Հիշել նախագիծը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԵՎ

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք):

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասին համաձայն` նույն օրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` անձնական տվյալը ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն է, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը, իսկ նույն մասի 14-րդ կետի համաձայն` հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են անձի (…) առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկությունները:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` անձնական տվյալներ մշակելը օրինական է, եթե տվյալները մշակվել են օրենքի պահանջների պահպանմամբ, և տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերի:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առանց տվյալների սուբյեկտի համաձայնության անձնական տվյալներ կարող են մշակվել, եթե տվյալներ մշակելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով: Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` տվյալների սուբյեկտի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում նրա անձնական տվյալները մշակելու համար համաձայնություն են տալիս տվյալների սուբյեկտի բոլոր ըստ օրենքի ժառանգները, ժառանգներ չունենալու դեպքում՝ ժառանգության բացման վայրի համայնքի ղեկավարը, (…) եթե մինչ այդ տվյալների սուբյեկտը նման համաձայնություն չի տվել:

Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց անձի համաձայնության արգելվում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելը, բացառությամբ, երբ տվյալի մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

Նույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե տվյալներ մշակողը հանդիսանում է օրենքով կամ վավերացված միջազգային պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ, կամ օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում հատուկ կատեգորիայի անձնական տվյալները կարող են փոխանցվել տվյալների սուբյեկտի կյանքի, առողջության կամ ազատության պաշտպանության համար:

Վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ օրենսդրությամբ ամրագրված է, որ տեղեկատվության ազատությունը տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է, որը, ի թիվս այլնի, կարող է սահմանափակվել, օրինակ, երբ տեղեկատվության տրամադրմամբ բացահայտվում է բժշկական գաղտնիք:

Օրենդրությամբ, ի թիվս այլնի, ամրագրված են, թե անձնական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներին, անձնական տվյալներ մշակելու, դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը և պայմանները սահմանող իրավակարգավորումներ, որոնց բովանդակային ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրելու, որ, օրինակ, անձնական տվյալներ են ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել տվյալ անձի ինքնությունը, իսկ հատուկ կատեգորիայի անձնական տվյալը տեղեկություն է անձի առողջական վիճակի վերաբերյալ:

Միաժամանակ օրենսդրորեն անձնական տվյալներ, այդ թվում` հատուկ կատեգորիայի, մշակելու համար ամրագրված է օրինականության սկզբունքը, ինչը նշանակում է, որ անձնական տվյալների մշակումը համարվում է օրինական, եթե տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը: Առանց տվյալների սուբյեկտի համաձայնության անձնական տվյալների, այդ թվում` հատուկ կատեգորիայի, մշակումն իրականացվում է, եթե դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

Ավելին` ամրագրված են պարտադիր պահպանման ենթակա պահանջներ և պայմաններ, որոնց առկայությունը յուրաքանչյուր դեպքում անձնական տվյալներ մշակողին թույլ է տալիս առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության դրանք փոխանցել երրորդ անձի, այն է` տվյալներ մշակողը պետք է հանդիսանա օրենքով կամ վավերացված միջազգային պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն պետք է նախատեսված լինի օրենքով և ունենա բավարար պաշտպանության մակարդակ, ինչպես նաև օրենքով նախատեսված բացառիկ այն դեպքերում, երբ հատուկ կատեգորիայի անձնական տվյալները կարող են փոխանցվել տվյալների սուբյեկտի կյանքի, առողջության կամ ազատության պաշտպանության համար: Կարգավորված են անգամ տվյալների սուբյեկտի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում նրա անձնական տվյալների մշակմանը վերաբերող իրավահարաբերությունները:

Բժշկական գաղտնիքի` որպես հատուկ կատեգորիայի անձնական տվյալի բովանդակությունը բացահայտված է առողջապահության ոլորտը կանոնակարգող օրենսդրության դաշտում: Այսպես`

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն` բժշկական գաղտնիքը պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալներն են:

Նույն օրենքի 11-րդ հոդվածում սահմանված է բժշկական գաղտնիքի հասկացությունը, և ամրագրված են դրա մշակմանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես` նույն հոդվածի 5-րդ մասում ամրագրված են այն դեպքերը, թե երբ են կարող բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց այդ տվյալների սուբյեկտի` պացիենտի, կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցվել երրորդ անձանց, որ դեպքերում և ինչ նպատակով:

Բժշկական գաղտնիքին վերաբերող իրավակարգավորումներ ամրագրված են նաև ոլորտային մեկ այլ` «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքով, որի 16-րդ հոդվածը վերաբերում է անձի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ փոխանցելուն ներկայացվող պահանջներին: Վկայակոչված հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի` բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունները բժշկական գաղտնիք են: (…)

Նույն հոդվածի 2-րդ մասով ամրագրված են բժշկական գաղտնիք համարվող տվյալները «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով երրորդ անձնաց փոխանցվելու դեպքերը և նպատակը:

Վկայակոչված` առողջապահության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում բժշկական գաղտնիք համարվող տվյալները վարույթն իրականացնող մարմիններին տրամադրելու վերաբերյալ իրավակարգավորումները բովանդակային առումով տարբերվում են միմյանցից` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի «Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիությունը» վերտառությամբ 26-րդ հոդվածի հետ համեմատած: Մասնավորապես` նշված հոդվածի 5-րդ մասի համաձայն` վարույթի ընթացքում անձին վերաբերող և բժշկական (բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ այն ստանալու մասին տվյալի), նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են հավաքվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Մինչդեռ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն` բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Կառավարության սահմանած կարգով կարող են փոխանցվել միայն քննիչին, դատախազին, դատարանին՝ իրենց վարույթային պարտականությունները կատարելիս, (…), իսկ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով փոխանցվել միայն հետաքննության մարմնին (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին), քննիչին, դատախազին, դատարանին` իրենց վարույթային պարտականությունները կատարելիս:

Վերոգրյալից հետևում է, որ տվյալ դեպքում գործում են քրեադատավարական և ոլորտային օրենսդրության` միևնույն իրավահարաբերությունները կանոնակարգող տարբեր իրավակարգավորումներ, ինչն իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է:

Բացի այդ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` պաշտպանին ներկայացված բողոքը համարվում է բողոք ներկայացրած անձի համաձայնություն և հիմք է անհրաժեշտ անձնական տվյալները Պաշտպանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու համար, մինչդեռ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով սահմանված է, որ առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալները փոխանցվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Նշվածից հետևում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը անձի բողոքը դիտարկում է որպես անձի համաձայնություն, ինչը հիմք է համապատասխան տվյալները ստանալու համար, իսկ ոլորտային օրենսդրությամբ նշվածը դիտարկվում է որպես առանց պացիենտի համաձայնությամբ տրամադրման ենթակա տեղեկատվություն:

«Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով հավաքված էլեկտրոնային տեղեկատվությունը կարող է կիրառվել անձի վերաբերյալ բժշկական առողջապահական մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու և համապատասխան բժշկական ծառայությունների մատուցման համար, բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցումներ կատարելիս, իսկ ապանձնավորված լինելու պարագայում՝ նաև ուսումնասիրությունների, վերլուծությունների, մշտադիտարկումների նպատակով:

Նույն օրենքում 2022 թվականի դեկտեմբերի 8-ին կատարվել է լրացում, և օրենքի 28-րդ հոդվածում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար ամրագրվել է ևս մեկ պարտավորություն, այն է` լիազոր մարմնի կողմից նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետում տեղեկատվություն տրամադրել լիազոր մարմնին այդ դեպքերի մասին:

Օրենքի վկայակոչված իրավակարգավորումների միջև ներկայումս առկա է բաց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշտադիտարկումներ իրականացնելու համար անձի վերաբերյալ ցանկացած տվյալ պետք է տրամադրվի ապանձնավորված, իսկ նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտ են առկա բոլոր տվյալները:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: (…)

Սահմանադրության 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով:

«Տարածքային կառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները: Իր հերթին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 14-րդ կետով նշված ոլորտի համակարգումը և քաղաքականության մշակումը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատվում են լիազոր մարմնի և մարզպետի համատեղ հրամանով:

Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ այն նորմատիվ ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունած մարմինները 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կամ համապատասխան մարմիններին կամ պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն սահմանող օրենքների ուժի մեջ մտնելուց հետո այլևս իրավասու չեն ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, շարունակում են գործել, սակայն արգելվում է դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարել:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ գործող ներպետական օրենսդրությամբ հստակ ամրագրված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորություն ունեցող մարմինների շրջանակը, որոնց մեջ մարզպետները ներառված չեն, իսկ տարածքային կառավարման ոլորտի համակարգումը և քաղաքականության մշակումը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ գործնականում ոլորտային օրենսդրության անմիջական կիրառության ընթացքում առաջացել են մի շարք անհամապատասխանություններ, և ի հայտ են եկել բացեր, ինչպես նաև տեխնիկական վրիպակներ, որոնց կարգավորման հարցին անդրադարձ է կատարվել նախագծերի շրջանակներում:

Վերոգրյալով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել մշակել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծեր):

 

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծերով առաջարկվում է լրամշակել բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության` առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության երրորդ անձնաց տրամադրելու վերաբերյալ իրավադրույթները` դրանք համապատասխանեցնելով քրեադատավարական նորմերին և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներին, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում ՀՕ-537-Ն օրենքով կատարված լրացումներին:

Առաջարկվում է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում օգտագործվող հասկացություններից մեկում կատարել փոփոխություն, մասնավորապես` նույն օրենքի «բժշկական զննություն» հասկացության բովանդակության մեջ «հիվանդ» բառը փոխարինվում է «անձ» բառով` հաշվի առնելով պարբերաբար իրականացվող զննությունները, որոնց դեպքում տվյալ անձը չի դիտարկվում որպես պացիենտ:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանակներում անդրադարձ է կատարվում նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող պացիենտի վերաբերյալ նրա կոնտակտային անձին կամ ընտանիքի չափահաս անդամին տեղեկատվություն տրամադրելու հարցին, ինչպես նաև ամրագրվում է պացիենտի իրավունքը հրաժարվելու իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտելուց, և սահմանվել է բացառություն վերջինիս վերաբերյալ առկա գենետիկական հիվանդությունների մասով, կանոնակարգվել են բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալուց պացիենտի, նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի հրաժարվելու դեպքում տվյալ բժշկական կազմակերպության կողմից կատարվող գործողությունները, մասնավորապես` նման դեպքերում այդ մասին պետք է կազմվի արձանագրություն, որը նույն օրը պետք է մուտքագրվի էլեկտրոնային առողջապահության համակարգ, իսկ արձանագրության օրինակը պատշաճ ձևով պետք է ծանուցվի գրավոր համաձայնությունը տալուց հրաժարված անձին:

Բացառություն է ամրագրվել նաև գործող խմբագրությամբ մշտադիտարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ տվյալների ապանձնավորված տրամադրման պահանջից նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու համար` հաշվի առնելով, որ այդ դեպքերի վերաբերյալ առկա տվյալների ամբողջական տրամադրումը լիազոր մարմնին կապահովի մշտադիտարկում իրականացնելու նպատակերի հասանելիությունը:

Միաժամանակ ամրագրվել է, որ առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները կհաստատվեն Առողջապահության նախարարի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համատեղ հրամանով:

«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով վերանայվել է նաև «Հոժարակամ հոսպիտալացման հիմքերը» վերտառությամբ 22-րդ հոդվածը և վերացվել է օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների իրականացման կարգը լիազոր մարմնի կողմից սահմանվելու լիազորությունը, ինչպես նաև ամրագրվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող օտարերկրացի անձի դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր տնօրենի կողմից արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման մարմնին գրավոր տեղեկացնելու պարտականությունը:

Նախագծերով առաջարկվող մյուս կարգավորումները տեխնիկական բնույթի շտկումներ են:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության` երրորդ անձանց տրամադրման շրջանակը և տրամադրվող տեղեկատվության ծավալը` համապատասխանեցնելով գործող քրեադատավարական նորմերին: Պացիենտի համար կամրագրվի իր մահից հետո իր վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեվյալները մշակելուց հրաժարվելու իրավունքը, իսկ բժշկական կազմակերպությունների համար կնախատեսվի բժշկական միջամտության համար անհրաժեշտ գրավոր համաձայնությունը տալուց հրաժարվելու դեպքում դրա վերաբերյալ արձանագրություն կազմելու, այն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և համաձայնությունը տալուց հրաժարված անձին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունը:

Նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու համար այդ դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն:

Միաժամանակ կվերացվի Սահամանդրության և գործող վերաբերելի օրենքներում առկա հակասությունը` Սահմանադրությամբ մարմիններին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն վերապահված չլինելու տեսանկյունից:

Նախագծերի ընդունման արդյունքում կվերացվեն նաև առկա տեխնիկական անճշտությունները և համապատասխան բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման գործընթացը կհամապատասխանեցվի գործող իրավակարգավորումներին:

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    05.05.2023 - 20.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3234

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

20.05.2023

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում նախատեսել անձի՝ իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները 11-րդ կետում նշված մարմիններին առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով փոխանցելուց հրաժարվելու ընթացակարգը և նախատեսել լիազոր մարմնի կողմից սույն հարցի կարգավորման նպատակով կարգ սահմանելու պարտավորությունը, նախատեսել տվյալների սուբյեկտի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում նրա բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտելուց` տվյալների սուբյեկտի իրավահաջորդների հրաժարվելու իրավունքը, Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 11.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «11.1) գրավոր հրաժարվելու իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները 11-րդ կետում նշված մարմիններին առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով փոխանցելուց (…)»: Ձեռնպահ մնալ Մարդու իրավունքների պաշտպանին՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցման ենթակա սուբյեկտների ցանկից հանելուց։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

20.05.2023

Խնդրահարույց ենք համարում Մարդու իրավունքների պաշտպանին՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցման ենթակա սուբյեկտների ցանկից հանելը։ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով սահմանված է, որ առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալները փոխանցվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Նախագծի հիմնավորման մեջ նշվել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը անձի բողոքը դիտարկում է որպես անձի համաձայնություն, ինչը հիմք է համապատասխան տվյալները ստանալու համար, իսկ ոլորտային օրենսդրությամբ նշվածը դիտարկվում է որպես առանց պացիենտի համաձայնությամբ տրամադրման ենթակա տեղեկատվություն: Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ ևս քննարկում է մարդու իրավունքների և ազատությունների խախտումները, ընդ որում, սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանն օգտվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով իրեն վերապահված բոլոր լիազորություններից, որոնք նա իրականացնում է բողոքի քննարկման կապակցությամբ: Այս առումով, թեև բողոքի առկայության դեպքում առաջարկվող կարգավորումը իրավացի է, այնուամենայնիվ Մարդու իրավունքների պաշտպանին սուբյեկտների ցանկից հանելը խնդրահարույց է սեփական նախաձեռնությամբ իրականացվող մարդու իրավունքների խախտումների քննարկումների դեպքում, երբ անհրաժեշտ է պաշտպանել տվյալների սուբյեկտի կամ մեկ այլ ֆիզիկական անձի կենսական շահերը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

20.05.2023

Նախագծի 5–րդ հոդվածով նախատեսված 11․1-րդ կետում կիրառվել է «բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտել» ձևակերպումը, ինչը որոշակի չէ, ուստի առաջարկում ենք նշել, որ հրաժարումը կամ անհամաձայնությունը վերաբերում է ոչ թե առհասարակ բժշկական գաղտնիք համարվող տվյալների «բացահայտմանը», այլ 11-րդ կետում նախատեսված նպատակով և մարմիններին փոխանցելուն։

Տեսնել ավելին