Հիշել նախագիծը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 20.05.2023 06:20:18 Ի թիվս այլ կարգավորումների, Նախագծով առաջարկվում է վերախմբագրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետը, ինչի արդյունքում բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, այլևս տրամադրման ենթակա չեն լինելու Մարդու իրավունքների պաշտպանին։ Նախագծի հիմնավորման մեջ նման փոփոխությունը հեղինակի կողմից պատճառաբանվում է ոլորտային և մնացյալ օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությամբ, մասնավորապես նրանով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` պաշտպանին ներկայացված բողոքն ինքնին համարվում է բողոք ներկայացրած անձի համաձայնություն և հիմք է անհրաժեշտ անձնական տվյալները Պաշտպանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու համար, մինչդեռ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով սահմանվում է բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման դեպքերը առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության։ Այս համատեքստում, հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ վկայակոչված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը մարդու իրավունքների պաշտպանին լիազորում է իրականացնել խախտման քննարկում ոչ միայն անձի՝ իր իսկ իրավունքների խախտման կապակցությամբ ներկայացված բողոքների հիմքով, այլ նաև այլ անձանց (օրինակ՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների, ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների) բողոքների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ (տե'ս օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածները)։ Նշված դեպքերում որևէ մեկնաբանության պարագայում հնարավոր չի լինելու համարել, որ անձը, որի իրավունքների խախտման մասով ՄԻՊ-ը իրականացնում է քննարկում, տվել է իր համաձայնությունը համապատասխան բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները ձեռք բերելու առումով, ուստի առաջարկում ենք պահպանել Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի գործող իրավակարգավորումը՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալներն առանց անձի կամ նրա ներկայացուցչի համաձայնության ստանալու Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության մասով։ Չի ընդունվել: Առողջապահության նախարարությունը հանդիսանում է առողջապահության բնագավառում քաղաքականություն մշակող պետական կառավարման լիազոր մարմինը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձի բժշկական գաղտնիք համարվող տվյալները հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են, որոնք կարող են փոխանցվել երրորդ անձանց միայն այն դեպքում, երբ պահպանված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում ամրագրված պահանջները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել Օրենքի համապատասխան դրույթը: Նախագծի հիմնավորման մեջ ներկայացվել է նման իրավակարգավորում չնախատեսելու նպատակահարմարությունը:
2 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.05.2023 23:57:50 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 11.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ. «11.1) գրավոր հրաժարվելու իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտելուց` բացառությամբ գենետիկական հիվանդությունների, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը կենսաբանական ծնողի մահվան դեպքում ենթակա է տրամադրման վերջինիս զավակներին»: Անձնական տվյալների պաշտպանության ներպետական և միջազգային կառուցակարգերը նախատեսում են տվյալների սուբյեկտի համաձայնությամբ անձնական տվյալների մշակման օրինականության սկզբունքը՝ բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի։ Նախագծով առաջարկվել է նախատեսել պացիենտի՝ իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտելու վերաբերյալ ենթադրյալ համաձայնության սկզբունքը՝ սահմանելով անձի՝ իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտելուց հրաժարվելու իրավունքը՝ բացառությամբ գենետիկական հիվանդությունների։ Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ անձը չի արտահայտում իր անհամաձայնությունը բժշկական գաղտնիք համարվող տվյալները փոխանցելուց, այդ տվյալները կարող են փոխանցվել։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն․ «10. Տվյալների սուբյեկտի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում նրա անձնական տվյալները մշակելու համար համաձայնություն են տալիս տվյալների սուբյեկտի բոլոր ըստ օրենքի ժառանգները, ժառանգներ չունենալու դեպքում՝ ժառանգության բացման վայրի համայնքի ղեկավարը, իսկ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում՝ անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի հավատարմագրային կառավարիչը, եթե մինչ այդ տվյալների սուբյեկտը նման համաձայնություն չի տվել: Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն․ «Տվյալների սուբյեկտի մահվան դեպքում նրա անձնական տվյալները կարող են մշակվել առանց համաձայնության, եթե մշակվող տվյալները պետք է լինեն մահացած անձի անունը, սեռը, ծննդյան և մահվան տարին, ամիսը, ամսաթիվը: Մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի, կրոնի և հանրային այլ բնագավառների գործչի մահվան դեպքում նրա անձնական կյանքի տվյալները կարող են մշակվել առանց համաձայնության, եթե մահվան օրվանից անցել է հիսուն տարի»: Այսպիսով, գործող կարգավորումների համաձայն՝ անձնական տվյալները, այդ թվում բժշկական գաղտնիք կազմող հատուկ կատեգորիայի անձնական տվյալները տվյալների սուբյեկտի մահից հետո կարող են մշակվել միայն այն դեպքում, երբ անձը կամ կյանքի ընթացքում տվել է նման համաձայնություն կամ տվյալների սուբյեկտի ըստ օրենքի ժառանգների, ժառանգներ չունենալու դեպքում՝ ժառանգության բացման վայրի համայնքի ղեկավարի, իսկ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում՝ անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի հավատարմագրային կառավարչի համաձայնությամբ։ Նախագծով նախատեսվել են անձի մահից հետո նրա՝ բժշկական գաղտնիք կազմող տվյալների փոխանցման վերաբերյալ հատուկ նորմեր, որոնք տարբերվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերում ամրագրված նորմերից։ Առաջարկում ենք Նախագծում նույնպես նախատեսել տվյալների սուբյեկտի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում նրա բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտելուց` տվյալների սուբյեկտի իրավահաջորդների հրաժարվելու իրավունքը։ Բացի այդ միայն առկա փոփոխությունները բավարար չեն օրենքի գործողությունը երաշխավորելու համար: Մասնավորապես, թեև Նախագծով նախատեսվել է անձի՝ իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները մշակելը թույլատրելուց հրաժարվելու իրավունքը, սակայն օրենքում բացակայում են իրավունքի իրացման կառուցակարգերը։ Մասնավորապես անհասկանալի է, թե ո՞ւմ և ինչպե՞ս է տվյալների սուբյեկտը հայտնելու իր անհամաձայնությունը, ինչպե՞ս է այն արձանագրվելու և որտե՞ղ է ամրագրվելու։ Նախագծով միայն նախատեսված է բժշկական միջամտության համար գրավոր համաձայնությունը տալուց պացիենտի, նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի հրաժարվելու դեպքում ձեռնարկվող գործողությունները։ Ըստ այդմ, առաջարկում ենք նախատեսել անձի՝ իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները 11-րդ կետում նշված մարմիններին առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով փոխանցելուց հրաժարվելու ընթացակարգը և նախատեսել լիազոր մարմնի կողմից սույն հարցի կարգավորման նպատակով կարգ սահմանելու պարտավորությունը։ Չի ընդունվել: Բժշկական գաղտնիք համարվող տվյալները հատուկ կատեգորայի անձնական տվյալներ են, որոնց նկատմամբ կիրառելի չեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի վկայակոչված դրույթները:
3 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.05.2023 23:58:10 Նախագծի 5–րդ հոդվածով նախատեսված 11․1-րդ կետում կիրառվել է «բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտել» ձևակերպումը, ինչը որոշակի չէ, ուստի առաջարկում ենք նշել, որ հրաժարումը կամ անհամաձայնությունը վերաբերում է ոչ թե առհասարակ բժշկական գաղտնիք համարվող տվյալների «բացահայտմանը», այլ 11-րդ կետում նախատեսված նպատակով և մարմիններին փոխանցելուն։ Չի ընդունվել: Նշված ձևակերպումը սահմանափակում է այն մարմինների կամ անձանց շրջանակը, ում պետք է չփոխանցվի բժշկական գաղտնիքը:
4 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.05.2023 23:58:35 Խնդրահարույց ենք համարում Մարդու իրավունքների պաշտպանին՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցման ենթակա սուբյեկտների ցանկից հանելը։ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով սահմանված է, որ առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական գաղտնիք համարվող տվյալները փոխանցվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Նախագծի հիմնավորման մեջ նշվել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը անձի բողոքը դիտարկում է որպես անձի համաձայնություն, ինչը հիմք է համապատասխան տվյալները ստանալու համար, իսկ ոլորտային օրենսդրությամբ նշվածը դիտարկվում է որպես առանց պացիենտի համաձայնությամբ տրամադրման ենթակա տեղեկատվություն: Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ ևս քննարկում է մարդու իրավունքների և ազատությունների խախտումները, ընդ որում, սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանն օգտվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով իրեն վերապահված բոլոր լիազորություններից, որոնք նա իրականացնում է բողոքի քննարկման կապակցությամբ: Այս առումով, թեև բողոքի առկայության դեպքում առաջարկվող կարգավորումը իրավացի է, այնուամենայնիվ Մարդու իրավունքների պաշտպանին սուբյեկտների ցանկից հանելը խնդրահարույց է սեփական նախաձեռնությամբ իրականացվող մարդու իրավունքների խախտումների քննարկումների դեպքում, երբ անհրաժեշտ է պաշտպանել տվյալների սուբյեկտի կամ մեկ այլ ֆիզիկական անձի կենսական շահերը: Չի ընդունվել: Նախագծի հիմնավորման մեջ ներկայացվել է նման իրավակարգավորում չնախատեսելու նպատակահարմարությունը
5 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 20.05.2023 23:59:01 Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում նախատեսել անձի՝ իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները 11-րդ կետում նշված մարմիններին առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով փոխանցելուց հրաժարվելու ընթացակարգը և նախատեսել լիազոր մարմնի կողմից սույն հարցի կարգավորման նպատակով կարգ սահմանելու պարտավորությունը, նախատեսել տվյալների սուբյեկտի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում նրա բժշկական գաղտնիք համարվող տվյալները բացահայտելուց` տվյալների սուբյեկտի իրավահաջորդների հրաժարվելու իրավունքը, Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 11.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «11.1) գրավոր հրաժարվելու իր մահից հետո բժշկական գաղտնիք համարվող տվյալները 11-րդ կետում նշված մարմիններին առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով փոխանցելուց (…)»: Ձեռնպահ մնալ Մարդու իրավունքների պաշտպանին՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության փոխանցման ենթակա սուբյեկտների ցանկից հանելուց։ Չի ընդունվել: Առաջարկի բովանդակությունից անհասկանալի է, թե օրենքի որ հոդվածի որ մասի 11-րդ կետի մասին է խոսքը: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ այդ իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են համապատասխան ենթաօրենսդրական ակտերով: Բացի այդ, Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 11.1-ին կետում որոշակիացնելով «11-րդ կետում» նշված մարմիններին առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով փոխանցելը սահմանափակելու վերաբերյալ իրավակարգավորումը նեղացնում է այն մարմինների կամ անձանց շրջանակը, ում պետք է չփոխանցվի բժշկական գաղտնիքը: Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ դրույթը հանելու վերաբերյալ մանրամասն հիմնավորումը ներկայացված է: