ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27‑Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.2-րդ կետով նախատեսվել է, որ պետական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու նպատակով Կառավարությունը նախաձեռնելու է ծառայությունների միասնական գրասենյակների արդիական մոդելի մշակումը և ներդնումը, սահմանելու է պետական ծառայությունների մատուցման պատվիրակման ընթացակարգերը։
Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը հաստատելու մասին» N 691-Լ որոշման հավելվածի 4.2 ենթաբաժնում՝ 30-րդ կետում որպես կատարման ենթակա գործողություն է ամրագրված հանրային ծառայությունների մատուցումը ոչ պետական օպերատորին պատվիրակելու նպատակով ինստիտուցիոնալ և իրավական հիմքերի ներդրումը: Ըստ նույն գործողության՝ ծառայությունների պատվիրակման հիմքում կդրվեն ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու, լիարժեք հասանելիություն ապահովելու և ծախսարդյունավետության նպատակները: Նույն ենթաբաժնի 30-րդ կետում ամրագրված է միասնական գրասենյակի ձևաչափով ծառայությունների մատուցման մոդել ներդրումը՝ հանրային ծառայությունների քաղաքականության ընդհանուր տրամաբանության ներքո։
Միաժամանակ 2022 թվականի փետրվարի 17-ին Արդարադատության նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագրում որպես համագործակցության ռազմավարական նպատակ է նշվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային ցանցի հնարավորությունների օգտագործմամբ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթներից բխող հանրային որակյալ ծառայությունների հասանելիության ու մատչելիության բարձր մակարդակի ապահովումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, և բոլոր տարածքների բնակիչների ու տնտեսվարողների համար հավասար հնարավորությունների ապահովումը:
Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ ամրագրված Կառավարության առաջնահերթություններից է պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, որը ենթադրում է կրկնվող գործառույթների վերհանում, դանդաղ, ոչ արդյունավետ, անհարկի բյուրոկրատական ընթացակարգերի կրճատում, տարբեր պետական հիմնարկներում և ստորաբաժանումներում իրականացվող միևնույն տեսակի գործառույթների կենտրոնացում և մեկտեղում, գործառույթների ծախսատարության գնահատում և ծախսերի նվազեցմանն ուղղված շարունակական բարեփոխումների իրականացում, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացում, ավտոմատացում և թվայնացում: Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում հանրային ծառայությունների մատուցման հասանելիության և մատչելիության ապահովման նպատակը ամրագրված է նաև վարչապետի աշխատակազմ ներկայացված Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծում:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է որպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային փոստային ցանցի սպասարկման կետերի միջոցով հանրային ծառայություններ մատուցող քաղաքացիական կենտրոնների ստեղծման հերթական քայլ ամրագրել Քաղաքացիական կենտրոնի ստեղծումը Աբովյան համայնքում և տվյալ Քաղաքացիական կենտրոնի միջոցով հանրային ծառայությունների մատուցման բացառիկ լիազորության վերապահումը «Հայփոստ» ՓԲԸ-ին:
- Ակնկալվող արդյունքը.
Պետության կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի ստեղծման ճանապարհին կարևոր քայլ է հանդիսանալու «Հայփոստ» ՓԲԸ-ին և պետության կողմից վերահսկվող Հայաստանի Հանրապետության հանրային փոստային ցանցի սպասարկման կետերում հանրային (պետական) և համայնքային ծառայությունների մատուցման ապահովումը, և Աբովյան համայնքում քաղաքացիական կենտրոնի բարեհաջող գործարկումն ու ակնկալվող արդյունքի ձեռքբերում հնարավոորւթյուն կստեղծի աստիճանաբար Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում ապահովել հանրային ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի չափը ենթակա է հետագա հստակեցման:
6․ «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 - Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․5 կետով սահմանված՝ հանրային ծառայությունների միասնական գրասենյակների բոլոր մարզերում ծավալման նպատակից:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 12 կետով սահմանված՝ Հայաստանի բոլոր մարզերում «Մեկ պատուհանի» սկզբունքով հանրային ծառայությունների միասնական գրասենյակի գործարկում միջոցառման իրականացմամբ։
Նախագծի ընդունումը բխում է նաև Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման հավելված N 1-ում սահմանված՝ «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով ծառայությունների մատուցման միասնական կենտրոնի ստեղծման նպատակից:
-
Քննարկվել է
06.06.2022 - 21.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3546
Տպել