Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում ՀՀ կառավարության 2022թ․ օգոստոսի 4-ի թիվ 1221-Ն որոշմամբ փոփոխության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2008թ․ հունիսի 5-ի թիվ 574-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգը» (այսուհետ՝ Ներքին կանոնակարգ)։

Հաշվի առնելով, որ ձերբակալվածների պահման վայրերի (այսւոհետ՝ ՁՊՎ) շինարարության, սարքավորման և կահավորման գործընթացները դուրս են ՁՊՎ վարչակազմերի իրավասություններից, փոփոխություններ կատարելու արդյունքում Ներքին կանոնակարգից հանվել է գլուխ 12-ը՝ «ՁՊՎ-ի շինարարության և սարքավորման առանձնահատկությունները», այնինչ նշված գլխում նախատեսվել էին մի շարք փոփոխություններ՝ ՁՊՎ-ներն արդիականացնելու և Միավորված ազգերի կազմակերպության խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից առաջարկվող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի 2023 թվականի փետրվարի 23-ի թիվ ՀՕ-24-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Նույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հիշյալ կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում»:

Ուստի անհրաժեշտություն է առաջանում ՁՊՎ-ների շինության և կահավորման առանձնահատկությունների վերաբերյալ ընդունել կառավարության համապատասխան որոշում, որի առկայության դեպքում հնարավոր կդառնա իրավասու վերադաս մարմինների կողմից վերահսկել ՁՊՎ–ների կառուցման և հիմնական վերանորոգման ընթացքում կատարվող աշխատանքները, ինչը կնպաստի պահվող անձանց իրավունքների իրացման երաշխավորմանը։

Հարկ է նաև նշել, որ ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների կողմից մշտական ստուգայցեր են կատարվում ՁՊՎ-ներ և բոլոր ստուգայցերի արդյունքում արձանագրվում են մարդու իրավունքների այնպիսի խախտումներ, որոնք ուղղակի կապված են շինարարական առանձնահատկությունների հետ։ Վերջիններիս կողմից հատկապես նշվում են, որ ՁՊՎ-ներում առկա չեն աստիճանների թեքահարթակներ, զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, խցերի պատուհանները փոքր են, ինչի պատճառով խոչընդոտվում է բնական լուսաթափանցելիությունը և օդափոխությունը, բուժզննության սենյակները համատեղված են այլ նշանակության սենյակների հետ, տեսակցության սենյակը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին՝ չի ապահովվում պահվող անձի և տեսակցողի ֆիզիկական շփումը, զբոսաբակերը չունեն ծածկեր, որոնք կպաշտպանեն արևի ուղիղ ճառագայթներից ու տեղումներից, խցերում արհեստական լուսավորությունը գիշերային ժամերին թուլացնելու հնարավորությու չունի՝ պահվող անձանց քունը չխանգարվելու համար, հանձնուքների ընդունման համար սենյակներ առանձնացված չեն, հիվանդներին, հղի և իրենց մոտ անչափահաս երեխա ունեցող կանանց պահելու համար առանձնացված խցերն ապահովված չեն տաք ջրով և այլ  նման թերություններ։   

Հիշյալ որոշման ընդունումը միտված է լուծելու վերը նշված խնդիրները և ՁՊՎ-ները հնարավորինս համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին։

 

2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը․

Սույն նախագծով առաջարկվում է ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ, ինչի ընդունումից հետո հնարավորություն կընձեռվի Ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավասու ծառայողներին հսկողություն սահմանել ՁՊՎ-ների կառուցման կամ գործող ՁՊՎ-ներում հիմնական վերանորոգման աշխատանքներն բացառապես կարգի պահանջներին համապատասխան իրականացնելու նկատմամբ։

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում գործում է թվով 33 ձերբակալվածների պահման վայր՝ Երևան քաղաքում և մարզերում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկություններից ելնելով հարկ է նշել, որ կատարվել են լրացուցիչ փոփոխություններ կառավարության 2008թ․ հունիսի 5-ի թիվ 574-ն որոշմամբ հայտարարված ոստիկանության համակարգում գործող ձերբակալավածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում։

Համաձայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի կանոնակարգի ընդհանուր դրույթներ հավելվածի նշված աշխատանքները անթերի կատարելու և վերանորոգելու համար առաջարկվում է նախատեսել մոտավոր խոշորացված արժեքով ֆինանսական միջոցներ 33 ՁՊՎ-ների վերանորոգման և նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման համար։

Միաժամանակ հայտնում եմ, որ այն ՁՊՎ-ները որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել կարիք ունեն կապիտալ և մասնակի վերանորոգման, կապիտալ նորոգման համար իրականացվել է հաշվարկ համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 3 ապրիլի 2009թ. թիվ 35-Ն հրամանի՝ 1ք/մ համար սահմանելով  173․700 ՀՀ դրամ, որը կազմում է շուրջ 685,85 մլն. ՀՀ դրամ, իսկ մասնակի վերանորորգման համար՝ 1ք/մ սահմանելով 30.000 ՀՀ դրամ, որը կազմում է շուրջ 57,8մլն ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի թիվ 19-Ն հրամանի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գումարը՝ խոշորացված արժեքի նկատմամբ կիրառվել է  6% որը կազմում է՝ 44,619մլն. ՀՀ դրամ,և նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության նորմատիվային (կողմնորոշիչ) արժեքը որոշվել է նախագծանախահաշվային փաստաթղթի ձեռքբերման գումարի նկատմամբ կիրառելով 6%՝ 2.7մլն. ՀՀ դրամ, համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի թիվ 41-Ն հրամանի:

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

6Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման դեպքում ՁՊՎ-ների շինության և կահավորման աշխատանքները կիրականացվեն որոշման պահանջների պահպանմամբ։ ՁՊՎ-ներ կառուցելու կամ գործող ՁՊՎ-ները հիմնական վերանորոգման ենթարկելու արդյունքում կվերացվեն սույն հիմնավորման 1-ին կետով նշված թերությունները, ինչը կնպաստի պահվող անձանց իրավունքների երաշխավորմանը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    24.05.2023 - 08.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քրեակատարողական

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2454

Տպել