Լրամշակման փուլում է
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
-
8 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 38.2-րդ հոդվածով` հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 38.2. ՍԵՅՖ (SAFE) պայմանագիրը
- ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրով մի կողմը՝ ներդրողը պարտավորվում է Ընկերության կապիտալում ներդնել դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել և մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի և դասի բաժնետոմսեր:
- ՍԵՅՖ պայմանագրի կնքման դեպքում ներդրողը` պայմանագրի կնքմանը հաջորդող երեսուն օրվա ընթացքում որպես Ընկերության կապիտալում ներդրում Ընկերությանը փոխանցում է պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, որոնք ստացման պահից հանդիսանում են Ընկերության սեփականությունը, սակայն Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխան չափով տեղի է ունենում միայն պայմանագրով սահմանված կարգով Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում: ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:
- ՍԵՅՖ պայմանագրով սահմանված` Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման պայմանները վրա հասնելու դեպքում ՍԵՅՖ պայմանագրով սահմանված բաժնետոմսերը համարվում են օրենքի ուժով թողարկված և ներդրողի օգտին տեղաբաշխված:
- ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:
- ՍԵՅՖ պայմանագրով կարող են նաև սահմանվել պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված դրամական միջոցները ենթակա են ներդրողին վերադարձման, ինչի դեպքում Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում և լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում տեղի չի ունենում: ՍԵՅՖ պայմանագրով կարող է նաև սահմանվել, որ ներդրված դրամական միջոցների վերադարձման դեպքում Ընկերությունը պարտավոր է ներդրողին վճարել դրանց նկատմամաբ տոկոսներ:
- ՍԵՅՖ պայմանագրով կարող է սահմանվել, որ այլ ներդրողների ներգրավման դեպքում ՍԵՅՖ պայմանագրի որոշակի պայմաններ փոփոխվում են` ՍԵՅՖ պայմանագրով սահմանված կարգով:»
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա տեղաբաշխում է բաժնետոմսեր:»:
Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «25.1)» կետով` հետևյալ բովանդակությամբ.
«25.1) ՍԵՅՖ պայմանագրի կնքման մասին որոշման ընդունումը.»:
Հոդված 4. Օրենքի 68-րդ հոդվածը լրացնել նոր «4.1)» մասով` հետևյալ բովանդակությամբ.
«4.1. Սույն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 25.1-ին կետով սահմանված հարցով որոշումներն ընդունում է ժողովը` Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ:»
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
21.11.2022 - 06.12.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4747
Տպել