«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Նոտարիատի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում «ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու» բառերից հետո լրացնել «, նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է արբիտրաժի վճիռ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրություն, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը մերժելու դեպքի:»:
Հոդված 3. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.
«14) հայցադիմումը ներկայացվել է այն ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով, որը ենթակա է քննության նոտարի կողմից և առկա չէ նոտարի կողմից նույն պահանջով գումարի բռնագանձման կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժելու մասին որոշում կամ նոտարի կողմից նույն պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում:»:
Հոդված 4. Օրենսգիրքը 297-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, բացառությամբ այն պահանջների, որոնք ենթակա են քննության նոտարի կողմից «Նոտարիատի մասին» օրենքի 18.2-րդ գլխով սահմանված կարգով»:
Հոդված 5. Օրենսգիրքը 308-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 308. Վճարման կարգադրություն արձակելու գործերի ենթակայությունը և ընդդատությունը
- Վճարման կարգադրություն արձակելու գործը ենթակա է առաջին ատյանի դատարանին, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացված պահանջը չի գերազանցում է նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը և այն ենթակա չէ քննության նոտարի կողմից «Նոտարիատի մասին» օրենքի 18.2-րդ գլխով սահմանված կարգով:
- Առաջին ատյանի դատարանին ենթակա վճարման կարգադրություն արձակելու դիմումը քննում է պարտապանի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի դատարանը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 51.1-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 51.1.
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 345.1. Նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը
- Նոտարի կողմից արձակված՝ կողմերի համար պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
- Նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումը կարող է ներկայացվել այն կողմերի համար պարտադիր դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
- Նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է՝
1) պարտապան ֆիզիկական անձի հաշվառման վայրի, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան: Հաշվառման վայր չունենալու և վերջին բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ պարտապանի գույքի գտնվելու վայրի դատարան:
2) պարտապան իրավաբանական անձի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:
Հոդված 345.2. Դիմումին ներկայացվող պահանջները
- Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում նշվում են՝
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,
2) վճարման կարգադրություն արձակած նոտարի անունը և նոտարական տարածքը.
3) վճարման կարգադրության վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի, ֆիզիկական անձի հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ գույքի գտնվելու վայրի հասցեն, ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հանրային ծառայության համարը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը.
4) գումարի բռնագանձման պահանջով կարգադրության կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը,
5) գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը,
6) գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները,
7) գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը:
- Գումարի բռնագանձման պահանջով չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են՝
1) գումարի բռնագանձման պահանջով կարգադրության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած պատճենը,
2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը,
3) դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և նոտարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:
- Սույն օրենսգրքի 345.1-ին հոդվածի կամ սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը:
Հոդված 345.3. Դիմումի քննությունը
- Նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
- Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են: Այդ դեպքում նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
- Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ: Դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը կարող է փոփոխվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հրավիրված դատական նիստում՝ Դատարանի արձանագրային որոշմամբ:
- Դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակած նոտարից՝ որպես իրավասու անձի, պահանջել այն գործով նյութերը, որով կայացված կարգադրությունը վիճարկվում է դատարանում:
- Դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
Հոդված 345.4. Դատարանի որոշումը
- Դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:
- Դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
- Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝
1) վիճարկվող վճարման կարգադրությունն արձակած նոտարի անունն ու նոտարական տարածքը.
2) վիճարկվող վճարման կարգադրության արձակման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
3) վիճարկվող վճարման կարգադրության կողմերի համար պարտադիր դառնալու տարին, ամիսը, ամսաթիվը.
4) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
5) դատարանի եզրահանգումը՝ նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու վերաբերյալ:
- Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:
- Դատարանի որոշումը կողմերին է ուղարկվում հրապարակման պահից եռօրյա ժամկետում»:
Հոդված 7. Եզրափակիչ և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող տասներորդ օրվանից:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 դեկտեմբերի 23-ի թիվ 576-Ն օրենքի 19-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի 2-րդ կետը, 23-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 5-րդ կետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 21.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«21.1) արձակում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն.»:
Հոդված 2. Օրենքի 36.1-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքում կայացվող որոշումը, գործարքը, գումարի բռնագանձման պահանջով արձակած կարգադրությունը կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը, կատարողական մակագրության թերթը հանդիսանում են նոտարական ակտ:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել 18.2 գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 18.2
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼԸ
Հոդված 82.4 Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմում ներկայացնելը
- Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումը (այսուհետ՝ դիմում) ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի (ներառյալ՝ տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների) բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմում նոտարին կարող են ներկայացնել բանկերը, վարկային կազմակերպությունները, ինչպես նաև էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք՝ սպառողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
- Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումի հետ չեն կարող ներկայացվել դրամական բնույթ չկրող պահանջներ:
- Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումը կարող է ներկայացվել մեկից ավելի անձանց դեմ, եթե պարտավորությունը համապարտ է:
- Սույն հոդվածում նշված պահանջները ենթակա են քննության նոտարի կողմից սույն գլխով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը մերժելու մասին որոշում
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ գլխով նախատեսված կանոնները տարածվում են սույն գլխի նկատմամբ այնքանով, որքանով դրանք կիրառելի են նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու նկատմամբ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
Հոդված 82.5 Նոտարների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը
- Նոտարների միջև գործերի բաշխումը և վերաբաշխումը կատարվում է բացառապես հատուկ համակարգչային ծրագրի միջոցով (այսուհետ՝ Համակարգչային ծրագիր), որի շահագործման կարգը սահմանվում է Արդարադատության նախարարի հրամանով:
- Դիմումը նոտարների միջև բաշխվում է այնպես, որպեսզի ապահովվի դրանց հնարավորինս հավասարաչափ բաշխումը: Նոտարների միջև դիմումների բաշխման, վերաբաշխման կարգը և չափանիշները սահմանվում է Արդարադատության նախարարի հրամանով:
- Նոտարական պալատն ապահովում է Համակարգչային ծրագիրը մշակելը, կատարելագործելը, դրա գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելը, Համակարգչային ծրագիրը գործարկելը և սպասարկելը:
- Եթե օբյեկտիվ պատճառներով գործերի բաշխումը (վերաբաշխումը) հնարավոր չէ իրականացնել Համակարգչային ծրագրի միջոցով, ապա այդ հանգամանքը հայտնաբերած նոտարը անհապաղ այդ մասին տեղեկացնում է Նոտարական պալատին: Նոտարական պալատը ծանուցումն ստանալուց հետո քննարկում է պատճառները և դրանց վերացման ուղղությամբ տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ Համակարգչային ծրագրի անխափան շահագործման համար պատասխանատու աշխատակիցներին:
Հոդված 82.6 Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի ձևը և բովանդակությունը
- Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումը Նոտարական պալատ ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, որում պետք է նշվեն`
1) Նոտարական պալատի անվանումը,
2) դիմողի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, ինչպես նաև դիմողի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն՝ նոտարի որոշումները և նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջնորդությամբ,
3) պարտապանի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը) և հաշվառման (բնակության) կամ գտնվելու վայրի հասցեն,
4) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ բռնագանձման ենթակա գումարի, ինչպես նաև առկայության դեպքում պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) և տոկոսների գումարների հիմքն ու չափը, դրանց հաշվարկը.
5) պահանջը հաստատող ապացույցները,
6) պահանջ` գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին,
7) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են,
8) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
9) առկայության դեպքում տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար,
10) հայտարարություն առ այն, որ առկա չէ նույն անձանց վերաբերյալ, միևնույն փաստական հիմքերով և միևնույն պահանջի վերաբերյալ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը մերժելու մասին որոշում,
12) նշում առ այն, որ պայմանագրով սահմանված է ծանուցման այլ կարգ՝ դրա առկայության դեպքում:
- Դիմումին կցվում են պահանջը հաստատող ապացույցները, ինչպեսնաև նոտարական գործողության վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը:
- Դիմումը ստորագրում է դիմողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած դիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
- Դիմումը ստորագրվում է էլեկտրոնային եղանակով:
- Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու համար գանձվում է նոտարական գործողության վճար՝ Կառավարության որոշմամբ սահմանված չափով:
Հոդված 82.7. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումը վերադարձնելը
- Նոտարը դիմումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում վերադարձնում է դիմումը, եթե՝
1) չեն պահպանվել սույն օրենքով դիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները.
2) չեն ներկայացվել նոտարական գործողության վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը.
3) դիմումը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
4) դիմումը ներկայացրել է սույն օրենքի 82.4-րդ հոդվածի 1-ին մասում չնշված անձի կողմից.
5) ներկայացված դիմումում միացված են մի քանի պահանջներ, որոնցից մեկը ենթակա չէ նոտարի քննությանը,
6) դիմողը ներկայացրել է դիմումը հետ վերցնելու պահանջ.
7) դիմումի, այդ թվում՝ դիմումով ներկայացված պահանջի ու ներկայացված փաստաթղթերի (ապացույցների) միջև առկա է անհամապատասխանություն և առկա է այն շտկելու հնարավորություն:
- Դիմումը վերադարձնելու մասին որոշումը էլեկտրոնային եղանակով ուղարկվում է պահանջատիրոջը, որն այն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դրանում մատնանշված թերությունները վերացնելու դեպքում կարող է այն կրկին ներկայացնել:
Հոդված 82.8. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի քննության ժամկետը և կարգը
- Եթե առկա չեն դիմումը վերադարձնելու կամ սույն օրենքի 82.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը մերժելու հիմքերը, նոտարը դիմումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում ծանուցում է պարտապանին ստացված դիմումի մասին՝ առաջարկելով ծանուցումն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում կատարել պարտավորությունը կամ ներկայացնել իր առարկությունները վճարման կարգադրություն արձակելու դիմումի վերաբերյալ:
- Պարտապանի ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և (կամ) կողմերի միջև կնքված պայմանագրով ծանուցման սահմանված այլ կարգով, եթե ծանուցման նման կարգով հնարավոր է իրականացնել փաստաթղթերի ուղարկում:
- Պարտապանին տրամադրված 30-օրյա ժամկետի ավարտինհաջորդող երկշաբաթյա ժամկետում նոտարը՝
1) ամբողջովին մերժում է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը.
2) արձակում է վճարման կարգադրություն:
Հոդված 82.9. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժումը
- Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը սույն օրենքի 82.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝
1) առկա է նույն անձանց վերաբերյալ, միևնույն փաստական հիմքերով և միևնույն պահանջի վերաբերյալ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը մերժելու կամ կարգադրություն արձակելու մասին նոտարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշում.
2) պահանջն առերևույթ հիմնավորված չէ.
3) պահանջի հիմքում ընկած գործարքն առերևույթ հակասում է օրենքին:
- Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը սույն օրենքի 82.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝
1) պարտապանը ծանուցում ստանալուց հետո սահմանված 30-օրյա ժամկետում ներկայացրել է առարկություն կամ կատարել է վճարման պահանջը.
2) անհնարին է դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելը:
- Վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժելու դեպքում նոտարն այդ մասին կայացնում է որոշում, որը ոչ ուշ քան հաջորդ օրը ուղարկվում է դիմողին և պարտապանին:
- Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումը մերժելու մասին նոտարի որոշումը չի զրկում դիմողին հետագայում նույն պահանջը դատարան ներկայացնելու իրավունքից:
Հոդված 82.11. Գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության բովանդակությունը, այն պարտապանին ուղարկելը և կողմերի համար պարտադիր դառնալը
- Նոտարը դիմումը բավարարելու դեպքում արձակում է կարգադրություն, որը կողմերի համար դառնում է պարտադիր այն արձակելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
- Նոտարի արձակած կարգադրությունը պետք է պարունակի՝
1) նշում առ այն, որ նոտարն ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը.
2) եզրահանգումներ նոտարական գործողության վճարի հատուցման վերաբերյալ:
- Վճարման կարգադրությունը ոչ ուշ, քան արձակվելու հաջորդ օրն ուղարկվում է դիմողին և պարտապանին:
- Կողմերի համար պարտադիր դարձած վճարման կարգադրության հարկադիր կատարման համար նոտարն էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որում նշվում են՝
1) վճարման կարգադրություն արձակած նոտարի անունը և նոտարական տարածքը.
2) վճարման կարգադրության վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի, ֆիզիկական անձի հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ գույքի գտնվելու վայրի հասցեն, ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հանրային ծառայության համարը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը.
3) գումարի բռնագանձման պահանջով կարգադրության կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը,
4) գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը,
- Նոտարը էլեկտրոնային հաղորդագրության հետ միասին ուղարկում է նաև արձակված կարգադրությանը:
Հոդված 82.12. Գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը վիճարկելը
- Գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը կողմերը կարող են վիճարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում՝ գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
Հոդված 82.13 Գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու հիմքերը
- Առաջին ատյանի դատարանը չեղյալ է ճանաչում նոտարի արձակած գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը, եթե՝
1) դիմումը ենթակա չէր քննության նոտարի կողմից.
2) նոտարը կարգադրությունն արձակել է սույն գլխով սահմանված ընթացակարգային նորմերի պահանջների էական խախտմամբ:
3) պարտապանը չի ունեցել պահանջի դեմ սույն գլխով սահմանված կարգով և ժամկետում առարկություն ներկայացնելու հնարավորություն և (կամ) զրկված է եղել վճարման կարգադրության վարույթին մասնակցելու հնարավորությունից:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող տասներորդ օրվանից:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 դեկտեմբերի 23-ի թիվ 586-Ն օրենքը:
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 339-րդ հոդվածի 1- լրացնել նոր 6.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.1) ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմում մինչև գումարի բռնագագանձման պահանջով արձակված կարգադրության մասին դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե հետագայում չեղյալ է ճանաչվել նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը՝ մինչև չեղյալ ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ»
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ պարբերությունով.
«Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, համապատասխան, սահմանում է նաև գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ: Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության հարկադիր կատարման նկատմամբ տարածվում են նոտարի տված կատարողական մակագրության թերթի կատարման կանոնները:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1. գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը.»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը» բառերից հետո լրացնել «գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը:» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող տասներորդ օրվանից:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2022 դեկտեմբերի 23-ի թիվ 585-Ն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 10-րդ պարբերությունը, 2-րդ հոդվածը, ինչպես նաև 3-րդ հոդվածի՝ «նոտարի արձակած վճարման կարգադրությունը» բառերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 4-րդ կետում «որոշումը» բառից հետո լրացնել «գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը» բառերը.
2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով՝
«ժէ. գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ բողոքներով |
բազային տուրքի 15-ապատիկի չափով»: |
.
3) հոոդվածի 1-ին մասի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» ենթակետով՝
«ժզ. գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներով |
բազային տուրքի 20-ապատիկի չափով»: |
։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող տասներորդ օրվանից:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 դեկտեմբերի 23-ի թիվ 587-Ն օրենքը:
-
Քննարկվել է
17.04.2023 - 02.05.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Քաղաքացիական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3245
Տպել