Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ստարտափ (start-up) ընկերությունների կամ այլ ընկերությունների ֆինանսավորումը դրանց զարգացման սաղմնային և մինչսաղմնային (pre-seed և seed) փուլերում: Այն հատկապես լայնորեն կիրառվում է բիզնես-հրեշտակների կողմից նախնական փուլում ներդրումների կատարման համար, հանդիսանում է բիզնես-հրեշտակների համար ճանաչելի և վստահելի գործիք:

ՍԵՅՖ (SAFE) պայմանագրերը ի սկզբանե մշակվել են Y Combinator ստարտափ աքսելերատորի կողմից, որից հետո փոխառվել են բազմաթիվ երկրներում: ՍԵՅՖ (SAFE) պայմանագրերը այսպիսով վերածվել է ստարտափ ինդուստրիայում և այդ ինդուստրիայի ընկերություններում սաղմնային փուլում ներդրումներ կատարողների համար հասկանալի, կանխատեսելի և ճանաչելի գործիքի, որի միջոցով ձևակերպվում են ներդրումները:

Իրավական առումով ՍԵՅՖ (SAFE) պայմանագիրը համաձայնություն է, որի շրջանակներում ներդրողը զարգացման նախնական փուլում գտնվող ընկերությունում ներդնում է դրամական միջոցներ, որպես կանոն համամետաբար ոչ մեծ ծավալի, պայմանով, որ եթե ընկերությունը հասնի հաջողության (ներգրավի շատ ավելի մեծ ներդրումներ, ձեռք բերվի ավելի խոշոր ընկերության կողմից և այլ) ներդրողը կստանա իր ներդրման դիմաց որոշակի քանակի բաժնետոմսեր: Այն դեպքում, եթե ընկերությունը չհաջողի (սնանկության կամ լուծարման գործընթացում հայտնվի և այլն) ներդրման գումարը ենթակա կլինի վերադարձման:

Ոլորտի մասնակիցների հետ քննարկումները ցույց են տալիս, որ նման բովանդակությամբ պայմանագրերը` այլ մեխանիզմներով (փոխառություն, բաժնետիրական համաձայնագիր, հետաձգված կատարմամբ բաժնետոմսերի վաճառքև այլն) ևս լայնորեն կիրառվում են ՀՀ-ում: Այնուամենայնիվ դրանք անհարմարություն են ստեղծում թե' ներդրողների (հատկապես բիզնես-հրեշտակների), թե' ներդրում ներգրավվող ընկերությունների համար, քանի որ հիմնվում են համեմատաբար բարդ և ներդրողին անհայտ իրավական գործիքների կիրառման վրա, որոնք պահանջում են զգալի ծախսեր:

ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի հարմարությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս խուսափել թե' պարտքի (մասնավորապես փոխարկելի պարտատոմսի), թե' բաժնետոմսի բացասական կողմերից` յուրացնելով երկուսի դրական կողմերը: Մասնավորապես` ի տարբերություն պարտատոմսի, ՍԵՅՖ պայմանագիրը չունի ժամկետ և որպես կանոն չի առաջացնում տոկոսների վճարման անհրաժեշտություն: Միաժամանակ ի տարբերություն բաժնետոմսերի ուղղակի վաճառքի դեպքերի, ներդրողը անմիջապես ձեռք չի բերում կառավարմանը մասնակցելու և շահութաբաժին ստանալու և այլ իրավունքներ, իսկ սնանկության դեպքում չի հայտնվում այլ բաժնետերերի հետ հավասար պայմաններում, այլ ստանում է ավելի բարձր առաջնահերթություն:

Գործնական առումով ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի գլխավոր առավելությունն, այնուամենայնիվ, դրա ճանաչելիությունն է ներդրողների համար:

Սկսնակ ընկերություններում ներդրումներ ներգրավվող Հայաստայան կազմակերպությունների (Ֆորմուլա ՎիՍԻ, Business Angel Network of Armenia (BANA), FAST հիմնադրամ և այլն), ՀՀ ընկերություններում ներդրումներ կատարող օտարերկրյա և տեղական ֆոնդերի և անհատ ներդրողների հետ քննարկումները ցույց են տալիս, որ հաճախ ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի բացակայության պատճառով ներդրողներն անմիջապես կորցնում են  հետաքրքրությունը ՀՀ սկսնակ ընկերությունում ներդրում կատարելու, քանի որ այլ գործիքների մասով իրավական և տնտեսական հիմնավորվածության ուսումնասիրությունը կարող է պահանջել հնարավոր ներդրման զգալի չափով տրանզակցիոն ծախս, ինչը ներդրողներին ուղղում է դեպի այլ երկրների  ընկերություններ` ՀՀ-ում գրանցվածների փոխարեն:

Այս առումով ՍԵՅՖ (SAFE) պայմանագիրը հանդիսանում է նաև կարևոր գործիք Սփյուռքից փոքր ձեռնարկություններում ներդրումների ներգրավման համար` հատկապես հաշվի առնելով ներդրումային քրաուդֆանդինգի հնարավորությունների լիակատար իրացվելիության հնարավորությունը և պոտենցիալը:

ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի ճանաչելիությունը և դյուրինությունը, ինչպես նաև դրա վերը նշված այլ առավելությունները հնարավորություն կստեղծեն քրաուդֆանդինգային պլատֆորմների միջոցով ներդրումներ կատարել ցանկացող և ներդրումներ ներգրավող կազմակերևպությունների համար` ծառայելով որպես ներդրումների գործիք:

 

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ելնելով վերոգրյալից` Նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի միջոցով ՀՀ ընկերություններում ներդրումների ներգրավման համար:

3ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերություններում (ստարտափ) օտարերկրյա ներդրումներ կատարելու համար պարզ և հասկանալի գործիք: Այդ գործիքի իրավական կարգավորումը կնպաստի ներդրումներև ներդրողներ ներգրավմանը, զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերությունների միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը:

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

Նախագծի ընդունումը ապահովում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27–ի №1443-Լ որոշման Հավելված №2–ի 1.4.2 կետի (Անհրաժեշտության դեպքում մշակել ներդրումնային ֆոնդերի և բիզնես-հրեշտակների կայացմանը նպաստող օրենսդրական բարեփոխումների փաթեթ) դրույթների կատարումը։

 

  • Քննարկվել է

    21.11.2022 - 06.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4746

Տպել