ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 290-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ժամանակավոր պահպանվող ապրանքների և այլ ապրանքների պահպանության առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ապրանքների ժամանակավոր պահպանության հետ մեկտեղ թույլատրվում է այլ ապրանքների պահպանություն՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 439-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ հաշվի առնելով սույն առանձնահատկությունները:
- Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում (այսուհետ՝ տարածքներ) ժամանակավոր պահպանվող ապրանքների հետ մեկտեղ թույլատրվում է լիազորված տնտեսական օպերատորներին սեփականության իրավունքով պատկանող, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների պահպանությունը՝ լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում դրանց առանձին տեղակայման պայմանով, որն ապահովվում է լիազորված տնտեսական օպերատորի համար ընդունելի ցանկացած եղանակով և հնարավորություն է ընձեռում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները հստակ տարբերակել պահպանվող այլ ապրանքներից:
- Լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում ժամանակավոր պահպանվող ապրանքներից այլ՝ սույն հավելվածի 2-րդ կետում նշված ապրանքների առանձին տեղակայումը մաքսային հսկողության գոտում կարող է իրականացվել ժամանակավոր պահպանվող ապրանքները համապատասխան ցուցանակներով կամ գրառումներով, տարածքներում տեխնոլոգիական անցումներով, միջնապատերով, սահմանազատող ժապավեններով առանձնացնելով կամ դրանք մաքսային հսկողության գոտու՝ ամբողջովին առանձնացված հատվածներում տեղակայելով:
- Լիազորված տնտեսական օպերատորի տարածքներում թույլատրվում է ժամանակավոր պահպանության հանձնված հոսուն և սորուն ապրանքների հետ մեկտեղ նույն տեսակի և որակի այլ ապրանքների պահպանությունը:
- Սույն հավելվածով սահմանված առանձնահատկությունները չեն տարածվում լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող և ժամանակավոր պահպանության պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձանց նկատմամբ։