Մուշեղ Հովսեփյան
24.11.2017
Հոդված 35-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է ինտերսեքս երեխաների նկատմամբ առանց ազատ և տեղեկացված համաձայնության ցանկացած բժշկական ընթացակարգ կամ միջամտություն»։
5 - Կողմ
22 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 173-րդ կետի և պայմանավորված է ինչպես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության համընդգրկուն բարեփոխումներով, այնպես էլ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (մասնավորապես՝ 37-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 6-րդ կետի) բովանդակությանը և իրավակարգավորումներին համահունչ՝ երեխաների իրավունքները և դրանց իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքները սահմանող, երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված առավել կարևոր և հիմնական հարաբերությունները կարգավորող նոր օրենք ունենալու անհրաժեշտությամբ: «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքը (ՀՕ-59) ընդունվել է դեռևս 1996 թվականի մայիսի 29-ին (ուժի մեջ է մտել 1996 թվականի հունիսի 27-ին): Թեպետև տվյալ ժամանակահատվածում հիշյալ օրենքի ընդունումն էապես կարևոր էր և զգալի նշանակություն ունեցավ անկախ պետականության կայացման առաջին փուլում գտնվող Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրական հիմքերը որակապես նոր մակարդակի հասցնելու համար, հաշվի առնելով «Երեխայի իրավունքների մասին» Միավորված Ազգերի Կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի պահանջները, սակայն մի շարք գործոններով պայմանավորված, ներկայումս առկա է նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն: Մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքի ընդունմանը հաջորդող քսանմեկ տարիների ընթացքում իրավունքի հետագա զարգացումը, իրավակիրառ պրակտիկան, միջազգային առաջավոր փորձը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին մի քանի տարիներին իրականացվող շարունակական բարեփոխումները վերհանում և առավել ցուցանելի են դարձնում այն խնդիրները, որոնք առկա են վերոհիշյալ օրենքում: Թեպետև երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվում են մի շարք պետական մարմիններ, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները, սակայն երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության միասնական համակարգ, որպես այդպիսին, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքով սահմանված չէ, տարանջատված չեն համայնքային, տարածքային և հանրապետական մակարդակներում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավասու մարմինները և նրանց լիազորությունների շրջանակը, ամրագրված չեն երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, առկա չեն երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ստեղծմանը և գործունեությանը վերաբերող համապատասխան դրույթներ (այն դեպքում, երբ այդ մարմնի գործունեության հիմնական նպատակը, ըստ ՀՀ վարչապետի 28.12.2012թ. թիվ 1295-Ն որոշման, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության միասնական պետական քաղաքականության ապահովմանը նպաստելն է), տրված չեն երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առավել հաճախ օգտագործվող հասկացությունների սահմանումները, ինչպիսի պարագայում, այդ հարցերը շատ հաճախ կարգավորվում են առավել ցածր ուժ ունեցող իրավական ակտերով, իսկ որոշակի դեպքերում էլ՝ օրենքում հստակ իրավակարգավորումների բացակայության պայմաններում, այդ իրավական ակտերը բովանդակային առումով չեն փոխլրացնում միմյանց, ուղղված են լինում առավել նեղ շրջանակ ունեցող հարցերի լուծմանը, ունենում են ներքին հակասություններ, ինչն էլ իրավակիրառ պրակտիկայում առաջացնում է տարաբնույթ խնդիրներ: Ավելին, Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքներով փաստացի զբաղվում են տարբեր մարմիններ, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտացած է իր ոլորտում, շատ դեպքերում երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի նկատմամբ դրսևորվում է հատվածական մոտեցում, և այս առումով, խնդիր է երեխայի իրավունքների հանդեպ համալիր մոտեցման բացակայությունը: Բացի այդ, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքը ամբողջությամբ չի արտացոլում «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի պահանջները, մասնավորապես՝ երեխաների ուղղորդման, երեխաների լավագույն շահերի ապահովման, նրանց կարծիքը հաշվի առնելու հնարավորության ապահովման տեսանկյունից: Ի լրումն վերոհիշյալի, 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը՝ սկզբունքային նոր մոտեցումներով, մարդու իրավունքների երաշխավորման և պաշտպանության էապես նոր մակարդակի ամրագրմամբ, «դասական» հիմնական իրավունքների և սոցիալական ոլորտում պետության նպատակների սահմանազատմամբ, հրամայական հանդիսացավ Նախագծի մշակման համար: Թեպետև «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքով սահմանված են երեխայի հիմնական իրավունքները, սակայն այդ իրավունքներից ոչ բոլորն են, որոնք «դասական» առումով համարվում են մարդու հիմնական իրավունքներ (օրինակ՝ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված՝ մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը), դրանց որոշակի մասը ծավալի և բովանդակության առումով չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավակարգավորումներին (oրինակ, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, որը վերնագրված է «Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը», ներառում է ինչպես միավորումների ազատությանը, այնպես էլ հավաքների ազատությանը վերաբերող իրավակարգավորումներ, մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ այդ իրավունքները ծավալի և բովանդակության առումով միմյանցից հստակ տարանջատված են: Նույն օրենքի 22-րդ հոդվածում միավորված են երեխայի պատվի և արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի ու բնակարանի անձեռնմխելիության իրավունքները, մինչդեռ այդ իրավունքները նույնպես, ՀՀ Սահմանադրությամբ տարանջատված են): Հետևաբար, Նախագծի ընդունումը կոչված է սահմանելու երեխաների իրավունքները և դրանց իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բովանդակությանը և իրավակարգավորումներին համահունչ: «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Երեխայի ծննդի պետական գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխով: Դրանով մասնավորապես սահմանված են երեխայի ծննդի պետական գրանցման հիմքերը, ծննդյան մասին գրավոր հայտարարությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմիններ (այսուհետ՝ ՔԿԱԳ մարմին) ներկայացնելու ժամկետները: Ըստ հիշյալ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, այս դրույթը չի վերաբերում գտնված (ընկեցիկ) երեխայի, ինչպես նաև մահացած ծնված կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցմանը, որոնց վերաբերյալ հիշյալ օրենքում առկա են առանձին կարգավորումներ: Մինչդեռ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի 7-րդ հոդվածով սահմանված է, որ երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո: Այս առումով իրենց դիրքորոշումն են հայտնել ինչպես ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն, այնպես էլ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), որոնք համապատասխանաբար ընդգծել են երեխայի ծնվելուց անմիջապես հետո նրա ծննդի գրանցման փաստի կարևորությունը և մատնանշել այն հանգամանքը, որ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի 7-րդ հոդվածով սահմանված պահանջը վերաբերում է մի քանի օրվա ընթացքում գրանցում կատարելուն և չի կարող գնահատվել որպես մի քանի ամսում կատարվող գործողություն: |
2. |
Առաջարկվող կարգավորման բնույթը |
|
Նախագիծը ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով որոշակիորեն տարբերվում է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքից: Նախևառաջ, ելակետային են համարվել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ որդեգրված այն մոտեցումները և իրավակարգավորումները, որոնց առիթ ունեցանք հակիրճ կերպով անդրադառնալ սույն հիմնավորման «Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը» մասում: Բացի այդ, կարևորվել է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայով սահմանված պահանջներին Նախագծի համապատասխանեցման անհրաժեշտությունը, հաշվի են առնվել իրավակիրառ պրակտիկան, ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծմանը միտված այն տեսլականները, որոնք ընկած են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության բարեփոխումների ակունքներում, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող որոշ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջները, որոնք արդյունավետ են իրավակարգավորման և կիրառման տեսանկյունից: Նախ, Նախագծում ամրագրվել են օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները (այդ թվում՝ այնպիսիք, որոնք մինչ այդ չեն ունեցել իրենց իրավական բնորոշումը), երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը՝ իր հիմնական բաղադրիչներով հանդերձ, սահմանվել են երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, սկզբունքները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները: Ընդ որում, հստակ մատնանշվել են նաև համայնքային, տարածքային և հանրապետական մակարդակներում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեությունն ապահովող մարմինները (երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի պատասխանատու մարմինները), Նախագծի կարգավորման տիրույթում են ներառվել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ձևավորման, դրա խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված մի շարք հարցեր (գլուխ II), որոնք գործող օրենսդրությամբ, կարգավորվում են ենթաօրենսդրական ակտով: Նախագծով, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համալիր և տարեկան ծրագրերը նախանշվել են որպես այն հիմնական փաստաթղթեր, որոնց համաձայն, պետք է իրականացվի երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում համակարգված և նպատակային պետական քաղաքականությունը՝ ինչպես երկարաժամկետ (առնվազն հինգ տարվա), այնպես էլ կարճաժամկետ (բյուջետային տարվա) կտրվածքով: ՀՀ Սահմանադրության II գլխով և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 20.11.1989թ. կոնվենցիայով ամրագրված մի շարք իրավունքներ (այդ թվում՝ այնպիսիք, որոնք գործող օրենքով նախատեսված չեն) արտացոլվել են Նախագծի III գլխում, որը ներառում է երեխայի հիմնական իրավունքները և ազատությունները, դրանց իրականացման երաշխիքները: Դրանց թվին են դասվում նաև այն սոցիալական իրավունքները, որոնք սահմանադրական իրավունքի դոկտրինում պատմականորեն զարգացել են որպես «դասական» հիմնական իրավունքներ և ներառված են ՀՀ Սահմանադրության II գլխում, օրինակ՝ կրթության իրավունքը, աշխատանքի ընտրության ազատությունը: Ընդ որում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 37-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին և 2-րդ մասերով ամրագրված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու երեխայի իրավունքը և երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերն առաջնահերթ ուշադրության արժանանալու հանգամանքը (որոնք, ինչպես արդեն նշվեց վերը, բովանդակային առումով արտացոլված են նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայում), ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայում արտացոլված՝ երեխայի ուղղորդման մասին համապատասխան դրույթները, Նախագծի III գլխում, առանձին հոդվածներով, սահմանվել են նաև սեփական կարծիքն ազատ արտահայտելու երեխայի ազատությանը, երեխայի լավագույն շահերի ապահովմանը և երեխայի ուղղորդմանը վերաբերող համապատասխան նորմեր, որոնք առկա չեն գործող օրենքում: Նախագծով սահմանվել են սոցիալական, տնտեսական, մշակութային ոլորտներում երեխայի իրավունքները (IV գլուխ), ինչպես նաև նախատեսվել է առանձին գլուխ (V գլուխ), որը վերաբերում է երեխայի՝ ընտանիքի և հասարակության հետ փոխհարաբերություններին, սոցիալական միջավայրի բացասական ազդեցությունից երեխայի պաշտպանությանը: Հարկ ենք համարում նշել, որ ընդհանուր առմամբ, Նախագծով որոշակիորեն առանձնացվում են պետություն-երեխա, հասարակություն-երեխա և ընտանիք-երեխա հարաբերությունները, նախանշվում է իրավահարաբերությունների այդ սուբյեկտների միջև փոխադարձ իրավունքների և պարտականությունների շրջանակը: Նախագծով ամրագրվել են համապատասխան նորմեր, որոնք կարգավորում են 16 տարին չլրացած երեխայի՝ ժամը 00.00-ից մինչև ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում, հասարակական վայրերում գտնվելու հետ կապված հարաբերությունները, հաշվի առնելով որոշ երկրների, այդ թվում՝ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունների օրենսդրական կարգավորումները: Նախագծի VI գլխով կարգավորվում են անբարենպաստ պայմաններում և ծայրահեղ իրավիճակներում գտնվող երեխայի իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, ընդ որում, ի տարբերություն գործող օրենքի, վերոհիշյալ գլխում ամրագրված են ոչ միայն փախստական երեխայի, այլև ապաստան հայցող երեխայի պաշտպանության երաշխիքները: Նախագծում, առանձնակի ուշադրության են արժանի նաև երեխաների իրավունքների պաշտպանության միասնական տեղեկատվական շտեմարանին վերաբերող դրույթները (գլուխ VII): Դրանք հանդիսանում են այն անհրաժեշտ գործիքակազմի իրավական հենքը, որը թույլ կտա գործնականում էապես բարելավել երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեությունը, երեխայի իրավունքների հետ առնչություն ունեցող տարբեր մարմինների կողմից շահագործվող համապատասխան տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող ծրագրային գործիքների ներդրմամբ՝ միասնական տեղեկատվական շտեմարանում ներառել այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են նախանշված նպատակների իրականացման համար: Նախագծով որոշակիորեն փոփոխվել է նաև երեխայի ծննդի պետական գրանցմանը վերաբերող իրավակարգավորումը: Ի տարբերություն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքի, Նախագծի 20-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է յուրաքանչյուր երեխայի՝ ծննդյան պահից անմիջապես հետո ծննդի պետական գրանցման իրավունքը, միաժամանակ մատնանշվել է այն հանգամանքը, որ երեխայի ծննդյան փաստը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից գրանցվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ըստ էության, Նախագծով տարանջատվել են ծննդի պետական գրանցման իրավունքը, որը ծագում է երեխայի ծնվելուց անմիջապես հետո և այդ իրավունքի իրականացման ընթացակարգը, որը սահմանվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով: Այդ իրավունքի իրականացումը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու նկատառումներից ելնելով էլ, համապատասխան փոփոխություն է կատարվել նաև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝ երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարություն ներկայացնելու մեկամյա ժամկետը փոխարինվել է մեկ ամսյա ժամկետով:
|
3. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից: |
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կներդրվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին ու նորմերին համապատասխան՝ երեխայի իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմներ: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի գործունեության, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորման համար անհրաժեշտ իրավական և կազմակերպական հիմքերը, կհստակեցվի երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչները հանդիսացող սուբյեկտների լիազորությունների շրջանակը, կսահմանվեն երեխաների իրավունքների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքները, ինչը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, հնարավորություն կընձեռի նոր գործիքակազմի ներդրմամբ էապես բարելավել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում արդի իրավիճակը: |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Երեխայի իրավունքների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երեխայի իրավունքների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Քննարկվել է
07.11.2017 - 24.11.2017
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
07.11.2017 15:14
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 19654
Տպել24.11.2017
Հոդված 35-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է ինտերսեքս երեխաների նկատմամբ առանց ազատ և տեղեկացված համաձայնության ցանկացած բժշկական ընթացակարգ կամ միջամտություն»։
24.11.2017
Հոդված 55-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է հոգեբանասոցիալական հաշմանդամություն ունեցող երեխաների հարկադիր ինստիտուցիոնալացումը և բուժումը, այդ թվում՝ ոչ կոնսենսուսային հոգեբուժությունը:»։
24.11.2017
Հոդված 55-ից հանել երկրորդ մասը։ Հարկադիր բուժումն արգելվում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 1-ը և Հայաստանի նախնական զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումները, պարբերություն 23։