինների և ֆուրանների մոտավոր քանակը |
տարեկան |
տարեկան |
- Սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերով ներկայացման ենթակա են սույն կարգի աղյուսակ N1-ով և աղյուսակ N2-ով նախատեսված տվյալները։
- Աղբավայրի տարածքում շրջակա միջավայրի վիճակի և աղտոտման նկատմամբ մոնիթորինգն իրականացվում է աղբավայրը շահագործողների, իսկ աղբավայրի շահագործումը դադարեցնելուց հետո աղբավայրը տնօրինողի, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմնի միջոցներով:
- Աղբավայրը շահագործողները և տնօրինողները շրջակա միջավայրի վրա ցանկացած բացասական ազդեցության մասին, որը բացահայտվել է իրականացվող ինքնահսկման և մոնիթորինգի արդյունքում, անմիջապես տեղեկացնում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության և շրջակա միջավայրի նախարարություններին:
- Աղբավայրը շահագործողներն իրենց միջոցներով ապահովում են բացասական հետևանքների կանխմանն ու վերացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, այդ թվում հետևելով սույն կարգի 15-րդ կետում նշված պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված հրահանգներին։
- Աղբավայրի շահագործումը դադարեցնելուց հետո, եթե աղբավայրի մոնիթորինգի արդյունքներով պարզվում է, որ աղբավայրից վնասակար նյութերի արտանետումը և արտահոսքը շարունակվում է, ապա մոնիթորինգի իրականացման ժամկետը երկարաձգվում է մինչև վնասակար նյութերի արտանետման և արտահոսքի բացակայումը:
- Աղբավայրի շահագործման նախատեսված ժամկետի ավարտից և սահմանված կարգով աղբավայրի փակումից հետո կամ այլ պատճառով աղբավայրի շահագործումը դադարեցնելու դեպքում աղբավայրը տնօրինողները աղբավայրում հրդեհի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին վտանգ սպառնացող այլ իրավիճակների մասին անմիջապես տեղեկացնում են սույն կարգի 15-րդ կետում նշված պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:
- Աղբավայրի տնօրինողը ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հետ համատեղ ապահովում են վթարային իրավիճակի բացասական հետևանքների կանխմանն ու վերացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ հետևելով սույն կարգի 15-րդ կետում նշված պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տվյալ իրավիճակին համապատասխան տրված հրահանգներին։
- Աղբավայրի շահագործման դադարեցումից հետո աղբավայրը տնօրինողների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները ներառվում են «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի» համապատասխան բաժնում և սահմանված կարգով ներկայացվում շրջակա միջավայրի նախարարություն։
- Աղբավայրը շահագործողների և տնօրինողների (աղբավայրի տարածքի սեփականատիրոջ) կողմից սույն կարգով սահմանված պահանջները չկատարելը նախատեսում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
-
Քննարկվել է
29.08.2023 - 13.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2571
Տպել