Հիշել նախագիծը

««ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ներկայումս դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույտվություններ ստանալու համար ներկայացված հայտերի ուսումնասիրության համար պետական տուրք սահմանված չէ: Ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվող իրավակարգավորումները պայմանավորված են դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույտվություն տրամադրող լիազոր մարմնի` Առողջապահության նախարարության աշխատանքային ռեսուրսների և աշխատաժամանակի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը: Գովազդի թույտվություն ստանալու մասին հայտի ուսումնասիրության համար պետական տուրքի սահմանումը կհանգեցնի հայտ ներկայացնողների կողմից մի շարք գործողությունների իրականացմանը` այդ թվում համապատասխան մասնագետների ներգրավում, իրավական դաշտի ուսումնասիրություն, առավել պատշաճ և պատասխանատու մոտեցում գործընթացին:

  • Քննարկվել է

    28.07.2023 - 13.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3852

Տպել

Առաջարկներ`

Ինգա Մարտինյան

02.08.2023

Հարգելի հեղինակ, շատ կարեւոր եւ խնդրահարույց ոլորտի եք անդրադարձել։ Մինչեւ համապատասխան առաջարկներ ներկայացնելը, կցանկանայի մի քանի դիտարկում անել, որոնք կարեւոր են օրենսդրական փոփոխություն նախաձեռնելիս։ Նախ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են ունենալ պաշտոնական ինտերնետային կայք֊էջ, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն ծառայությունների, գնացուցակի, բուժանձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև ապահովի հետադարձ կապի հնարավորություն մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր գործունեությանն առնչվող մի շարք տեղեկություններ, այդ թվում՝ հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները։ Որպես հանրային նշանակության կազմակերպություն՝ ընկերությունը պարտավոր է հրապարակել իր ծառայությունների, գործունեության մասին հանրության համար կարեւոր տեղեկությունները։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային նշանակության կազմակերպություն են ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ։ Նույն հոդվածում սահմանվում է նաեւ «տեղեկություն» եզրույթը, ըստ այդմ՝ տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ: Այսինքն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են իրենց ծառայությունների մասին տեղեկություն հաղորդել, լուսաբանել իրենց գործունեությունը, քանի որ դա բխում է նաեւ հանրային շահերից։ Մյուս կողմից՝ հաճախ այս տեղեկատվությունը Լիազոր մարմնի կողմից կարող է գնահատվել որպես գովազդ եւ առաջացնել վարչական պատասխանատվություն։ Այսպիսով՝ ըստ էության տեղեկատվության եւ գովազդի սահմանները բավականին հեղհեղուկ են, որոշ դեպքերում՝ սուբյեկտիվ ընկալման դաշտում։ Ուստի՝ պետական տուրք սահմանելուց առաջ, իմ կարծիքով, պետք է որոշակի կանոնակարգում մտցնել, հստակ խաղի կանոններ սահմանել, որպեսզի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի համար պարզ լինի՝ որ նյութը կարող է համարվել գովազդ, արդյոք պետք է դրա համար լիցենզիա, թե ոչ։ Ինչպես տեսնում եք՝ գովազդի եւ տեղեկատվության սահմանումները շատ ընդհանրություն ունեն, իսկ տարբերակիչ հատկանիշը սուբյեկտիվ գնահատողական դաշտում է, ըստ էության՝ Լիազոր մարմինը պետք է ապացուցի, թե պոտենցիալ իրավախախտողը նպատակ է ունեցել ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ, իսկ պոտենցիալ իրավախախտը պետք է պնդի, որ նման նպատակ չի ունեցել։ Դրանից բացի՝ լիցենզիայի համար պետական տուրք սահմանելով՝ ըստ էության՝ սահմանափակում եք ընկերության տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ստացվում է՝ ով գումար չունի գովազդի լիցենզիայի հայտ ներկայացնելու համար, պետք է որեւէ կերպ գովազդ չանի՝ հայտնվելով նվազ բարենպաստ կարգավիճակում։ Այժմ առաջարկներս։ 1․ Նախեւառաջ հստակեցրեք, թե Լիազոր մարմնի ընկալմամբ որն է համարվում գովազդ, որը՝ տեղեկատվություն, որպեսզի պետական մարմնի գործողությունները լինեն կանխատեսելի, իսկ ընկերությունների վարքագիծը՝ իրավակարգերին համապատասխան։ 2․ Բժշկական օգնությունը եւ սպասարկումը լիցենզավորվող գործունեության ոլորտ է, որտեղ գործունեություն ծավալելու համար բազմաթիվ ընթացակարգեր, ստուգումներ կան, պայման-պահանջների-չափանիշների բավարարում։ Ուստի՝ այս ամենը անցնելուց եւ ծառայություն մատուցելուց հետո Ընկերությանը ստիպել իր գործունեության մասին տեղեկատվություն հաղորդելու համար եւս լիցենզիա հայցել, առնվազն անտրամաբանական է, լրացուցիչ պարտականություն, բեռ, օրինականության չարաշահում, քանի որ անձը եթե մատուցում է որեւէ ծառայություն, կարող է նաեւ այդ մասին տեղեկատվություն հաղորդել։ Այլ հարց է, թե ինչպես են այդ տեղեկատվությունը որակում գովազդ, օրինակ՝ եթե կան կոնկրետ բառեր, որոնց օգտագործումը համարվում է գովազդ, կարող եք հրապարակել այդ բառացանկը։ Օրինակ՝ կարո՞ղ են լավագույն, ժամանակակից, արդի եւ նմանատիպ գնահատողական բառերը կարո՞ղ են համարվել գովազդ, եթե դրանք որեւէ որոշակիություն չեն պարունակում։ 3․ Օրենսդրական փոփոխության նպատակն առնվազն իրավաչափ չէ, քանի որ ըստ էության պետական մարմինը չի ցանկանում և/կամ չի կարողանում և/կամ չի հասցնում իր գործառույթն իրականացնել, թանկացնում է այդ ծառայության համար սահմանված վճարը, որպեսզի ավելի քիչ մարդ դիմի։ Որեւէ երաշխիք չկա, որ «պետտուրքի սահմանումը կհանգեցնի հայտ ներկայացնողների կողմից մի շարք գործողությունների իրականացմանը՝ համապատասխան մասնագետների ներգրավում, իրավական դաշտի ուսումնասիրություն, առավել պատշաճ և պատասխանատու մոտեցում գործընթացին, իսկ արդյունքում լիազոր մարմին կներկայացվեն առավել հղկված և քիչ թերություններ պարունակող, ավելի քիչ թվաքանակով, հետևաբար ուսումնասիրության համար առավել քիչ ռեսուրսներ պահանջող հայտեր, ուստի միավոր ժամանակում լիազոր մարմնի կատարած ավելի փոքր՝ նոմինալ քանակի աշխատանքը կբարձրացնի դրա կատարման որակը»: 4․ Ընկերությունների համար ավելի բարենպաստ, իսկ պետական մարմնի ռեսուրսների խնայողություն կլինի գովազդի ընդհանուր, միասնական ձեւի հաստատումը, որի շրջանակներում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները կպարտավորվեն չհրապարկել կեղծ, մոլորեցնող տեղեկություններ, հրապարակվող տեղեկությունները համապատասխանեն իրենց կողմից մատուցվող ծառայություններին։ 5․ Պետական տուրքի սահմանումը հավելյալ ֆինանսական բեռ եւ պարտականություն է Ընկերության համար, տպավորություն է, որ դրանով նաեւ փորձում են պետական բյուջե մուտքերը ավելացնել։ 6․ Օրենսդրական փոփոխություններ իրականացնելիս անպայման լսեք նաեւ տեղեկատվության ոլորտի մասնագետներին, մարդկանց, ովքեր ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն են ստեղծում, հրապարակում։ Իրականում, գովազդի հայտի ներկայացումը բավականին բարդ, անհարկի քաշքշուկ պահանջող գործընթաց է, իսկ պատասխանատու անձը, ով օրական տասնյակ նյութեր է պատրաստում, չի կարող այդ նյութերի քանակից եռակի շատ տեքստեր պատրաստել գովազդի հայտի համար, սպասել 7 օր հայտի հաստատման կամ մերժման, որից հետո գուցե հրապարակվելիք տեղեկատվությունը որեւէ մեկին պիտանի չլինի, տեղեկատվությունն այսօր ամենաարագ հնացած ապրանքն է։ 7․ Որպես ոլորտի քաղաքականություն մշակող՝ ավելի ճիշտ չի լինի նախեւառաջ կանոնակարգել բուժտեխնիկայի, դեղորայքի, բուժական մեթոդների գովազդի ոլորտը, հետո անցնել ֆինանսական սանկցիաների։ Իսկ ոլորտում խնդիրները բազմաթիվ են, օրինակ՝ որքանով է համաչափ տուգանքի եւ պետտուրքի կիրառումը միայն առողջապահական ոլորտի կազմակերպությունների դեպքում, երբ, օրինակ, նույն տեղեկատվությունը հրապարակելու համար ոչ ֆիզիական անձի, ոչ լրատվամիջոցի չեն տուգանում, չեն պահանջում համապատասխան լիցենզիա։ Եւ արդյոք կանոնակարգման բազմաթիվ բացեր ունեցող առողջապահության ոլորտում պետական տուրքի սահմանումը գերառաջնահերթություն է։

Տեսնել ավելին