«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը խաղային ոլորտի (ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) հարկային բեռի վերանայումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) կազմակերպումը համարվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք: Բացի այդ, ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը՝ 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի գործունեությունը 2020 թվականի հունվարի 1-ից սկսել են հարկվել շահութահարկով:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2017-2019 թվականների ընթացքում ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) կազմակերպման համար պետական տուրքը կազմել է 500 մլն դրամ, իսկ 2020 թվականից 600 մլն դրամ է: Մյուս կողմից, սկսած 2017 թվականից, ոլորտի ծավալներն էականորեն աճել են՝ մոտ 28 անգամ: Մասնավորապես, 2017 թվականին ոլորտի կողմից ընդունվող խաղադրույքների ծավալը կազմել է 138,5 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին` 3.931 մլրդ դրամ: Մյուս տարիներին ընդունվող խաղադրույքների ծավալը համապատասխանաբար կազմել է 2018-ին` 333,6 մլրդ, 2019-ին` 1.116,1 մլրդ, 2020-ին` 1.980,8 մլրդ դրամ:
Արդյունքում, չնայած այն հանգամանքին, որ 2020 և 2021 թվականներից ոլորտը սկսել է հարկվել շահութահարկով, ոլորտի կողմից վճարվող հարկերը և տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի և ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ: Մյուս կողմից, կատարված խաղադրույքների ծավալների աճը մտահոգիչ է և անհրաժեշտ է տարբեր գործիքներով, այդ թվում՝ հարկային, զսպել խաղադրույքների կատարումը:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) պետական տուրքի գծով բեռը և կարգավորել խաղադրույքների հասկացության, ինչպես նաև կարգավորել խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարաբերությունները: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ՝
- վիճակախաղերի մասով խաղադրույք (մասնակցության վճար) է համարվում իրադարձությունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով վճարված դրամային միջոցը, որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության և շահումի վճարման մասին պայմանագիրը,
- ինտերնետ շահումով խաղերի մասով խաղադրույք (մասնակցության վճար) են համարվում դրամական միջոցները, որոնք խաղացողի կողմից անկանխիկ եղանակով փոխանցվում են կազմակերպչին և ծառայում են որպես շահումով խաղերի մասնակցելու պայման՝ կազմակերպչի կողմից սահմանված կանոններին համապատասխան,
- ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է 300 մլն դրամ,
- տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 30 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է 100 մլն դրամ:
4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր ընդունվող խաղադրույքներն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) կազմակերպիչների պետական տուրքի գծով բեռը:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից: Մասնավորապես, Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի:
-
Քննարկվել է
19.09.2022 - 04.10.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 4645
Տպել