Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի ընդունումը պայմանավորված է ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի տեսակի գործունեության ընթացքում առկա խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ։

 

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

2021 թվականի մայիսի 27-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-227-Ն օրենքը, որով հիշյալ օրենքում նախատեսվեց «ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին  առևտրի տեսակի հասկացությունը։ Հիշյալ օրենքի ընդունման փաստարկների շարքում առավել ծանրակշիռ նշանակություն ունեին անմիջապես գործարաններից ավտոմեքենաների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաև հարակից ոլորտների, առաջին հերթին՝ նման գործարքների վարավորկում իրականացնող կազմակերպությունների գործունեության ծավալի աճը, ինչպես նաև ավտոպարկի թարմացման անհրաժեշտությունը և ինստիտուցիոնալ լուծումների առաջնահերթությունը։ Հիշյալ օրենքը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից՝ հնարավորություն տալով «ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ» կարգավիճակ ունեցող կազմակերպություններին օգտվել հարկային արտոնություններից՝ ԱԱՀ և որպես հարկային գործակալ վճարվող եկամտային հարկի մասով։

Այսպիսով, օրենսդրական բարեփոխումներով արդյունքում թրեյդ-ին գործարքներ իրականացնելու իրավունք ստանալու համար համապատասխան կազմակերպությունները պետք է օրենքով սահմաված կարգով ձեռք բերեն լիցենզիա, որի պետական տուրքի չափը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա համար կազմել է 1 մլն ՀՀ դրամ, երկրորդ տարուց սկսած՝ 2 մլն ՀՀ դրամ։

Ներկա դրությամբ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան ունի տաս անդամ, որոնցից թրեյդ-ին առևտրային գործարքի գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացել է միայն երեք կազմակերպություն, որոնք մինչ օրս իրականացրել են ընդհանուր ոչ ավել, քան հինգ թրեյդ-ին գործարք։ Ավելին, լիցենզավորված երեք կազմակերպություններից թրեյդին-ին գործարք կատարել են միայն երկու կազմակերպությունները, իսկ մյուս լիցենզավորված կազմակերպությունը առհասարակ նման գործարք չի իրականացրել։ Նման ցուցանիշը զգալիորեն ցածր է, քան բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ ակնկալվող կանխատեսումները։ Այս առումով նշենք, որ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված ցածր ցուցանիշների պատճառների շարքում կարելի է դասել COVID-19 համավարակի արդյունքում ավտոարտադրությունում ստեղծված իրավիճակը, երբ էականորեն փոխվեցին գործարաններից ավտոմեքենաների մատակարարման սխեմաներն ու ժամկետները։ Այսպես, եթե մինչ այդ արտադրական ցիկլը՝ սկսած պատվերի տեղադրման պահից մինչև Հայաստանում՝ դիլերի պահեստում ավտոմեքենայի հայտնվելը միջինում կազմում էր 3-4 ամիս, ապա 2020 թվականից այս կողմ այն երկարել է առնվազն 2-2,5 ամսով, ինչը նշանակում է, որ պաշտոնական ներկայացուցիչները կանգնում են հասանելի մոդելային շարքի անբավարար մակարդակի խնդրի առջև։ Նշված խնդիրը էլ ավելի ծանրացավ, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ինչը հանգեցրեց գրեթե բոլոր առաջատար ավտոարտադրողների գործունեության դադարեցմանը ՌԴ տարածքում, որտեղից հիմնականում իրականացվում էին մատակարարումները հայաստանյան դիլերներին։ Սա իր հերթին ստիպեց որոշ տնտեսավարողների վերանայել մատակարարման աղբյուրները, ինչը, ըստ ավտոմոբիլային բիզնեսում գործող ձևաչափերի, պահանջում է բավական երկար՝ առնվազն 6-8 ամիս պահանջող  թղթաբանական աշխատանք, որի ընթացքում դիլերը հնարավորություն չունի օգտվելու նոր աղբյուրից այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել նոր պայմանագիրը։ Այսպիսով, այդ ողջ ընթացքում տնտեսավարողը պարզապես զրկված է տեսականուց, իսկ առկա սուղ ռեսուրսները ուղղում է հնարավորինս կորպորատիվ հաճախորդներին սպասարկելուն։ Հարկ է նշել, որ բերված պատկերը առաջին հերթին բնորոշ է ցածր և միջին սեգմենտի ավտոարտադրողներին և նրանց ներկայացուցիչներին, իսկ թրեյդ-ին գործիքը առաջին հերթին ուղղված է հենց շուկայի այս հատվածի աշխուժացմանը։ Հետևաբար՝ նշված պայմաններում թրեյդ-ին գործարքների իրականացման հնարավորությունները զգալիորեն նվազել են։

Այս ամենի համատեքստում թրեյդ-ին գործարքի համար սահմանված պետական տուրքը պարզապես լրացուցիչ ֆինանսական բեռ է դառնում ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար, որի իջեցումը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել ոլորտի զարգացման և տվյալ ոլորտում նոր մասնակիցներ ներգրավելու համար։ Այսպիով, ինչպես արդեն նշեցինք, ներկա դրությամբ թրեյդ-ին առևտրային գործարքի գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացել է երեք կազմակերպություն, որի դիմաց 2023 թվականի համար պետական բյուջե վճարվել է ընդհանուր 6 մլն դրամ։ Պետական տուրքի դրույքաչափը նվազեցնելու արդյունքում տնտեսավարող այլ սուբյեկտների համար հնարավորություն կստեղծվի ընդգրկվել նշյալ ոլորտում և իրականացնել թրեյդին-ին առևտրի գործարքներ։ Արդյունքում քանակական ցուցանիշների հաշվին ներկա իրավիճակի համեմատ հնարավոր կլինի ընդլայնել նաև պետական բյուջեի եկամուտների մուտքերը։

Բացի այդ ներկա իրավիճակում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի  «ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին»  առևտրի տեսակի հասկացությունը տարբեր տնտեսավարողների կողմից Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հարցումների համաձայն՝ ձևակերպված է ոչ բավարար հստակությամբ, որը տարաբնույթ ընկալման առիթ է տալիս։ Այսպիով, տնտեսավարողների համար պարզ չէ, թե արդյո՞ք ֆիզիկական անձից վերջինիս պատկանող ավտոտրանսպորտային միջոցի միակողմանի ձեռքբերումը տվյալ ավտոտրանսպորտային միջոցը արտադրողի դիստրիբյուտորի կամ դիլերի կողմից համարվում է Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուր։ Արդյո՞ք կարող է X մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից ձեռք բերել Y մակնիշի ավտոտրանսպորտային միջոց, և փոխարենը՝ ֆիզիկական անձին վաճառել /փոխանցել X մակնիշի ավտոտրանսպորտային միջոց՝ հիմնվելով Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված «ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուր» հասկացության վրա։ Արդյո՞ք կարող է X մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից ձեռք բերել X մակնիշի ավտոտրանսպորտային միջոց, և փոխարենը՝ ֆիզիկական անձին փոխանցել  Y մակնիշի ավտոտրանսպորտային միջոց՝ հիմնվելով Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված «ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդի-ին առևտուր» հասկացության վրա։

Այս ամենի համատեքստում  ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին առևտրի տեսակի հասկացության տարաբնույթ ընկալումը բացառելու համար անհրաժեշտություն է առաջացել օրենքով հստակեցնել ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին  առևտրի տեսակի հասկացությունը։ Բացի այդ, թրեյդ-ին գործիքի կիրառելիությունը բարձրացնելու և լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող կազմակերպությունների թիվը մեծացնելու նկատառումներից ելնելով՝ առաջարկվում է ընդլայնել ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյու­ղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման «թրեյդ-ին» առևտուր գործունեության տեսակի սահմանումը և գործիքի կիրառման տրամաբանությունը։

 

3 Կարգավորման առարկան.

Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարել փոփոխություն, համաձայն որի՝ ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի տեսակի համար սահմանված տուրքը կկազմի տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում նախատեսվում է հստակեցնել և ընդլայնել ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերման թրեյդ-ին  առևտրի տեսակի հասկացությունը՝ որպես թրեյդ-ին առևտրի տեսակ դիտարկելով նաև այն դեպքերը, երբ ավտոտրանսպորտային միջոցն (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան) արտադրողի դիստրիբյուտորը կամ դիլերը ֆիզիկական անձից հատուցմամբ ձեռք է բերում այդ ֆիզիկական անձին պատկանող, նախկինում Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ արտադրողի դիստրիբյուտորից կամ դիլերից ձեռք բերված, ոչ ավել, քան հինգ տարվա թողարկման տարեթիվ ունեցող ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա)՝ առանց միաժամանակ այդ ֆիզիկական անձին նոր ավտոտրանսպորտային միջոց (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկա) վաճառելու։

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գի­ծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կող­­մից:

 

5Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում։

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը չի բխում ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցա­ռումների ծրագրից։

  • Քննարկվել է

    27.06.2023 - 12.07.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2252

Տպել