Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> և <<Պաշտպանության մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր


Նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


<<ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում <<ամիս>> բառից հետո լրացնել <<, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար՝ 6 ամիս>> բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում <<սեռի>> բառից հետո լրացնել <<և կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի>> բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել 19.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
<<ՀՈԴՎԱԾ 19.1. ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար: Համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավում են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին:
2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչվելու կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված ընտանեկան պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության:
3. Զինվորական հաշվառման վերցված և հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու և սույն օրենքի 22-րդ ու 24-րդ հոդվածներով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ դրույթները:
4. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և «Պաշտպանության մասին» օրենքով արական սեռի քաղաքացիների համար սահմանված կարգով զինվորական հաշվառման վերցված իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
5. Զինվորական հաշվառման վերցված և հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիները կարող են մինչև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրը գրավոր հրաժարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց, որի դեպքում նրանց վրա չի կիրառվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվությունը:>>:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 26-րդ հոդվածում.
1) 1-ին մասում <<վիճակահանությամբ>> բառից հետո լրացնել <<, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողներինն առանց վիճակահանության>> բառերը.
2) 2-րդ մասի երրորդ նախադասությունում <<կարող են ուղարկվել>> բառերից հետո լրացնել <<, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողները՝ պարտադիր ուղարկվում են>> բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում.
1) <<բ>> ենթակետում <<ելնելով>> բառից հետո լրացնել <<՝ բացառությամբ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնող իգական սեռի զինծառայողների>> բառերը.
2) <<դ>> ենթակետում <<դեպքում>> բառից հետո լրացնել <<՝ բացառությամբ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնող իգական սեռի զինծառայողների>> բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում <<օրենքի>> բառից հետո լրացնել <<19.1-ին հոդվածով և>> բառերը:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 63-րդ հոդվածում.
1) 3-րդ մասի առաջին նախադասությունում <<զինծառայողների համար>> բառերից հետո լրացնել <<՝ բացառությամբ իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողների,>> բառերը.
2) 4-րդ մասում՝
ա. <<ծառայությունից>> բառից հետո լրացնել <<, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից>> բառերը.
բ. <<չափով>> բառը փոխարինել <<չափերով>> բառով:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 


Նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀՈԴՎԱԾ 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի.
1) 4-րդ մասի առաջին նախադասությունում <<ծառայություն>> բառից հետո լրացնել <<կամ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն>> բառերը.
2) 7-րդ մասի 1-ին ենթակետից հետո լրացնել լրացնել 1.1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
<<1.1) կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած և մինչև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց գրավոր հրաժարված կամ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքով սահմանված կարգով առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչված կամ <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքի 22-րդ և 24-րդ հոդվածներով սահմանված տարկետման պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները.>>:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    07.02.2023 - 23.02.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7522

Տպել

Առաջարկներ`

Ան Հակոբյան

15.02.2023

Շատ վատ նախագիծ է։ մի քանի տարի հետո "կամավոր" բառն էլ կհանեք գումարի հետ միասին ու արդյունքում կունենանք հարևանների երազանքը` սերունդի կանգ

Ա. Ավագյան

10.02.2023

Շատ վատ և չարդարացված նախագիծ է: ՌԴ-ն պատերազմի արդյունքներով կրկին քննարկում է բանակը 2 տարի դարձնելու հնարավորությունը: Կառավարության ծրագրով նախատեսում եք այդ ժամկետի կրճատում, այսինքն ոչ պրոֆեսիոնալ բանակի ձևավորում: Այսքան զոհերից հետո նորից ժողովրդագրական վիճակի վատթարացում նախատեսող նախագիծ է: Չկա որևէ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվություն: Կամ այլ երկրներում ինչ ներդրումների հաշվին է հասել որոշակի իրավիճակի նման մոտեցումը, ի՞նչ պայմաններ են տիրում զորամասերում ներկայումս, չկան վերլուծության արդյունքներ, թե ինչ ներդրումներ են պետք դրանք հարմարեցնելու համար իգական սեռի առանձնահատկություններից բխող պայմանների համար: Կան արդյոք հարցումներ իգական սեռերին նախագծի ներկայացման համար, մինչև նախագիծը ներկայացնելը, կամ կառավարության ծրագրում ներառելը: եթե այդքան գումար պետք է հատկացվի պատվովճարին, դրա կեսը հատկացրեք պայմանագրային աշխատողներին, որոնց թիվը էականորեն կավելանա նման եկամուտի դեպքում: Նախագիծը ազգակործան հետևանքներ է խոստանում, ծնելիության մակարդակի էական կրճատում և բանակի վերջնական քանդում:

Ռոման Հակոբյան

07.02.2023

Հերթական ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ՎԱՏ նախագիծն է։ Չեմ ուզում անդրադառնալ նախագծում նշված անհրաժեշտության հիմնավորմանը, քանզի նախագիծն ընդհանրապես համահունչ չէ մեր գործող բանակին։ 2 տարի է, ինչ նախկինում Քարվաճառում տեղակայված զորամասն տեղահանվեց և ժամանակավոր տեղակայվեց Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում, կիսավեր չբնակեցված տներում։ Օրեր առաջ նման մի տանը բռնկված հրդեհի զոհ դարձան ժամկետային զինծառայողներ։ Բազմաթիվ լրատվամիջոցներ լուսաբանելիս ցուցադրեցին զինվորների բնակատեղին, ինչը զուրկ է ,,զորանոց,,-ին պահանջվող բոլոր պայմաններից։ Ի սեր Աստծու, իգական սեռի երեխաներին տանելու եք որտեղ պահեք պարոնայք քաղաքական այրեր, խանծին կախել եք 1,5 մլն դրամ, որ հիմա էլ աղջիկ երեխաներին տանեք։ Բոլորիս հասկանալի է, որ դիմողներն լինելու են բացառապես սոցիալապես խոցելի խավի, զուտ ի շահ գումարի։ 6 ամիս = 1,5 մլն դրամ, այսինքն յուրաքանչյուր ամսվա համար 250.000 դրամ։ Ու այդ աղջիկ զինվորի դասակի հրամանատարին, ով 4-5 տարի սովորել է զինվորական գործ, ունի արդեն զինվորական մասնագիտություն, յուրաքանչյուր ամսվա ծառայության համար ստանում է 222.000-230.000 դրամ աշխատավարձ։ Նախագծի հարգարժան հեղինակներ բանակը ներսից քանդելու հերթական ,,ԲՈՄԲ,, ծրագիր է, ու անկախ հանրային քննարկման արդյունքից, վստահ եմ, որ օրենքի ուժ կստանա, ինչպես նմանատիպ մյուս ծրագրերը։ Ձեր նպատակն բանակն քանդելն է, ցավոք սրտի դուք կկարողանաք ավարտին հասցնել այն։

Տեսնել ավելին