Հիշել նախագիծը
««ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ինգա Մարտինյան 02.08.2023 23:51:31 | Հարգելի հեղինակ, շատ կարեւոր եւ խնդրահարույց ոլորտի եք անդրադարձել։ Մինչեւ համապատասխան առաջարկներ ներկայացնելը, կցանկանայի մի քանի դիտարկում անել, որոնք կարեւոր են օրենսդրական փոփոխություն նախաձեռնելիս։ Նախ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են ունենալ պաշտոնական ինտերնետային կայք֊էջ, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն ծառայությունների, գնացուցակի, բուժանձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև ապահովի հետադարձ կապի հնարավորություն մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր գործունեությանն առնչվող մի շարք տեղեկություններ, այդ թվում՝ հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները։ Որպես հանրային նշանակության կազմակերպություն՝ ընկերությունը պարտավոր է հրապարակել իր ծառայությունների, գործունեության մասին հանրության համար կարեւոր տեղեկությունները։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային նշանակության կազմակերպություն են ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ։ Նույն հոդվածում սահմանվում է նաեւ «տեղեկություն» եզրույթը, ըստ այդմ՝ տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ: Այսինքն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են իրենց ծառայությունների մասին տեղեկություն հաղորդել, լուսաբանել իրենց գործունեությունը, քանի որ դա բխում է նաեւ հանրային շահերից։ Մյուս կողմից՝ հաճախ այս տեղեկատվությունը Լիազոր մարմնի կողմից կարող է գնահատվել որպես գովազդ եւ առաջացնել վարչական պատասխանատվություն։ Այսպիսով՝ ըստ էության տեղեկատվության եւ գովազդի սահմանները բավականին հեղհեղուկ են, որոշ դեպքերում՝ սուբյեկտիվ ընկալման դաշտում։ Ուստի՝ պետական տուրք սահմանելուց առաջ, իմ կարծիքով, պետք է որոշակի կանոնակարգում մտցնել, հստակ խաղի կանոններ սահմանել, որպեսզի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի համար պարզ լինի՝ որ նյութը կարող է համարվել գովազդ, արդյոք պետք է դրա համար լիցենզիա, թե ոչ։ Ինչպես տեսնում եք՝ գովազդի եւ տեղեկատվության սահմանումները շատ ընդհանրություն ունեն, իսկ տարբերակիչ հատկանիշը սուբյեկտիվ գնահատողական դաշտում է, ըստ էության՝ Լիազոր մարմինը պետք է ապացուցի, թե պոտենցիալ իրավախախտողը նպատակ է ունեցել ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ, իսկ պոտենցիալ իրավախախտը պետք է պնդի, որ նման նպատակ չի ունեցել։ Դրանից բացի՝ լիցենզիայի համար պետական տուրք սահմանելով՝ ըստ էության՝ սահմանափակում եք ընկերության տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ստացվում է՝ ով գումար չունի գովազդի լիցենզիայի հայտ ներկայացնելու համար, պետք է որեւէ կերպ գովազդ չանի՝ հայտնվելով նվազ բարենպաստ կարգավիճակում։ Այժմ առաջարկներս։ 1․ Նախեւառաջ հստակեցրեք, թե Լիազոր մարմնի ընկալմամբ որն է համարվում գովազդ, որը՝ տեղեկատվություն, որպեսզի պետական մարմնի գործողությունները լինեն կանխատեսելի, իսկ ընկերությունների վարքագիծը՝ իրավակարգերին համապատասխան։ 2․ Բժշկական օգնությունը եւ սպասարկումը լիցենզավորվող գործունեության ոլորտ է, որտեղ գործունեություն ծավալելու համար բազմաթիվ ընթացակարգեր, ստուգումներ կան, պայման-պահանջների-չափանիշների բավարարում։ Ուստի՝ այս ամենը անցնելուց եւ ծառայություն մատուցելուց հետո Ընկերությանը ստիպել իր գործունեության մասին տեղեկատվություն հաղորդելու համար եւս լիցենզիա հայցել, առնվազն անտրամաբանական է, լրացուցիչ պարտականություն, բեռ, օրինականության չարաշահում, քանի որ անձը եթե մատուցում է որեւէ ծառայություն, կարող է նաեւ այդ մասին տեղեկատվություն հաղորդել։ Այլ հարց է, թե ինչպես են այդ տեղեկատվությունը որակում գովազդ, օրինակ՝ եթե կան կոնկրետ բառեր, որոնց օգտագործումը համարվում է գովազդ, կարող եք հրապարակել այդ բառացանկը։ Օրինակ՝ կարո՞ղ են լավագույն, ժամանակակից, արդի եւ նմանատիպ գնահատողական բառերը կարո՞ղ են համարվել գովազդ, եթե դրանք որեւէ որոշակիություն չեն պարունակում։ 3․ Օրենսդրական փոփոխության նպատակն առնվազն իրավաչափ չէ, քանի որ ըստ էության պետական մարմինը չի ցանկանում և/կամ չի կարողանում և/կամ չի հասցնում իր գործառույթն իրականացնել, թանկացնում է այդ ծառայության համար սահմանված վճարը, որպեսզի ավելի քիչ մարդ դիմի։ Որեւէ երաշխիք չկա, որ «պետտուրքի սահմանումը կհանգեցնի հայտ ներկայացնողների կողմից մի շարք գործողությունների իրականացմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավում, իրավական դաշտի ուսումնասիրություն, առավել պատշաճ և պատասխանատու մոտեցում գործընթացին, իսկ արդյունքում լիազոր մարմին կներկայացվեն առավել հղկված և քիչ թերություններ պարունակող, ավելի քիչ թվաքանակով, հետևաբար ուսումնասիրության համար առավել քիչ ռեսուրսներ պահանջող հայտեր, ուստի միավոր ժամանակում լիազոր մարմնի կատարած ավելի փոքր՝ նոմինալ քանակի աշխատանքը կբարձրացնի դրա կատարման որակը»: 4․ Ընկերությունների համար ավելի բարենպաստ, իսկ պետական մարմնի ռեսուրսների խնայողություն կլինի գովազդի ընդհանուր, միասնական ձեւի հաստատումը, որի շրջանակներում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները կպարտավորվեն չհրապարկել կեղծ, մոլորեցնող տեղեկություններ, հրապարակվող տեղեկությունները համապատասխանեն իրենց կողմից մատուցվող ծառայություններին։ 5․ Պետական տուրքի սահմանումը հավելյալ ֆինանսական բեռ եւ պարտականություն է Ընկերության համար, տպավորություն է, որ դրանով նաեւ փորձում են պետական բյուջե մուտքերը ավելացնել։ 6․ Օրենսդրական փոփոխություններ իրականացնելիս անպայման լսեք նաեւ տեղեկատվության ոլորտի մասնագետներին, մարդկանց, ովքեր ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն են ստեղծում, հրապարակում։ Իրականում, գովազդի հայտի ներկայացումը բավականին բարդ, անհարկի քաշքշուկ պահանջող գործընթաց է, իսկ պատասխանատու անձը, ով օրական տասնյակ նյութեր է պատրաստում, չի կարող այդ նյութերի քանակից եռակի շատ տեքստեր պատրաստել գովազդի հայտի համար, սպասել 7 օր հայտի հաստատման կամ մերժման, որից հետո գուցե հրապարակվելիք տեղեկատվությունը որեւէ մեկին պիտանի չլինի, տեղեկատվությունն այսօր ամենաարագ հնացած ապրանքն է։ 7․ Որպես ոլորտի քաղաքականություն մշակող՝ ավելի ճիշտ չի լինի նախեւառաջ կանոնակարգել բուժտեխնիկայի, դեղորայքի, բուժական մեթոդների գովազդի ոլորտը, հետո անցնել ֆինանսական սանկցիաների։ Իսկ ոլորտում խնդիրները բազմաթիվ են, օրինակ՝ որքանով է համաչափ տուգանքի եւ պետտուրքի կիրառումը միայն առողջապահական ոլորտի կազմակերպությունների դեպքում, երբ, օրինակ, նույն տեղեկատվությունը հրապարակելու համար ոչ ֆիզիական անձի, ոչ լրատվամիջոցի չեն տուգանում, չեն պահանջում համապատասխան լիցենզիա։ Եւ արդյոք կանոնակարգման բազմաթիվ բացեր ունեցող առողջապահության ոլորտում պետական տուրքի սահմանումը գերառաջնահերթություն է։ | Հարգելի քաղաքացի, ««Գովազդի մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի վերաբերյալ Ձեր կողմից շարադրվծ դիտողությունների և առաջարկությունների մասով հայտնում եմ. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «գովազդ» հասկացությունը սահմանված է, որպես տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ, միաժամանակ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով «տեղեկություն» հասկացությունը սահմանված է, որպես անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ): Նշված երկու հասկացությունների բառացի և տառացի ընթերցման և մեկնաբանման, ինչպես նաև տեսադիտողական և լսողական առաջին իսկ ընկալման արդյունքում ակներև է դառնում, որ երկու հասկացությունների միջև սահմանները, իրականաում, հեղհեղուկ չեն, որպես օրինակ նշեմ միայն այն հանգամանքը, որ «տեղեկությունը» կոչված չէ ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրություն որևէ երևույթի նկատմամաբ, սակայն այն չի բացառում արդեն իսկ առկա հետաքրքրության բավարարումը տեղեկությունը ստանալուց հետո, հետևաբար ըստ հետապնդած նպատակի, «գովազդ» և «տեղեկություն» հասկացությունները ձևավորվել են և կիրառվում են և/կամ պետք է կիրառվեն խստորեն կոնկրետ նպատակների իրականացման համար: Հարկ եմ համարում նշել, որ երկու հասկացությունների տարբերությունները ավելի ակնհայտ են դառնում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իսկ վերջինիս նկատմամաբ սահմանված սահմանափակումները, մասնավորապես` դրա ձևի, չափի, բովանդակության, տևողության և այլնի մասով: Անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն հանգամքին, որ գավազդի տարածման հետ կապված իրավահարաբերությունները չեն կարգավորվում միայն «Գովազդի մասին» Հայաստանի Հանարպետության մասին օրենքով, այլ նաև «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 28-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու» թիվ 1422-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով, որոնց ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ Առողջապահության բնագավառում գովազդի տարածման հետ կապված իրավահարաբերությունները բավականաչափ կարգավորված են և «խաղում սահմանված են» բավականաչափ հստակ կանոններ: Գովազդի միասնական ձև սահամնելու Ձեր առաջարկի մասով հայտնեմ, որ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի տեսակները շատ բազմազան են, թվեմ մի քանի պատճառներ. Հայաստանի Հանարպետությունում իրականացվում են բժշկական օգնության և սպսասարկման շուրջ 120 տեսակներ, դրանցից յուրաքանչյուրում կարող են ընդգրկված լինել մինչև մի քանի տասնյակ բուժական մեթոդներ, Հայաստանի Հանարապետության հիմնական դեղերի ցանկում առկա են 29 տեսակի դեղորայք, որոնք դասակարգված են մի քանի ենթատեսակներով և ներկայացված են մի քանի տասնյակ ազդող նյութերով, տարբեր են նաև գովազդի տեսակները, ուստի գովազդի միասնական ձև սահմանելը չի հանդիսանում հնարավոր: Նշեմ, որ Հայաստանի Հանարպետույան Սահմանադրությամբ սահմանված է, որ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին, հետևաբար իրավական ակտերով սահմանվում և թվում են ոչ թե այն ինչ կարելի է իրականացնել (օրինակ` գովազդի ձև), այլ այն ինչ արգելվում է իրականացնել (օրինակ` գովազդի նկատմամբ սահմանափակումներ), ինչպիսիք որ արդեն առկա են: Ինչ վերաբերվում է Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների միայն առողջապահական ոլորտի վրա տարածմանը, հայտնում եմ Հայասատանի Հանարպետության Սահամանդրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահամանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Առղջապահության նախարարությանը գովադների մասով լիազորված է սահմանել կարգեր, տար թույլտվություններ, կասեցնել և/կամ դադարեցնել դրանք միայն առողջապահության բնագավառում: Նշեմ որ, Առողջապահության բնագավառը մարդու կյանքի և առողջության վրա ազդեցություն ունեցող առաջնային ոլորտն է, դրանով իսկ ընդգծված է դրա կարևորությունը մնացած ոլորտների նկատմամբ: |