Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

<<ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. <<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության իրականացման հիմունքները և կանոնակարգում գնահատման գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2.  ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնահատման գործունեության վրա:

Եթե Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված են գնահատման այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա գործում են մասնավորեցման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված նորմերը:

Սույն օրենքը չի տարածվում մշակութային արժեքների և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստր վարող լիազոր պետական մարմնի կողմից անշարժ գույքի կադաստրային գնահատությունների իրականացման  վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գնահատման գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության գնահատման ստանդարտներով, միջազգային ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՈԴՎԱԾ 4. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

Գնահատում` շուկայական կամ շուկայական արժեքից տարբերվող արժեքի որոշմանը նպատակաուղղված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետությունում գործող գնահատման ստանդարտներով, միջազգային ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գնահատման գործողությունների ամբողջությունն է.

Լիազոր մարմին` սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող և որակավորման վկայականի գործողությունը դադարեցնող, գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպություններին հաշվառող և հաշվառումից հանող լիազորված պետական մարմինն է.

Գնահատման uտանդարտ` կառավարության կողմից սահմանված, գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ պարունակող փաuտաթուղթն է.

Գնահատման հաշվետվություն` փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություն սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատմամբ (տվյալ օրվա դրությամբ) որոշված գնահատման օբյեկտի արժեքի վերաբերյալ:

Գնահատող՝ ֆիզիկական անձ, որն ունի գնահատողի որակավորման որևէ տեսակի գործող վկայական:

Գնահատող փորձագետ՝ լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովում ընդգրկված, այլ գնահատողի գնահատման հաշվետվությունները ուսումնասիրելու իրավունք ունեցող գնահատող:

Գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպություն (այսուհետ՝ գնահատման կազմակերպություն)՝ գնահատման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձ, որը սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից:

Գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր՝ լիազոր մարմնի կողմից ներդրված առցանց աշխատող ծրագրային ապահովում (այսուհետ՝ Հաշվառման ծրագիր), որում լրացվում են յուրաքանչյուր գնահատման հաշվետվության վերաբերյալ անհրաժեշտ տվյալները և ներբեռնվում են գնահատման հաշվետվությունները:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Սույն օրենքի իմաստով գնահատման գործունեության սուբյեկտ են համարվում գնահատման կազմակերպությունները, ինչպես նաև գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտները:

 

ՀՈԴՎԱԾ 6. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

Սույն օրենքի իմաստով գնահատման օբյեկտներ են համարվում գույքը (անշարժ և շարժական), գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտները, որոնք ՀՀ օրենսդրությամբ կարող են հանդիսանալ քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից հաստատված են գնահատման ստանդարտներ:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ

  1. Գնահատման ստանդարտները` գնահատման անցկացման, ինչպես նաև գնահատման գործընթացի համար անհրաժեշտ հարակից ծառայությունների իրականացման մեթոդներն ու կարգը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերն են:
  2. Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` գնահատման միջազգային ստանդարտների ու վարքագծի կանոնների հիման վրա, որի կիրառումը պարտադիր է գնահատողների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԵՊՔԵՐԸ

Գնահատումը պարտադիր է.

  1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացողանշարժգույքի օտարման դեպքերում, բացառությամբ պետական գույքի մասնավորեցման և պետական կամ համայնքային հողերի օտարման դեպքերի.
  2. Անշարժգույքը պետության կամ համայնքների կարիքների համար ձեռք բերելու (վերցնելու) դեպքերում.

3.Պետական կամ համայնքային անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելու դեպքերում,

4.Պետական կամ համայնքային կարիքների համար անշարժ գույք վարձակալելու դեպքերում,

5.Անշարժ գույքն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում կամ հիմնադրամներում ներդնելու դեպքերում.

6.Գույքի բռնագանձման հետևանքով իրացման դեպքերում,

7.Գույքի գրավադրման դեպքերում,

8.Գույքի ապահովագրության դեպքերում, բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության դեպքերի,

9.ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկով և շահութահարկով հարկման ենթակա անշարժ գույքերի օտարման գործարքների դեպքերում,

10.Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման նպատակով գույքի վերագնահատման դեպքերում /բացառությամբ հանրային հատվածի կազմակերպությունների/,

11.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 9. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

  1. Գնահատմանգործունեությունը կազմակերպվում և իրականացվում է գնահատման կազմակերպությունների կողմից`գնահատման պատվերի հիման վրա:
  2. Գնահատմանպատվերի իրավական հիմք էգնահատման սուբյեկտների միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր):

 

ՀՈԴՎԱԾ 10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Պայմանագիրը կնքվում է գրավոր` օրենսդրությամբ սահմանված կարգով:
  2. Պայմանագիրը պետք է պարունակի պարտադիր տեղեկություններ՝
  • գնահատվողօբյեկտի անվանման և նույնականացման վերաբերյալ.
  • գնահատմանդիմաց վճարի չափի վերաբերյալ,
  • գնահատման ստանդարտներով սահմանված արժեքի տեսակի վերաբերյալ:
  1. Պայմանագիրը կարող է պարունակել օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Գնահատման արդյունքները ձևակերպվում են էլեկտրոնային տարբերակով կազմված գնահատման հաշվետվությամբ և հաստատվում գնահատման կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ու գնահատողի էլեկտրոնային ստորագրությամբ:

  1. Գնահատման հաշվետվությունները ներբեռնվում են Հաշվառման ծրագիր և ստանում են Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համար:

Հաշվառման ծրագրի ծրագրաապարատային կամ հաղորդակցության խափանումների առաջացման դեպքում գնահատման հաշվետվությունները կազմվում են թղթային տարբերակով (հաստատվում են գնահատման կազմակերպության կնիքով և գործադիր մարմնի ղեկավարին ու գնահատողի ստորագրությամբ), նշելով գնահատման հաշվետվության կազմման օրը և ժամը: Հաշվառման ծրագրի տեխնիկական խոչընդոտների վերացումից հետո` մեկօրյա ժամկետում, գնահատման հաշվետվությունները ներբեռնվում են Հաշվառման ծրագիր:

  1. Գնահատման հաշվետվության բնoրինակ է համարվում գնահատման կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի և գնահատողի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված, Հաշվառման ծրագրում ներբեռնված և Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համար պարունակող գնահատման հաշվետվությունը:

Գնահատման կազմակերպությունները կարող են տրամադրել գնահատման հաշվետվությունների կրկնօրինակներ գնահատման կազմակերպության կնիքով հաստատված թղթային տարբերակով:

  1. Գնահատմանհաշվետվությունում չեն թույլատրվում`

1) գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ.

2) հրապարակել տեղեկություններ, որոնք օրենսդրության համաձայն հանդիսանում են առևտրային գաղտնիք.

3) գնահատմամբ որոշված արժեքն արտահայտել տարադրամով կամ համարժեք դրամով:

  1. Գնահատմանհաշվետվության վերաբերյալ  ընդհանուր պահանջները և դրանցում պարտադիր պարունակվող տեղեկությունները սահմանվում են գնահատման ստանդարտներով:
  2. Սույն հոդվածի 1-ին և (կամ) 2-րդ մասի պահանջների խախտմամբ կազմված գնահատման հաշվետվություններն իրավական հիմք չունեն:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՆԵՐԲԵՌՆՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Հաշվառման ծրագիր ներբեռնված հաշվետվությունները դիտելու, ներբեռնելու և տպելու իրավասություն ունեն

ա. Գնահատման կազմակերպությունները (իրենց մասով),

բ. Գնահատողները (իրենց մասով),

գ. Տվյալ գնահատման հաշվետվության պատվիրատուները,

դ. Այն անձինք ում գնահատման կազմակերպության կողմից կամ պատվիրատուների կողմից տրամադրվել է տվյալ գնահատման հաշվետվության` Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համարը,

ե. Մասնագիտական հանձնաժողովը սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի ա. ենթակետով նախատեսված դեպքերում:

Բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով սահմանված դեպքերի, այլ դեպքերում Հաշվառման ծրագիր ներբեռնված հաշվետվության դիտելը, ներբեռնելը և տպելը արգելվում է:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ԼԻՆԵԼԸ

Հաշվետվության տվյալների, ինչպես նաև գնահատմամբ հաշվարկված արժեքի արժանահավատության խնդիրները կարող են պարզաբանվել լիազոր մարմնին ուղղված գնահատման գործունեության սուբյեկտներից յուրաքանչյուրի, կամ տվյալ գնահատման արդյունքներն օգտագործող երրորդ կողմի դիմումի հիման վրա, կամ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, իսկ դրանց վերաբերյալ վեճերի առկայության դեպքում` դատական կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 14. ԳՆԱՀԱՏՈՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Գնահատման աշխատանքներն իրականացնելիս գնահատողն անկախ է և գնահատումն իրականացնում է սույն օրենքին, օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 15. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Գնահատման կազմակերպություններն իրավունք ունեն`

1) գնահատման ընթացքում պատվիրատուից պահանջելու անհրաժեշտ տեղեկությունների ապահովում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկության, իսկ այդ տեղեկությամբ անշարժ գույքի արժեքի արժանահավատությունը պայմանավորված լինելու դեպքում նշելու այդ մասին հաշվետվությունում.

2) պատվիրատուի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելու և պայմանագրով նախատեսված պայմանների խախտման դեպքում հրաժարվելու գնահատման իրականացումից.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերելու գնահատման համար ելակետային տվյալներ և այլ տեղեկություններ, այդ թվում` հարցում կատարելու երրորդ անձանցից տեղեկատվություն ստանալու համար.

4) մասնակցելու իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.

5) գնահատման իր գործունեության մասին լիազոր մարմնի ընդունած որոշումները բողոքարկելու դատական կարգով.

6) Գնահատման գործընթացին պատվիրատուի կամ շահագրգիռ այլ անձանց միջամտությունը, որի հետևանքով կարող է թերագնահատվել կամ գերագնահատվել արժեքը, հանգեցնում է պատվիրատուի հետ պայմանագրի վաղաժամկետ լուծմանը և այդ պահի դրությամբ  գնահատման կազմակերպության կատարած ծախսերի հատուցմանը պատվիրատուի կամ շահագրգիռ այլ անձանց կողմից:

7) օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2.Գնահատման կազմակերպությունները պարտավոր են`

1) գնահատման հաշվետվությունը հաստատել կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ և ապահովել պայմանագրով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարումը.

2) պահպանել պատվիրատուից և երրորդ անձանցից գնահատման ընթացքում ստացված փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետի ընթացքում.

3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում հաշվետվությունների` Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համարը, կամ դրանցում առկա գնահատված արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը պատվիրատուներից բացի, տրամադրել համապատասխան մարմիններին.

4) գնահատման կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի և գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել դրա պատճենը,

5) գնահատման կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի և գնահատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին,

6) լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից հսկողությունն իրականացնելու համար տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր, այդ թվում` գաղտնիք կազմող, որոնք անհրաժեշտ են համոզվելու համար, որ գնահատությունն իրականացվել է գնահատման ստանդարտներին համապատասխան,

  1. Գնահատողն իրավունք ունի`
  • գնահատմանմիջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան կիրառելու գնահատման այլ մեթոդներ.
  • օգտվելու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից:
  1. Գնահատողը պարտավոր է`
  • գնահատումը կատարել սույն օրենքով,գնահատման ստանդարտներով և օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • Հաշվառման ծրագրում լրացնել գնահատման հաշվետվության վերաբերյալ անհրաժեշտ տվյալները և Հաշվառման ծրագիր ներբեռնել իր էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված գնահատման հաշվետվությունը.
  • կատարել սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված պարտականությունները.
  • հրաժարվելգնահատման իրականացումից, եթե գնահատման օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և գնահատման ստանդարտներով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ գնահատման հաշվետվություն կազմելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Պատվիրատուն իրավունք ունի
  • ինքնուրույն ընտրելու գնահատման կազմակերպությանը
  • գնահատման կազմակերպությունից և գնահատողից պահանջելու` ներկայացնել մասնագիտական որակավորման վկայականի բնօրինակը.
  • գնահատմանարժանահավատության վերաբերյալ պարզաբանում ստանալու լիազոր մարմնում կամ վիճարկելու դատական մարմնում.
  • գնահատման կազմակերպություններից պահանջելու պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարում.
  • օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
  1. Պատվիրատուն պարտավոր է`
  • Գնահատման կազմակերպություններին տրամադրել գնահատմանհամար անհրաժեշտ փաստաթղթեր և հավաստի տեղեկություններ.
  • չխոչընդոտել և չմիջամտել գնահատմանգործընթացին.
  • պատշաճ կերպով կատարել իր պայմանագրային պարտավորությունները.
  • կրել ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված այլ պարտավորություններ:

 

ՀՈԴՎԱԾ 17. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Գնահատման կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը պետք է ունենա գնահատողի որակավորում:
  2. Գնահատման կազմակերպությունը բացի գործադիր մարմնի ղեկավարից աշխատանքային պայմանագիր պետք է ունենա նաև որևէ այլ գործատուի մոտ որպես գնահատող չաշխատող առնվազն երկու գնահատողի հետ:
  3. Գնահատման կազմակերպությունը որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր գործունեությունն ապահովագրել հնարավոր դրամական վնասից, որը կարող է առաջանալ գույքի գնահատման մասնագիտական խախտումների պատճառով՝ գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: Ապահովագրման նվազագույն չափը 200.0 մլն ՀՀ դրամն է, իսկ մեկ ապահովագրական դեպքի համար՝ 50.0 մլն ՀՀ դրամը:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

  1. Գնահատման կազմակերպությունը և (կամ) գնահատողն իրավունք չունի իրականացնելու գնահատում կամ գնահատման հաշվետվության վերաբերյալ կարծիք տրամադրելու, եթե հանդիսանում է տվյալ գնահատման օբյեկտի սեփականատեր կամ օգտագործող, կամ սեփականատեր հանդիսացող ընկերության հիմնադիր մասնակից կամ բաժնետեր, կամ տվյալ գնահատման օբյեկտի նկատմամբ ունի գույքային այլ պարտավորություններ կամ պահանջներ, ինչպես նաև այն դեպքում, երբ մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ, ինչպես նաև` ամուսնու երեխա, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ), կամ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվում տվյալ գնահատման օբյեկտի սեփականատիրոջ (օգտագործողի), կամ պատվիրատուի, կամ շահառուի հետ:
  2. Գնահատողի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված սահմանափակման խախտումը գնահատողի որակավորման վկայականն ուժը կորցրած ճանաչելու հիմք է, իսկ իրականացված գնահատման հաշվետվությունը իրավական հիմք չունի:

 

Հոդված 19. Գնահատման դիմաց վճարովիությունը

 

Գնահատման դիմաց վճարման չափը և այլ պայմանները որոշվում են գնահատման կազմակերպության և պատվիրատուի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով:

 

ԳԼՈՒԽ  3

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 20. ԳՆԱՀԱՏՄԱՆ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

  1. Գնահատողի մասնագիտական որակավորումը (այսուհետ` որակավորում) կազմակերպում և իրականացնում է լիազոր մարմինը՝ որակավորման քննությունների միջոցով:
  2. Որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
  3. Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ներկայացուցիչներ և առավել բարձր վարկանիշ ունեցող տաս կազմակերպություններում աշխատող գլխավոր գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողներ` իրենց համաձայնությամբ:
  4. Որակավորման վկայականները դասակարգվում են ըստ հետևյալ տեսակների՝

1) Կրտսեր գնահատողի որակավորման վկայական.

Կրտսեր գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողն (կրտսեր գնահատող) իրավասու է իրականացնել միայն բնակարանների և մարդատար ավտոմեքենաների գնահատում:

  • Առաջատար գնահատողի որակավորման վկայական.

Առաջատար գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողն (առաջատար գնահատող) իրավասու է իրականացնել բոլոր տեսակի գնահատման օբյեկտների, բացառությամբ առանձին կանգնած հասարակական ու արտադրական շինությունների և ձեռնարկության (բիզնեսի) գնահատում:

  • Գլխավոր գնահատողի որակավորման վկայական.

Գլխավոր գնահատողի որակավորման վկայական ունեցող գնահատողն (գլխավոր գնահատող) իրավասու է իրականացնել ցանկացած տեսակի գնահատման օբյեկտի գնահատում:

  1. Որակավորման վկայական ստանալու համար կարող են դիմել.

1) Կրտսեր գնահատողի որակավորման համար՝ այն անձը, որն անցել է համապատասխան դասընթացը, ունի բարձրագույն կրթություն և մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ որն ունի գնահատողի մասնագիտություն (բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը հաստատում է լիազոր մարմինը) և անցել է համապատասխան դասընթացը:

Լիազոր մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված բարձագույն ուսումնական հաստատությունում գնահատողի մասնագիտություն ստացած և համապատասխան դասընթացն անցած անձանց կողմից դիմելու դեպքում կրտսեր գնահատողի որակավորման վկայականը տրամադրվում է առանց համապատասխան որակավորման քննությունների:

2)  Առաջատար գնահատողի որակավորման համար՝ այն անձը, որն անցել է համապատասխան դասընթացը, ունի կրտսեր գնահատողի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ և առանձին գնահատման հաշվետվություններով իրականացրել է առնվազն 100 գնահատման օբյեկտների գնահատություն:

3)  Գլխավոր գնահատողի որակավորման համար՝ այն անձը, որն անցել է համապատասխան դասընթացը, ունի առաջատար գնահատողի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ և որպես առաջատար գնահատող առանձին գնահատման հաշվետվություններով իրականացրել է  առնվազն 100 գնահատման օբյեկտների գնահատություն:

  1. Որակավորման կարգով սահմանվում են որակավորման ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար հայտատուին առաջադրվող հարցերի կամ խնդիրների քանակը, քննությունների արդյունքներիգնահատման կարգը, ստուգման անցկացման համար նախատեսված ժամանակը, տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Ստուգման համար հարցաշարերը և առաջադրվող հարցերը կամ խնդիրները նախապատրաստում է լիազոր մարմինը: Թեստավորման հարցաշարերը պետք է պարտադիր հրապարակվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան թեստավորման անցկացման օրվանից երեսուն օր առաջ:

Կրտսեր և առաջատար գնահատողի որակավորման ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով:

Գլխավոր գնահատողի որակավորման ստուգումն իրականացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորման փուլը իրականացվում է տեխնիկական միջոցներով:

Հայտատուն նախօրոք ծանոթացվում է տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին:

Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուն պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

Որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց: Ստուգումների ընթացքը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

Ստուգումների արդյունքների մասին հայտատուն պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգման ավարտից անմիջապես հետո:

  1. Որակավորման հանձնաժողովը լիազոր մարմնին առաջարկություններ է ներկայացնում հայտատուին մասնագիտական որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

  1. Վկայականները տրվում են անժամկետ:
  2. Գնահատողի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, գնահատողը պարտավոր է դիմել լիազոր մարմին վկայականի վերաձևակերպման համար՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթեր:
  3. Վկայականի վերաձևակերպումն իրականացվում է լիազոր մարմնում գնահատողի դիմումը և համապատասխան փաստաթղթերը մուտքագրվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում:
  4. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում գնահատողը պարտավոր է դրա մասին հայտնել լիազոր մարմնին` վկայականի կրկնօրինակը ստանալու համար:
  5. Լիազորված մարմինը պարտավոր է վկայականի կրկնօրինակը տրամադրել գնահատողին դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
  6. Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում վկայականի կրկնօրինակը տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

  1. Վկայականի գործողությունը դադարեցվում է`

1) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) եթե առկա է գնահատողին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ.

3) գնահատողի մահվան կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում.

4) գնահատողի դիմումի համաձայն.

5) այլ տեսակի գնահատման վկայական ստանալու դեպքում.

6) Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը խախտելու դեպքում,

7) Սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքերում,

8) եթե գնահատողը մեկ տարվա ընթացքում տաս և ավելի գնահատման հաշվետվություններում սույն օրենքով, գնահատման ստանդարտով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված պահանջների և պայմանների խախտում (խախտումներ) է կատարել:

Սույն կետով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նույն տեսակի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմել միայն վկայականի գործողությունը դադարեցվելուց 6 ամիս հետո:

9)  եթե գնահատողը մեկ տարվա ընթացքում երեք և ավելի գնահատման հաշվետվություններում առնվազն 30%-50%-ով գերագնահատել կամ թերագնահատել է գնահատման օբյեկտի արժեքը:

Սույն կետով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նույն տեսակի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու միայն վկայականի գործողությունը դադարեցվելուց 1 տարի հետո:

10) եթե գնահատողը մեկ տարվա ընթացքում երկու և ավելի գնահատման հաշվետվություններում 50%-80%-ով գերագնահատել կամ թերագնահատել է գնահատման օբյեկտի արժեքը:

Սույն կետով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նույն տեսակի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու միայն վկայականի գործողությունը դադարեցվելուց 18 ամիս հետո:

11) եթե գնահատողը մեկ տարվա ընթացքում  մեկ և ավելի գնահատման հաշվետվությունում 80 և ավելի տոկոսով գերագնահատել կամ թերագնահատել է գնահատման օբյեկտի արժեքը:

Սույն կետով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նույն տեսակի որակավորման նոր վկայական ստանալու համար դիմելու միայն վկայականի գործողությունը դադարեցվելուց 2 տարի հետո:

12) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը դադարեցվում է մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացված լիազոր մարմնի որոշմամբ:

Վկայականի ուժը կորցրած ճանաչելու մասին լիազոր մարմնի որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի որոշման օրվան հաջորդող օրվանից:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված գնահատողի մահվան կամ նրան մահացած ծանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից:
  3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված, եթե լիազոր մարմնի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում չի կայացվել, բացառությամբ, եթե դիմումատուիանշարժգույքի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում հարուցված է վարչական վարույթ:

Վարչական վարույթի առկայության դեպքում վկայականի գործողությունը դադարեցված է համարվում վարչական վարույթի ավարտման օրը:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով որակավորման վկայականի գործողությունը համարվում է դադարեցված գնահատողի ավելի բարձր տեսակի վկայականի տրամադրման օրվան հաջորդող օրվանից:
  2. Լիազոր մարմնի կողմից վկայականի գործողությունը դադարեցնելու մասին որոշումն այն կայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է գնահատողին իսկ որոշման պատճեն՝ գնահատման կազմակերպությանը:
  3. Վերջին 3 տարում միևնույն գնահատման կազմակերպությունում աշխատող կամ աշխատած երեք և ավելի գնահատողների՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով, որակավորման վկայականների դադարցման դեպքում (եթե որակավորման վկայականի դադարեցման հիմքը գնահատողի տվյալ գնահատման կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածում թույլ տրված խախտումներն են) գնահատման կազմակերպությունը զրկվում է գնահատման գործունեություն իրականացնելու իրավունքից 1 տարի ժամկետով:

 

ՀՈԴՎԱԾ 23. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

 

  1. Գնահատմանգործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող լիազոր մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
  2. Լիազոր մարմինը`

1) հաստատում է գնահատողների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ներկայացուցիչներ և առավել բարձր վարկանիշ ունեցող տաս կազմակերպություններում աշխատող գլխավոր գնահատողներ` իրենց համաձայնությամբ, ռոտացիոն կարգով` երեք տարի ժամկետով.

2) հաստատում է որակավորման քննությունների հարցաշարերը, որակավորման հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը.

3) հաստատում է որակավորման վկայականի ձևը.

4) որակավորման հանձնաժողովի միջոցով կազմակերպում և անցկացնում է գնահատողների մասնագիտական որակավորման քննությունները.

5) համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա, այն կայացնելուն հաջորդող երեք օրվա ընթացքում, ընդունում է որոշում որակավորման վկայականի կամ կրկնօրինակի տրամադրման, վերաձևակերպման և գործողության դադարեցման վերաբերյալ: Եթե նշված ժամկետում որոշում չի կայացնում, ապա հանձնաժողովի որոշումը համարվում է լիազոր մարմնի որոշումը.

6) մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն գնահատման կազմակերպությունների և գնահատողների կողմից սույն օրենքի, գնահատման ստանդարտների և օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ, այդ թվում`

ա. շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա, լիազոր մարմնի նախաձեռնությամբ,  կամ լիազոր մարմնի հաստատած ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի համաձայն՝ գնահատման կազմակերպություններից և գնահատողներից պահանջում է հաշվետվությունների անհատական համարները և կատարում դրանց մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ, ինչպես նաև տրամադրում է եզրակացություն գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության և դրա թերագնահատման կամ գերագնահատման վերաբերյալ,

բ. խախտումներ արձանագրելու դեպքում գնահատման գործունեության սուբյեկտներին և բոլոր շահառուներին երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով ուղարկում կամ հանձնում է տվյալ գնահատման հաշվետվության վերաբերյալ մասնագիտական եզրակացության պատճենը,

7)       Իրականացնում է գնահատման կազմակերպությունների վարկանիշային ցանկի վարումը:

8) Գնահատման կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներին և գնահատողներին տրամադրում է Հաշվառման ծրագիր մուտք գործելու մուտքանուն և գաղտնաբառ:

9) Պաշտոնական կայքում հրապարակում է գնահատողի որակավորում ունեցող անձանց, որակավորման վկայականի գործողությունը դադարեցված անձանց (ներառյալ վկայականի գործողության դադարեցման իրավական հիմքը և գնահատման կազմակերպության անվանումը) և գնահատման կազմակերպությունների անվանացանկերը:

 Հրապարակված անվանացանկերը փոփոխվում են այդ փոփոխության իրավական հիմքի առաջացումից հետո եռօրյա ժամկետում:

10) Առնվազն երեք ամիսը մեկ անգամ կազմակերպում և (կամ) անցկացնում է որակավորման քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ դասընթացներ:

11) իրականացնում է գնահատմանն առնչվող օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

  1. Մասնագիտական հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունների կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը.
  2. Գնահատման կազմակերպությունների վարկանիշավորման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

ՀՈԴՎԱԾ 24. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի պահանջները խախտելու համար գնահատման կազմակերպությունները, գնահատողները և գնահատման գործունեության պատվիրատուները, ինչպես նաև լիազոր մարմնի պատասխանատու անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 25. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին որակավորված գնահատողների գործող որակավորման վկայականները լիազոր մարմնի կողմից փոխարինվում են նոր տեսակի որակավորման վկայականներով՝ հետևյալ սկզբունքով

ա. Այն որակավորված գնահատողներին, որոնք վերջին տաս տարում ունեցել են առնվազն երկու որակավորման վկայականներ՝ տրամադրվում է գլխավոր գնահատողի որակավորման վկայական,

բ. Սույն կետի ա/ ենթակետի պահանջները չբավարարող որակավորված գնահատողներին տրամադրվում է առաջատար գնահատողի որակավորման վկայական,

Սույն ենթակետով սահմանված կարգով առաջատար գնահատողի որակավորման վկայական ստացած անձիք կարող են մասնակցել գլխավոր գնահատողի որակավորման քննություններին, անկախ սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի գ/ ենթակետի պահանջների: 

  1. Այն անձինք, որոնք վերջին տաս տարում

ա) ունեցել են գնահատողի առնվազն երեք որակավորման վկայականներ կարող են համապատասխան դասընթացն անցնելուց հետո մասնակցել գլխավոր գնահատողի որակավորման քննություններին, անկախ սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի գ/ ենթակետի պահանջների:

բ)  ունեցել են գնահատողի առնվազն երկու որակավորման վկայականներ կարող են համապատասխան դասընթացն անցնելուց հետո մասնակցել առաջատար գնահատողի որակավորման քննություններին, անկախ սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի բ/ ենթակետի պահանջների:

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիազոր մարմնում որպես գնահատման կազմակերպություններ հաշվառված կազմակերպությունների գործող տնօրենները առանց որակավորման վկայականի կարող են շարունակել պաշտոնավարել սույն օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 26. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:>>:

  • Քննարկվել է

    06.12.2017 - 21.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 23284

Տպել

Առաջարկներ`

Վարդան Սապոնջյան

20.12.2017

Մեր կարծիքով բոլորովին հիմնավորված չէ 3 գնահատողի խնդիրը:Փաստորեն պետք է վճարվի այդ երեք գնահատողներին և ընկերության մյուս աշխատողներին, որը շատ ընկերությունների համար խնդրահարույց է: Մեր կարծիքով իմաստ չունի գնահատողների դասակարգումը: Պատվիրատուն ինքը կարող է ընտրել գնահատող կազմակերպություն: Մեր համար անհասկանալի է 200-250 մլն ապահովագրության հարցը,որը ահռել բեռ է ընկերությունների համար: Ավելի քան 20 տարիների ընթացքում դեռևս չի գրանցվել նմանատիպ սխալ գնահատման դեպք, որի պատճառով հատուցվի վնասը: Մենաշնորհային հարց: Ներկայումս առկա են մոտ 60 գնահատողներ:վերեհիշյալ նախագծով կարող են ստացվել մոտ 15 գնահատող կազմակերպություններ: Հաշվի առնելով նաև ապահովագրման չափը, այն կնվազի մինչև 5-8 ընկերության: Բնականաբար կաճի նաև գնահատման ծառայության վճարը: Մեր կարծիքով գնահատողի զրկելու իրավունքը կարող է իրականացնել միայն դատարանը այն էլ պետական կազմակերպությունների համար: Մեր կարծիքով գնահատման գործունեության այս տարբերակը բացարձակապետ անպիտան է: Գնահատման նախկին տարբերակը մեր կարծիքով կայացած է:

Հովհաննես Փափազյան

20.12.2017

Սույն օրենքի նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է, որ “Գնահատման արդյունքները ձևակերպվում են էլեկտրոնային տարբերակով կազմված գնահատման հաշվետվությամբ և հաստատվում գնահատման կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ու գնահատողի էլեկտրոնային ստորագրությամբ”: Սա նշանակում է, որ գնահատման հաշվետվությունները պետք է կազմվեն միայն էլեկտրոնային տարբերակով: Այս դրույթը հակասում է “Էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածին այն է “Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:”: Ինչպես գիտենք գնահատման սուբյեկտ են հանդիսանում նաև գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտները: Իսկ նշված սուբյեկտները պարտավոր չեն ունենալ և կարող են չունենալ համապատասխան տեխնիկական միջոցներ, ուստի գնահատման հաշվետվության արդյունքների ձևակերպում և ստորագրումը միայն էլեկտրոնային տարբերակով, խախտում է գնահատման գործունեության սուբյեկտների մի կողմի իրավունքները:

Հովհաննես Փափազյան

20.12.2017

Սույն օրենքի նախագծով ներդրվում է հաշվառման ծրագիր այն է՝ “Գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր՝ լիազոր մարմնի կողմից ներդրված առցանց աշխատող ծրագրային ապահովում (այսուհետ՝ Հաշվառման ծրագիր), որում լրացվում են յուրաքանչյուր գնահատման հաշվետվության վերաբերյալ անհրաժեշտ տվյալները և ներբեռնվում են գնահատման հաշվետվությունները:”: Բացի այդ գնահատողներին պարտադրվում է հաշվառման ծրագիր ներբեռնել իր էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված գնահատման հաշվետվությունը: Գտնում եմ, որ այս հաշվառման ծրագրի ներդրման գաղափարը հակասում է ՀՀ օրենսդրությանը, քանի որ “Փաստաթղթերի (Վավերագրերի) պարտադիր օրինակի մասին ՀՀ օրենքով (նոր շարադրություն) և այդ օրենքի էությունը սահմանվում է. փաստաթուղթ պատրաստող՝ փաստաթղթի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է փաստաթղթի պատրաստումը: Իսկ ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածը երաշխավորում է, որ “Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:”: Ավելին Սեփականության իրավունքի մասին ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ “Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:”, իսկ 3-րդ մասի պահանջն է “Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:” 4-րդ մասի համաձայն “Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:” Սա նշանակում է, որ պետությունը պաշտպանում է սեփականության իրավունքը, իսկ քանի որ փաստաթուղթ համարվող գնահատման հաշվետվությունը հանդիսանում է, այն պատրաստողի սեփականությունը ուստի այս նախագծով չի կարող նախատեսվել դրույթներ, որոնք կհակասեն սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքի սահմանադրական դրույթին:

Տեսնել ավելին