Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի
  N 1091-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
 


Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականին դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներին հիփոթեքային վարկավորման տեղեկանք տրամադրելու, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին առաջնահերթության կարգով ծրագրում ընդգրկելու, վարկավորման պայմաններում համագործակցող կազմակերպության կողմից ապահովագրության գծով վճարի չափը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
   «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) 2020 թվականից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով:
Ծրագրի շահառուներ են հանդիսացել`
- 2020թ-ին` 500 զինծառայող (ներկայացվել են դիմում-հայտեր 651 զինծառայողի կողմից և վիճակահանության միջոցով 500-ին տրվել է վարկավորման տեղեկանք), որից բնակելի անշարժ գույք են ձեռք բերել 223-ը, իսկ 277-ը տարվա ընթացքում չեն իրացրել բնակարանի գնումը և չեն օգտվել ծրագրից,
-2021թ.-ին՝ 481 զինծառայող (ներկայացվել են դիմում-հայտեր 492 զինծառայողի կողմից, որոնցից ռեեստրում չեն ընդգրկվել 11-ը, իսկ մնացած 481-ին առանց վիճակահանության տրվել է վարկավորման տեղեկանք), որից բնակելի անշարժ գույք են ձեռք բերել 249-ը, իսկ 232-ը տարվա ընթացքում չեն իրացրել բնակարանի գնումը և չեն օգտվել ծրագրից:
Ձեռք բերված 472 բնակարանից` 385-ը գտնվում է Երևան քաղաքում, որից անմիջապես կառուցապատողից ձեռք է բերվել 294 բնակարան, 91-ը` ձեռք է բերվել երկրորդային շուկայից: Մարզերում գնված 87 բնակարանից, անմիջապես կառուցապատողից ձեռք է բերվել միայն 7 բնակարան՝ Կոտայքի մարզում, իսկ մնացած 80-ը ձեռք է բերվել երկրորդային շուկայից:
Վերը նշվածի արդյունքում, փաստացի 2020 և 2021 թվականներին ծրագրից չօգտված շահառուների թիվը կազմում է 528 զինծառայող: Այսինքն՝ 2020-2021 թվականների շրջանակներում ծրագրին ուղղված միջոցներից չի իրացվել 528 բնակարանի համար նախատեսված ապահովումը:
2022 թվականին հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու համար դիմում-հայտ է ներկայացվել 1025 զինծառայող և սկզբնապես ընդգրկվել ծրագրի մասնակիցների ռեեստրում: Ընդ որում, 7 զինծառայող ծրագրի մասնակիցների ռեեստրից հանվել է մինչև սահմանված կարգով վիճակահանության անցկացումը` վերջիններիս զինվորական ծառայությունից արձակվելու և որոշմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառներով: Գրանցված 1018 զինծառայողներից 105-ը, որպես բնակարանային հաշվառման մեջ գտնվող զինծառայողներ, ծրագրում ընդգրկվել են առաջնահերթությամբ (առանց վիճակահանության տրվել է վարկավորման տեղեկանք), իսկ մնացած 913 զինծառայողներից վիճակահանությանը ներկայացած թվով 892 մասնակիցների միջև 2022 թվականի նախատեսված մնացած 395 տեղի համար իրականացված վիճակահանության արդյունքում վարկավորման տեղեկանք է տրվել 387 զինծառայողի: Ընդ որում` թվով 21 զինծառայողների վիճակահանությանը չներկայանալու հետևանքով «Վ» նշումով թվով 8 թերթիկ մնացել է թմբուկում և չի իրացվել, որի կապակցությամբ նախատեսվում է անցկացնել լրացուցիչ վիճակահանություն:
Արդյունքում, 15.06.2022 թվականի դրությամբ 2022 թվականին հիփոթեքային վարկավորման ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած, ռեեստրում գրանցված, առանց վիճակահանության և (կամ) վիճակահանության արդյունքներով տեղեկանք ստացած զինծառայողների թիվը կազմում է 492 զինծառայող (ընդ որում, առկա է նաև նախնական տեղեկատվություն, որ նշված զինծառայողներից արդեն իսկ 14-ը բանավոր կարգով դիմել են վարկավորումից հրաժարվելու համար, որոնց ուղղորդվել է դիմել գրավոր՝ համաձայն որոշման 2-րդ հավելվածի 10.1-ին կետի պահանջների), իսկ վարկավորման տեղեկանք չստացած զինծառայողների թիվը կազմում է 526 զինծառայող (1018-105-387=526): Այդ նպատակով առաջարկվում է նախորդող երկու տարիների համար չօգտագործված թվով 528 վարկավորման ապահովումն առանց վիճակահանության իրացնել 2022 թվականի ծրագրի շրջանակներում դիմում-հայտ ներկայացրած և ռեեստրում գրանցված 526 զինծառայողներին (հաշվի առնելով նաև տարվա ծրագրից արդեն իսկ հրաժարվողների առկայությունը, ապահովման չափերն ավելի քիչ կլինեն):
Ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո սպայական կոչում ստացած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվել է անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների տրամադրման գործընթաց, ինչպես նաև սահմանվել է, որ այդ զինծառայողների վրա չի տարածվում օրենքով և ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիրը, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված և ավարտած (ավարտող) սպաների համար ռուհ-ն ավարտելուց հետո որոշակի ժամանակահատվածում իրավունք վերապահել ծրագրին մասնակցել առաջնահերթ կարգով՝ առանց վիճակահանության:
Բացի այդ, ծրագրի գործողության ընթացքում ի հայտ է եկել խնդիր՝ ծրագիրն իրականացնող միակ կազմակերպության՝ «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից որոշմամբ հաստատված ծրագրի պայմանների 7-րդ կետի 5-րդ կետով նախատեսված վարկի ապահովագրության վճարի անհարկի բարձր չափ սահմանած լինելու հետ կապված, ինչը հանգեցրել է ծրագրից օգտվող զինծառայողների արդարացի դժգոհության: Մասնավորապես՝ ծրագրի պայմանների 7-րդ կետի 5-րդ կետ համաձայն՝ կնքվող հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակում վարկատու կազմակերպության կողմից չեն գանձվում վարկի հայտի ուսումնասիրման, վարկի տրամադրման, վարկի ձևակերպման միանվագ, ինչպես նաև վարկի սպասարկման ամսական վճարներ` բացառությամբ ապահովագրությունների գծով գանձվող սպասարկման վճարների: Արդյունքում «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից վարկի ապահովագրության գծով հաշվարկվում է սպասարկման վճար՝ վարկի մայր գումարի 0,06 տոկոսի չափով, ինչը մի քանի անգամ բարձր է հիփոթեքային վարկավորման գործընթացում բանկերի կողմից ապահովագրության գծով սովորաբար հաշվարկվող վճարի չափից (0,02-0,03 տոկոս): Այս առումով, «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից հաշվի չի առնվում նաև այն հանգամանքը, որ որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի համաձայն պետությունը ևս իր հերթին փաստացի ապահովագրել է ծրագիրը՝ համապատասխան դեպքերում նախատեսելով սոցիալական երաշխիք՝ պետական բյուջեի միջոցների հաշվին վարկի մայր գումարը մարելու միջոցով:
Անհրաժեշտություն է առաջացել նաև որոշման մեջ իրականացնել տեխնիկական բնույթի հստակեցում՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից զինծառայողին տրամադրվող տեղեկանքում նշել նաև որոշմամբ սահմանված լրացուցիչ երաշխիքների շրջանակներում վարկի մայր գումարի մարման պատրաստակամությունը:
Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է օրենքով և որոշմամբ սահմանված մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով հիփոթեքային վարկավորման տեղեկանք տրամադրել 2022 թվականին դիմում-հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել առաջնահերթության կարգով ծրագրում ընդգրկելու հնարավորություն, վարկավորման պայմաններում նախատեսել համագործակցող կազմակերպության կողմից ապահովագրության գծով վճարի սահմանման առավելագույն չափը, համագործակցող կազմակերպություն ներկայացվող տեղեկանքում նախատեսել նաև որոշմամբ սահմանված լրացուցիչ երաշխիքների շրջանակներում վարկի մայր գումարի մարման պատրաստակամության մասին նշման կատարումը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Լրացուցիչ դրամական միջոցների պահանջարկը 526 զինծառայողի հաշվով կկազմի 1.307,4 մլն ՀՀ դրամ: Վարկավորման ծրագրի իրականացման ընթացքում միջինը մեկ շահառուի հաշվով կանխավճարի դրամական աջակցությունը կազմում է 2.202,0 հազար դրամ (526X2.202,0 հազ. դրամ=1.158,3 մլն դրամ): Վճարված տոկոսներից 3 տոկոսային կետով լրացուցիչ սուբսիդավորումը 2022 թվականի մնացած ժամանակահատվածի համար կկազմի 149,100.0 հազ. դրամ: 2022թ. հատկացված բյուջետային միջոցները կազմում են 1.509,4 մլն ՀՀ դրամ: Անհրաժեշտ կլինի վերաբաշխումներ և փոփոխություններ կատարել ՊՆ կարիքների համար հատկացումների շրջանակներում, որը կիրականացվի տարվա ընթացքում 2022թ. հատկացված բյուջետային միջոցները՝ 1.509,4 մլն ՀՀ դրամը գերազանցվելու դեպքում: 
  5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:

  • Քննարկվել է

    24.06.2022 - 10.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4593

Տպել

Առաջարկներ`

Լիլիթ Հակոբյան

08.07.2022

Որոշմամբ հաստատված ծրագրի «Լրացուցիչ երաշխիքներ» III գլխով սահմանված է, որ վարկավորման ծրագրի ընթացքում. • զինծառայողի զոհվելու (մահանալու) դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարման ենթակա հիփոթեքային վարկի չմարված մայր գումարը` 30% - 100%, • ստացած վնասվածքի, խեղման կամ առաջացած հիվանդության հետևանքով զինծառայողի հաշմանդամ ճանաչվելու դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարման ենթակա հիփոթեքային վարկի չմարված մայր գումարը` 15% - 50%, • զինծառայողի՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու (եթե չի սահմանվում հաշմանդամություն) հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու կամ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքերում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարման ենթակա հիփոթեքային վարկի չմարված մայր գումարը՝ 10%: Այսինքն` պետությունը այս ծրագրի շրջանակներում որոշ ռիսկեր վերցրել է իր վրա և տրամադրել է լրացուցիչ երաշխիքներ: 2020-2022թթ. ընթացքում և առ այսօր ծրագրի միակ սպասարկող ընկերությունը հանդիսանում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն: Շահառու զինծառայողների և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված վարկային պայմանագրով.  «Կողմերի իրավունքներն ու պարտականությունները» Բաժնում սահմանված է, որ բանկը պարտավոր է վերաֆինանսավորվող վարկի դեպքում վարկառուի կողմից վճարված սպասարկման վճարի հաշվին կատարել վարկային պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրություն (պայմանագրով սահմանվել է սպասարկման ամսական վճար (վերաֆինանսավորվող վարկի մասով ապահովագրության գծով գանձվող վճար) վարկի մնացորդի 0.06%), ինչպես նաև գույքի ապահովագրություն, որը հաշվարկվում է` ելնելով վարկի մնացորդի 100%-ից, ընդ որում, ապահովագրության պայմանագրով շահառուն պետք է հանդիսանա Բանկը,  «Վարկի տրամադրումը մերժելու և պարտավորությունների վաղաժամկետ կատարման հիմքերը» Բաժնում սահմանված է, որ Որոշման «Լրացուցիչ երաշխիքներ» վերտառությամբ III գլխով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքերում պետության կողմից կիրառվում են լրացուցիչ երաշխիքներ` Որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան: Ըստ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դժբախտ պատահարներից կամավոր ապահովագրության վկայագրերի Բանկը իրականացնում է իր համար ընդունելի ապահովագրողի` «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի, միջոցով ամսական ապահովագրություն` վարկի մնացորդի 0.06%-ի չափով (0.72% տարեկան) երկու դեպքերի համար`  Դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի անաշխատունակության մշտական կորուստ, Դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի մահ: Այնինչ ուսումնասիրությամբ պարզվեց, որ տարբեր ապահովագրական ընկերություններ ներկայացրել են տարեկան հետևյալ սակագները միևնույն դեպքերի մասով` Անվանում Դեպք Ապահովագրական սակագին % Ժամկետ «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներում Դժբախտ պատահարներից ապահովագրություն 0.18 Տարեկան «Նաիրի Ինշուրանս» Դժբախտ պատահարներից ապահովագրություն 0.15 Տարեկան «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներում Դժբախտ պատահարներից ապահովագրություն 0.72 Տարեկան Միաժամանակ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված այլ հիփոթեքային վարկի մասով նույն «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի միջոցով («Արդշինբանկ» Բանկի և «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի ընկերության վերջնական վերահսկող անձ է հանդիսանում միևնույն անձը) իրականացվել է դժբախտ պատահարներից և առողջության կամավոր ապահովագրություն 0.20% տարեկան պահովագրական սակագնով (տարբերությունը` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կնքած պայմանագրի` 0.52%-ով ցածր)` հետևյալ երկու դեպքերի համար`  Դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի անաշխատունակության մշտական կորուստ,  Դժբախտ դեպքի հետևանքով Ապահովագրված անձի մահ: Այսպիսով, հաշվի առնելով, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, իր կողմից նախընտրելի ապահովագրական ընկերության միջոցով, («Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ) զինծառայող վարկառուների անունից հանդես գալով, տվյալ ծրագրի շրջանակներում դժբախտ դեպքերից ապահովագրությունը ներկայումս կնքում է շուկայական գներից տարեկան մոտ 4 անգամ ավելի բարձր սակագներով և, առաջարկվող փոփոխությամբ` ամսական 0.02% չափը (տարեկան 0.24%) նույնպես գերազանցում է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի միջոցով տվյալ ծրագրից դուրս իրականացված դժբախտ պատահարներից և առողջության կամավոր ապահովագրություն 0.20% տարեկան պահովագրական սակագինը, անգամ հաշվի չառնելով նույն դեպքերի համար Որոշմամբ սահմանված լրացուցիչ երաշխիքները, ինչպես նաև հետագայում հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակում վարկատու այլ կազմակերպությունների կողմից չարաշահումները բացառելու նպատակով, առաջարկում եմ` կամ Որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետում «վճարների» բառը փոխարինել «վճարի, որի չափը չի կարող կարող գերազանցել վարկի մայր գումարի մնացորդի 0,015 տոկոսը» բառերով, կամ ապահովագրության մասով դրույթը սահմանել որպես Վարկառուի պարտականություն ինչպես նաև տվյալ դրույթի գործողությանը տալ հետադարձ ուժ, հաշվի առնելով մինչ այս անբարեխիղճ մրցակցությունը:

Տեսնել ավելին