Հիշել նախագիծը

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

     Իրավական ակտի ընդունման  անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բաժնի 7-րդ նպատակի 7.1 կետից:

     Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 17-րդ կետի պահանջից։

     Միջոցառման գլխավոր նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրումը, որով տարակարգի շնորհման հիմք է ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող  անհրաժեշտ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը, Վերապատրաստող և Հետազոտող ուսւոցիչների համար՝ կամավոր ատեստավորման համապատասխանաբար 70 և 80 տոկոս արդյունքի մասին հավաստող փաստաթղթի առկայություն։ Նախորդից հաջորդ տարակարգի շնորհման ճկունությունը թույլ կտա տարակարգերի շնորհման մեխանիզմին իրապես խրախուսող և խթանող դեր խաղալու։

1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

   Հայաստանում ուսուցչի մասնագիտության հետ կապված մի շարք մարտահրավերներ կան, մասնավորապես՝ կապված աշխատանքի ընդունման, մասնագիտական զարգացման և ցածր վարձատրության  հետ, որոնք էապես ազդել են դպրոցներում դասավանդման որակի վրա և ընդհանուր առմամբ նվազեցրել մասնագիտության գրավչությունը: Այս ամենը բացասական ազդեցություն է ունեցել հանրակրթության որակի վրա:

   Ուսուցիչների զարգացման մոտիվացիան խթանելու համար 2012 թվականին ներդրվել է որակավորման տարակարգերի քառաստիճան համակարգը, որը շնորհվում էր 5 տարի ժամկետով: Այս համակարգը գործում էր կամավորության սկզբունքով՝ ուսուցչի նախաձեռնությամբ: Համակարգը գործում էր հերթականության սկզբունքով՝  որակավորման առաջին աստիճանի տարակարգ ստանալուց հետո երկրորդ աստիճանի տարակարգի համար ուսուցիչը կարող է դիմել միայն 2 տարի անց, երրորդի համար՝ երկրորդը ստանալուց 3 տարի անց և չորրորդ աստիճանի տարակարգի համար՝ երրորդը ստանալուց 4 տարի անց: Այսինքն, ընդհանուր առմամբ չորրորդ` բարձրագույն աստիճանի տարակարգ ստանալու և աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար ստանալու համար ուսուցչից պահանջում էր առնվազն 9 տարի: 2021 թվականի դրությամբ Հայաստանի շուրջ 37500 ուսուցիչներից որակավորման տարակարգ շնորհվել է 2321 ուսուցչի, որից 2154-ին՝ առաջին, 160-ին՝ երկրորդ,  7-ին՝ երրորդ աստիճանի: Որակավորման չորրորդ աստիճանի տարակարգ որևէ ուսուցչի չի շնորհվել: Այսպիսով, նույնիսկ եթե ուսուցիչը համապատասխանում է չորրորդ աստիճանի տարակարգին, ապա չի կարող դիմել դրա համար, քանի դեռ չի անցել նախորդող 3 շրջափուլով։ Հաշվի առնելով տարակարգի համար հիմք ծառայող որոշ բնութագրիչների առավելապես ձևական բնույթը՝ վիճելի է, թե արդյոք դրանք իրականում չափում են ուսուցչի զարգացման այն ուղղությունները, որոնք պետք է ուղղված լինեն պետական քաղաքականությանը։ Բացի այդ, ներդրված համակարգի արդյունքում տրվող հավելավճարը էական ազդեցություն չի ունենում ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման գործում, այնինչ ուսուցիչների աշխատավարձերի միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրթության բարձր մակարդակ ունեցող երկրներում ուսուցիչների աշխատավարձերը գրեթե չեն տարբերվում կամ նույնիսկ գերազանցում են երկրի միջին աշխատավարձը:

   Միաժամանակ, որակավորման տարակարգի շնորհումը մինչ այժմ գործող կարգավորումներով և պահանջվող բնութագրիչներով չի ապահովում մասնագիտական այնպիսի աճ և զարգացում, որն անմիջական ազդեցություն կունենա կրթական գործընթացի արդյունավետության վրա:

    Գործող համակարգով ուսուցիչը 4-րդ աստիճանի տարակարգ ստանալու դեպքում 5-ամյա ժամկետը լրանալուց հետո նորից պետք է դիմեր առաջին աստիճանի տարակարգի համար՝ անցնելով նույն ընթացակարգով, ինչը տրամաբանական և մոտիվացնող չէր։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

      Հայաստանում ուսուցիչների ցածր աշխատավարձը խոչընդոտում է մարդկային լավագույն կապիտալի՝ այդ թվում՝ արական սեռի մասնագետների մուտքը հանրակրթության ոլորտ և գործող ուսուցիչներին չի մղում մասնագիտական զարգացման: Սա հանգեցնում է շարունակական արատավոր շղթայի, երբ ցածր վարձատրվող ուսուցիչները հաճախ թերանում են իրենց աշխատանքում, իսկ առաջխաղացման և մասնագիտական աճի ներկայիս համակարգը չի նպաստում , որ  ուսուցիչները ձգտեն և կարողանան հասնել կատարելագործման:

    Խնդիրը լուծելու նպատակով մշակվել և ներկայացվել է ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր կարգը, որը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական ցարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը՝ մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի հիմք հանդիսանալով:

    Ըստ տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման՝ տրվել են բնութագրող անվանումներ՝ 1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ Դասավանդող և Ավագ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ Վերապատրաստող և Հետազոտող ուսուցիչ։

    Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է արդիականացնել տարակարգի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին, միաժամանակ «որակավորման տարակարգ» հասկացության սահմանումը «Հանրակրթության մասին» օրենքում խմբագրվել է՝ փոխկապակցելով «մասնագիտական չափանիշ» հասկացությանը, որից ելնելով էլ 3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին որպես մասնագիտական ցարգացմանը խթանող կարևոր լուծում, քանի որ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է, հետևաբար տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչը պետք է անցնի կամավոր ատեստավորում, որը նաև աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա:

  Առաջարկվում են նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման հիմք է ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող  անհրաժեշտ մի շարք չափանիշներ, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը։

   Սույն իրավական ակտի նախագծով կարգավորվում է տարակարգերի շնորհման պարագայում համաչափության պահանջը, որը տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին հնարավորություն է ընձեռում դիմել միանգամից այդ տարակարգի համար՝ ի տարբերություն գործող կարգով սահմանվող սկզբունքի:

2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

    Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր կարգը թույլ կտա մեծացնելու համակարգի արդյունավետությունը, խրախուսելու զարգացման հնարավորությունները, նպաստելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը: Մասնավորապես, համակարգում ուսուցչի մասնագիտական չափանիշների ներառումը հնարավորություն է տալիս հստակեցնելու ուսուցչի աշխատանքային առաջխաղացման հեռանկարը, այն դարձնելու չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցելու վարձատրության համակարգին՝ տարակարգերի շնորհման միջոցով։

      Ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրումը կնպաստի ուսուցչի մասնագիտական աճին, վերջինիս նկատմամբ հարգանքի ու հեղինակության բարձրացմանը, կբարձրանա նաև ուսուցչի մասնագիտության գրավչությունը, աշխատավարձի մրցունակությունը՝ խթանելով նոր, ստեղծագործ և մոտիվացված ուսուցիչների սերնդի զարգացումը:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

    Սույն կարգով սահմանված գործընթացի իրականացումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններով   և 3-րդ պարբերության 4-րդ կետով սահմանված նպատակներից:

   Միջոցառման համար հիմք է հանդիսանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 12.2, 14 կետերը, ՀՀ կառավարության 2021 թ․փետրվարի 4-ի N 136-Ն որոշումը:

   Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:  

    Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը և հիմնախնդիրները» գլխի 43-րդ և 45-րդ կետերով, 3-րդ՝ «Կրթության մինչև 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը և ուղղությունները» գլխի  75-րդ, 76-րդ կետերով, 77-րդ կետի 2-րդ ենթակետով, 4-րդ՝  «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ծրագրի հիմքում դրվող սկզբունքները»  գլխի 77 կետով, «Ռազմավարական ուղղություններով նախատեսվող քայլերը և գործողությունների շրջանակը» բաժնի 80-րդ կետով, «Կրթության արդյունավետության բարձրացում» բաժնի 81-րդ կետով  սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից:

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

       ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման  նախագծի ընդունումը նախատեսում  է  պետական բյուջեի  ծախսերի ավելացում:

 «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման  նախագծի ընդունման կապակցությամբ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանում:

  • Քննարկվել է

    29.06.2022 - 14.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12795

Տպել

Առաջարկներ`

Ռուզաննա Խաչատրյան

12.07.2022

Առաջարկում եմ բնութագրիչները սահմանելիս կարևորել «Հայկական կրթական ֆորումը», որտեղ ուսուցիչները և՛ մասնագիտական խորհրդատվական թեմաներով են հանդես գալիս և՛ կիսվում սեփական փորձով, մասնակցում տարբեր քննարկումների:

Ռուզաննա Խաչատրյան

12.07.2022

Առաջարկում եմ վերանայել մեկ ամսվա կտրվածքով օրվա դասի պլանի պահանջը։ Երկու շաբաթն էլ բավական է ուսուցչին գնահատելու համար:

Կարինե Բաղիյան

11.07.2022

Առաջարկում եմ սահմանել օրվա դասի պլանի օրինակելի նմուշաձև։

Տեսնել ավելին