Լրամշակման փուլում է
««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծեր
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ ««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) մշակվել են ի կատարումն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 8.2-րդ կետի, համաձայն որի՝ ընտանիքը նոր գնահատման համակարգը գործարկվելու է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, վերանայվելու են գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսապայմանների բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարագերը, ներդրվելու է աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։ Նախագծերը մշակվել է նշված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն՝ անապահով ընտանիքների կենսամակարդակիի բարձրացմանն օժանդակելու կամ դրա վատթարացումը կանխելու նպատակով գործում են հետևյալ նպաստի տեսակները՝ ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն․
- Գործող օրենսդրության համաձայն՝ ընտանեկան նպաստի ամսական չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին (18,000 ՀՀ դրամ, 2023թ.-ի հունվարի 1-ից՝ 20,000 դրամ) ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը (5,500 – 8,000 դրամ): Ընդ որում, յուրաքանչյուր երեխայի հաշվով տրվող հավելման մեծությունը տարբերվում է բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի համար, ինչպես նաև` ըստ ընտանիքի անապահովության միավորի մեծության և երեխաների թվաքանակի: Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքները ստանում են նաև միանվագ հրատապ օգնության երեք տեսակ՝ երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնություն (50,000 դրամ), երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն (25,000 դրամ), ինչպես նաև ընտանիքի անդամի, որը կենսաթոշակառու կամ հաշմանդամության կամ ծերության նպատառու չէ, մահվան դեպքում միանվագ հրատապ օգնություն (50,000 դրամ).
- Գործող օրենսդրության համաձայն՝ սոցիալական նպաստ տրվում է երեխա չունեցող ընտանիքներին, իսկ դրա չափն ամսական 18,000 (2023թ.-ից՝ 20,000) դրամ է։ Սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները ստանում են միանվագ հրատապ օգնություն միայն ընտանիքի անդամի, որը կենսաթոշակառու կամ հաշմանդամության կամ ծերության նպատառու չէ, մահվան դեպքում (50,000 դրամ)։ Եռամսյակային հրատապ օգնություն կարող է նշանակվել սոցիալական նպաստի (18,000 դրամ, 2023թ.-ի հունվարի 1-ից՝ 20,000 դրամ) չափով` երեք ամիս ժամկետով (դիմելիությունը՝ եռամսյակով) այն դեպքերում, երբ ընտանիքը ձեռք չի բերել ընտանեկան/սոցիալական նպաստի իրավունք, սակայն ունի անապահովության 0-ից բարձր միավոր։
Ընտանիքի անապահովության գնահատման գործող կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N145-Ն որոշմամբ:
Ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս համակարգի հիմնախնդիրներն են՝
- ցածր հասցեականությունը՝ թե՛ աղքատ, թե՛ ծայրահեղ աղքատ բնակչության, այդ թվում՝ երեխաների ներառման տեսանկյունից.
- ցածր արդյունավետությունը՝ աղքատության կրճատման տեսանկյունից և համեմատաբար ավելի բարձր արդյունավետությունը՝ ծայրահեղ աղքատության կրճատման տեսանկյունից.
- ներառման սխալների մեծ հավանակաությունը՝ նյութական աղքատության բարձր մակարդակի պայմաններում ոչ աղքատ բնակչության ներառման տեսանկյունից․
- անապահովության գնահատման բանաձևում ընտանիքի անդամների սոցիալական կարգավիճակի վրա հիմնված խոցելիության ինտուիտիվ գնահատման (ինչպես նաև տարածքային/աշխարհագրական սկզբունքի ինտուիտիվ օգտագործման) գերագնահատումը, ինչն առաջ է բերում ընտանիքների եկամուտների գնահատականի երկրորդայնություն և այդ պատճառով՝ նպաստի իրավունք ստանալու անհավասար պայմաններ.
- անապահովության գնահատման բանաձևի, դրա մեջ մտնող ցուցանիշների և դրանց կշիռների պարբերական վերանայման և դրանում երկրում բնակչության կենսապայմանների փոփոխության արտացոլման անհրաժեշտությունը, սակայն դրա հստակ ընթացակարգերի բացակայությունը.
- բացառող գործոնների և դրանց շեմերի վերանայման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով տնտեսական ակտիվացման խթանների ապահովումը.
- աշխատաշուկայում ներառվելը խթանելու մեխանիզմների բացակայությունը՝ աշխատունակ բնակչության բարձր համամասնությամբ և երկարաժամկետ ներառում նպաստի համակարգում, որը պասիվացնող բնույթ է ունենում.
- ակտիվացման պայմանների և ինտեգրված սոցիալական ծառայությունների (զբաղվածության ապահովման կամ խրախուսման, ինչպես նաև սոցիալական հմտությունների և վերականգնողական ծառայությունների) միջոցով կարիքներին համալիր արձագանքման համակարգի բացակայությունը, զուտ դրամական և կարիքներին անհամարժեք աջակցության հետևանքով վերարտադրվող աղքատությունը.
- հրատապ արձագանքի համակարգի անկատարությունը, կանխարգելիչ հրատապ միջոցառումների բացակայությունը.
- նպաստի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ շեմի առկայությունը, որը հանգեցնում է «մեկ ընտանիքին ամեն ինչ՝ մյուսներին ոչինչ» իրավիճակին.
- արդիական տեղեկատվական համակարգի բացակայությունը և սոցիալական պաշտանության ոլորտի տեղեկատվական շտեմարանների և արտաքին վարչական շտեմարանների հետ ավտոմատացված փոխգործելիության թույլ մակարդակը.
- ընտանիքի իրական կազմի որոշման ոչ հստակ մեխանիզմները՝ վարչական տվյալների և փաստացի իրավիճակի անհամապատասխանության հետևանքով.
- անարդյունավետ և կոռուպցիոն տեսանկյունից բարձր ռիսկայնությամբ վարչարարության առկայություն և սոցիալական աշխատանքի ստանդարտներին համապատասխանող ընթացակարգերի ու հիմնական կատարողական ցուցանիշների համակարգի, դրանց մշտադիտարկման և գնահատման համակարգի, ծառայության տրամադրման որոշման նկատմամբ վերահսկողության ոչ բավարար մակարդակ։
Նշված հիմնախնդիրները վերացնելու նպատակով մշակվել է «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի» հայեցակարգի նախագիծը, որի հիման վրա ամբողջությամբ խմբագրվելու է Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N145-Ն որոշումը։
Նշված հայեցակարգի համաձայն՝ ընտանիքների անապահովության գնահատման նոր բանաձևում կիրառվելու են հետևյալ նոր մոտեցումները՝
- Գնահատման նոր համակարգում անցում է կատարվում միջազգային պրակտիկայում լայնորեն տարածված Հիբրիդային մեթոդին (Հիբրիդային մեթոդը տարբերակում է ընտանիքների հեշտ և դժվար ստուգելի եկամուտները), որն ենթադրում է անցում ընտանիքի տնօրինվող եկամուտների և ակտիվների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը։ Այս մեթոդի համաձայն նպաստի իրավունք ստանում են այն ընտանիքները, որոնց տնօրինվող եկամուտները չեն գերազանցում որոշակի՝ նախօրոք սահմանված շեմը՝ բացառող գործոնների/զտիչների բացակայության դեպքում.
- Ելնելով ծայրահեղ աղքատության վերացման նպատակադրումից, այդ շեմը պետք է սահմանվի այնպես, որ նպաստի իրավունքը հնարավորություն տա գնահատման նոր համակարգում ընդգրկել այն ընտանիքներին, որոնց անդամների ամսական եկամուտի չափը ցածր է պարենային զամբյուղի արժեքից։ Այսինքն, Գնահատման նոր համակարգի թիրախը ըստ տնօրինվող դրամական եկամուտների ծայրահեղ աղքատ բնակչությունն է.
- Հեշտ ստուգելի եկամուտների մասին տեղեկատվությունը ստացվելու է համապատասխան վարչական շտեմարաններից։ Դժվար ստուգելի եկամուտների որոշ տեսակների մոտարկումը հնարավոր է տեղեկատվական հատուկ շտեմարաններից տվյալների ստացման միջոցով, սակայն, այս խմբում կան այնպիսիք, որոնք կվերագրվեն ընտանիքին՝ որոշակի սկզբունքների կիրառման հիման վրա։ Եկամտի վերագրում իրականացվելու է՝ հաշվի առնելով երկրում ոչ ֆորմալ զբաղվածության ծավալները։ Ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրվելու է եկամուտ, բացառությամբ սահմանված դեպքերի.
- որպես անապահովության նպաստի դիմումի նախապայման՝ զբաղվածության ակտիվացման ծրագրերի պարտադիր ուղղորդման են ենթակա ընտանիքի այն անդամները, որոնք ենթակա են եկամտի վերագրման.
- Հիբրիդային մեթոդը ենթադրում է զտիչների կամ որ նույնն է՝ բացառող գործոնների կիրառում։ Նոր բանաձևի շրջանակներում առաջարկվող զտիչ՝ բացառող գործոններն են.
ա. 1993թ.-ից արտադրության շարժական գույքի առկայությունը (այդ թվում որպես շահագործող)՝ գույքահարկի սահմանված շեմը գերազանցելու պարագայում,
բ. անշարժ գույքի առկայությունը (այդ թվում՝ բնակարան, անհատական տուն, ավտոտնակ, այգետնակ, ոչ գյուղատնտեսական նշանակության հող, արտադրական տարածք)՝ անշարժ գույքի հարկի սահմանված շեմը գերազանցելու պարագայում,
գ. խնայողությունների՝ ավանդների առկայությունը՝ անձի առցանց նույնականացված համաձայնության համակարգի առկայության պարագայում,
դ. ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը (բացի անհատ ձեռնարկատիրությունից) դիտարկվում է որպես բարեկեցության բնութագրիչ և զրկում է նպաստի իրավունքից և այլն։
- Նախատեսվում է կիրառել նաև ընտանիքի խնամառության գործակից՝ որպես ընտանիքում խնամառուների թվի հարաբերակցություն՝ աշխատունակ անդամների թվի նկատմամբ.
- մշակվել է նաև Ընտանիքի անապահովության գնահատման նոր բանաձևը։ Գնահատման նոր համակարգում նպաստի իրավունք ստացած ընտանիքներին տրվող նպաստի չափը յուրաքանչյուր ընտանիքի համար պետք է լրացնի ընտանիքի յուրաքանչյուր չափահասին համարժեք անդամի ամսական եկամտի պակասուրդը, ՀՀ կառավարության սահմանած տվյալ տարվա նպաստի իրավունքի եկամտի սահմանաչափի նկատմամբ, որը միաժամանակ խնամառության համաթիվ ունեցող ընտանիքների համար կապահովի ստացվող նպաստի չափի որոշակի հավելում՝ կախված այդ խոցելիության մակարդակից։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Վերը նշված հիմնախնդիրները կարգավորելու նպատակով անհրաժեշտություն առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքներում, որոնց ընդունման պարագայում հնավար կլինի ամբողջությամբ վերանայել ընտանիքի անապահովության գնահատման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող կառավարության որոշումները։ Մասնավորապես, նշված օրենքներն են՝
- «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը.
- «Հանրակրթության մասին» օրենքը.
- «Կրթության մասին» օրենքը.
- «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը.
- «Փաստաբանության մասին» օրենքը.
- «Զբաղվածության մասին» օրենքը.
- «Պետական տուրքի մասին» օրենքը.
- «Պետական նպաստի մասին» օրենքը.
- Կարգավորման առարկան
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Նախագծերում ներկայացված սոցիալական ծառայությունից օգտվելու համար որպես ցուցանիշներ հիմք են ընդունվում Վիճակագրական կոմիտեի ՏՏԿԱՀ կիրառվող ՀՀ-ի աղքատության 4 տարբեր գծերը[1]՝
- պարենային աղքատության գիծը․
- աղքատության ստորին գիծը (մոտավոր կազմում է աղքատության պարենային գծի արժեքի 120 տոկոսը)․
- աղքատության միջին գիծը (մոտավոր կազմում է աղքատության պարենային գծի արժեքի 150 տոկոսը)․
- աղքատության վերին գիծը (մոտավոր կազմում է աղքատության պարենային գծի արժեքի 180 տոկոսը)։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիճակագրական կոմիտեի կողմից նախորդ տարվա աղքատության ստորին գծի, միջին գծի և վերին գծի չափերը հրապարակվում են ընթացիկ տարվա վերջում, ուստի սոցիալական ծառայություններից օգտվելու համար որպես հիմք ընդունվել է պարենային աղքատության գիծը և դրա հիման վրա հաշվարկված տոկոսները, որոնք հավասար են աղքատության ստորին գծին, միջին գծին, վերին գծին։
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝
- «ընտանեկան նպաստը» վերանվանել «անապահովության նպաստ».
- սահմանել, որ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ընտանիքի անապահովության գնահատման կարգով (այսուհետ՝ Գնահատման կարգ) սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի անապահովության աստիճանը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից.
- սահմանել, որ անապահովության նպաստի չափը որոշվում է` անապահովության հիմնական նպաստի չափին ավելացնելով հավելումը։ Նախագծով նշվել է թե ինչպես է հաշվարկվում անապահովության նպաստի հիմնական չափը և հավելումը.
- սահմանել անապահովության նպաստի նշանակման, մերժման և ստանալու իրավունքը դադարեցման վարչական վարույթի առանձնահատկությունները.
- «սոցիալական նպաստը» որպես նպաստի տեսակ հանել «Պետական նպաստների մասին» օրենքից, քանի որ այն նույնանում էր ընտանեկան նպաստի հետ։ Տարբերությունը կայանում էր նրանում, որ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում առկա են երեխաներ, իսկ սոցիալական նպաստ ստացող ընտանիքներում՝ ոչ.
- հանել երեխային ծննդյան և ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը, քանի որ դրանք նույնանում են այլ նպաստների հետ (երեխայի ծննդյան միանվագ նպաստ և թաղման նպաստ).
- «եռամսյակային հրատապ օգնություն»-ը վերանվանել «եռամսյա հրատապ օգնության», և վերանայել նշված հրատապ օգնության տրամադրման իրավակարգավորումները.
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը մոտ 92.000 է՝ ««Պետական նպաստի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են որոշ անցումային դրույթներ։ Մասնավորապես առաջարկվում է` օրենքն ուժի մեջ մտնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետներում` հիմք ընդունելով ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների մարզային բաշխվածությունը և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման ամսաթվերը։ Սկզբնական փուլում օրենքն ուժի մեջ մտնի մարզերից մեկում, հետագայում նաև՝ մնացած մարզերում և Երևան քաղաքում։ Ընդ որում, նախատեսվում օրենքի ուժի մեջ մտնելու պահին ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքների նպաստի վճարումները շարունակել վեց ամիս, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Այսինքն, նախատեսվում է նոր համակարգի ներդրման փուլային մոտեցում, որպեսզի մարզի բոլոր ընտանիքները միևնույն ժամանակահատվածում ստիպված չլինեն դիմելու անապահովության նպաստ նշանակելու համար։ Նշված անցումային դրույթների կիրառման դեպքում հնարավորինս կապահովվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի անցնցում ներդրումը։
Մնացած նախագծերով առաջարկվում են նաև հետևյալ իրավակարգավորումները.
- անկախ առաջադիմությունից, ուսման վճարի լրիվ փոխհատուցում նպաստի ձևով տրամադրել արհեստագործական կրթական ծրագրով պետական ուսումնական հաստատություն ընդունված կամ սովորող և «Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար աղքատության պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին.
- միջին մասնագիտական կրթական ծրագրով պետական ուսումնական հաստատություն ընդունված կամ սովորող և «Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար աղքատության պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին, ըստ առաջադիմության, իրականացնել ուսման վճարի լրիվ կամ մասնակի (զեղչ) փոխհատուցում 80-100 տոկոսով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով.
- բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված կամ սովորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ընտանիքի անապահովության գնահատման կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար աղքատության պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին, ըստ առաջադիմության, տրամադրել ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում.
- անվճար իրավաբանական օգնություն տրամադրել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, «Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար աղքատության պարենային զամբյուղի արժեքի 150 տոկոսից ցածր լինելու դեպքում, սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդաներին.
- «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված արտոնություններից թույլ տալ օգտվել ««Պետական նպաստների մասին» օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անապահովության գնահատման կարգով ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար աղքատության պարենային զամբյուղի արժեքի 120 տոկոսից ցածր եկամուտ ունեցող սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամներին.
- և այլն։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ փորձագիտական խմբի հետ համատեղ։
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերը մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունների պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։
Ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ, որի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթներն ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը:
6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, իսկ 2024 և հաջորդ տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում։ Հնարավոր ավելացումները կամ նվազեցումները ենթակա են քննարկման յուրաքանչյուր տարի՝ Նախագծերից բխող ՀՀ կառավարության համապատասխան որոշումների շրջանակներում։
[1] https://www.armstat.am/file/article/poverty_2022_a_1.pdf
-
Քննարկվել է
21.08.2023 - 05.09.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2162
Տպել