Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> և <<Պաշտպանության մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> և <<Պաշտպանության մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

      1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
     Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորության ստեղծման անհրաժեշտությամբ:
      2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
   <<Պաշտպանության մասին>> և <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքների պահանջների համաձայն արական սեռի քաղաքացիների համընդհանուր զինապարտության շրջանակներում դրա իրականացման առաջնային ձև է նախատեսվել պարտադիր զինվորական ծառայությունը: Զինվորական ծառայության զարգացման, ներառյալ արհեստավարժության բարձրացման, ՀՀ պաշտպանությանը համընգրկուն բնույթ հաղորդելու և իգական սեռի քաղաքացիների համար ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնման նկատառումներից ելնելով ՀՀ կառավարության ծրագրային հիմնադրույթներից է հանդիսանում իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու օրենսդրական և գործնական հնարավորությունների ընձեռումը: Այդ նպատակով, անրաժեշտություն է առաջացել <<Պաշտպանության մասին>> օրենքում կանոնակարգել կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառման, իսկ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքում (այսուհետ՝ օրենք) սահմանել նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նպատակահարմար է գտնվել նրանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս, հստակեցնել նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները՝ այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով և ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման, ներառյալ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների և փորձաքննության գործընթացը, սահմանել նրանց զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը, այդ քաղաքացիներին ծառայության վայր նշանակել առանց վիճակահանության՝ նախանշված ուսումնական զորամասեր, սահմանել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանել պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 1,5 մլն դրամ չափով:
     3. Կարգավորման նպատակը և բնույթը
    Նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
     4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
    Օրենքի նախագծի ընդունումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիներին ծառայոթյան ավարտի կապակցությամբ պատվովճարի հաշվարկման շրջանակներում, սակայն այդ ծախսերի չափերը հնարավոր չէ հաշվարկել՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիների քանակի վերաբերյալ տեղեկատվություն չունենալու պատճառով:
    5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
     Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերում կանանց ներգրավվածության շարունակաբար աճի, զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման:

  • Քննարկվել է

    07.02.2023 - 23.02.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7521

Տպել

Առաջարկներ`

Ան Հակոբյան

15.02.2023

Շատ վատ նախագիծ է։ մի քանի տարի հետո "կամավոր" բառն էլ կհանեք գումարի հետ միասին ու արդյունքում կունենանք հարևանների երազանքը` սերունդի կանգ

Ա. Ավագյան

10.02.2023

Շատ վատ և չարդարացված նախագիծ է: ՌԴ-ն պատերազմի արդյունքներով կրկին քննարկում է բանակը 2 տարի դարձնելու հնարավորությունը: Կառավարության ծրագրով նախատեսում եք այդ ժամկետի կրճատում, այսինքն ոչ պրոֆեսիոնալ բանակի ձևավորում: Այսքան զոհերից հետո նորից ժողովրդագրական վիճակի վատթարացում նախատեսող նախագիծ է: Չկա որևէ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվություն: Կամ այլ երկրներում ինչ ներդրումների հաշվին է հասել որոշակի իրավիճակի նման մոտեցումը, ի՞նչ պայմաններ են տիրում զորամասերում ներկայումս, չկան վերլուծության արդյունքներ, թե ինչ ներդրումներ են պետք դրանք հարմարեցնելու համար իգական սեռի առանձնահատկություններից բխող պայմանների համար: Կան արդյոք հարցումներ իգական սեռերին նախագծի ներկայացման համար, մինչև նախագիծը ներկայացնելը, կամ կառավարության ծրագրում ներառելը: եթե այդքան գումար պետք է հատկացվի պատվովճարին, դրա կեսը հատկացրեք պայմանագրային աշխատողներին, որոնց թիվը էականորեն կավելանա նման եկամուտի դեպքում: Նախագիծը ազգակործան հետևանքներ է խոստանում, ծնելիության մակարդակի էական կրճատում և բանակի վերջնական քանդում:

Ռոման Հակոբյան

07.02.2023

Հերթական ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ՎԱՏ նախագիծն է։ Չեմ ուզում անդրադառնալ նախագծում նշված անհրաժեշտության հիմնավորմանը, քանզի նախագիծն ընդհանրապես համահունչ չէ մեր գործող բանակին։ 2 տարի է, ինչ նախկինում Քարվաճառում տեղակայված զորամասն տեղահանվեց և ժամանակավոր տեղակայվեց Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում, կիսավեր չբնակեցված տներում։ Օրեր առաջ նման մի տանը բռնկված հրդեհի զոհ դարձան ժամկետային զինծառայողներ։ Բազմաթիվ լրատվամիջոցներ լուսաբանելիս ցուցադրեցին զինվորների բնակատեղին, ինչը զուրկ է ,,զորանոց,,-ին պահանջվող բոլոր պայմաններից։ Ի սեր Աստծու, իգական սեռի երեխաներին տանելու եք որտեղ պահեք պարոնայք քաղաքական այրեր, խանծին կախել եք 1,5 մլն դրամ, որ հիմա էլ աղջիկ երեխաներին տանեք։ Բոլորիս հասկանալի է, որ դիմողներն լինելու են բացառապես սոցիալապես խոցելի խավի, զուտ ի շահ գումարի։ 6 ամիս = 1,5 մլն դրամ, այսինքն յուրաքանչյուր ամսվա համար 250.000 դրամ։ Ու այդ աղջիկ զինվորի դասակի հրամանատարին, ով 4-5 տարի սովորել է զինվորական գործ, ունի արդեն զինվորական մասնագիտություն, յուրաքանչյուր ամսվա ծառայության համար ստանում է 222.000-230.000 դրամ աշխատավարձ։ Նախագծի հարգարժան հեղինակներ բանակը ներսից քանդելու հերթական ,,ԲՈՄԲ,, ծրագիր է, ու անկախ հանրային քննարկման արդյունքից, վստահ եմ, որ օրենքի ուժ կստանա, ինչպես նմանատիպ մյուս ծրագրերը։ Ձեր նպատակն բանակն քանդելն է, ցավոք սրտի դուք կկարողանաք ավարտին հասցնել այն։

Տեսնել ավելին