Լրամշակման փուլում է
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ (10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
-
3 - Կողմ
-
4 - Դեմ
Նախագիծ
--------------------
Արձանագրային
ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ (10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ`
- Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի ներդրման փորձնական ծրագրին ՝ համաձայն Հավելվածի:
- ՀՀ կրթության և գիտության նախարարին`
Փորձնական փուլի ներդրումից 1 տարի հետո ամփոփել փորձնական փուլի արդյունքները և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:
Հավելված
ՀՀ կառավարության 201 թ.
--------ի նիստի N
արձանագրային որոշման
«ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆՈՒՄ (10-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Ամփոփ համառոտագիրը
Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային համակարգի փորձնական ծրագիրը ներառում է ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման նպատակները, ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները, ակնկալվող արդյունքը: Ավագ դպրոցը, հանդիսանալով հանրակրթության վերջին՝ երրորդ աստիճանը, համարվում է նախամասնագիտական կրթություն ապահովող հիմնական օղակը, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը: Այն կրթության ընդհանուր համակարգի բաղադրիչ մաս է` կոչված ապահովելու ինքնուրույն կյանքի համար շրջանավարտի պատրաստվածությունը` միաժամանակ հանդիսանալով միջանկյալ օղակ` հանրակրթական և մասնագիտական կրթության միջև:
Հանրակրթական հիմնական կրթությունից հետո ավագ դպրոցը պետք է ապահովի կրթությունը շարունակելու բազմազան հնարավորություններ` կախված սովորողների մասնագիտական կողմնորոշվածության, նրանց հակումների, ընդունակությունների և կարողությունների մակարդակից:
- Ներածություն
Ավագ դպրոցներում լրացուցիչ առարկաների դասավանդումը նպատակաուղղված է ինչպես սովորողների ընդհանուր ճանաչողական և կրթական պահանջմունքների բավարարմանը, այնպես էլ` հետագա մասնագիտական կրթությանը առավել լավ նախապատրաստելուն: Մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվող ընդհանուր մասնագիտական առանձին դասընթացներ (դրանց առանձին մասեր) կարող են դասավանդվել ավագ դպրոցում` որպես լրացուցիչ առարկաներ: Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի ներդրումով կարող են նախատեսվել այնպիսի մեխանիզմներ, որ այդ առարկաների ուսումնառության արդյունքը (հավաքած կրեդիտները) ճանաչվի մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից:
Ավագ դպրոցի հիմնախնդիրների լուծմանը կարող է նպաստել կրեդիտային համակարգը:
- Նախապատմություն
Հայաստանի Հանրապետության կրթության ամբողջ համակարգը գտնվում է բարեփոխումների փուլում: Վերջին տասնամյակում ընդունվել են օրենքներ կրթության բոլոր մակարդակների համար, նորացվել և արդիականացվել է ամբողջ կրթական համակարգի ենթաօրենսդրական դաշտը: Արդյունավետ կերպով ընթանում է հանրապետության մասնագիտական կրթական համակարգը եվրոպական կրթական միասնական տարածքում ներգրավվելու գործընթացը: Այն իրականացվում է նաև հանրակրթության ոլորտում:
Հանրապետության կրթական համակարգում կրեդիտային համակարգը ներդրվել է 2007 թվականից՝ նախ` բարձրագույն կրթության ոլորտում, իսկ 2014-2015 ուսումնական տարվանից՝ նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգում:
- Խնդիրներ և նպատակները
Ավագ դպրոցներում դեռևս արդյունավետ կերպով չի իրականացվում լրացուցիչ առարկաների դասավանդումը, որոնք նպատակաուղղված են ինչպես սովորողների ընդհանուր ճանաչողական և կրթական պահանջմունքների բավարարմանը, այնպես էլ` հետագա մասնագիտական կրթությանը առավել լավ նախապատրաստելուն: Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների գնահատման մեխանիզմներն առկա փուլում հստակ չեն արտացոլում կրթության որակի և արդյունավետության վրա ներազդող գործոնները:
Ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման նպատակներն են.
- առավել դյուրին դարձնել սովորողների շարժունությունը և անցումը հանրակրթությունից մասնագիտական կրթություն,
- միասնականացնել ավագ դպրոցում և մասնագիտական կրթական համակարգում ուսումնական գործընթացի կազմակերպումը,
- հանրակրթությունը համապատասխանեցնել զարգացման միջազգային չափանիշներին,
- նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը:
Միջազգային փորձի ուսումնասիրմամբ պարզվել է, որ կրեդիտային համակարգն առաջին անգամ ներդրվել է ԱՄՆ-ում 1870-ական թվականներին, որը հայտնի է նաև Կառնեգիի միավոր (Carnegie Unit) անվամբ: 19-րդ դարի վերջերին ԱՄՆ-ի կրթականան համակարգը անկում էր ապրում, քանի որ շարունակում էին գործել հին ուսումնական ծրագրերը և ուսումանական հաստատությունները կառավարվում էին սոցիալական խմբերի կողմից և հետևաբար տարանջատված էին և համակարգված զանազան լոկալ սովորույթներով, որը այլևս ոչ մի կապ չուներ արդյունաբերական ԱՄՆ-ի հետ: Տարբերակված էին անցկացվում նաև քննությունները, ինչը ստեղծում էր անվստահություն, գիտելիքների և կարողությունների անհավասարություն: Այդ իսկ պատճառով էլ ստեղցվեց կրեդիտային համակարգը, որպեսզի վերջնականապես ստանդարտացնի կրթական համակարգը և հեշտացնի ավագ դպրոց- համալսարան անցումը, ինչպես նաև ԱՄՆ-ի տարբեր նահանգներում մեկ ուսումնական հաստատությունից մյուսը տեղափոխվելու համար:
Եվրոպական շատ երկրներում, որպես կրեդիտային համակարգ օգտագործվում է Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը՝ European Credit Transfer and Accumulation System (ECTS), որը չափանիշ է համեմատելու բարձրագույն հաստատությունների ուսանողների ունակություննները և հնարավորություն է տալիս տեղաշարժվել ամբողջ Եվրոպայի տարածքում և տվյալ համակարգի մասնակից երկրներում: Հաջողությամբ առարկան անցնելու դեպքում՝ ձեռք է բերվում ECTS կրեդիտը:
Որոշ Եվրոպական երկրներում օգտագործվում է որպես ուսումնական համակարգ, իսկ որոշներում՝ միայն տեղափոխության համակարգ:
Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը (ECTS 2011 թվականին օրենքով ներդրվել է Լիտվայի կրթական համակարգում: Կրթական ծրագիրը չափվում են ECTS կրեդիտով , որը հիմնված է սովորողի ծանրաբեռնվածության(credit) վրա, որպեսզի հասնի անհրաժեշտ ակնկալվող ուսումնառության արդյունքներին (grade, վարկանիշ):
2004 թվականի դեկտեմբերի 14–ին Հոլանդիայում 32 երկրնեի միջև կնքվել է համաձայնագիր, որով European Credit Transfer and Accumulation System (ECTS)–ը ECVET համակարգի ամբողջական մասն է կազմելու , որն իրենից ներկայացնում է մասնագիտական ուսուցման կրեդիտների տեղափոխման համակարգ:
Կանադայում կրեդիտային համակարգը համապատասխանում է ԱՄՆ-ի կրեդիտային համակարգին :
Կանադայի յուրաքանչյուր միջնակարգ կրթություն ավարտողներին տրամադրվում է վկայական՝ Ontario Secondary School Diploma, որը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել համապատասխան կրեդիտներ:
- Առաջարկվող մոդելը
Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում կրեդիտային (չափանիշային) համակարգը հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել որպես ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ:
- Ներդրման փուլերը՝
1) I (փորձնական) փուլ - 3 տարի` 2018-2019 ուսումնական տարվանից սկսած: Փորձնական փուլում կընդգրկվեն Ճարտարապեության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը, Երևանի պետական բժշկական համալսարանի <<Հերացի>> ավագ դպրոցը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցը: Եթե ավագ դպրոցի սովորողն ընդունվի տվյալ բուհը՝ հնարավորություն կունենա իր հայեցողությամբ և գործող մոդելին համապատասխան՝ ազատվելու որոշ հանրակրթական առարկաների ուսումնասիրությունից:
2) II փուլ - 2021-2022 ուստարուց սկսած: Երկրորդ փուլը կներառի ՀՀ պետական մյուս բուհերի կազմում գործող ավագ դպրոցները և ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության առանձին գործող բոլոր ավագ դպրոցները:
3) III փուլ` 2022-2023 ուստարուց սկսած: Երրորդ փուլը կներառի ՀՀ միջնակարգ կրթության 3-րդ աստիճանի կրթական ծրագիր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները:
4) II և III փուլերը կիրականացվեն I փուլի արդյունքների վերլուծության հիման վրա՝ լրամշակված ծրագրով:
- Օգտագործվող հիմնական սահմանումները և դրույթները
1) Կարողություն - գիտելիքի, ընկալման, ունակությունների և հմտությունների դինամիկ համակցություն, որի ձևավորումն ու կիրառումը կրթական ծրագրի հիմնական նպատակն է:
2) Կրթական արդյունք - այն, ինչ պետք է գիտենա և (կամ) կարողանա անել սովորողը ուսումնառության ավարտին: Կրթական արդյունքը զուգակցվում է համապատասխան գնահատման չափանիշով, որը հնարավորություն է տալիս դատել չափորոշչով և (կամ) ծրագրերով սահմանված կրթական արդյունքի ձեռքբերման մասին: Կրթական արդյունքը և գնահատման չափանիշը միասին սահմանում են կրեդիտի շնորհման պահանջները:
3) Կրթական (ուսումնական) մոդուլ (դասընթաց) - ուսումնական ծրագրի համեմատաբար ինքնուրույն մաս, որի համար կրեդիտ է տրվում: Կրթական մոդուլի ուսուցման տևողությունը 1 ուսումնական տարի (կիսամյակ) է` դրանով սահմանված կրթական արդյունքների պարտադիր գնահատմամբ: Կրթական մոդուլին հատկացված կրեդիտները շնորհվում են ամբողջությամբ, այլ ոչ թե առանձին մասերով:
4) Կրեդիտ - դասընթացը (կրթական մոդուլը) ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածքի չափման պայմանական միավոր, որը տրվում է սովորողին նախանշված կրթական արդյունքների դրական գնահատումից հետո:
- 3. Կրեդիտի հատկանիշներ.
- կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածքը ներառում է սովորողի դասարանային, արտադասարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր ուսումնական աշխատանքները` մասնակցությունը դասերին, այդ թվում՝ գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին, ավարտական աշխատանքների կատարումը, քննություններին նախապատրաստվելը, հանձնելը և այլն,
- կրեդիտը չափում է միայն սովորողի ուսումնական բեռնվածքը և չի գնահատում դասընթացի կամ կրթական մոդուլի բարդության աստիճանը կամ սովորողի կողմից դրա յուրացման որակը (գնահատականը),
- կրեդիտը սովորողին տրվում է միայն կրթական դասընթացով (մոդուլով) սահմանված կրթական արդյունքի գնահատման շեմային չափանիշները բավարարելուց հետո,
- կրեդիտը չի չափում ուսուցչի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է սովորողի ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը,
- կրեդիտը չի փոխարինում սովորողի թվանշաններով գնահատմանը, իսկ սովորողի վաստակած կրեդիտների քանակը չի որոշվում նրա ստացած թվանշաններով:
- Կրեդիտային համակարգը ուսումնական գործընթացի կազմակերպման, կրեդիտների միջոցով ուսումնառության արդյունքների հաշվառման (արժևորման), կուտակման և փոխանցման համակարգ է:
- 5. Կրեդիտային համակարգի հատկանիշներ.
- կրեդիտներ հատկացվում են հանրակրթական ծրագրի (հիմնական և լրացուցիչ)` գնահատման ենթակա բոլոր բաղկացուցիչներին` դասընթացներին, կրթական մոդուլներին, գործնական, ինքնուրույն և ավարտական աշխատանքներին, գիտելիքների գնահատման գործընթացին և այլն,
- կիսամյակը, ուսումնական տարին կամ ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար սովորողը պետք է ձեռք բերի հանրակրթական ծրագրին համապատասխան սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը:
- Կրեդիտային համակարգի հիմնական նորմերը ավագ դպրոցում.
Տարեկան աշխատածավալը և ուսումնական բեռնվածությունը
Սովորողի տարեկան ուսումնական բեռնվածությունը սահմանվում է.
- 10-րդ դասարանում՝ 1500 ժամ (2000 ակադեմիական ժամ), որը համարժեք է 50 կրեդիտի,
- 11-րդ դասարանում՝ 1500 ժամ (2000 ակադեմիական ժամ), որը համարժեք է 50 կրեդիտի,
- 12-րդ դասարանում՝ 1500 ժամ (2000 ակադեմիական ժամ), որը համարժեք է 50 կրեդիտի:
- 1 կրեդիտը համարժեք է սովորողի 30 ժամ (40 ակադեմիական ժամ) լրիվ (դասարանային, արտադասարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը:
- Ուսումնական տարվա տևողությունը 37 (10-11-րդ դասարաններ) կամ 38 (12-րդ դասարան) շաբաթ է: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակներով:
- Սովորողի շաբաթական ուսումնական լրիվ բեռնվածության առավելագույն չափը 40 ժամ (50 ակադեմիական ժամ) է:
- Կրեդիտների հատկացումը
- Հանրակրթական ծրագրի առանձին մոդուլներին կրեդիտների հատկացումը հիմնվում է դասընթացով (մոդուլով) սահմանված կրթական արդյունքին հասնելու համար միջին ունակություններ ունեցող սովորողից պահանջվող աշխատաժամանակի (լրիվ ուսումնական բեռնվածության) իրատեսական կանխատեսման վրա:
- Սովորողի կողմից ծրագրի առանձին բաղկացուցիչների և ընդհանուր կրթական արդյունքների ձեռքբերումը հաստատվում է կիսամյակային, տարեկան գնահատականների ու ծրագրի ավարտից հետո կազմակերպվող փոխադրական և ավարտական (պետական) քննությունների (ստուգարքի) կամ ավարտական աշխատանքի կատարման միջոցով:
- Սովորողի ուսումնառության արտաքին գնահատման միջոցով:
- Գնահատումները կարող են կատարվել ինչպես թվային՝ տարբերակված գնահատականներով, այնպես էլ ստուգարքի հանձնմամբ (ոչ տարբերակված գնահատականներով):
- Սովորողների կրթական վերջնարդյունքների գնահատման համակարգը պետք է հիմնված լինի գնահատման հրապարակված չափանիշների և տեսակների վրա:
- Ակադեմիական տեղեկագիրը: Սովորողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները
- Ակադեմիական տեղեկագիրը վավերագրում է սովորողի ուսումնական գործունեությունը և առաջադիմությունը ուսման առանձին կամ ողջ շրջանի ընթացքում` ուսումնասիրած դասընթացների, կրթական մոդուլների, շնորհված կրեդիտների և ստացած գնահատականների գրանցման միջոցով: Այն արտացոլում է սովորողի կատարած ուսումնական աշխատանքի ծավալը և կրթական ձեռքբերումների որակը:
- Դպրոցը յուրաքանչյուր սովորողի համար՝ նրա ավագ դպրոց ընդունման պահից սկսած վարում է ակադեմիական տեղեկագիր, որտեղ յուրաքանչյուր կիսամյակի (ուսումնական տարվա) ավարտից հետո գրանցվում են սովորողի ձեռք բերած կրեդիտները և գնահատականներն ըստ դասընթացների, կրթական մոդուլների և կիսամյակների (ուսումնական տարվա):
- Սովորողի ակադեմիական տեղեկագրում գրանցված կրեդիտները ուժի մեջ են նրա ուսումնառության ողջ շրջանում` անկախ ուսումնական ծրագրի և (կամ) ուսումնական հաստատության հետագա հնարավոր փոփոխություններից:
- Սովորողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական տեղեկագրում կիսամյակային (տարեկան) արդյունքներից հետո նշվում են տվյալ կիսամյակի և մինչև ուսման տվյալ ժամանակաhատվածը սովորողի առաջադիմությունը ամբողջացնող ամփոփիչ տվյալները, որոնք ներառում են հետևյալ 4 քանակական ցուցանիշները`
ա.գումարային կրեդիտների քանակը,
բ. գնահատված կրեդիտների քանակը,
գ. վարկանիշային միավորները,
դ. միջին որակական գնահատականը:
- Գումարային կրեդիտները կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով սովորողի ձեռք բերած կրեդիտների գումարն է:
- Գնահատված կրեդիտները գումարային կրեդիտների այն մասն է, որը գնահատված է տարբերակված (միավորային) գնահատականներով:
- Վարկանիշային միավորը բոլոր գնահատված կրեդիտների և դրանց համապատասխանող գնահատականների արտադրյալների գումարն է: Վարկանիշային միավորը օգտագործվում է միևնույն ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ունեցող սովորողների առաջադիմությունը համեմատելու համար:
- Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) գնահատականների կրեդիտներով կշռված միջինն է, որը հաշվարկվում է վարկանիշային միավորը գնահատված կրեդիտների քանակի վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է 1/100-ի ճշտությամբ): Միջին որակական գնահատականը օգտագործվում է սովորողի առաջադիմության չափման համար: Սովորողների միջին որակական գնահատականների համարժեքությունն ապահովելու նպատակով՝ կիսամյակային աշխատանքի միավորային գնահատումը բոլոր ավագ դպրոցներում կատարվում է միաժամանակ՝ նույն պահանջներով ու թեստերով:
- Հաշվարկվում են կիսամյակային, տարեկան և ամփոփիչ վարկանիշային միավորներ և ՄՈԳ-եր:
- Դպրոցը պարտավոր է սահմանված կարգով սովորողին տրամադրել նրա ակադեմիական տեղեկագիրը:
- 9. Կրեդիտների փոխանցումը
- Կրեդիտները մեկ ուսումնական հաստատությունից մյուսը փոխանցելի են: Փոխանցումը կատարվում է սովորողի դիմումի հիման վրա` երկու ուսումնական հաստատությունների համաձայնությամբ:
- Կրեդիտները փոխանցելի են կրթական ծրագրերի միջև, եթե՝
ա. դրանց բովանդակությունը միանման են,
բ. կան բովանդակային ոչ էական տարբերություններ,
գ. առկա են բովանդակային տարբերություններ, սակայն վերջնական կրթական արդյունքները համարժեք են:
- Կրեդիտների հաշվարկները` ըստ ակադեմիական և աստղաբաշխական ժամաքանակների
Կից 1-11 աղյուսակներով ներկայացված են սովորողների ուսումնական գործունեության կրեդիտների հաշվարկման տարբերակներ/նաև պարզաբանումներ/՝ ըստ ավագ դպրոցի ընդհանուր և խորացված ուսուցմամբ հոսքերի:
- Կրեդիտային համակարգի ներդրման ակնկալվող արդյունքները
Ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրումը կարող է նպաստել՝
- հանրակրթությունից մասնագիտական կրթություն ավելի սահուն անցմանը և մասնագիտական կողմնորոշման կատարելագործմանը,
- ավագ դպրոցում և մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման միասնականացմանը և սովորողների շարժունությանը,
- սովորողների հնարավորությունների ընդլայնմանը՝ ստանալու իրենց հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրություններին համապատասխան նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն,
- հանրակրթության որակի շարունակական բարելավմանը, միջազգային չափանիշներին համապատասխանությանը, ինչպես նաև միջազգային կրթական համակարգին ներառմանը,
- տարբեր ուսումնական հաստատություններում գնահատման համարժեքության աստիճանի բարձրացմանը,
- որակավորումների փոխճանաչմանը,
- ավագ դպրոցում ստեղծագործական աշխատանքի, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման հմտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացմանը,
- սովորողի անձի զարգացմանը առավել նպաստող կրթական միջավայրի բարելավմանը,
- հանրակրթությունից մասնագիտական կրթության անցման համակարգի կատարելագործմանը,
- սովորողների հաճախումների բարելավմանը:
VII . Ֆինանսական գնահատականը
«Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման փորձնական ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական փոփոխություն չի առաջանա:
Սովորողների ուսումնական գործունեության կրեդիտների աղյուսակների պարզաբանումներ
- 1 (մեկ) կրեդիտը համարժեք է 40 ակադեմիական ժամի, ինչը հավասար է 30 աստղաբաշխական ժամի: Մեկ կրեդիտը իր մեջ ներառում է ուսումնական պարապմունքներին, գործնական աշխատանքներին և ուսումնական նախագծերի իրականացմանը հատկացված, ինչպես նաև սովորողի ինքնուրույն աշխատանքի, այդ թվում՝ դասապատրաստման համար նախատեսված ժամաքանակը:
- Ավագ դպրոցի առարկաների ուսուցումը ընդհանուր հոսքում իրականացվում է համապատասխան առարկաների՝ ընդհանուր հոսքի համար նախատեսված ծրագրերով, իսկ հումանիտար և բնագիտամաթեմատեմատիկան հոսքերում՝ համապատասխանաբար յուրաքանչյուր հոսքի համար կազմված խորացված, հարակից, ինչպես նաև ընդհանուր հանրակրթական առարկայական ծրագրերով:
- Աղյուսակ 1, 4, 7-ում կրեդիտների ընդհանուր քանակը տրված է ընդհանուր հանրակրթական ուսումնական առարկաների հաշվարկով: Աղյուսակ 2, 3, 5, 6, 8, 9, 10, 11-ում խորացված ուսուցմամբ առարկաներին հատկացվող կրեդիտների ընդհանուր քանակը հաշվարկվում է օրինակելի ուսումնական պլանով սահմանված կարգով սովորողի կողմից ընտրված առարկաների և ընդհանուր հանրակրթական պարտադիր ուսուցմամբ առարկաների կրեդիտների գումարով: 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդհանուր, հումանիտար և բնագիտամաթեմատեմատիկան հոսքերում մեկ ուսումնական տարում այն յուրաքանչյուր սովորողի համար չի կարող գերազանցել 50 կրեդիտը:
- Դպրոցական բաղադրիչի համար նախատեսված կրեդիտները համապատասխանաբար բաշխվում են այն առարկաներին, որոնց սահմանված կարգի համաձայն հատկացվել է դպրոցական բաղադրիչի ժամաքանակը:
- 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ոչ պակաս, քան5 կրեդիտ հատկացվում է սովորողի ընտրած մասնագիտական ուսումնական հաստատության կողմից ներկայացված ուսումնական նախագծերի (առաջադրանքների) կատարմանը, որը սահմանված կարգով հաշվի է առնվում սովորողի հետագա շարունակական կրթության գործընթացում:
- Բնագիտական առարկաներ են համարվում ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը և աշխարհագրությունը:
-
Քննարկվել է
23.10.2017 - 07.11.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 12788
Տպել