Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի


1. Կարգավորման ենթակա ոլորտն ու առկա իրավիճակը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշմամբ սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերով ի թիվս այլնի կարգավորվում են անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման հարաբերությունները։ Նշված պայմանագրերի օրինակելի ձևերում ամրագրված է, որ սպառողների կողմից միացման վճարի 50 տոկոսը, իսկ կառուցապատողի դեպքում՝ միացման վճարը վճարվում է պայմանագրի կնքման պահից 24 ամսվա ընթացքում, իսկ համապատասխան գումարի՝ նշված ժամկետում չվճարումը կամ վճարված գումարը հետ պահանջելը հիմք են Բաշխողի կողմից պայմանագրի միակողմանի լուծման համար:
Հարկ է նշել, որ պայմանագրի կնքումից հետո Բաշխողն իրականացնում է միացման աշխատանքների համար անհրաժեշտ ապրանքների գնման, ֆինանսական միջոցների հատկացման պլանավորում, իսկ այդ աշխատանքների փաստացի իրականացումն սկսում է միայն վերը նշված վճարի վճարումից հետո։
Հետևաբար այն պարագայում, երբ միացման վճարը վճարվում է պայմանագրի կնքումից երկարատև ժամանակ անց, Բաշխողի կողմից պայմանագրի կնքման պահին կատարված գնման պլանավորման և աշխատանքների փաստացի կատարման օրվա դրությամբ իրականացված ծախսերը չեն համապատասխանում միմյանց:
Իրավիճակը կարող է ավելի բարդանալ, երբ շուկայի ուսումնասիրության արդյունքում կատարվի միացման վճարի չափի փոփոխություն, որը կիրառելի չի լինի արդեն իսկ կնքված պայմանագրերի նկատմամբ, և դրանց շրջանակում միացման աշխատանքները ենթակա կլինեն կատարման նախկինում սահմանված վճարներով, թեկուզև աշխատանքների փաստացի կատարման ժամանակ արդեն իսկ հանձնաժողովի կողմից կիրառվում է այլ գնային քաղաքականություն։

2. Կարգավորման նպատակը

Վերը նկարագրված խնդիրներից խուսափելու նպատակով՝ սույն որոշման նախագծով նախատեսվում է միացման վճարների վճարման համար սահմանված 24 ամսվա ժամկետը փոխարինել տանսօրյա ժամկետով:
Միաժամանակ, ի տարբերություն պայմանագրով սահմանված՝ պայմանագրի լուծման այլ հիմքերի, կանխավճարի կամ միացման վճարի չվճարման և վճարումները հետ պահանջելու հիմքերն իրենց բնույթով առանձնահատուկ են, քանի որ տվյալ դեպքում առկա չէ կողմերի իրավախախտ գործողություն․ այդ հիմքերի կիրառումը պայմանավորված է որոշակի իրադարձության հետ՝ տվյալ դեպքում կամ վճարման ժամկետի լրանալու կամ էլ միացման վճարի հետ վերադարձի դիմումի ներկայացման: Հետևաբար, հաշվի առնելով նաև նման դեպքերի մեծ քանակը, աննպատակահարմար է նշված հիմքերով պայմանագրի լուծումը կախման մեջ դնել բաշխողի գործողություններից, ինչից ելնելով էլ նախագծով նախատեսվում է նաև հիշյալ դեպքերում պայմանագիրը համարել լուծված՝ առանց որևէ կողմի լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտության: Հարկ է նշել նաև, որ մատնանշված իրավակարգավորմամբ որևէ կերպ չեն սահմանափակվում սպառողների կամ դիմող անձանց իրավունքները, քանզի վերջիններս, անկախ պայմանագրի լուծման հանգամանքից, ցանկացած պահի իրավասու են նոր պայմանագրի կնքման համար կրկին դիմել բաշխողին։
Հաշվի առնելով նաև, որ համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերի համաձայն՝ հանձնաժողովի կողմից դրանցում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կնքված պայմանագրերը համարվում են փոփոխված ձևին համապատասխան փոփոխված, նախագծով գործող պայմանագրերի շրջանակում դեռևս վճարում չկատարած սպառողների և դիմող անձանց մասով նախատեսվել են անցումային կարգավորումներ։

3. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ միացման հարաբերություններում առավել արդյունավետ կիրականացվեն համապատասխան աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ապրանքների գնման և ֆինանսական միջոցների հատկացման պլանավորումները:
Միևնույն ժամանակ, նոր ժամկետների սահմանման շնորհիվ պայմանագրերի կնքման և աշխատանքների կատարման միջև կբացակայի միջանկյալ երկարատև ժամանակահատվածը, որի արդյունքում պայմանագրով սահմանված միացման վճարը համարժեք կլինի աշխատանքների փաստացի կատարման համար իրականացված ծախսերին:

 

 

 

  • Քննարկվել է

    27.01.2023 - 12.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2790

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Բուրմանյան

30.01.2023

«10 օր»-ի իմպերատիվ լինելը կառաջացնի բազմաթիվ հետևանքային խնդիրներ: Հիշեք, թե 2019-ին «24 ամսվա» ժամկետի հիմնավորումն ինչու եք տվել: Առաջարկում եմ «24 ամսվա» բառերից հետո լրացնել «կամ Կողմերի միջև համաձայնեցված ավելի կարճ ժամկետի» բառերը:

Տեսնել ավելին